ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Բոստանջյանի`  օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
 


I. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

1. 7-րդ հոդվածի 5-րդ մասում «41 օր առաջ» բառերը փոխարինել «40 օր առաջ» բառերով, քանի որ, նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, լիազոր մարմինն ընտրողների ցուցակներն էլեկտրոնային կրիչով կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետք է տրամադրի քվեարկության օրվանից առնվազն 40 օր առաջ:

2. 8-րդ հոդվածի`

1) 4-րդ մասի առաջին նախադասությունը «ընտրողների» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «լրացուցիչ» բառով, քանի որ դրույթը սահմանում է հաշվառում չունեցող անձանց ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգը.

2) 5-րդ ու 6-րդ մասերը եւ ամբողջ նախագիծն անհրաժեշտ է «հայրանունը» բառից հետո լրացնել «(հայրանունը՝ առկայության դեպքում») բառերով, ինչպես նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում։

3. 9-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է «հաշվառման» բառից հետո լրացնել «վայրի» բառով։

4. 11-րդ հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «ներբեռնելու հնարավորությամբ» բառերը։ Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներբեռնումն անորոշ շրջանակի անձանց հնարավորություն է տալիս անվերահսկելիորեն հավաքել, տարածել, պահպանել, օգտագործել ընտրողների անհատական տվյալները, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի, առանց անձի համաձայնության չի կարելի նրա մասին հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով։ Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ  նախատեսված չէ օրենքով։

5. 15-րդ եւ 16-րդ հոդվածներով սահմանվում է համայնքի ղեկավարի նոր, պարտադիր, այն է` ընտրողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով տեղամասային կենտրոնի տեղակայման համար համապատասխան տարածքներ վարձակալելու լիազորություն: Այնինչ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է «Այլ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները համայնքները կարող են իրականացնել միայն որպես կամավոր լիազորություններ:»։ Հաշվի առնելով նշվածը` առաջարկում ենք այդ հոդվածները խմբագրել:

6. 18-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «ոստիկանության եւ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ոստիկանությունում ծառայողներին» բառերով, քանի որ, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, ոստիկանությունում ծառայությունն ընդգրկում է եւ' ոստիկանական ծառայությունը, եւ' քաղաքացիական հատուկ ծառայությունը։ Անհրաժեշտ է նույնանման փոփոխություն կատարել նաեւ նախագծի 32-րդ հոդվածի 4-րդ մասում, 39-րդ հոդվածի 8-րդ մասում, 107-րդ հոդվածի 1-ին մասում, 132-րդ հոդվածի 3-րդ մասում, 151-րդ հոդվածի 2-րդ մասում։

7. 20-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունից առաջարկում ենք հանել «, անհրաժեշտության դեպքում ոստիկանության աջակցությամբ» բառերը, քանի որ այն չի համապատասխանում նախագծի 53-րդ հոդվածի բովանդակությանը, որով հստակ եւ բավարար չափով սահմանված է ոստիկանության իրավասությունն ընտրական գործընթացում։

8. 25-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել «կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած,» բառերը՝ նկատի ունենալով, որ աննպատակահարմար է պետության (պետական մարմնի) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առեւտրային բանկերի միջեւ որեւէ տարբերակում դնելը: Առաջարկով իրավունք կվերապահվի թեկնածուներին հավաքելու իրենց նախընտրական հիմնադրամի միջոցները Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող ցանկացած առեւտրային բանկում:

9. 53-րդ հոդվածի երկրորդ նախադասությունն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովում է հասարակական կարգը եւ անվտանգությունը, աջակցում է հանձնաժողովներին՝ սույն օրենսգրքով նախատեսված հանձնաժողովի լիազորությունների իրացմանը խոչընդոտող հանգամանքները վերացնելով։»:

10. 63-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է «զինամթերք» բառը փոխարինել «ռազմամթերք» բառով՝ համաձայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:

11. 64-րդ հոդվածի 3-րդ մասից անհրաժեշտ է հանել «(առանց կենսաչափական տվյալների)» բառերը, քանի որ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գտնվող «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստռղ փաստաթուղթ, որը նախատեսված է նաեւ ներքին շրջանառության համար։

12. 130-րդ հոդվածով սահմանվում են համայնքների ավագանիների նոր թվաքանակներ` կապելով դրանք համայնքի ընտրողների թվաքանակի հետ (գործող օրենսգրքի 120-րդ հոդվածով այն կապված է համայնքի բնակչության թվաքանակի հետ): Բացի դրանից՝ նախագծի անցումային դրույթներում չի սահմանվում, որ դրույթը վերաբերում է հետագայում կայանալիք ընտրություններին: Ուստի, հոդվածն ունի լրացուցիչ հիմնավորման եւ քննարկման կարիք:

13. 143-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`

«2) սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում եւ կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից.»։

Գտնում ենք, որ դա կբարդացնի փոքր գյուղական համայնքներում համայնքների ղեկավարների ընտրությունների անցկացումը, քանի որ բազմաթիվ համայնքներում կարող են չլինել համայնքի ղեկավարի այլընտրանքային թեկնածուներ: Այդ դրույթն առավել անիրատեսական է դառնում նախագծի 133-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով նախատեսվող ընտրական գրավների չափի բարձրացման պարագայում: Գտնում ենք, որ նախագծի 143-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը լրացուցիչ քննարկման կարիք ունի:
 


II. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող փոփոխությունն անընդունելի է հետեւյալ հիմնավորմամբ`

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է եւ՛ որպես հիմնական, եւ՛ որպես լրացուցիչ պատիժ։

Նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, որպես հիմնական պատիժ, սահմանվում է երկուսից յոթ տարի ժամկետով՝ դիտավորյալ հանցագործությունների համար, եւ մեկից հինգ տարի ժամկետով՝ անզգույշ հանցագործությունների համար, իսկ որպես լրացուցիչ պատիժ` մեկից երեք տարի ժամկետով։

Նույն օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան (գործող խմբագրությամբ) սահմանված է հետեւյալ կերպ` «պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ առանց դրա։»:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակը հանդիսանում է որպես լրացուցիչ պատիժ, մինչդեռ գործող խմբագրությամբ եւ առաջարկվող փոփոխությամբ այդ լրացուցիչ պատժի վերին շեմը (հինգ տարի) բարձր է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասով, մասնավորապես 52-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առավելագույն՝ երեք տարի ժամկետից։

Այս կապակցությամբ առաջարկում ենք համապատասխան փոփոխություն նախատեսել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի սանկցիայում։
 


III. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. 3-րդ հոդվածի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ առաջարկվող փոփոխությունը հետընթաց քայլ է, ուստի, առաջարկում ենք գործող կարգը թողնել նույնը։

2. 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող 33-րդ հոդվածի 8-րդ կետով համայնքի ղեկավարի վրա դրվում է նոր, պարտադիր լիազորությունների իրականացման պարտավորություն, ինչն առաջացնելու է համայնքների ծախսերի ավելացում, ինչը հակասում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ եւ 71-րդ հոդվածների 2-րդ մասերին:

Քանի որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման պատասխանատուն ու երաշխավորը պետությունն է, ընտրությունների հետ կապված հիմնական ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ հաշվի առնելով նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի պահանջները, գտնում ենք, որ 8-րդ կետով սահմանվող լիազորությունները նույնպես պետք է ֆինանսավորել պետական միջոցների հաշվին: Առաջարկում ենք հոդվածով նախատեսված պարտավորությունները տեղափոխել 33-րդ հոդվածի 2-րդ մաս` որպես պետության պատվիրակած լիազորություններ:

Սույն հոդվածի փոփոխությամբ պայմանավորված` վերանայման կարիք կունենա նախագծի 1-ին հոդվածով սահմանվող դրույթը:
 


IV. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1-ին հոդվածով եւ 2-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվող փոփոխությունները հիմնավորման կարիք ունեն, քանի որ առաջարկվող իրավակարգավորումը սահմանափակում է հանրաքվեների եւ ընտրությունների արդյունքով ընդունված որոշումների վիճարկման դեպքում սահմանադրական դատարան դիմելու ժամկետները։
 


V. Նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի պահանջները՝ անհրաժեշտ է`

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծի`

1) 43-րդ հոդվածի 3-րդ մասի`

ա. 2-րդ կետում «կետի» եւ «պարբերությամբ» բառերը համապատասխանաբար փոխարինել «մասի» եւ «կետով» բառերով,

բ. 5-րդ կետը «44-րդ» բառից առաջ լրացնել «սույն օրենսգրքի» բառերով.

2) 6-րդ հոդվածի 10-րդ մասը, 9-րդ հոդվածի 3-րդ մասը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբերությունը, 26-րդ հոդվածի   1-ին մասը, 30-րդ հոդվածի 4-րդ մասը, 42-րդ հոդվածի 5-րդ մասը, 58-րդ հոդվածի 5-րդ մասը եւ այլն, համապատասխանեցնել, մասնավորապես, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին։

2. «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`

1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության» բառերը շարադրել «վերաբերյալ» բառից հետո.

2) 1-ին հոդվածում «շարադրել» բառը փոխարինել «լրացնել» բառով.

3) 2-րդ հոդվածում «401 » թիվը փոխարինել «40.1» թվով.

4) 6-րդ հոդվածը «հոդվածներով» բառից հետո լրացնել «հետեւյալ բովանդակությամբ» բառերով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Ներկայացնում ենք օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը եւ ժամանակացույցը`

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից երկամսյա ժամկետում կընդունվեն հետեւյալ իրավական ակտերը`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող կուսակցության գույքի եւ ֆինանսական միջոցների մասին հայտարարագրերի ձեւերը, ժամկետները եւ դրանք ներկայացնելու կարգը.

2) ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին դիմումի ձեւը

3)  ըստ հաշվառման վայրի ընտրողների  ցուցակից նրա տվյալները հանելու  եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձեւը.

4) Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումի եւ ընտրողին նրա ժամանակավոր բնակության վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին տեղեկանքի ձեւերը.

5) համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներին՝ ծառայությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին հայտը եւ դրան կից փաստաթղթերի ցանկը.

6) ընտրողների ցուցակում լրացուցիչ սյունակը լրացնելու կարգը.

7) լիազոր մարմնի կողմից քվեարկության օրվանից առնվազն 40 օր առաջ տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրվող ընտրողների ցուցակի վերջին  էջում պարունակվող տեղեկանքի ձեւը.

8) տեղամասային ընտրական հանձնաժողով ներկայացվող` ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի ձեւը.

9) յուրաքանչյուր համապետական ընտրության համար հանրային ռադիոյից եւ հանրային հեռուստատեսությունից Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուներին, կուսակցություններին անվճար կամ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը.

10) նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը.

11) դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը.

12) դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձեւերը եւ դրանք լրացնելու կարգը.

13) ընտրական հանձնաժողովի պարտավորության տեքստը.

14) տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու կարգը, հայտի ձեւը, անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեղեկությունների ցանկը.

15) քվեաթերթիկների, արձանագրությունների եւ ընտրական այլ փաստաթղթերի ձեւերը, նմուշները, դրանք լրացնելու եւ պահպանելու կարգը.

16) թեկնածուների, կուսակցությունների, ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձեւերը.

17) ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.

18) քվեատուփի նմուշը (չափսերը).

19) տեղամասային կենտրոնում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու կարգը.

20) քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, կնիքի փաթեթը, դրոշմակնիքը, հանձնաժողովի անդամների անհատական կնիքները քվեարկության սենյակում գտնվող հատուկ  չհրկիզվող պահարանում պահպանելու կարգը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու  մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների  պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու  մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու  մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների  պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու  մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:


ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ ընտրական օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում»  փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի վերաբերյալ

1. «ՀՀ ընտրական օրենսգիրք»-ի նոր խմբագրությանն  առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքների (այսուհետ` օրենքներ) նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորների օրենսդրական կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի   Հանրապետության օրենքում լրացումներ եւ   փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների  պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների  պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ` Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների  պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին»  ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների  պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին»  ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. «Կարգավորման ենթակա հարաբերությունները չեն ազդում «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչների վրա:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթերի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը  չի հանգեցնում:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» նախագծի 28-րդ, 38-րդ եւ 58-րդ հոդվածներով ամրագրված դրույթների ընդունումը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման ծախսերի մասով տարեկան կառաջացնի տարեկան շուրջ 35.7 մլն դրամի, յուրաքանչյուր համապետական ընտրությունների ժամանակ եւս շուրջ 127.0 մլն դրամի եւ Երեւան քաղաքի ավագանու անդամների ընտրությունների ժամանակ շուրջ 50.0 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, որը մեր կարծիքով ընդունելի չէ:

Ներկայացված նախագծի ընդունման դեպքում գտնում ենք նպատակահարմար 166-րդ հոդվածի 5-րդ կետում եւ համապատասխանաբար 167-րդ հոդվածի 1-ին կետում  »օրենսգրքի» բառից հետո ավելացնել նաեւ »28-րդ, 38-րդ եւ» բառերը:

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջարկում ենք հանել շրջանառությունից, քանի որ նախագծով կատարվող փոփոխությունները` կապված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների վարձատրության հետ, կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» նախագծի 38-րդ հոդվածով: