ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-074-04.09.2012-ԳԿ-010/0) վերաբերյալ:

1. «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անվանումը (այսուհետ` օրենքի նախագիծ) հստակեցման կարիք ունի, քանի որ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում «արտադպրոցական կրթություն» հասկացություն կամ դրույթ չկա: Օրենքի 20-րդ հոդվածում ամրագրված է «արտադպրոցական դաստիարակություն» հասկացությունը, որտեղ ներկայացված են նաեւ արտադպրոցական դաստիարակության նպատակները եւ իրականացնող կազմակերպությունները (մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ, ակումբներ, պատանի հայրենասերների, տեխնիկների, բնասերների եւ տուրիստական կայաններ, մարզադպրոցներ, ճամբարներ եւ արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ):

 Օրենքի նախագծում (հոդված 2) «արտադպրոցական կրթություն» հասկացությունը հիմնականում առնչվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրացուցիչ կրթության դրույթների հետ (10-րդ հոդվածի 5-րդ կետ, 26-րդ հոդված), ըստ որի լրացուցիչ կրթական ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների ու մասնագետների կրթական պահանջմունքների բավարարմանը եւ նրանց որակավորման բարձրացմանը, ինչպես նաեւ սահմանված են լրացուցիչ կրթության խնդիրները եւ իրականացնող կրթական հաստատությունները:

2. 3-րդ եւ  7-րդ հոդվածներն անհրաժեշտ է միավորել «Օրենքի խնդիրները» վերնագրի տակ:

3. 8-րդ հոդվածով սահմանված` արտադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները հստակեցման անհրաժեշտություն ունեն:

4. 9-րդ հոդվածի`

1) 4-րդ ենթակետը կարիք ունի խմբագրման, քանի որ արտադպրոցական կրթության գործառույթն ինքնին հանդիսանում է կրթության ոլորտի գործառույթ, ուստի նպատակահարմար է ոլորտում հսկողության (այլ ոչ թե վերահսկողության) լիազորությունը վերապահել միայն կրթության ոլորտի լիազոր մարմնին, հակառակ դեպքում ստացվում է որ նույն հաստատությունը ենթակա է հսկողության կրթության ոլորտի լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից.

2) 5-րդ մասով նախատեսվում են արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ պետական ատեստավորման վերաբերյալ դրույթներ՝ նշելով, որ արտահերթ ատեստավորումը, որպես բացառություն, կարող է իրականացվել պետական կառավարման մարմնի կամ պետական այլ մարմինների որոշմամբ: Այդ առումով պարզ չէ, թե արտահերթ պետական ատեստավորումը որ դեպքերում եւ ինչ կարգով է իրականացվելու: Միաժամանակ պարզ չէ, թե հիշյալ մասում ինչ բացառության մասին է խոսքը: Պարզ չէ նաեւ, թե որոնք են այն պետական կառավարման այլ մարմինները, որոնց որոշմամբ անցկացվելու է արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ պետական ատեստավորում: Այդ առումով անհրաժեշտ է հստակ սահմանել արտահերթ ատեստավորում անցկացնելու դեպքերը՝ նախատեսելով դրույթներ ատեստավորման անցկացման կարգի վերաբերյալ, ինչպես նաեւ անհրաժեշտ է հստակ նշել ատեստավորում անցկացնելու մասին համապատասխան որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմիններին.

3) 6-րդ մասում նշված պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների առանձնահատկությունները նկատի ունենալով՝ անհրաժեշտ է հիշյալ մարմինների իրավասությունները նախատեսել առանձին հոդվածներով:

Նույն մասի՝

ա. «է» ենթակետով նախատեսված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորման գործառույթի եւ՛ պետական կառավարման մարմիններին, եւ՛ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելն ընդունելի չէ: Մանկավարժների արդյունավետ ատեստավորում հնարավոր կլինի կազմակերպել միայն եթե այն իրականացվի պետական լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով,

բ. «ը», «թ» եւ «ի» ենթակետերն անհրաժեշտ է հանել, քանի որ նշված գործառույթները սույն օրենքի կարգավորման առարկան չեն հանդիսանում,

գ. «ժ» ենթակետն անհրաժեշտ է հանել, քանի որ նշված գործառույթն արդեն իսկ կարգավորվում է 9-րդ հոդվածի 5-րդ կետով.

4) 6-րդ մասի կետերով նախատեսվում են դրույթներ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների վերաբերյալ: Այդ առումով, եթե հիշյալ կետերով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները հանդիսանում են պետության կողմից պատվիրակված լիազորություններ, ապա  անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առաջանում է պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորման խնդիր, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածից բխում է, որ պետության պատվիրակված լիազորություններն ամբողջովին եւ պարտադիր ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ պետության պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին: Այդ առումով նախագծով պետք է կարգավորվեն նաեւ հիշյալ լիազորությունների ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ «է» կետում հղում է կատարվում «սահմանված կարգին», որով կազմակերպվելու են արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորումը եւ որակավորման բարձրացումը, մինչդեռ պարզ չէ, թե ինչ կարգի մասին է խոսքը:

Նույնը վերաբերում է նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասում կատարված «սահմանված կարգով» հղմանը:

5. 10-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ կառավարման կոլեգիալ մարմնի նախատեսման հարցը նպատակահարմար է թողնել տվյալ հաստատության հայեցողությանը:

6. 11-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասով նպատակահարմար չէ արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկի թվարկումը, քանի որ ժամանակի ընթացքում այն ենթակա է փոփոխությունների.

2) 4-րդ մասով նախատեսվում են մասնագիտացված արտադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ուղղվածության վերաբերյալ դրույթներ, մինչդեռ պարզ չէ, թե գործունեության ինչ ուղղվածության կամ բնագավառների մասին է խոսքը.

7. 13-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է ստեղծել արտադպրոցական ուսումնական հաստատության մասնաճյուղեր: Մասնաճյուղն իրավաբանական անձ չէ եւ գործում է ուսումնական հաստատության հաստատած կանոնադրության համաձայն, իսկ նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտադպրոցական ուսումնական հաստատությունը նաեւ հիմնարկի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է: Փաստորեն ստացվում է, որ հիմնարկը կարող է ստեղծել մասնաճյուղեր, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը: Մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա, իսկ 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հիմնարկն իրավաբանական անձ չէ եւ գործում է իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա: Հետեւաբար, արտադպրոցական ուսումնական հաստատությանը՝ հիմնարկին, նախագծով մասնաճյուղեր ստեղծելու իրավասություն վերապահելը չի բխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ եւ 62-րդ հոդվածների պահանջներից:

8. 15-րդ եւ 20-րդ հոդվածների եւ 16-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն օրենքի կարգավորման առարկան չեն:

9. 17-րդ հոդվածով սահմանված` ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցների ցանկը լրացման եւ խմբագրման անհրաժեշտություն ունի:

10. 18-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 19-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հարաբերություններն արդեն իսկ կանոնակարգված են Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ:

11. 22-րդ հոդվածի 2-րդ մասում անհասկանալի է միայն պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների որակավորման բարձրացման պահանջը, քանի որ օրենքի նախագծի 9-րդ հոդվածի համաձայն, արտադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել նաեւ համայնքային ենթակայության:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 24-րդ հոդվածին:

12. 24-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում եւ 28-րդ հոդվածում «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, որոնց համաձայն բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը:

Առաջարկում ենք նախագծի 24-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «համայնքային արտադպրոցական կրթության ֆինանսավորումն իրականացվում է համայնքային միջոցների հաշվին» բառերով:

13. 26-րդ կետի 2-րդ մասը հստակեցման կարիք ունի, մասնավորապես, պարզ չէ, թե ինչ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասին է խոսքը:

14. Օրենքի նախագծի «Եզրափակիչ դրույթներ» գլուխն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որոնց համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով»:

15. Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները՝

1) 1-ին հոդվածում նշված «սահմանում է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կարգավորում է» բառերով, իսկ «հիմքերը» բառը՝ «հիմքերի հետ կապված հարաբերությունները» բառերով.

2) 2-րդ, 3-րդ, 4-րդեւ 7-րդ հոդվածների կետերի, 8-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի կետերի, 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ մասերի կետերի, 13-րդ հոդվածի 3-րդ մասի կետերի, 14-րդ հոդվածի 1-ին մասի կետերի, 15-րդ հոդվածի, 17-րդ հոդվածի 1-ին մասի կետերի եւ 24-րդ հոդվածի 3-րդ մասի կետերի  համարակալումն անհրաժեշտ է վերանայել.

3) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «նորմատիվ-իրավական» բառերը փոխարինել «իրավական» բառով:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ը» կետին, 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետին, 18-րդ հոդվածի 1-ին մասին,  17-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությանը եւ 24-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, երրորդ պարբերություններին եւ այլն.

4) 8-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետից անհրաժեշտ է «ձեռնարկությունների»  բառը հանել.

5) 11-րդ հոդվածի 4-րդ մասում «համալիր եւ մասնագիտացված» բառերն անհրաժեշտ է փոխարինել «համալիր կամ մասնագիտացված» բառերով, 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունն այլ օրենքներին» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին եւ քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներին» բառերով.

7) 18-րդ հոդվածի 2-րդ մասի «՝ օրենսդրությանը» բառն անհրաժեշտ է հանել.

8) 25-րդ հոդվածի 2-րդ մասում «օպերատիվ կառավարման» բառերն անհրաժեշտ է հանել.

9) «Եզրափակիչ դրույթներ» գլխի վերնագիրը «եզրափակիչ» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «եւ անցումային» բառերով:

16. Նախագծում օգտագործված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված եւ հստակեցման կարիք ունեցող արտահայտություններ, մասնավորապես, «ունկնդիրներ», «միջդպրոցական ուսումնաարտադրական կոմբինատ», «արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ ատեստավորում», «Հայաստանի քաղաքացու ցանկալի դիմանկարի կերտումը» եւ այլ արտահայտություններ:

17. Նախագծի ընդունումը՝

1) ենթադրում է այլ օրենքներում փոփոխությունների իրականացում.

2) կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, որի նպատակով ինչպես Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով միջոցներ նախատեսված չեն: Միաժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը:

Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող նախագիծը, ըստ էության, վերաբերում է լրացուցիչ եւ շարունակական կրթությանն ու ուսուցմանը։

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով`  արտադպրոցական կրթությունը  լրացուցիչ կրթության բաղկացուցիչ մասն է եւ իրականացնում է տարաբնույթ, բազմաբովանդակ լրացուցիչ կրթադաստիարակչական ծրագրեր, ուստի նպատակահարմար է արտադպրոցական կրթությանը վերաբերող հարցերը քննարկել լրացուցիչ կրթության ենթատեքստում:

Լրացուցիչ եւ շարունակական կրթության ոլորտի բարեփոխման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության լրացուցիչ եւ շարունակական կրթության մասին ազգային զեկույց, քննարկման փուլում են գտնվում լրացուցիչ եւ շարունակական կրթության ռազմավարության, գործողությունների պլանի, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերը, նախատեսվում են փոփոխություններ գործող կրթական օրենսդրական դաշտում:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունմանը: Միաժամանակ, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում լրացուցիչ եւ շարունակական կրթության ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը՝ օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում ենք մասնակցել համապատասխան համակարգային եւ օրենսդրական դաշտի զարգացման նպատակով կառավարությունում իրականացվող աշխատանքներին:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը: 
  

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

 «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


Եզրակացություն

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ՀՀ-ում արտադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքների եւ իրավական հիմքերի սահմանմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Արտադպրոցական կրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին  եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի ընդունումը` պայմանավորված արտադպրոցական գործունեության որոշակի տեսակների գծով վճարովի ծառայությունների իրականացման լիցենզավորմամբ, կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման, ինչի չափը հնարավոր չէ գնահատել`  ելնելով եկամտատեսակի բնույթից:

Նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը ծախսերի մասով հնարավոր է տալ ՀՀ կառավարության 05.05.2012թ. կայացած նիստի N 13 արձանագրության 1-ին կետով հաստատված` «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ» հավելվածի 14.4-րդ կետով պահանջվող տեղեկանքի` հաշվարկ-հիմնավորումներով, առկայության պարագայում: