ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-138-06.11.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ:

1. 1-ին հոդվածում նշվում է, որ օրենքը կարգավորում է թափոնների հետագա տնօրինման իրավական հիմունքները, սակայն հետագա տեքստում գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կազմակերպություններում թափոնների հետագա տնօրինման իրավական հիմունքների կարգավորման վերաբերյալ ըստ էության դրույթներ չկան:

2. 2-րդ հոդվածով սահմանվում է, որ «գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ձեռնարկությունները վերամշակման ընթացքում ստացվող թափոնները պարտավոր են պահպանել դրանց համար նախատեսված` ձեռնարկության տարածքում գտնվող հատուկ սենյակներում կամ բացօթյա ցանկապատված միջավայրում:»: Այս առումով, հարկ է նշել, որ հոդվածով նախատեսված հարցերը որոշակիորեն կարգավորված են «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Նշված օրենքի 1-ին հոդվածի համաձայն օրենքը կարգավորում է «թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման եւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավական եւ տնտեսական հիմքերը»:

Միաժամանակ, թափոնները հատուկ սենյակներում կամ այդ նպատակով հատկացված բացօթյա ցանկապատված միջավայրում պահելու պահանջը կստիպի բարեխիղճ տնտեսավարողներին կատարել ֆինանսական ծախսեր` հատուկ սենյակների կամ տարածքների սպասարկման համար, այդ թվում` մթերման ժամանակահատվածում սովորաբար առկա տաք եղանակային պայմաններում թափոնները պահելիս` հնարավոր սանիտարահիգիենիկ ու բնապահպանական խնդիրներից խուսափելու եւ անվտանգության տարրական կանոններն ապահովելու համար: Բացի դրանից` հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ արտադրական թափոնների պահման ընթացքում ինքնաբռնկումից, խմորումից, փչացումից, որակական ցուցանիշների կամ դրանցում պարունակվող արժեքավոր բաղադրիչների կորստից խուսափելու նպատակով պետք է իրականացվեն լրացուցիչ ծախսեր պահանջող գործողություններ (խառնում, շարժում, հովացում, տարածքի օդափոխություն եւ այլն):

Հաշվի չի առնված նաեւ այն փաստը, որ թափոնների համար նախատեսված տարածքի առանձնացումը կարող է ստեղծել անբարենպաստ պայմաններ՝ տեխնոլոգիական պրոցեսների նորմալ ընթացքի կազմակերպման համար:

3. 4-րդ հոդվածով սահմանվում է, որ «թափոնների համար նախատեսված տարածքի մուտքի իրավունք ունեն վերամշակող գործարանի աշխատողները` լիազորված մարմնի կողմից նշանակված պատասխանատուի կողմից թույլտվություն ստանալուց հետո (թափոնների պահեստավորման համար հատկացված տարածքների համատեղ կապարակնքում):»: Անհասկանալի է օրենքի նախագծում թափոնների համար նախատեսված տարածքների մուտքի սահմանափակումը, որը կարող է գործնականում էապես դժվարացնել դիտողությունների 2-րդ կետում նշված սանիտարահիգիենիկ, բնապահպանական եւ հրդեհային անվտանգության խնդիրների լուծումը:

Գտնում ենք, որ յուրաքանչյուր ոլորտի համար անհրաժեշտ է կիրառել սելեկտիվ մոտեցում` հաշվի առնելով արտադրության առանձնահատկությունները եւ թափոնների ֆիզկաքիմական կազմը, պահպանման ժամկետները:

Բացի դրանից` անհասկանալի է, արդյոք թափոնները սահմանված վայրում պահելու նպատակով արտադրամասից դեպի հատկացված տարածք տեղափոխվելիս, պետք է ստանան լիազոր մարմնի թույլտվություն, թե` ոչ: Եթե` այո, ապա ստացվում է, որ, ամեն անգամ այդ տեղափոխումն իրականացնելիս, լիազոր մարմնի ներկայացուցիչը պետք է ներկայանա վերամշակող կազմակերպություն, որպեսզի իրականացվի տարածքի համատեղ կապարակնքումը: Պարզ չէ նաեւ, թե թույլտվությունը լինելու է մեկանգամյա օգտագործման, թե` բազմակի օգտագործման:

4. 5-րդ հոդվածը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը յուրաքանչյուր տարվա մինչեւ դեկտեմբերի 31-ը պետք է կատարի վերամշակող կազմակերպությունների կողմից մթերումների ծավալների վերաբերյալ հայտարարված տվյալների եւ թափոնների ծավալների համեմատություն եւ դրա մասին տեղեկատվություն ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը»: Սակայն հոդվածում բացակայում է` ինչ եղանակներով, մեթոդաբանությամբ պետք է կատարվի վերամշակող ձեռնարկությունների կողմից մթերումների ծավալի վերաբերյալ հայտարարված տվյալների եւ թափոնների ծավալների համեմատությունը:

Ստվերայնության դեմ պայքարի տեսանկյունից, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ նույնատիպ գյուղատնտեսական մթերք վերամշակող ձեռնարկություններում, կախված մթերված հումքի որակից եւ կիրառվող տեխնոլոգիաներից, թափոնների ծավալները կլինեն տարբեր, հետեւաբար, ճիշտ չի լինի, թափոնների քանակից ելնելով, դատել արտադրանքի ծավալների մասին:

Բացի դրանից` մթերված գյուղատնտեսական մթերքների, հիմնականում խաղողի եւ մրգերի թափոնները որոշ դեպքերում օգտագործվում են որպես անասնակեր, որոշ դեպքերում էլ դրանք կարող են լինել որպես երկրորդային հումք՝ այլ արտադրության համար:

Միաժամանակ հոդվածից անհրաժեշտ է հանել «եւ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը» բառերը, քանի որ նշված ցուցանիշների մասով վարչական լիազոր մարմնի կողմից գրանցամատյանի ձեւավորումից հետո Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը վիճակագրական նպատակով իրավասու է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անարգել ստանալու համապատասխան վարչական գրանցամատյանում ձեւավորված տեղեկատվությունը: Ուստի, նույն իրավասությունը մեկ այլ օրենքում կրկնորդելը նպատակահարմար չէ:

Բացի դրանից` հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների մասին տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման եւ վերլուծության ապահովման նպատակով վարվում է դրանց ռեեստրը, որը ներառում է թափոնների անվանացանկը, գոյացման ծավալները, որակական եւ քանակական բնութագրերը, տեղեկություններ` թափոնների հետ վարվելու եւ դրանց գոյացման ծավալների ու վտանգավորության աստիճանի նվազեցման վերաբերյալ: Ռեեստրի տվյալները ենթակա են ամենամյա ճշգրտման: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների ռեեստրի վարումը թափոններ արտադրողների հաշվետվության հիման վրա իրականացնում է բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը:

5. Նախագծում առկա են հստակեցման եւ պարզաբանման կարիք ունեցող արտահայտություններ: Այսպես, օրենքի նախագծի՝

1) 2-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ հատուկ սենյակների մասին է խոսքը եւ ինչ չափանիշների դրանք պետք է համապատասխանեն.

2) 3-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել`

ա. ինչ իրավական ակտով է հաստատվելու հատուկ գրանցամատյանի ձեւը,

բ. «սեզոն» հասկացությունը.

3) 5-րդ հոդվածի համաձայն՝ վերամշակող կազմակերպությունները մթերումների ծավալի մասին տվյալները պետք է ներկայացնեն լիազոր մարմին: Այս առումով պարզ չէ, թե ինչ իրավական հետեւանքներ են առաջանալու այն կազմակերպությունների համար, որոնք սահմանված ժամկետի խախտմամբ կներկայացնեն համապատասխան տվյալները կամ դրանք ընդհանրապես չեն ներկայացնի: Նշված դիտողությունը բխում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

6. Օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես՝

1) օրենքի նախագծի վերնագիրը չի համապատասխանում 1-ին հոդվածին, մասնավորապես, օրենքի նախագծի վերնագիրը վերաբերում է թափոնների հաշվառմանը, մինչդեռ օրենքի նախագծի 1-ին հոդվածում խոսքը թափոնների տնօրինման եւ հաշվառման մասին է: Այս առումով անհրաժեշտ է օրենքի նախագծի վերնագիրը համապատասխանեցնել հոդվածի բովանդակությանը՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները.

2) 1-ին հոդվածը սահմանում է, որ սույն օրենքը կարգավորում է թափոնների տնօրինման եւ հաշվառման իրավական հիմունքները: Այս առումով անհրաժեշտ է խմբագրել նշված հոդվածը, քանի որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերություններ, այլ ոչ թե` իրավական հիմունքներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կողմ լինելով գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կազմակերպություններում ստվերայնության դեմ պայքարի եւ ոլորտի խնդիրների կարգավորման առավել գործուն մեխանիզմների ներդրմանը, այնուամենայնիվ գտնում է, որ ներկայացված օրենքի նախագիծը ոչ միայն չի լուծում կից հիմնավորմամբ ներկայացված խնդիրները, այլեւ նոր հարցեր է հարուցում:

Ներկայացված օրենքի նախագիծը քննարկվել է նաեւ գինեգործության եւ կոնյակագործության ոլորտի կազմակերպությունների հետ եւ նրաց դիրքորոշումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության մոտեցումներին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագիծը ներկայացված տեքստով ընդունելի չէ եւ արմատական լրամշակման կարիք ունի:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» ՀՀ օրենքի եւ դրա ընդունման կապակցությամբ այլ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

1. Նախագծերի կարգավորման արդյունքները. Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում կարգավորման արդյունքները կլինեն հետեւյալը` ՀՀ օրենքի նախագծի ընդունումը հանրային առողջության վրա կունենա դրական ազդեցություն, քանի որ կկանոնակարգվեն գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման, պահպանման եւ հեռացման գործընթացները, կձեւավորվեն հստակ մեխանիզմներ, հատկապես՝ գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների պահպանման եւ հեռացման գործընթացը իրականացնելու համար:

2. Նախագիծը չընդունելու դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները. Նախագիծը չընդունելու դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության չի ունենա:

3. Առողջապահության համապատասխան բնագավառի քաղաքականության, ինչպես նաեւ համեմատական վիճակագրական տվյալները. Համեմատական վիճակագրական տվյալներ կարգավորվող հարաբերությունների վերաբերյալ առկա չեն:

4. Նախագծերի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը. Օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:

5. Նախագծերի կարգավորման վերաբերյալ առաջարկվող տարբերակ (առաջարկություններ).

«Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորման համար առաջարկվում է՝

1. Օրենքի նախագծում ավելացնել հոդված, որով կնախատեսվի գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արտադրություններում առաջացած թափոնների հեռացման գործընթացը, քանի որ նախագծի 2-րդ հոդվածով նախատեսում է դրանց պահպանման պայմաններ:

2. Օրենքի վերնագիրն անհրաժեշտ է լրամշակել, քանի որ համաձայն վերնագրի օրենքը գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին է, իսկ հոդված 2-ում սահմանված են թափոնների պահպանման պայմաններ: Այդ իսկ պատճատով առաջարկվում է նախագծի վերնագիրը խմբագրել «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման, պահպանման եւ հեռացման մասին» շարադրությամբ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կանխատեսվում է բացասական ազդեցություն` հետեւյալ հիմնավորմամբ.

  • Նախագծով ամրագրվող դրույթները մեծամասամբ արդեն իսկ կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես` թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով գոյացող, օգտագործվող, վնասազերծվող, այլ անձանց փոխանցվող կամ այլ անձանցից ստացվող, ինչպես նաեւ տեղադրվող թափոնների սկզբնական հաշվառում իրականացնելու, թափոնների ռեեստրի վարման, ինչպես նաեւ պետական լիազոր մարմնի իրավասությունները: Նույնաբովանդակ կարգավորումների կրկնորդումները տարբեր օրենքներում կստեղծեն անհարկի վարչարարություն,
  • Նախագծով նախատեսվում է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կազմակերպությունների կողմից հատուկ գրանցամատյանի վարում,
  • Նախագծով ամրագրվում է վերամշակող կազմակերպության աշխատակիցների կողմից թափոնների համար նախատեսված տարածքներ մուտք գործելու համար լիազորված մարմնի կողմից նշանակված պատասխանատուից թույլտվություն ստանալու պարտադիր պահանջ: Նշված պահանջները ոլորտում գործող տնտեսվարողների համար կավելացնեն վարչարարական բեռը:

Միեւնույն ժամանակ, առկա չէ որեւէ հայեցակարգային փաստաթուղթ, որը կնախատեսեր Նախագծով ամրագրվող կարգավորումները, եւ Նախագծի ընդունումն անհրաժեշտ չափով հիմնավորված չէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ կկանոնակարգվեն գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման, պահպանման եւ հեռացման գործընթացները, ինչպես նաեւ կձեւավորվեն գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների պահպանման եւ հեռացման գործընթացը իրականացնելու համար հստակ մեխանիզմներ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը առնչվում է բնապահպանության ոլորտին. նախագծում ներկայացված թափոնների հաշվառման գործընթացը կանոնակարգվում է համաձայն «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի եւ ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 14-ի «Թափոնների հաշվառման՝ գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) եւ օգտահանման կարգը սահմանելու մասին» N1343-Ն որոշման:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Եզրակացություն
«Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

« Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

«Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է հաշվառել գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկություններում ստացված թափոնները, ինչը հնարավորություն կընձեռի թափոնների ծավալը համադրել մթերող ձեռնարկության կողմից հայտարարված մթերման ծավալների հետ եւ դրանով իսկ բացահայտել պատրաստի արտադրանքի իրական ծավալները:

Հաշվի առնելով, որ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկություններում առաջացող թափոնները կարող են լինել տարբեր` կախված մթերվող գյուղատնտեսական ապրանքների որակական հատկանիշներից, ինչպես նաեւ ձեռնարկություններում կիրառվող տեխնոլոգիաների առանձնահատկություններից, բնակլիմայական պայմաններից, դրանց հիման վրա պատրաստի արտադրանքի իրական ծավալների հաշվարկումը գործնականում դժվար իրագործելի խնդիր է:

Հիմք ընդունելով վերոգրյալը` նախագծի պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցության գնահատումը հնարավոր կլինի իրականացնել միայն գյուղատնտեսական մթերքների վերամշակումից ստացվող թափոնների, մթերվող ապրանքների որակական հատկանիշների, ձեռնարկություններում կիրառվող տեխնոլոգիաների առանձնահատկությունների, ձեռնարկությունների կողմից հայտարարված մթերման ծավալների առկայության պարագայում:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել համապատասխան լիազոր մարմինների գործառույթների, հետեւաբար նաեւ ծախսերի ավելացման, ինչը նույնպես գնահատել հնարավոր չէ համապատասխան տվյալների բացակայության պատճառով: