ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Ըստ նախագծին կից հիմնավորման, համաձայն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի (2005-2025 թթ.)՝ միկրոավտոբուսները պետք է կազմեն 19,2 տոկոս, մինչդեռ ուղեւորափոխադրումների շուրջ 90 տոկոսն իրականացվում է միկրոավտոբուսներով: Երեւան քաղաքում օդի աղտոտվածության պատճառի 90-91 տոկոսը տրանսպորտն է: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է 8-17 մարդկանց՝ ներառյալ վարորդը, տեղափոխման համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալների կրճատում, որն իր հերթին էականորեն կբարելավի Հայաստանի Հանրապետության եւ, մասնավորապես, Երեւանի օդի աղտոտվածության ցուցանիշները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիսում է նախագծի հեղինակների՝ առկա խնդրի հետ կապված մտահոգությունը: Հայաստանի Հանրապետության  կառավարության` այս ոլորտում վարվող քաղաքականությունն ուղղված է ուղեւորատար մեքենաների ցանցում միկրոավտոբուսների կրճատմանը, ինչը, մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանն իրականացնում է փուլ առ փուլ: Այսօր Երեւանի քաղաքապետարանում ավարտին են մոտենում երթուղային ուղեւորատար մեքենաների նոր ցանցի մշակման աշխատանքները, որի շահագործման արդյունքում ներքաղաքային տրանսպորտում ներգրավված միկրոավտոբուսների թիվը նախատեսվում է կրճատել շուրջ հազար ավտոմեքենայով: Մյուս կողմից, միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրումների իրականացման համար տրված լիցենզիաների ժամկետը լրանալուց հետո այս գործունեության համար նոր լիցենզիաներ չեն տրվի: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ներկայացված նախագիծը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլեւ նոր խնդիրներ է հարուցում: Մասնավորապես`

1) համաձայն վիճակագրական տվյալների՝ ԱՏԳ ԱԱ 8702 ծածկագրին դասվող ապրանքների շուրջ 75 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից (ԱՏԳ ԱԱ 8702 ծածկագրին դասվող ապրանքների ընդհանուր ներմուծման ծավալը 2008 թվականին կազմել է 756 հատ, այդ թվում` 520 հատ ներմուծվել է Ռուսաստանի Դաշնությունից, 2009 թ. ներմուծման ծավալը կազմել է 520 հատ, այդ թվում` 401 հատ՝ Ռուսաստանի Դաշնությունից, 2010 թ. ներմուծման ծավալը կազմել է 320 հատ, այդ թվում` 181 հատ՝ ԱՊՀ անդամ երկրներից) եւ, համաձայն Հայաստանի Հանրապետության եւ ԱՊՀ անդամ երկրների միջեւ գործող ազատ առեւտրի ռեժիմի, Հայաստանի Հանրապետության  տարածք ներմուծված ապրանքները, այդ թվում՝ նաեւ տրանսպորտային միջոցները, ազատվում են մաքսատուրքի վճարումից: Հետեւաբար, նախագծով առաջարկվող 10 տոկոս մաքսատուրքի սահմանումը գործնականում չի կիրառվի ներմուծվող՝ ԱԱ 8702 ծածկագրին դասվող ապրանքների գերակշիռ մասի վրա: Ավելին` այն նաեւ անհավասար մրցակցային պայմաններ կստեղծի ԱՊՀ (ազատ առեւտրի ռեժիմ ունեցող երկրներից) եւ այլ երկրներից նշված տիպի տրանսպորտային միջոցներ ներմուծող սուբյեկտների միջեւ` արտոնյալ վիճակում դնելով ԱՊՀ անդամ երկրներից ավտոմեքենաների ներմուծումը: Ընդ որում, գործնականում ԱՊՀ անդամ երկրներից ներմուծվող միկրոավտոբուսները (հիմնականում ռուսական արտադրության) օդի աղտոտվածություն ստեղծելու եւ այլ տեխնիկական պարամետրերով էապես զիջում են եվրոպականին, հետեւաբար, մաքսատուրքի սահմանումը կնշանակի ներմուծվող միկրոավտոբուսների ներկայիս՝ հօգուտ ռուսականի կշռի էլ ավելի մեծացում.

2) 2000 թվականից մինչեւ այժմ ուղեվարձը չի փոխվել՝ չնայած ուղեւորափոխադրումներով զբաղվող ընկերությունների այն պնդումներին, թե, իբր, իրենց գործունեությունը շահութաբեր չէ եւ այն ապահովվում է միկրոավտոբուսների գերբեռնվածության ու մեքենաների մաշվածության հաշվին: Միկրոավտոբուսների ներմուծման համար 10 տոկոս մաքսատուրքի սահմանումը կհանգեցնի ուղեվարձի գնագոյացման բարձրացման, ինչն էլ լրացուցիչ հիմք կհանդիսանա դրա բարձրացման պահանջի համար, որն էլ իր հերթին կհանգեցնի սոցիալական դժգոհության.

3) առաջարկվող փոփոխությունը հանգեցնելու է երթուղային ցանցում հնամաշ մեքենաների (հիմնականում եվրոպական արտադրության) թվի ավելացման, որը ոչ միայն չի նպաստի էկոլոգիական միջավայրի բարելավմանը, այլեւ կմեծացնի վթարաանվտանգությունը.

4) այն չի կանխում բեռնատար միկրոավտոբուսների ներմուծման եւ հետագայում դրանց՝ ուղեւորատարի վերաձեւակերպման հնարավորությունը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը: 
  

    Հարգանքով` 

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը իրականացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1021-Ն որոշմամբ սահմանված կարգով, եւ հայտնում է հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կարգավորման առարկան եւ արդյունքները

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 8702 ծածկագրին դասվող «Շարժիչային տրանսպորտային միջոցներ` նախատեսված 8-ից մինչեւ 17 մարդկանց, ներառյալ վարորդը տեղափոխման համար» ապրանքների ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանել 10 տոկոս ներկայումս գործող 0 տոկոսի փոխարեն, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8702 10 ծածկագրին դասվող «Շարժիչային տրանսպորտային միջոցներ` նախատեսված 18 եւ ավելի մարդկանց, ներառյալ վարորդը տեղափոխման համար» ապրանքների համար (որոնց համար կպահպանվի գործող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափը): Նախագծին կից հիմնավորման համաձայն ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Երեւան քաղաքի միկրոավտոբուսներով գերբեռնվածության խնդրի լուծման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ուղղված է օդի աղտոտվածության մակարդակի իջեցմանը:

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի չընդունման դեպքում դրա հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունը

Ներկայացված նախագծի չընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցություն չի ունենա:

3. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցության գնահատականը

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ունեցած վիճակագրական տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2010 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է 320 հատ 8702 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոց:

Այլ հավասար պայմաններում, ներկայացված նախագծի ընդունման դեպքում ԱՏԳ ԱԱ 8702 ծածակագրին դասվող ապրանքների գծով պետական բյուջեի եկամուտները կարող են աճել շուրջ 95 մլն. դրամով` մաքսատուրքի մասով: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2010 թվականին տվյալներով ներմուծված 320 մեքենաներից 181-ը ներմուծվել են ԱՊՀ անդամ երկրներից (այդ երկրներից ներմուծված ապրանքները, այդ թվում` տրանսպորտային միջոցները ազատվում են մաքսատուրքի վճարումից), ապա ստացվում է, որ ներմուծման միտումների պահպանման դեպքում մաքսատուրքի մասով պետական բյուջեն կհամալրվի մոտ 20 մլն դրամով (այն վերաբերվում է նախագծով առաջարկվող 8702 ծածկագրին, բացառությամբ 870210 ծածկագրից, դասվող տրանսպորտային միջոցների ներմուծմանը, որոնք ներմուծվել են ոչ ԱՊՀ երկրներից):

Ելնելով վերոշարադրյալից, հայտնում ենք, որ այլ հավասար պայմաններում ներկայացված նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատվում է 20 մլն դրամի չափով:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայտնում ենք, որ  «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի պատգամավորների  հեղինակած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում   փոփոխություն  եւ լրացումներ  կատարելու   մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

Ազգային ժողովի պատգամավորների  հեղինակած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում   փոփոխություն  եւ լրացումներ  կատարելու   մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի /այսուհետ` նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում  կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում նախագիծն ունի չեզոք ազդեցություն: