ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. Փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) պետական աջակցության ոլորտն այսօր արդեն իսկ կարգավորված է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ: Մասնավորապես, «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Փոքր ու միջին ձեռնարկատիրությանն պետական աջակցության 2011 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 80-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության եւ ռազմավարության հիմնադրույթների մասին» արձանագրային որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու մասին» N 282 որոշմամբ:

Ներկայացված օրենքի նախագծում ներառված են ՓՄՁ-ի սուբյեկտների դասակարգման չափորոշիչներին, դրանց տարբերակող սահմանային հատկանիշներին (թվաքանակային եւ ֆինանսական), ՓՄՁ-ի ոլորտի զարգացման նորմատիվ-իրավական կարգավորման առանձնահատկություններինԴ աջակցության ենթակառուցվածքներինԴ ուղղություններին եւ սկզբունքներին վերաբերող դրույթներ: Հարկ է նկատի ունենալԴ որ նշված իրավական ակտերով արդեն իսկ կարգավորված են ՓՄՁ-ի աջակցության միասնական չափորոշիչները, ֆինանսավորման աղբյուրները, ՓՄՁ-ի ոլորտի հիմնական նպատակներն ու քաղաքականությունը, սկզբունքները, ՓՄՁ-ի աջակցության ենթակառուցվածքները: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ապահովելու միասնական քաղաքականության իրականացում: Ներկայումս էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ՓՄՁ-ի պետական աջակցության ծրագրերում հիմք են ընդունվում գործող օրենքով նախատեսված աջակցության ուղղություններն ու սկզբունքները:

2. Օրենքի նախագծում ներկայացված ՓՄՁ-ի սուբյեկտների պետական աջակցության պայմաններին ու կարգին, ինչպես նաեւ ձեւերին ու տեսակներին (ֆինանսական, գույքային, տեղեկատվական, կադրերի վերապատրաստման, խորհրդատվական, արտաքին տնտեսական գործունեության ընդլայնման, արտադրության, նորարարությունների, արհեստագործության, գյուղատնտեսության եւ այլն) առնչվող դրույթները արտացոլում են Հայաստանում մասնավոր հատվածի, մասնավորապես, ՓՄՁ-ի զարգացման մարտահրավերները: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առավել նպատակահարմար է համարում, որ դրանք ներկայացված լինեն ռազմավարական (հայեցակարգային) բնույթի փաստաթղթերումԴ քանի որ ՓՄՁ-ի պետական աջակցությունը դինամիկ գործընթաց է, որը պարբերաբար ձեւափոխվում եւ ստանում է նոր բովանդակություն` երկրում տեղի ունեցող տնտեսական, սոցիալական եւ քաղաքական զարգացումներին (փոփոխություններին) զուգընթացԴ իսկ ՓՄՁ-ի պետական աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած այս ձեւաչափը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներում ավելի ճկուն եւ իրատեսական լինել՝ աջակցության գործիքակազմը ձեւավորելու եւ առկա ռեսուրսները վերաբաշխելու առումով:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը մշակում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման նոր ռազմավարություն (հայեցակարգ): Օրենքի նախագծում ներկայացված վերոհիշյալ դրույթները նպատակահարմար է դիտարկել ՓՄՁ-ի ոլորտի զարգացման ռազմավարության (հայեցակարգի) համատեքստում:

3. Նախագծում տարանջատված են ՓՄՁ-ի պետական աջակցության բնագավառում պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները: Հարկ է նկատի ունենալ, որ թե պետական եւ թե տարածքային կառավարման մարմինները պետական կառավարման մարմիններ են եւ նրանց կողմից իրականացվող՝ նախագծով նախատեսված ծրագրերի տարանջատումը նպատակահարմար չէ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետք է իրականացվի միասնական քաղաքականություն: Ներկայումս, ըստ առանձին ուղղությունների ու ոլորտների, ՓՄՁ-ի պետական աջակցության կոնկրետ մեխանիզմները կիրարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերում, ինչպես նաեւ տարածքային կառավարման մարմինների կողմից մշակվող եւ իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարական սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում:

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվող աջակցության մեխանիզմներն օրենքի նախագծով ամրագրելուն, ապա հարկ է նկատի ունենալ, որ վերջիններս, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, նման իրավասություն ունեն, իսկ կապված համայնքի կարողությունից ու մի շարք այլ գործոններից՝ ՓՄՁ-ի աջակցության մեխանիզմները յուրաքանչյուր համայնքում կարող են ունենալ իրենց առանձնահատկությունները:

4. Նախագծով նախատեսված ՓՄՁ-ի ոլորտում պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող դրույթները կարգավորված են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ պաշտոնական վիճակագրության բնագավառը կարգավորող այլ օրենքներով եւ ենթաօրենսդրական ակտերով: Այդ առումով նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

5. Նախագծում առկա են հստակեցման եւ պարզաբանման կարիք ունեցող մի շարք դրույթներ, մասնավորապես, օրենքի նախագծի՝

1) 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն անհրաժեշտ է խմբագրել` նկատի ունենալով, որ եթե ֆինանսավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, ապա ֆինանսավորման չափը պետք է նախատեսվի «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Նույն դիտողությունը  վերաբերում է 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին.

2) 15-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է պարզաբանել, թե որոնք են «ձեռնարկատիրության զարգացման կենտրոններն ու գործակալությունները», «ենթակապալառուների աջակցության կենտրոնները», «մարքեթինգային ու կրթագործնական կենտրոնները», «ապրանքների արտահանմանն աջակցող գործակալություններն ու կազմակերպությունները», «արհեստավորների պալատները», «խորհրդատվական կենտրոնները, ռիսկերի գնահատման եւ կանխատեսումային կենտրոններն ու այլ կազմակերպությունները»: Անհրաժեշտ է հստակեցնել նաեւ հիշյալ կազմակերպությունների կողմից իրականացվող գործառույթների շրջանակը.

3) 16-րդ հոդվածի 3-րդ մասում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնուրույն գործող սուբյեկտներ են եւ իրենք են որոշելու իրենց բյուջեների միջոցների բաշխումը` համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ 17-րդ հոդվածի 1-ին մասին.

4) 18-րդ հոդվածի`

ա. 1-ին մասում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնուրույն են որոշելու իրենց պատկանող գույքը տնօրինելու ձեւերը, պայմանները` համաձայն Հայաստանի Հանրապետության Սահամանադրության 104.1-ին եւ 105-րդ հոդվածների եւ  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների,

բ. 3-րդ մասի երկրորդ պարբերությունում անհրաժեշտ է նկատի ուենալ, որ գործարքն անվավեր ճանաչելու, գույքը վերադարձնելու, վեճերը դատական կարգով լուծելու հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ սույն օրենքի կարգավորման առարկա չեն: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ   4-րդ եւ 5-րդ մասերին.

5) 25-րդ հոդվածն անհրաժեշտ է խմբագրել` նկատի ուենալով, որ «Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական ֆերմերային տնտեսության մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսության մասին» օրենքներն ընդունված չեն:

6. Հաշվի առնելով օրենսդրական տեխնիկայի պահանջները՝

1) 5-րդ հոդվածի 2-րդ մասի`

ա. 2-րդ կետում «ամբողջական» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրիվ» բառով` համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի, իսկ «հասցեն» բառը հանել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածի պահանջի.

2) 7-րդ կետում անհրաժեշտ է «անվանումը, համարը եւ ամսաթիվը» բառերը փոխարինել «լրիվ անվանումը» բառերով` համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի.

2) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ձեռնարկությունների» բառն անհրաժեշտ է փոխարինել «կազմակերպությունների» բառով` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջի.

3) 26-րդ հոդվածի 1-ին մասի անհրաժեշտությունը չկա, քանի որ հարցը կարգավորված է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածներով:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո դրա կատարումն ապահովող կառավարության որոշումների ցանկը եւ ժամանակացույցը`

5-րդ հոդվածի 4-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 3 ամիս,

8-րդ հոդվածի 7-րդ կետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 3 ամիս,

8-րդ հոդվածի 14-րդ կետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 3 ամիս,

9-րդ հոդվածի 5-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 3 ամիս,

13-րդ հոդվածի 4-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 3 ամիս,

17-րդ հոդվածի 2-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 3 ամիս:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ


 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:



Եզրակացություն

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` Նախագիծ) կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1 հոդվածի եւ 28-րդ հոդվածի պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Գնահատման արդյունքում`

1. Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի դրական ազդեցություն:

2. Սոցիալական պաշտպանության ոլորտում իրավական ակտի դրական ազդեցությունը նկատվում է շահառուների վրա ունեցած ազդեցությամբ:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք)  ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ  պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ոլորտին, որն արդեն իսկ կարգավորվում է ՀՀ գործող օրենսդրությամբ, մասնավորապես` «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Փոքր ու միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2011 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 80-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության եւ ռազմավարության հիմնադրույթների մասին» արձանագրային որոշմամբ, ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու մասին» թիվ 282 որոշմամբ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. Կարգավորման ենթակա հարաբերությունները չեն ազդում «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչների վրա:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթերի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով հստակեցվում են փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ սկզբունքները, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության շրջանակները:

Հաշվի առնելով վերոնշյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք:

Ինչ վերաբերում է նախագծի ընդունման` պետական բյուջեի ծախսերի վրա ազդեցության գնահատմանը, ապա հայտնում ենք, որ այդպիսի գնահատական հնարավոր է տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1021-Ն որոշմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը` բացառությամբ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, ներկայացնելու ուղեցույցին հավանություն տալու մասին» թիվ 42/11 արձանագրային որոշմամբ նախատեսված տեղեկատվության առկայության պարագայում: