ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանի, Արտակ Զաքարյանի եւ Կարինե Աճեմյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի:

Միաժամանակ, հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները, առաջարկում ենք «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

1. 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի իններորդ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը»:

2. 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածները միացնել` նկատի ունենալով, որ լրացումները եւ փոփոխությունը վերաբերում են նույն` 9-րդ հոդվածին:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի /այսուհետ` նախագծեր/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում նախագծերն ունեն չեզոք  ազդեցություն: 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1.«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների (այսուհետ` օրենքներ)  նախագծերի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայասատանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայասատանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Բազմաթիվ ընկերությունների կողմից արտադրվում կամ առաջարկվում են այնպիսի ապրանքներ կամ ծառայություններ, որոնց գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով արգելված է: «Հովանոցային գովազդ» համարվելու պատճառով այդ ընկերությունները չեն կարողանում միեւնույն ապրանքային նշանով կամ  ֆիրմային անվանումով գովազդել իրենց արտադրության  մեկ այլ ապրանք կամ ծառայություն, որոնց վրա գովազդի նկատմամբ օրենքով նախատեսված սահմանափակումներ չեն գործում:

Նախագծով առաջարկվող փոփոխությամբ վերացվում է վերոնշյալ արգելքը: Արդյունքում նման խնդիր ունեցող տնտեսվարողները հնարավորություն կունենան միեւնույն ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ ցանկացած այլ անհատականացման միջոցի հիշատակմամբ գովազդել իրենց կողմից արտադրվող կամ առաջարկվող այն ապրանքները կամ ծառայությունները, որոնց գովազդը չի արգելվում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են հետեւյալ ապրանքային շուկաների հետ.

  •  հեռուստառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակման ծառայությունների շուկայի,
  •  այն ապրանքների շուկաների հետ, որոնց նկատմամբ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են սահմանափակումներ:

Ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլում առանցքային ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Նախագծի ընդունմամբ`

  • գովազդի հեռարձակման ծառայությունների շուկայում մատակարարների քանակի ուղղակի, անուղղակի սահմանափակում կամ վերջինիս հնարավորություն, միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակում կամ սահմանափակման հնարավորություն, միմյանց հետ մրցելու մատակարարների շարժառիթների սահմանափակում եւ դրա հնարավորություն չի առաջանում:
  • այն ապրանքների շուկաներում, որոնց նկատմամբ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են սահմանափակումներ, մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չի հայտնաբերվել:

Հիմք ընդունելով վերոնշյալը` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության բնագավառի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը իրականացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1021-Ն որոշմամբ սահմանված կարգով եւ հայտնում է հետեւյալը:

1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի չընդունման դեպքում դրա հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունը

Ներկայացված նախագծերի փաթեթի չընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցություն չի ունենա:

2. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցության գնահատականը

 Հաշվի առնելով, որ ներկայացված նախագծերի փաթեթով նախատեսվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանապետության օրենքում լրացում կատարել, որի արդյունքում վերահեռարձակող կազմակերպությունները հեռարձակում իրականացնելու համար այլեւս պետական տուրք չեն վճարի, ներկայացված նախագծի ընդունման դեպքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում:

Մասնավորապես, համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հանրապետությունում կարող են գործել առավելագույնը հանրապետական սփռման մեկ եւ մայրաքաղաքային սփռման չորս վերահեռարձակող հեռուստաընկերություն:

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման հանրապետական սփռման համար նախատեսված է տարեկան պետական տուրք բազային տուրքի 20.000-ապատիկի չափով, իսկ մայրաքաղաքային սփռման համար` բազային տուրքի 10.000-ապատիկի չափով: Այսինքն, նշված օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները առավելագույն կնվազեն` (1*20.000.000)+(4*10.000.000)=60 մլն դրամի չափով: