ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի եւ Արա Նռանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի 100 տոկոս համամասնական ընտրակարգի սահմանում։ Գտնում ենք, որ ներկայումս նպատակահարմար չէ անդրադառնալ այդ հարցին, քանի որ այն անհրաժեշտ է կարգավորել փուլային լուծման տարբերակով։

2. 2-րդ հոդվածով առաջարկվում է պարտադիր տեսաձայնագրել քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացը։ Առաջարկությունն իրավական առումով թերի է. մասնավորապես, օրենքի նախագծով չի սահմանվում դրա իրավական հետեւանքը եւ, հետեւաբար, գործունեության տեսանկյունից անարդյունավետ է:

3. 4-րդ հոդվածով առաջարկվող լրացման 1.1-ին կետով խախտվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով երաշխավորված գաղտնի քվեարկության հիման վրա ազատ ընտրությունների անցկացման սկզբունքը: Բացի դրանից, միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն եւ քվեարկության գաղտնիության տարրերից մեկն են («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի լիագումար նիստի որոշում)։

4. 12-րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածներով նախատեսվում է ընտրական հանձնաժողովների կազմավորման նոր կարգ։ Մասնավորապես, նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության համաձայն` «Ազգային ժողովի ընդդիմադիր կուսակցությունները նշանակում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի 8 անդամներից 4-ին, իսկ իշխանության մաս կազմող կուսակցությունները` մյուս 4-ին»։ Հայտնում ենք, որ օրենքի նախագծով կարգավորված չէ իշխանության մաս կազմող կուսակցության կողմից նշանակված ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակն այն դեպքում, երբ կուսակցությունը դառնա ընդդիմադիր կամ հակառակը։ Պարզ չէ նաեւ, թե ինչ կարգով է ընտրվելու Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, եթե հանձնաժողովում ներկայացված ընդդիմության ներկայացուցիչներն ինքնաբացարկ հայտնեն կամ չստանան անհրաժեշտ թվով կողմ ձայներ:

5. 12-րդ հոդվածով փոփոխվող 35-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն  ընտրական հանձնաժողովներում նշանակված անդամները կարող են ցանկացած պահին հետ կանչվել իրենց նշանակողների կողմից։ Գտնում ենք, որ այս փոփոխության արդյունքում կխախտվի ընտրական հանձնաժողովի անդամի անկախության եւ անաչառ գործունեության սկզբունքը:

6. 20-րդ հոդվածով 49.2-րդ հոդվածում կատարվող լրացման «ա» կետով առաջարկվում է քվեատուփի վրա ամրացնել հատուկ էլեկտրոնային հաշվիչ սարք, որն ամրագրում է յուրաքանչյուր քվեածրարի մուտքը քվեատուփ եւ իր վահանակի վրա ցույց է տալիս յուրաքանչյուր պահին քվեատուփում առկա քվեածրարների թիվը։ Այս դեպքում նույնպես օրենքի նախագծով չի սահմանվում դրա իրավական հետեւանքը: Բացի դրանից, առաջարկությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի նախագծի 21-րդ հոդվածով նախատեսված «Հանձնաժողովի նախագահը բացում է թվեատուփը, հաշվարկվում եւ արձանագրվում է քվեատուփում առկա ծրարների ընդհանուր թիվը» դրույթի առկայության պարագայում:

Լրացուցիչ հիմնավորման կարիք ունի նաեւ «բ» կետով առաջարկվող «Տեղամասային ընտրական հանձնաժողովը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով սքանավորում եւ արխիվացնում է յուրաքանչյուր ընտրողի անձնագիրը:» դրույթը:

Բացի դրանից, օրենքի նախագծով նախատեսվում են ընթացակարգեր եւ գործառույթներ, որոնք ավելի են բարդացնելու ընտրական գործընթացները։

7. 21-րդ հոդվածով առաջարկվող՝ քվեարկության արդյունքների ամփոփման եւ հաշվարկման վերաբերյալ փոփոխությունները նույնպես ընտրական օրենսդրությունում ինքնատիպ նորամուծություն են: Մասնավորապես, «Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, հաշվարկվում եւ արձանագրվում է քվեատուփում առկա ծրարների ընդհանուր թիվը` դրանք դասավորելով 100-ական կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված այլ հավասար քանակի տրցակների։ Քվեաթերթիկների քանակությունը համեմատվում է ընտրողների ցուցակների մատյանում առկա ստորագրությունների թվաքանակի հետ»: Անհասկանալի է, թե ինչպես է որոշվում քվեաթերթիկների թիվը, երբ դրանք դեռեւս քվեարկության ծրարներից չեն հանվել։

8. Նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները՝

1) 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 24-րդ եւ 27-րդ հոդվածների կետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին.

2) 4-րդ հոդվածի «ա» կետի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու եւ ոչ թե հանելու միջոցով:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 13-րդ հոդվածի «գ» կետին.

3) 6-րդ հոդվածի`

ա. «ա» կետում «ավելացնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով։

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 7-րդ հոդվածի «բ» կետին, 8-րդ, 10-րդ հոդվածներին, 19-րդ հոդվածի «ա» եւ «բ» կետերին, 20-րդ հոդվածի «ա» կետին,

բ. «գ» կետում «71» թիվն անհրաժեշտ է փոխարինել «7.1» թվով.

4) 8-րդ հոդվածում «պարբերության» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասի» բառով.

5) 12-րդ հոդվածի «դ» կետում «բովանդակությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «խմբագրությամբ» բառով։

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 14-րդ հոդվածի «գ» կետին։

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Կից ներկայացվող փաստաթղթում տրվում է օրենքի նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատականը:
 

                        Հարգանքով`

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ                        

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: