ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-071-04.09.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ:

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարեւորում է երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու խնդիրները եւ գտնում է, որ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրումն անհրաժեշտ է իրականացնել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված հասցեականության սկզբունքի համաձայն, ըստ որի՝ սոցիալական ծառայությունները տրամադրվում են իսկապես դրա կարիքն ունեցող անձին, այս պարագայում` նորաստեղծ ընտանիքներին։ Այդ առումով նախագծում անհրաժեշտ է հստակ սահմանել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը: Բացի դրանից` նկատի ունենալով, որ ներկայացված նախագծի հիմնավորման համաձայն նախագիծը նպատակ ունի նպաստելու ծնելիության աճին, գտնում ենք, որ միանվագ դրամական օգնությունը պետք է տրամադրվի երիտասարդ ընտանիքներին:

2. 2-րդ հոդվածով նախատեսված նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները, որպես կարգավորման առարկա, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված չեն։

3. 4-րդ հոդվածի 1-ին մասից՝ «որոնք» բառից հետո հանել «առաջին անգամ» բառերը, քանի որ այն արդեն իսկ կարգավորվում է նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով:

4. 6-րդ հոդվածի 1-ին մասում «ՀՀ օրենսդրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով, քանի որ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը։

5. 7-րդ հոդվածի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելու համար որեւէ իրավական ակտով պատասխանատվություն նախատեսված չէ:

6. Նախագծի ընդունումը բերում է լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, սակայն նրանում նշված չէ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրման ֆինանսավորման աղբյուրը, որն անհրաժեշտ է հստակեցնել: Եթե այն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, ապա այդ նպատակով համապատասխան միջոցներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրով: Ուստի, վերջինիս ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման: Ըստ վիճակագրության` տարեկան ամուսնությունների թիվը 10000 է, որից մոտավորապես 8000-ը՝ առաջին անգամ գրանցվող, եւ, հետեւաբար, նախագծի ընդունման դեպքում պահանջվող գումարի մոտավոր չափը կկազմի 8000 x 300000=2,4 մլրդ դրամ:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված տեսքով նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու կարգն ու չափը հաստատելու մասին» որոշումը կընդունվի օրենքի ընդունումից 3 ամիս հետո:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

Եզրակացություն
«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

 ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն.

 բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում է նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ՀՀ-ում
նորաստեղծ ընտանիքներին որոշակի դրամական օգնություն տրամադրելու իրավունքի ընձեռմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է.

Նորաստեղծ ընտանիքների միանվագ դրամական օգնության նվազագույն չափը չի կարող պակաս լինել, քան 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամը:

2013 թվականից Նախագծի վերոնշյալ հոդվածի ընդունումը (եթե ֆինանսավորման աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է) կբերի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհարժեշտության, սակայն բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրային որոշմամբ սահմանված ձեւաչափով ներկայացված տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների առկայության պարագայում:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի թե ընդունումը, եւ թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության չի հանգեցնում:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: