ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մարզպետունի Մանուկյանի, Իշխան Խաչատրյանի եւ Խաչիկ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. Գտնում ենք, որ օրենքի նախագծով ներկայացված խոշոր առեւտրային օբյեկտների դասակարգման համար միայն առեւտրային մակերեսը որպես դասակարգման չափանիշ սահմանելը բավարար պայման չէ:

2. Օրենքի նախագծով ներկայացված չեն խոշոր առեւտրային օբյեկտների նոր շինարարության իրականացման թույլտվության համար քաղաքային տարածքների արդյունավետ օգտագործման գնահատման չափանիշները:

3. Հստակեցման կարիք ունի արդեն իսկ գործող եւ կառուցվող առեւտրային օբյեկտների վրա նախագծի դրույթների տարածման աստիճանը:

4. Բացի դրանից՝

1) անհրաժեշտ է 1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով» բառերը, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը չի կարգավորում առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները.

2) օրենքի նախագծում օգտագործվում են հստակեցման կարիք ունեցող հասկացություններ, մասնավորապես` «առավելապես», «հարող տարածքներում», «խոշոր առեւտրային օբյեկտները գլխավորապես տեղակայվում են», «տեղական մակարդակի առեւտրային օբյեկտ», «քաղաքային մակարդակի խոշոր առեւտրային օբյեկտ» եւ այլն, որոնք իրավական ակտի գործնական կիրառման համար կարող են առաջացնել դժվարություններ.

3) անհրաժեշտ է 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետում «անհատ ձեռներեցներին» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերին» բառերով` նկատի ունենալով «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները.

4) անհրաժեշտ է 6-րդ հոդվածի 5-րդ մասում հստակեցնել, թե ինչպիսի դրույթներ պետք է նախատեսված լինեն խոշոր առեւտրային օբյեկտների ցանցի համակարգի զարգացման հեռանկարային համալիր ծրագրում եւ դրանք ինչպիսի չափանիշներ պետք է բավարարեն:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ քաղաքային նշանակության խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման համակարգին.

5) 7-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ սույն օրենքի պահանջները խախտելու համար որեւէ իրավական ակտով պատասխանատվություն նախատեսված չէ: Բացի դրանից, անհրաժեշտ է «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որոնց համաձայն բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների uահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպեu նաեւ պատաuխանատվության տեuակները, չափերը, պատաuխանատվության ենթարկելու կարգը.

6) 8-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ հայտնում ենք, որ «ենթաօրենսդրական ակտեր» հասկացություն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չէ: Բացի դրանից, 2-րդ մասի անհրաժեշտությունը չկա, քանի որ հարցը կարգավորված է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտի կանոնակարգման խնդիրներն ու պետական կառավարման հիմքերը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, առեւտրի եւ ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունը կարգավորվում են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար է համարում օրենքի նախագծով ներկայացված խնդիրները կարգավորել նշված օրենքի շրջանակներում:

Ներկայացված օրենքի նախագծով նախատեսված խնդիրների քննարկման, խոշոր առեւտրային օբյեկտների դասակարգման եւ տեղակայման չափորոշիչների ամբողջական սահմանման, տեղակայման հատակագծի մշակման առկա խնդիրներին օրենքով լուծումներ առաջարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի գլխավորությամբ, որում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքի նախագծի հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից, համագործակցել աշխատանքային խմբի հետ եւ նախագծին անդրադառնալ աշխատանքային խմբի աշխատանքների ավարտից հետո:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

Նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության, ինչպես նաեւ մրցակցության բնագավառներում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները կարող են տրամադրվել մեր ներկայացրած դիտողությունների վերաբերյալ պարզաբանումների առկայության դեպքում:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման դեպքում բացասական հետեւանքներ կարող են  առաջանալ:

2.Օրենքի նախագծի չընդունման դեպքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ կարող են առաջանալ:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է, եւ այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքների եւ պահանջների պահպանումը պարտադիր է:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունն առկա է` կախված խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման վայրից եւ չափերից, քանի որ համաձայն ՀՀ կառավարության 1999թ. մարտի 30-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին»  N 193 որոշման 10-րդ կետի` 5000մ2   մակերեսը գերազանցող  առեւտրային օբյեկտներն ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է մայրաքաղաքի տարածքում առեւտրային տարածքների տեղակայման ապակենտրոնացումը, ինչպես նաեւ նախատեսվում է Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների կառուցապատման եւ տեղակայման չափորոշիչների նկատմամբ պետական վերահսկողություն, փոքր ու միջին առեւտրային օբյեկտների շահերի պաշտպանության ու մրցունակության ապահովման իրականացում:

ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների մուտքային ու  ելքային մասերի փոփոխության չի հանգեցնի:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

Եզրակացություն

«Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի/այսուհետ` նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի չեզոք ազդեցություն: