ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-070-04.09.2012-ՍՀ) վերաբերյալ:

Նախագծում հստակ սահմանված չեն Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական պաշտպանության իրականացման մեխանիզմները, նշված արտոնություններից ու փոխհատուցումներից օգտվելու համար ներկայացվող փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների գործառույթները:

Չնայած որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ՉԱԷԿ-ի վթարի մասնակիցներին առնչվող առանձին օրենք չունի, սակայն հարկ ենք համարում նշել, որ  ՉԱԷԿ-ի մասնակիցների ճնշող մեծամասնությունը համարվում է զինծառայող, քանի որ նրանք վարժական հավաքների են կանչվել զինկոմիսարիատների կողմից եւ ուղարկվել  վթարի վայր: Նրանց սոցիալական պաշտպանության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման N 1 հավելվածի` անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկի համաձայն 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներին հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամներին եւ Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին` 50 տոկոս զեղչով:

Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներն ընդգրկված են  Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 1 հավելվածի` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում եւ օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն  ստանալու իրավունքից: Վերջիններիս  համար անվճար է նաեւ ստոմատոլոգիական օգնությունն ամբողջ ծավալով՝ բացառությամբ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ստոմատոլոգիական ծառայության:

 Օրենսդրական դաշտի բաց կա կապված այն մարդկանց սոցիալական խնդիրների լուծման հետ, ովքեր մեկնել են աղետի վայր կամավոր կամ գործուղվել են հիմնարկ-ձեռնարկություններից, այսինքն` համարվել են քաղաքացիական անձինք եւ չունեն համապատասխան կարգավիճակ: Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների մեջ  հաշվառված է 627 այդպիսի քաղաքացի:

Օրենքի նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածներում նախատեսված արտոնությունները ենթադրում են լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն:

Մասնավորապես, առողջարանային բուժման անվճար ուղեգիր տրամադրելու   համար տարեկան անհրաժեշտ կլինի շուրջ 60,0 մլն դրամ՝ հաշվի առնելով այն, որ տարվա ընթացքում ուղեգրով ապահովվի 500 մարդ: Ամենամսյա դրամական օգնություն վճարելու համար կպահանջվի 82,8 մլն  դրամ (նախատեսվում է, որ դրամական օգնությունն այս օրենքով կվճարվի 627 մարդու, ովքեր քաղաքացիական անձինք են, եւ որոնց վրա չեն տարածվում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների  անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները։ Նրանց կտրամադրվի ամենամսյա դրամական օգնություն՝ նույն չափով, որքան տրամադրվում է  հաշմանդամ զինծառայողներին` 11000 դրամ):

Այսպիսով, սույն օրենքի ընդունման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պահանջվող լրացուցիչ ծախսը կկազմի շուրջ 142,8 մլն դրամ:

Հայտնում ենք, որ, ինչպես Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծում համապատասխան միջոցներ նախատեսված չեն, եւ օրենքի ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կատարումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ցանկը եւ ժամկետները`

1) օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիներին առողջարանային անվճար ուղեգրեր տրամադրելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, ժամկետ` 2014 թ.

2) օրենքի նախագծի 6-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով`

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիներին ամենամսյա դրամական օգնություն նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, ժամկետ` 2014 թ.:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ   ՆԱԽԱԳԾԻ     ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կնպաստի պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության եւ սպասարկումից օգտվողների թվի ընդլայմանը եւ առողջապահության  բնագավառի վրա կունենա դրական ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին»  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Գնահատման արդյունքում Նախագիծը`

1. Ռազմավարական ազդեցության կարգավորման տեսանկյունից  նախագիծն ունի դրական ազդեցություն:

2. բնագավառի շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից  նախագիծն ունի դրական ազդեցություն: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է Չեռնոբիլի ատոմակայանի վթարից եւ միջուկային այլ աղետներից տուժած ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում է Հայաստանի Հանրապետության` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ` «Փոխհատուցումներ եւ արտոնություններ ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած անձանց» գլխում նախատեսված դրույթները կբերեն ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի վերաբերյալ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն (ծախսերի մասով) հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով ներկայացված տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների առկայության պարագայում:

Նախագծի թե ընդունումը, եւ թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության չի հանգեցնում: