ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-059-24.08.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով առաջարկվող` նվազագույն աշխատավարձի բարձրացումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությանը: Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, նվազագույն աշխատավարձ/աղքատության գիծ ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում: Նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացում նախատեսված է Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով, 2013 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծով: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է նկատի ունենալ մի շարք հանգամանքներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի իրական հնարավորությունները եւ ծրագրի իրականացման փուլայնությունը: Մասնավորապես, ըստ նախագծին կից հիմնավորման`

1. «օրենքի նախագիծը ... չառաջացնելով էական բյուջետային ծախսեր...» արտահայտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Բյուջետային բնագավառում նախագծի կարգավորման ազդեցության շրջանակներում հնարավոր է նկատի ունենալ ծախսերի գնահատման երկու տարբերակ`

1) երբ նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ միաժամանակ համամասնորեն բարձրացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրվող բոլոր աշխատավարձները եւ նվազագույն աշխատավարձի հետ կապված այլ ծախսեր: Այս պարագայում մոտավոր գնահատմամբ լրացուցիչ կպահանջվի 360.4 մլրդ դրամ.

2) երբ բարձրացվում է միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրվող` մինչեւ 72500 դրամ ամսական աշխատավարձ ստացող աշխատողների աշխատավարձները: Այս պարագայում լրացուցիչ հատկացման պահանջի չափը կկազմի 28.4 մլրդ դրամ:

Սակայն այս դեպքում՝

ա. խախտվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված արդարացի վարձատրության իրավունքի սկզբունքը, չի ապահովվում աշխատավարձի կախվածությունն աշխատանքի քանակից եւ որակից, կազմակերպության գործունեության արդյունքներից եւ աշխատանքի շուկայում աշխատանքի պահանջարկից,

բ. անտեսվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները.

2. «օրենքի նախագիծը ... շեշտակիորեն կպակասեցնի ստվերային տնտեսությունը»: Կարծում ենք, որ առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձի ավելացումը չի հանգեցնի ստվերային տնտեսության ծավալների նվազեցմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նվազագույն ամսական աշխատավարձի ավելացման պայմաններում գործատուները կամ`

1) կբարձրացնեն մինչեւ նախագծի ուժի մեջ մտնելը 72500 դրամից ցածր աշխատավարձ ստացող վարձու աշխատողների աշխատավարձը` դրանով իսկ կրելով աշխատավարձի բարձրացման հետեւանքով առաջացող լրացուցիչ ծախսերի բեռը (այդ թվում` 2013 թվականի հունվարի 1-ից կիրառվող եկամտային հարկի մասով).

2) անփոփոխ կթողնեն գործող աշխատավարձների չափերը` դրանով իսկ իրենց վրա վերցնելով նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ վճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն կրելու ռիսկերը.

3) չեն գրանցի վարձու աշխատողներին` խուսափելով ինչպես աշխատավարձի բարձրացման հետեւանքով առաջացող լրացուցիչ ծախսերից, այնպես էլ նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ վճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունից:

Հետեւաբար, գործատուները, որոնք ցածր որակավորում ունեցող անձանց կողմից իրականացվող, մասնագիտական գիտելիքներ ու պատրաստվածություն չպահանջող աշխատանքների համար ներկայումս 72500 դրամից պակաս աշխատավարձ են վճարում իրենց վարձու աշխատողներին, առաջարկվող օրենսդրական փոփոխության իրականացման պարագայում ավելի շատ հակված կլինեն նշված վարձու աշխատողներին օրենքով սահմանված կարգով չգրանցելու:

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենդրական տեխնիկայի կանոնները`

1) նախագծի վերնագրում «փոփոխություններ եւ լրացումներ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն» բառով.

2)  1-ին հոդվածում՝

ա. «2010 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-164» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն» բառերով՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները,

բ. «32500 դրամ նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 72500 դրամ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «32500 դրամ» բառերը փոխարինել «72500 դրամ» բառերով» բառերով` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի մեծությունը եւ կիրարկման ժամկետը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը որոշակի դրական ազդեցություն կունենա առողջապահության բնագավառի վրա` բնակչության սակավ ապահովված սոցիալական խմբերի կողմից բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության աստիճանի բարձրացման, ինչպես նաեւ անհրաժեշտ թանկարժեք դեղամիջոցների ձեռքբերման հնարավորության ընձեռման առումով:

Բացի դրանից, հաշվի առնելով առողջապահության ոլորտի կրտսեր եւ միջին բուժաշխատողների աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը, օրենքի նախագծի ընդունմամբ այն զգալիորեն կբարձրանա, նպաստելով վերջիններիս կողմից իրենց աշխատանքային պարտականությունների որակյալ կատարմանը:

Միաժամանակ, օրենքի նախագծի ընդունմամբ` առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով տեղի կունենա ՀՀ պետական բյուջեի ծախսային բեռի ավելացում շուրջ 3,5 մլրդ. դրամի չափով:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ Կատարելու  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1.«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի վերաբերյալ

 «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցություն է նախատեսվում:

Նախագծով նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը` ներկայումս գործող 32500 ՀՀ դրամի փոխարեն սահմանելով 72500 ՀՀ դրամ: Առաջարկվող փոփոխությունը տնտեսվարող սուբյեկտների համար զգալիորեն կավելացնի աշխատավարձերի վճարման հետ կապված ծախսերը, միաժամանակ կարող է հանգեցնել չձեւակերպված աշխատողների թվաքանակի ավելացմանը եւ ստվերային տնտեսության մեծացմանը: Միեւնույն ժամանակ, աշխատավարձի փոփոխությունը պետք է պայմանավորված լինի շուկայական հարաբերություններով եւ կարգավորվի ազատ շուկայական պայմաններում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջեւ մրցակցությամբ:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) փոփոխվում է նվազագույն ամսական աշխատավարձը:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ՀՕ-66-Ն օրենքում կատարել փոփոխություն, համաձայն որի ներկայումս գործող 32500 դրամ նվազագույն ամսական աշխատավարձի փոխարեն կսահմանվի 72500 դրամ նվազագույն ամսական աշխատավարձ:

Վերոգրյալը նշանակում է, որ 2013 թվականի հունվարի 1-ից, այլ հավասար պայմաններում, կավելանա ներկայումս 72500 դրամից պակաս աշխատավարձ ստացող վարձու աշխատողների` եկամտային հարկով հարկվող եկամտի չափը` հանգեցնելով պետական բյուջե հավաքագրվող եկամտային հարկի գումարների ավելացման: Այսինքն Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա դրական ազդեցություն, որի չափը որոշել հնարավոր չէ, պայմանավորված ամբողջական տեղեկատվության բացակայությամբ:

Նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի վրա կունենա հետեւյալ ազդեցությունը`

ա) եթե նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ միաժամանակ համամասնորեն բարձրացվեն ՀՀ պետական բյուջեից տրվող բոլոր աշխատավարձերը եւ նվազագույն աշխատավարձի հետ կապված այլ ծախսերը, ապա մոտավոր գնահատմամբ լրացուցիչ կպահանջվի 360.4 մլրդ. դրամ:

բ) եթե բարձրացվեն միայն ՀՀ պետական բյուջեից տրվող մինչեւ 72500 դրամ ամսական աշխատավարձ ստացող աշխատողների աշխատավարձեր, ապա լրացուցիչ հատկացման պահանջի չափը կկազմի 28.4 մլրդ. դրամ: