ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-058-24.08.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ:

1. Ըստ օրենքի նախագծի տեղեկանք-հիմնավորման` 2011 թվականի դեկտեմբերյան օրենսդրական փոփոխությունները 2012 թվականին ոչ մի էական արդյունք չեն տվել, որի պատճառներից մեկն օրենքով ռոյալթիի դրույքաչափի որոշման համար սահմանված բանաձեւն է:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ 2012 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության նոր օրենսգիրքը եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-284-Ն օրենքը, ուժը կորցրած է ճանաչվել «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին»  2002 թվականի նոյեմբերի 5-ի ՀՕ-440-Ն օրենքը (որով սահմանված էին մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիները): «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ռոյալթին սահմանվել է որպես արդյունահանված մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար բնօգտագործման վճարի տեսակ, որը Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող եւ (կամ) մետաղի խտանյութ արտադրողների համար փոխարինելու է պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար բնօգտագործման վճարին եւ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիներին:

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.6-րդ եւ 13.7-րդ հոդվածներին համապատասխան` ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջան է համարվելու յուրաքանչյուր տարին (2012 թվականից սկսած): Ռոյալթի վճարողները յուրաքանչյուր հաշվետու տարվա (առաջին անգամ՝ 2012 թվականի) համար, մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա (առաջին անգամ՝ 2013 թվականը) ապրիլի 15-ը ներառյալ, ռոյալթիների հաշվարկ-հաշվետվությունները պետք է ներկայացնեն հարկային մարմին: Միաժամանակ, օրենքի 13.8-րդ հոդվածի համաձայն (հաշվի առնելով «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-284-Ն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթները), մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությանը համապատասխան ռոյալթի վճարող հանդիսացողները, նախքան հաշվետու ժամանակաշրջանի (2012 թվականի) համար հաշվարկված ռոյալթիների վճարումը, 2012 թվականի յուրաքանչյուր եռամսյակի համար մինչեւ տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 15-ը ներառյալ, կատարում են ռոյալթիի կանխավճարային վճարումներ` 2011 թվականի ընթացքում մետաղական օգտակար հանածոների համար հաշվարկված բնօգտագործման վճարների եւ ռոյալթիների հանրագումարի մեկ երրորդի չափով:

Հաշվի առնելով շարադրվածը` հայտնում ենք, որ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված ռոյալթիի հաշվարկման բանաձեւի կիրառումը 2012 թվականի ընթացքում վճարման ենթակա ռոյալթիների կանխավճարների վրա ազդեցություն չունի: Այդ բանաձեւով հաշվարկված դրույքաչափը կիրառվելու է 2012 թվականի արդյունքներով՝ օրենքով սահմանված կարգով հաշվարկված ռոյալթիի հաշվարկման բազայի նկատմամբ: Ավելին, 2012 թվականի բյուջետային մուտքերի աճն ապահովելու համար օրենքով նախատեսվել են 2011 թվականի ընթացքում հաշվարկված բնօգտագործման վճարների եւ ռոյալթիների հանրագումարի մեկ երրորդի չափով եռամսյակային կանխավճարներ: Հետեւաբար, մեխանիզմի արդյունավետությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցության չափն ակնառու կլինեն 2012 թվականի հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո:

Հարկ է նաեւ նկատի ունենալ այն հանգամանքը, որ, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.2-րդ հոդվածին համապատասխան, 2012 թվականի հունվարի 1-ից ռոյալթի վճարողներ են համարվում ոչ միայն Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործողները, այլեւ` մետաղի խտանյութ արտադրողները, որոնք մինչեւ այդ չեն հանդիսացել ո՛չ բնօգտագործման վճար եւ ո՛չ էլ ռոյալթի վճարողներ:

2. Օրենքի նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրված ռոյալթին ծիծաղելի ցածր է եւ հիմնականում շահեկան է խոշոր ձեռնարկատերերի համար: Այս առումով հայտնում ենք, որ, համաձայն «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված ռոյալթիի հաշվարկման բանաձեւի, տարեկան արդյունքներով ռոյալթիի հաշվարկման բազայի (իրացումից հասույթի) նկատմամբ կիրառվող ռոյալթիի դրույքաչափը հաշվարկելու համար ռոյալթիի նվազագույն 4 տոկոս դրույքաչափին գումարվում է շահույթի եւ իրացումից հասույթի ութապատիկի հարաբերության տոկոսային մեծությունը: Շահույթի եւ իրացումից հասույթի ութապատիկի հարաբերության տոկոսային մեծությունը սահմանվել է որպես ռոյալթիի նվազագույն դրույքաչափին ավելացվող` շահութաբերությունը հաշվի առնող բաղադրիչ, որը միաժամանակ հավասարակշռելու է բարձր եւ ցածր շահութաբերություն ունեցող հանքավայրերի համար ռոյալթիի բեռը: Այսպես, 10 տոկոս շահութաբերության դեպքում ռոյալթիի դրույքաչափը կկազմի 5,25 տոկոս, 20 տոկոս շահութաբերության դեպքում` 6,5 տոկոս, 25 տոկոս շահութաբերության դեպքում` 7,1 տոկոս, 30 տոկոս շահութաբերության դեպքում` 7,75 տոկոս, իսկ 40 տոկոս շահութաբերության դեպքում` 9 տոկոս:

Հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» 2002 թվականի նոյեմբերի 5-ի ՀՕ-440-Ն օրենքով սահմանված կարգով մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից ռոյալթիներ վճարվում էին միայն 25 տոկոսը գերազանցող շահութաբերություն ունեցող արդյունահանողները, այն էլ` oգտակար հանածոյի համախառն հաշվարկային արժեքի 0.1 տոկոuի չափով` շահութաբերության նորմայի 25 տոկոuը գերազանցող յուրաքանչյուր 0.8 տոկոuի համար:

Անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ նշված բանաձեւում կիրառվում է «շահույթը՝ նախքան հարկումը», որը որոշվում է որպես ռոյալթիի հաշվարկման բազայի (արտադրանքի իրացումից հասույթի) եւ բացառապես «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերություն (ընդ որում, բացառելով ֆինանսական գործունեության գծով ծախսերը եւ նախորդ տարիների հարկային վնասները): Միաժամանակ, ռոյալթիի հաշվարկման բազան արտադրանքի իրացումից հասույթն է, որը որոշվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 29-ի «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 1901-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Օրենքի նախագծով առաջարկվող տարբերակով ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձեւում շահույթի եւ իրացումից հասույթի կրկնապատիկի կիրառման արդյունքում 10 տոկոս շահութաբերության դեպքում ռոյալթիի դրույքաչափը կկազմի 9 տոկոս, 20 տոկոս շահութաբերության դեպքում` 14 տոկոս, 25 տոկոս շահութաբերության դեպքում` 16,5 տոկոս, 30 տոկոս շահութաբերության դեպքում` 19 տոկոս, իսկ 40 տոկոս շահութաբերության դեպքում` 24 տոկոս:

Ինչ վերաբերում է միջազգային պրակտիկայում կիրառվող ռոյալթիի դրույքաչափերին, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ կիրառության մեջ են ռոյալթիի հաշվարկման տարբեր եղանակներ (ադվալորային` վաճառված արտադրանքի արժեքից, հաստատագրված` արտադրանքի միավոր ծավալից կամ քաշից, շահույթից հաշվարկվող եւ այլն): Տարբեր երկրներում պինդ օգտակար հանածոների համար ռոյալթիի դրույքաչափերը տարբեր հանածոների համար սովորաբար տատանվում են մեկ տոկոսից (ածուխ) մինչեւ 24 տոկոսի (ադամանդ) սահմաններում: Ընդ որում, համաձայն մեր կողմից կատարված ուսումնասիրությունների, նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ նշված  նույն Ինդոնեզիայում 2012 թվականի դրությամբ ռոյալթիի դրույքաչափը սահմանված է՝ պղնձի համար` 4 տոկոս, ոսկու համար` 3.75 տոկոս, արծաթի համար` 3.25 տոկոս, Ռուսաստանում՝ պղնձի համար` 8 տոկոս, ոսկու համար` 6 տոկոս: Միաժամանակ, որպես օրինակ, Պերուում ռոյալթիի դրույքաչափերը սահմանված են 1-12 տոկոս, Ավստրալիայում` 2.7-7.5 տոկոս, Գանայում` 5 տոկոս:

Հաշվի առնելով նշվածը` գտնում ենք, որ առավել նպատակահարմար է հանքարդյունահանման ոլորտում հարկման համակարգի առաջարկվող փոփոխությունները քննարկել արդեն իսկ ներդրված հարկման համակարգի կիրառման առաջին արդյունքների (2012 թվականի արդյունքներով՝ 2013 թվականին) վերլուծության հիման վրա:

Օրենքի նախագիծը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը եւ պղնձի ու մոլիբդենի խոշորագույն արտադրություն ունեցող երկրների ֆիսկալ ռեժիմի մասին տեղեկանքը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված ռոյալթիի հաշվարկման բանաձեւի համաձայն` ռոյալթիի հաշվարկման բազայի (իրացումից հասույթի) նկատմամբ կիրառվող ռոյալթիի դրույքաչափը հաշվարկելու համար ռոյալթիի նվազագույն 4 տոկոս դրույքաչափին գումարվում է շահույթի եւ իրացումից հասույթի 8-ապատիկի հարաբերության տոկոսային մեծությունը: Միաժամանակ, 2012թ. բյուջետային մուտքերի աճն ապահովելու համար օրենքով նախատեսվել են 2011թ. ընթացքում հաշվարկված բնօգտագործման վճարների եւ ռոյալթիների հանրագումարի մեկ երրորդի չափով եռամսյակային կանխավճարներ:

Ներկայացված նախագծով առաջարկվում է շահույթի եւ իրացումից հասույթի 8-ապատիկ գործակիցը սահմանել 2-ապատիկի չափով:

Հաշվի առնելով, որ ռոյալթիի հաշվարկման բանաձեւում շահութաբերությունը հաշվի առնող բաղադրիչը կիրառվում է իրացումից հասույթի եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի եւ նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերության դեպքում (0 եւ ցածր շահութաբերություն ունեցող ընկերությունների համար վերոնշյալ բաղադրիչը այսպես թե այնպես չի կիրառվում), գնահատման համար հիմք են ընդունվել 0-ից բարձր շահութաբերություն ունեցող ոլորտի խոշոր ընկերությունների շահութաբերության ցուցանիշները:

Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ ներկայացված առաջարկության ընդունման դեպքում, այլ հավասար պայմաններում, պետական բյուջեի եկամուտները կարող են աճել: Մասնավորապես, գործող օրենսդրության համաձայն, հանքարդյունահանող կազմակերպությունների կողմից պետական բյուջե վճարվող ռոյալթիների մեծությունը միջին հաշվով կազմում է նշված կազմակերպությունների իրացումից հասույթի 5.5-ից 9 տոկոսը, իսկ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը կատարելու պարագայում վերոնշյալ ցուցանիշը կկազմի 14-ից 20 տոկոս` կախված կազմակերպությունների գործունեության շահութաբերության աստիճանից:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային պրակտիկայում կիրառվող ռոյալթիների դրույքաչափերն ավելի ցածր են (մասնավորապես, Կանադայում ռոյալթիի դրույքաչափը պղնձի եւ մոլիբդենի համար սահմանված է իրացումից հասույթի 2 տոկոսի չափով, Չինաստանում` 3.1 տոկոսի չափով, ԱՄՆ-ում` 3.2 տոկոսի չափով, Ինդոնեզիայում` 4 տոկոսի չափով, Չիլիում` 5 տոկոսի չափով, Ավստրալիայում` 5.2 տոկոսի չափով)` գտնում ենք, որ հանքարդյունահանող կազմակերպությունների հարկային բեռի առաջարկվող բարձրացումը կարող է կրճատել հանքարդյունահանման ոլորտում իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ծավալները, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել ներկայումս պետական բյուջե հավաքագրվող եկամուտների կրճատման:

Սակայն հաշվի առնելով, որ մետաղական օգտակար հանածոների համար ներդրված` ռոյալթիի հաշվարկման բանաձեւի կիրառումը 2012թ. ընթացքում վճարման ենթակա ռոյալթիների կանխավճարների վրա ազդեցություն չունի, այդ բանաձեւով հաշվարկված դրույքաչափը կիրառվելու է 2012թ. արդյունքներով ստացվող` ռոյալթիի հաշվարկման բազայի նկատմամբ, ինչպես նաեւ այն, որ ներկայումս գործող մեխանիզմի կիրառման արդյունքում պետական բյուջեի եկամուտները ակնառու կլինեն 2012թ. հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո, ներկայացված նախագծի` բյուջեի եկամուտների վրա ազդեցությունը հնարավոր կլինի կոնկրետ գնահատել 2012 թվականի համար հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման եւ թանկարժեք մետաղների 2012-2013 թվականների համաշխարհային գների դինամիկայի ուսումնասիրության արդյունքների ամփոփ տվյալների առկայության դեպքում:

Միաժամանակ, վերոնշյալ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի փոփոխության չի հանգեցնի:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ)  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք  ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից`  չեզոք ազդեցություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի բացասական ազդեցություն:

Մետաղական հանածոների արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների համար կիրառվող ռոյալթիների մեծացումը կհանգեցնի վերջիններիս ֆինանսական ծախսերի ավելացմանը: Միաժամանակ հիմնավոր չէ ռոյալթիի հաշվարկման բանաձեւի հայտարարում 8 թիվը 2 թվով փոխարինելը:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ)  նախատեսվում է  մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով վճարվող վճարի` ռոյալթիի ավելացում:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:



ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական եւ  բնօգտագործման վճարների  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագծով կատարվող   փոփոխությունը բնապահպանության ոլորտին առնչվում է, սակայն այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: