ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «2013-2017 թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-139-06.11.2012-ԳԿ-010/0) վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի նիստի N 20 արձանագրային որոշմամբ ընդունված՝ Գիտության զարգացման ռազմավարությամբ արդեն իսկ նախատեսված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ տնտեսության մասնավոր հատվածից հատկացվող ֆինանսական ծավալների զգալի ավելացում` 2020 թվականին այն մոտեցնելով միջին եվրոպական չափանիշներին՝ ֆինանսավորման բազմաձեւության օգտագործմամբ, նոր մեխանիզմների ներդրմամբ եւ արդյունավետության բարձրացմամբ: Սակայն, ներկայացված օրենքի նախագծով ֆինանսավորման չափեր սահմանելն իրատեսական չէ, քանի որ նախ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծով նման հատկացումներ նախատեսված չեն, եւ առավել կարեւորը՝ պարզ չէ, թե ինչ միջոցների հաշվին է հնարավոր ֆինանսավորման կտրուկ ավելացումը:

Բացի դրանից, նախագծի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հոդվածներով նախատեսված է սահմանել գիտության բնագավառի ֆինանսավորման նկատմամբ բազային ֆինանսավորման լիմիտ՝ 2015 թվականին այն հասցնելով առավելագույնը 2 տոկոսի, ինչն ընդունելի չէ: Օրենքի ուժով գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային կամ որեւէ այլ ձեւով ամբողջ բնագավառի ֆինանսավորման նկատմամբ համամասնություններ սահմանելը նպատակահարմար չէ, քանի որ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, պայմանագրային (թեմատիկ) ծրագրերն ընտրվում ու ֆինանսավորվում են մրցութային կարգով՝ համապատասխան փորձաքննության միջոցով: Վերջինս հնարավորություն է տալիս միջոցներն ուղղել գիտության, նրա ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ տնտեսության այլ ճյուղերի արդիական ու հեռանկարային խնդիրների լուծմանն ուղղված արժեքավոր ծրագրերի, տարածաշրջանային նշանակության խոշոր գիտատեխնոլոգիական նախագծերի իրականացմանը: Մինչդեռ, նախագծի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հոդվածներով առաջարկված դրույթները կարող են սահմանափակել շատ կարեւոր ծրագրեր ֆինանսավորելու հնարավորությունները:

Միաժամանակ` օրենքի նախագծում անհրաժեշտ ոչ բոլոր հարցերն են կարգավորված: Այսպես՝

1. Նախագծի վերնագիրը վերաբերում է գիտության ֆինանսավորման չափերին եւ կարգին, մինչդեռ նախագծում նախատեսված են միայն ֆինանսավորման չափերին վերաբերող դրույթներ, իսկ ֆինանսավորման կարգի մասին դրույթները բացակայում են:

2. Մասամբ պահպանված չեն օրենսդրական տեխնիկայի կանոնները: Նախագծի 1-ին հոդվածը սահմանում է, որ սույն օրենքը կարգավորում է գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի իրավական հիմունքները: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն օրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերություններ, այլ ոչ թե իրավական հիմունքներ:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«2013-2017 թթ.-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «2013-2017 թթ.-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության գիտության բնագավառի ծախսերը 2013 թվականի համար սահմանել 2011 թվականի ՀՆԱ-ի ?3776.4 մլրդ. դրամ? 1 տոկոսի չափով, 2014 թվականի համար` 2012 թվականի ՀՆԱ-ի 1.1 տոկոսի չափով, 2015 թվականի համար` 2013 թվականի ՀՆԱ-ի 1.2 տոկոսի չափով, 2016 թվականի համար` 2014 թվականի ՀՆԱ-ի 1.3 տոկոսի չափով, իսկ 2017 թվականի համար` 2015 թվականի ՀՆԱ-ի 1.4 տոկոսի չափով:

Սակայն Նախագծի 1-6 հոդվածներով` ըստ տարիների գիտության ֆինանսավորման չափերի համապատասխան տոկոսներով նախատեսվող բարձրացումները, ըստ մեր մոտավոր հաշվարկների, լրացուցիչ կպահանջի 2013 թվականին` 26.3 մլրդ դրամ, 2014 թվականին` 32.8 մլրդ դրամ, 2015 թվականին` 40.2 մլրդ դրամ, 2016 թվականին` 49.0 մլրդ դրամ եւ 2017 թվականին` 59.3 մլրդ դրամ, եւ առաջարկված չափերը սահմանելը, մեր կարծիքով, իրատեսական չէ, քանի որ նախ՝ արդեն ձեւավորված է 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը, որտեղ նման հատկացումներ նախատեսված չեն, եւ պարզ չէ, թե ինչ միջոցների հաշվին է հնարավոր ֆինանսավորման նման կտրուկ ավելացումը:

Նախագծով առաջարկվող` գիտության ֆինանսավորման աստիճանական ավելացման վերաբերյալ, սկզբունքային առարկություններ չունենք, առավել եւս, որ ՀՀ կառավարության 2010 թ. մայիսի 27-ի նիստի N20 արձանագրային որոշմամբ ընդունված Գիտության զարգացման ռազմավարությամբ նախատեսված է պետական բյուջեից եւ տնտեսության մասնավոր հատվածից հատկացվող ֆինանսական ծավալների զգալի ավելացում` 2020 թվականին այն մոտեցնելով միջին եվրոպական չափանիշներին, ֆինանսավորման բազմաձեւության օգտագործմամբ, նոր մեխանիզմների ներդրմամբ եւ արդյունավետության բարձրացմամբ:

Ինչ վերաբերում է Նախագծի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հոդվածներով նախատեսված՝ գիտության բնագավառի ֆինանսավորման նկատմամբ բազային ֆինանսավորման լիմիտ սահմանելուն՝ 2015 թվականին այն հասցնելով առավելագույնը 2 տոկոսի, ապա նպատակահարմար չենք համարում օրենքի ուժով գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային կամ որեւէ այլ ձեւի՝ ամբողջ բնագավառի ֆինանսավորման նկատմամբ համամասնություններ սահմանելը, քանի որ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, պայմանագրային (թեմատիկ) ծրագրերն ընտրվում ու ֆինանսավորվում են մրցույթային կարգով, համապատասխան փորձաքննության միջոցով: Վերջինս հնարավորություն է տալիս միջոցներն ուղղել գիտության, նրա ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ տնտեսության այլ ճյուղերի արդիական ու հեռանկարային խնդիրների լուծմանն ուղղված արժեքավոր ծրագրերի, տարածաշրջանային նշանակության խոշոր գիտատեխնոլոգիական նախագծերի իրականացմանը, իսկ Նախագծի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հոդվածներով առաջարկված դրույթները, մեր կարծիքով, կարող են սահմանափակել շատ կարեւոր ծրագրեր ֆինանսավորելու հնարավորությունները:

Պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցության կապակցությամբ, գտնում ենք, որ Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«2012-2017թթ-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «2012-2017թթ-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«2013-2017թթ.-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«2013-2017թթ.-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է 2013-2017թթ. գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցների ավելացմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման ավելացման եւ գիտելիքահեն տնտեսության ստեղծման անհրաժեշտությունից:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«2013-2017 թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» ՀՀ օրենքի նախագծի

«2013-2017 թ.թ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա կունենա դրական ազդեցություն այն առումով, որ գիտության, այդ թվում բժշկագիտության ֆինանսավորման կտրուկ ավելացումը կնպաստի վերջինիս զարգացմանը, ինչն իր հերթին կհանգեցնի առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը: