ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Մարզպետունի Մանուկյանի եւ Արաիկ Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. Համաձայն նախագծին կից հիմնավորման` օրենքի ընդունման նպատակն է գույքահարկ չհաշվարկելու եւ չվճարելու միջոցով հարկային պարտավորություններից ազատել Հայաստանի Հանրապետությունում գտնվող եւ հաշմանդամության կարգ ունեցող այն անձանց, որոնց սեփականության իրավունքով պատկանող մարդատար մեքենաների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրացել է, ինչն ըստ էության գույքահարկի գծով հարկային արտոնության տրամադրում է:

Ներկայացված նախագիծը հաշմանդամության կարգ ունեցող անձանց նկատմամբ իրականացվող սոցիալական քաղաքականության տեսանկյունից արդարացված  չէ: Ավելին, նախագծի ընդունումը կարող է չարաշահումների պատճառ հանդիսանալ.  գույքահարկի վճարումներից խուսափելու համար ֆիզիկական անձանց պատկանող փոխադրամիջոցները կարող են գրանցվել որպես հաշմանդամության կարգ ունեցող անձանց սեփականություն, ինչը հնարավորություն կընձեռնի շրջանցել դրանց մասով հաշվարկված գույքահարկի վճարումների կատարումը:

Համայնքի ավագանին, ցանկության դեպքում, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում կարող է հաշմանդամների համար սահմանել գույքահարկի գծով արտոնություններ իր միջոցների հաշվին:

Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում, պետությունը համայնքային բյուջեների նկատմամբ կկրի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածների 2-րդ մասերով սահմանված փոխհատուցման պարտավորություն:

2. Ներկայացված նախագծում, հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները, անհրաժեշտ է նախագծի ՝

1) վերնագրից հանել «եւ լրացումներ» բառերը.

2) 2-րդ հոդվածում «հետեւյալ կերպ» բառերը փոխարինել «հետեւյալ խմբագրությամբ» բառերով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

                                                                                                                       

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման նախագծի վերաբերյալ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

 Նախագիծը սոցիալական պաշտպանության ոլորտում ռազմավարական ազդեցության կարգավորման տեuանկյունից, ինչպես նաեւ շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից ունի դրական ազդեցություն:
 

եզրակացություն

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է հաշմանդամության կարգ ունեցող անձանց սեփականության իրավունքով պատկանող 20 տարի վաղեմությամբ ավտոմեքենաները գույքահարկից ազատելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. Կարգավորման ենթակա հարաբերությունները չեն ազդում «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչների վրա:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթերի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:



ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի

բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի  (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջացնում:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Ներկայացված տարբերակով նախագծի ընդունումը կհանգեցնի համայնքների բյուջեների եկամուտների նվազեցմանը գույքահարկի գծով, որը համաձայն «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ենթակա է փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Միաժամանակ, տեղական համայնքների բյուջեների եկամուտների վրա ազդեցության կոնկրետ գնահատում հնարավոր չի իրականացնել համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Վերոնյալ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաեւ պետական եւ համայնքային բյուջեների ծախսերի վրա ազդեցություն չի ունենա: