ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մհեր Շահգելդյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի, Կարեն Բոթոյանի եւ Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի փաթեթի (Պ-081-11.09.2012-ՏՀ-010/0, Պ-0811 -11.09.2012-ՏՀ-010/0, Պ-0812 -11.09.2012-ՏՀ-010/0 եւ Պ-0813- 11.09.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ:

«Վենչուրային հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ`

1. Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է միջազգային փորձի հիման վրա մշակված «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով արդեն իսկ կարգավորվում են ներդրումային ֆոնդերի, մասնավորապես, որակավորված ներդրողների ֆոնդերի, այդ թվում` վենչուրային ֆոնդերի ստեղծման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները: Օրենքի համաձայն որակավորված ներդրողների ֆոնդ է համարվում ստանդարտ կամ մասնագիտացված ֆոնդը, որի թողարկած բաժնետոմսերը կարող են առաջարկվել միայն որակավորված ներդրողներին եւ (կամ) այն ներդրողներին, որոնցից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերվող բաժնետոմսի գնման գինը գերազանցում է 20 մլն դրամը:

2. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը (այդ թվում` վենչուրային ֆոնդը) համարվում է որակավորված ներդրողների ֆոնդ: Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը կարող է հանդես գալ վենչուրային ֆոնդի տեսքով, եթե ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն ֆոնդի ակտիվների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի նոր ստեղծված կամ զարգացման վաղ փուլում գտնվող կազմակերպությունների թողարկած կարգավորվող շուկաներում առեւտրին չթույլատրված արժեթղթերում` այդ կազմակերպությունների աճի, զարգացման կամ դրանց թողարկած արժեթղթերը կարգավորվող շուկայում թույլատրելու նպատակով:

3. Նախագծի համաձայն`

1) «Վենչուրային հիմնադրամի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը նվազագույնը սահմանվում է 500 000 000 դրամ», մինչդեռ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներդրումային ֆոնդերի (այդ թվում` վենչուրային ֆոնդի) կանոնադրական կապիտալի նվազագույն մեծություն չի սահմանվել: Այսպիսով, ներկայումս առավել արտոնյալ պայմաններ են ստեղծված վենչուրային ֆոնդերի ձեւավորման համար, քան նախատեսված է ներկայացված օրենքի նախագծով.

2) «Վենչուրային հիմնադրամի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը կարող է համալրվել բացառապես դրամական միջոցներով» պահանջն ընդունելի չէ, քանի որ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վենչուրային ֆոնդերի համար նման սահմանափակում նախատեսված չէ, եւ ֆոնդի կանոնադրական կապիտալը կարող է համալրվել նաեւ այլ միջոցներով.

3) «Վենչուրային հիմնադրամի կողմից զուտ շահույթը մասնակիցներին բաշխելն արգելվում է, եթե դրանք բաշխելու պահին վենչուրային հիմնադրամի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են այդ պահին վենչուրային հիմնադրամում առկա չբաշխած շահույթի գումարին»: Հասկանալի չէ, թե ինչպես կարող է որեւէ կազմակերպություն ունենալ զուտ շահույթ, եթե նրա վնասները գերազանցում են շահույթի գումարը:

4. Նախագծի 6-րդ հոդվածով սահմանվել է վենչուրային հիմնադրամների «կառավարչի» գործունեության վերաբերյալ դրույթ, մինչդեռ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արդեն իսկ կարգավորված են վենչուրային ֆոնդի կառավարչի գործունեությանն առնչվող հարաբերությունները: Օրենքի համաձայն ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման լիցենզիա ստացած անձն է, եւ կառավարիչը պարտավոր է ձեւավորել տնօրենների խորհուրդ: Կառավարչի կազմած որակավորված ներդրողների ֆոնդի հաշվետվությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ միայն վերջինիս պահանջով, եւ պարտադիր հրապարակման պահանջը դրանց վրա չի տարածվում:

5. Բացի դրանից, նախագծի`

1) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում հղում է կատարվել «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին, մինչդեռ նշված օրենքն ուժը կորցրած է ճանաչվել 2009 թվականի հունվարի 1-ից  ուժի մեջ մտած «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-111-Ն օրենքով.

2) 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վենչուրային ֆոնդը կարող է ստեղծվել ցանկացած առեւտրային իրավաբանական անձի ձեւով` բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների, մինչդեռ այս դրույթն արդեն իսկ կարգավորված է  «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

3) 10-րդ հոդվածի համաձայն վենչուրային հիմնադրամների ստեղծման  իրավասությունը վերապահվում է բացառապես Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին, մինչդեռ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ֆոնդ ստեղծելու նման սահմանափակումներ չի նախատեսում: Միեւնույն ժամանակ, նախագծի 4-րդ հոդվածը պարունակում է վենչուրային հիմնադրամների կողմից փայերի տեղաբաշխման եղանակի ու մասնակիցների քանակի վերաբերյալ մի շարք սահմանափակումներ, մինչդեռ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նման սահմանափակումներ չի պարունակում:

2. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ`

Օրենքի նախագծով առաջարկվում է վենչուրային հիմնադրամների կանոնադրական կապիտալում, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամների կողմից այլ անձանց կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցության ձեռքբերման եւ իրացման արժեքների դրական տարբերությունը շահութահարկով հարկման ենթակա եկամուտ չհամարել, ինչպես նաեւ վենչուրային ձեռնարկության համախառն եկամուտը նվազեցնել վենչուրային ներդրման չափով:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ`

1. Ներկայացված արտոնությունների մի մասն արդեն իսկ սահմանված է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Մասնավորապես, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետով շահութահարկի գումարը ներդրումային ֆոնդերի (այդ թվում` վենչուրային ֆոնդերի) համար հաշվարկվում է զուտ ակտիվների նկատմամբ 0.01 տոկոս դրույքաչափով:

2. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ներդրումային ֆոնդի ակտիվներից կարող են գանձվել միայն այն վճարները (այդ թվում` կառավարչի եւ պահառուի պարգեւավճարները, ֆոնդի հարկերը), որոնք սահմանված են օրենքով եւ որոնք չեն կարող գերազանցել ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված առավելագույն սահմանաչափերը: Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի վերոնշյալ վճարների առավելագույն սահմանաչափեր, որոնք տարբերակվում են կախված ֆոնդի տեսակից:

3. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծով ներկայացված արտոնությունների կիրառման վերաբերյալ հայտնում ենք, որ առաջարկվող արտոնությունները չեն համապատասխանում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների բնույթին եւ ուղղություններին:

Ավելացված արժեքի հարկից ազատման գործող արտոնություններն առավելապես սոցիալական ուղղվածություն ունեն: Դրանց նպատակն առավել առաջնային սոցիալական    նշանակության որոշ ապրանքներ եւ ծառայություններ սպառողների համար առավել մատչելի դարձնելն է:

4. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը նպատակահարմար չէ, քանի որ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արդեն իսկ սահմանված է ներդրումային ֆոնդերի, մասնավորապես, որակավորված ներդրողների ֆոնդերի (այդ թվում` վենչուրային ֆոնդերի)   ստեղծման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունն աննպատակահարմար է համարում ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

            

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վենչուրային հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է կարգավորել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, Հայաստանի Հանրապետության եւ համայնքների կողմից վենչուրային հիմնադրամների ստեղծման, գործունեության, վենչուրային հիմնադրամներում ներդրումներ կատարելու, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամների կողմից առեւտրային կազմակերպություններում ներդրումների կատարման հետ կապված հարաբերությունները:

Հաշվի առնելով վերոնշյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է վենչուրային հիմնադրամների կանոնադրական կապիտալում, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամների կողմից այլ անձանց կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցության ձեռք բերման եւ իրացման արժեքների դրական տարբերությունը շահութահարկով հարկման ենթակա եկամուտ չհամարել, ինչպես նաեւ վենչուրային ձեռնարկության համախառն եկամուտը նվազեցնել վենչուրային ներդրման չափով:

Հաշվի առնելով վերոնշյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի հարկային եկամուտները կարող են նվազել:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման առավել կոնկրետ եզրակացություն հնարավոր է տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 42 արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 13 արձանագրային որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 14-րդ գլխով նախատեսված ձեւաչափով փաստաթղթերի ներկայացման պարագայում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկով հարկման օբեկտ չհամա-րել դրամական վճարման, սեփական կապիտալի գործիքով հատուցման դիմաց կամ շահույթի բաշխման համաձայնագրի հիման վրա գյուտի եւ (կամ) օգտակար մոդելի արտոնագրի կամ դրանց օգտագործման իրավունքի զիջումը, փոխանցումը, իրացումը կամ ցանկացած այլ ձեւով օտարումը վենչուրային ձեռնարկությանը, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկից ազատել վենչուրային կառավարչի ծառայությունների մատուցումը:

Հաշվի առնելով վերոնշյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի հարկային եկամուտները կարող են նվազել:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման առավել կոնկրետ եզրակացություն հնարավոր է տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 42 արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 13 արձանագրային որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 14-րդ գլխով նախատեսված ձեւաչափով փաստաթղթերի ներկայացման պարագայում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է կարգավորել «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ստեղծված առեւտրային իրավաբանական անձանց ֆիրմային անվանման մեջ «հիմնադրամ» բառի օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Հաշվի առնելով վերոնշյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:



ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի ընդունման դեպքում

«Վենչուրային հիմնադրամների մասին», ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:



ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Նախագծերի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վենչուրային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վենչուրային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

Նախագիծը վերաբերում է ՀՀ տարածքում մասնավոր ներդրումային հիմնադրամների ստեղծման, կառավարման, դրանց գործունեության կանոնակագրման իրավական հիմքերին, որոնք արդեն իսկ սահմանված են ներկայումս գործող «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որով կարգավորվում են ներդրումային ֆոնդերի ստեղծման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը` կարծում ենք, որ առաջարկվող Նախագիծն անհարկի կավելացնի ներդրումային հիմնադրամների ոլորտում արդեն իսկ գործող իրավական կարգավորումը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կարգավորվում է ՀՀ տարածքում վենչուրային հիմնադրամների ստեղծման, կառավարման, դրանց գործունեության կանոնակարգման հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


Եզրակացություն
«Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր)  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն: