ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-068-04.09.2012-ԳԿ-010/0) վերաբերյալ:

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված է յուրաքանչյուրի կրթության իրավունքն առանց տարիքային խտրականության: Ըստ նշված հոդվածի. «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով: Ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆինանսական եւ այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին:»:

Ներկայացված օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում առանձնացվում են մեծահասակների կրթության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը եւ փոխհարաբերությունները, ինչն արդեն իսկ իրենից ենթադրում է խտրականության հաստատում։ Այս կապակցությամբ  անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-ին հոդվածը հստակ ամրագրում է. «Բոլոր մարդիկ հավաuար են oրենքի առջեւ։ Խտրականությունը, կախված uեռից, ռաuայից, մաշկի գույնից, էթնիկական կամ uոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամաuնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ uոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։»։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ գլուխը վերաբերում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին, եւ իրավունքներ ու ազատություններ սահմանելիս որեւէ տարիքային խտրականություն չի դնում։ Այսինքն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ապահովում է կրթության իրավունքի իրականացումն առանց խտրականության` բոլորի համար նախատեսելով հավասար իրավունքներ եւ երաշխիքներ։

Սահմանադրական այս սկզբունքներն ու մոտեցումներն են ամրագրված «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» եւ այլ օրենքներով եւ դրանցում կրթություն ստանալու իրավունքի որեւէ տարիքային սահմանափակում նախատեսված չէ: Կրթության բնագավառի նշված օրենքներով հստակ կարգավորված են կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները եւ կրթության համակարգի կազմակերպաիրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը: Այդ առումով ներկայացված նախագիծը չի կարգավորում այնպիսի հարաբերություններ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված չեն: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բացառում է խտրականությունը, եւ բոլորի համար ամրագրելով հավասար իրավունքներ եւ պարտականություններ, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի հավասարության սկզբունքը։ Ուստի գտնում ենք, որ մեծահասակների կրթության հետ կապված հարաբերությունները նոր օրենքով կարգավորելու անհրաժեշտությունը չկա:

Նախագծի 2-րդ՝ «Մեծահասակների կրթության մասին օրենսդրությունը» հոդվածում թվարկված օրենքներով, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական)  եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով մեծահասակների կրթության հետ կապված հարաբերությունները, որպես կարգավորման առանձին առարկա, նախատեսված չեն։ Եթե ընդունում ենք, որ թվարկված օրենքներով նշված հարաբերությունները կարգավորվում են, ապա հիմնավորում ենք ներկայացված օրենքի ընդունման անհրաժեշտության բացակայությունը:

2. Նախագիծը չի համապատասխանում հավասար իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին: Այսպես՝

1) 4-րդ հոդվածի 1-ին մասի`

ա. 4-րդ կետի եւ ամբողջ տեքստի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը «մասնավոր կազմակերպություն» հասկացություն չի նախատեսում,

բ. 11-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված «հեռավար ուսուցում» եւ «դրսեկություն» հասկացությունների սահմանումներն արդեն իսկ նախատեսված են «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները.

2) 5-րդ հոդվածն անհրաժեշտ է խմբագրել եւ համապատասխանեցնել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխի պահանջներին, որը հստակ սահմանում է կրթության համակարգի բովանդակությունը.

3) 7-րդ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերը տալիս են պետական կրթական չափորոշչի եւ կրթական ծրագրի հասկացությունները, որոնց բովանդակային ծավալը մեծահասակների կրթության ուսումնառության ժամկետների վերաբերյալ դրույթներ չի ներառում:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասին,

4) 20-րդ հոդվածը չի բխում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից, քանի որ նշված օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված «Աղյուսակում» մեծահասակների կրթական գործունեության իրականացումը որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ նախատեսված չէ.

5) 21-րդ հոդվածը չի բխում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջներից, քանի որ վերջինս մեծահասակների կրթություն ստանալու նպատակով լրացուցիչ վճարովի արձակուրդ տրամադրելու հետ կապված հարաբերությունների կարգավորում չի նախատեսում.

6) 24-րդ հոդվածում գործածվում են «անդրագոգիկ», «թրեյներ» եւ այլ օտարալեզու տերմիններ: Այս առումով հայտնում ենք, որ նախագծի տեքստում անհրաժեշտ է գործածել նշված բառերի հայերեն համարժեք տարբերակը՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջները.

7) 27-րդ հոդվածում «հրապարակման հաջորդ օրը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները.

8) նախագծում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված, հստակեցման եւ պարզաբանման կարիք ունեցող հասկացություններ, մասնավորապես, «մեծահասակներ», «մեծահասակների կրթության համակարգի իրավաբանական եւ ֆիզիկական անձինք»,  «ընկերությունների շրջանակներում գործող կրթական կենտրոններ», «մասնավոր ուսուցչի կարգավիճակ ունեցող մասնավոր անհատ», «մեծահասակների կրթողների ուսուցում», «անդրագոգիկ կադրեր», «պայմանգրավորման» եւ այլն.

9) oրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն.

10) նախագծում առկա են մի շարք հակասություններ գործող օրենքների հետ, որոնք կխոչընդոտեն գործող համակարգի բնականոն գործունեությանը.

11) նախագծի ընդունման անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ:

3. Ներկայացված օրենքի նախագիծը վերաբերում է հանրակրթության տարիքը լրացած անձանց:  Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է կարգավորել լրացուցիչ եւ շարունակական կրթության բնագավառը, որը եւ ներառում է նաեւ մեծահասակների կրթությունը:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ լրացուցիչ եւ շարունակական կրթության ոլորտի բարեփոխման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության լրացուցիչ եւ շարունակական կրթության մասին ազգային զեկույց, քննարկման փուլում են գտնվում լրացուցիչ եւ շարունակական կրթության ռազմավարության, գործողությունների պլանի, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող կարգերի նախագծերը, նախատեսվում են փոփոխություններ գործող կրթական օրենսդրական դաշտում:

4. Նախագծի 16-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ,  23-րդ հոդվածի 4-րդ եւ 26-րդ հոդվածի 7-րդ ենթակետերը կառաջացնեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն, որի նպատակով ինչպես Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով միջոցներ նախատեսված չեն:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Միաժամանակ, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում լրացուցիչ եւ շարունակական կրթության ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը՝ օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում ենք մասնակցել օրենսդրական դաշտի զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության  կառավարությունում իրականացվող աշխատանքներին:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին, պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:



ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի դրույթներում առկա չեն ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված կոռուպցիոն գործոններ:
 

Եզրակացություն

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է մեծահասակների կրթության համակարգում ՀՀ պետական քաղաքականության իրավական հիմքերին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում է մեծահասակների կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը, կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը` պայմանավորված մեծահասակների կրթական գործունեության կրթական ծրագրի յուրաքանչյուր մասնագիտության համար առանձին լիցենզավորմամբ, կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման, ինչի չափը հնարավոր չէ գնահատել` ելնելով եկամտատեսակի բնույթից:

Նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը ծախսերի մասով հնարավոր է տալ ՀՀ կառավարության 05.05.2012 թ. կայացած նիստի N 13 արձանագրության 1-ին կետով հաստատված` «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ» հավելվածի 14.4-րդ կետով պահանջվող տեղեկանքի` հաշվարկ-հիմնավորումներով, առկայության պարագայում: