ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
 

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Նռանյանի, Վարդան Բոստանջյանի, Գոհար Ենոքյանի, Հակոբ Հակոբյանի եւ Արծվիկ Մինասյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Ներկայացված նախագծով առաջարկվում է մի շարք ապրանքների համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին գանձվող մաքսատուրքի դրույքաչափը ներկայումս գործող 10 տոկոսի փոխարեն սահմանել մաքսային արժեքի նկատմամբ 15 տոկոս` նպատակ ունենալով պաշտպանել ներքին արտադրողներին: Այդ կապակցությամբ, կարծում ենք, որ ներկայացված նախագիծը չի կարող ծառայել նշված հարցի լուծմանը: Ընդ որում, դրանից ծագող բացասական հետեւանքներն անխուսափելիորեն կդրսեւորվեն եւ կվնասեն թե ներքին արտադրողներին, այդ թվում` արտահանողներին, եւ թե հասարակությանը: Մասնավորապես`

1. Նախ եւ առաջ նախագծով ներկայացվող ապրանքների մասով 5 տոկոս մաքսատուրքի բարձրացումն անխուսափելիորեն բերելու է առաջարկի գնաճի: Լրացուցիչ գնաճի միայն առաջնային ուղղակի ազդեցությունը գնահատվում է 1.8 տոկոսային կետ: Ընդ որում, նշված ցուցանիշի գնահատման ժամանակ հաշվի է առնվել նաեւ ծագման երկիրը (ընդունելով, որ ԱՊՀ անդամ գրեթե բոլոր երկրներից ներմուծման նկատմամբ մաքսատուրք չի կիրառվում, իսկ այդ երկրներից ներմուծվող ապրանքների տեսակարար կշիռն առաջարկվող ցանկի ապրանքների ընդհանուր ներմուծման միայն 30 տոկոսն է կազմում` 2010 թվականի տարեկան տվյալներով, այն բացառվել է հաշվարկներում): Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ առաջարկը բերելու է լրացուցիչ գնաճի, որը ոչ միայն սոցիալական հետեւանքներ է առաջացնելու սպառողների համար, այլ նաեւ հենց արտադրողներին է վնասելու, քանի որ երկրների փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ գործիքների ներդրման արդյունքում առաջ եկող առաջարկի գնաճը հակառակ` բացասական ազդեցությունն է սկսում ունենալ տնտեսական ակտիվության եւ ֆիրմաների վարքագծի վրա (մանրամասների համար տես` Barro, R (1995), «Inflation and economic growth», NBER Working Paper No 5326, Sarel, M (1995), «Non-linear effects of inflation on economic growth», IMF Working Paper 95/96, [1] Andres J, and I Hernando (1997), «Does inflation harm economic growth: Evidence for the OECD», NBER  Working Paper No 6062. Ghosh, A and S Phillips (1998), «Warning: inflation may be harmful to your growth», IMF Staff Papers 45, pp 672-710. [1] Khan, M and A Senhadji (2001), «Threshold effects in the relationship between inflation and growth», IMF Staff Papers 48(1), 1-21. Burdekin, R, A Denzau, M W Keil, T Sitthiyot and T Willett (2000), «When does inflation hurt growth? Different nonlinearities for different economies», Claremont Colleges Working Paper 2000-22. [1] Erica Groshen «Firms' Wage Adjastments:A Break form the Past?» Federal Reserve Bank of New York):

2. Նախագծում ներառված ապրանքների ցանկում ընդգրկված են այնպիսի ապրանքատեսակներ (ԱՏԳ ԱԱ 1601 «Երշիկեղեն եւ մսից պատրաստված համանման այլ մթերքներ», 4818 10 «Զուգարանի թուղթ», 4818 20 «Թաշկինակներ, կոսմետիկ անձեռոցիկներ, կամ դեմքի համար նախատեսված անձեռոցիկներ եւ սրբիչներ», 4819 «Խաղաքարտի տուփ, արկղեր, պարկեր, փաթեթներ եւ փաթեթավորման համար նախատեսված թղթից, ստվարաթղթից ցելյուլոզային բամբակից պատրաստված այլ նյութեր, քարտադարանների արկղեր, նամակների համար նախատեսված դարակաշարեր, ստվարաթղթից եւ թղթից պատրաստված համանման նյութեր»), որոնց համար ԱՀԿ-ի անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է մաքսատուրքի  սահմանման 10 տոկոս առավելագույն դրույքաչափի պարտավորություն: Մյուս կողմից, ԱՀԿ Դոհայի զարգացման օրակարգի շրջանակներում ընթացող գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական ապրանքների շուկաների մատչելիության բանակցություններում ամրագրված են գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի համընդհանուր կրճատման պարտավորություններ` ԱՀԿ-ի անդամ երկրների գերակշիռ մասի համար: Այսինքն, ներկայացված նախագծի ընդունումը, ըստ էության, հակասում է ԱՀԿ-ի շրջանակներում որդեգրված սկզբունքներին:

Իհարկե, տեսականորեն Հայաստանը կարող է հայտ ներկայացնել բանակցելու եւ մի շարք ապրանքատեսակների գծով մաքսատուրքերի վերին սահմանը բարձրացնելու համար, սակայն դա առաջ է բերելու հետեւյալ հետեւանքները`

ա. քանի որ ԱՀԿ-ն իր սկզբունքներով շարժվում է հակառակ ուղղությամբ` այն է, անդամակցող երկրներն աստիճանաբար իջեցնում են մաքսատուրքերը, որպեսզի խրախուսվի ազատ առեւտուրը եւ ապահովվի արտադրողների փոխադարձ ազատ մուտքը ներքին տնտեսություններ, ապա Հայաստանն այս դեպքում շարժվելու է ընդհանուր ընդունված կանոններին հակառակ, որն առաջ է բերելու Հայաստանի նկատմամբ բացասական տրամադրություններ: Ուստի չի բացառվում, որ այլ երկրներ բարձրացնեն Հայաստանի դեմ վեճեր սկսելու հարցեր եւ արդյունքում պաշտպանական միջոցներ կիրառեն Հայաստանի դեմ, նույն հայ արտադրողների նկատմամբ` սահմանափակելով նրանց մուտքն իրենց երկրի շուկա եւ այսպիսով վնասներ հասցնելով հայ արտադրողներին,

բ. սովորաբար ԱՀԿ-ի շրջանակներում ընդունված կանոն է, եւ երկրները պարտավոր են նախապես բանակցել մաքսատուրքի վերին սահմանի փոփոխելու հարցի շուրջ, հետո միայն կատարել օրենսդրական փոփոխություն: Հակառակ դեպքում կարող է վտանգվել ԱՀԿ-ի անդամակցության հարցը եւ դրա հետեւանքով հնարավոր է, որ տեղական արտադրողները զրկվեն ԱՀԿ-ի անդամ երկրների շուկաներ մուտք գործելու արտոնյալ դիրքերից:

3. Միաժամանակ, նախագծով որոշ ապրանքներ Հայաստանի Հանրապետությունում չեն արտադրվում եւ չեն կարող արտադրվել, օրինակ` ԱՏԳ ԱԱ-ի 0901 21 000, 0901 22 000, 2101 11 ծածկագրերին դասվող «Բովված սուրճ կոֆեինով», «Բովված սուրճ առանց կոֆեինի» եւ «Լուծվող սուրճ», ուստի այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին սահմանված մաքսատուրքի դրույքաչափի բարձրացումը չի կարող դրական ազդեցություն ունենալ ներքին արտադրության վրա (ինչպես ներկայացված է նախագծի կից հիմնավորմամբ):

4. Ներկայացված նախագծով առաջարկվող ապրանքների ներմուծման միտումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ երեք տարվա կտրվածքով նշված ապրանքների ներմուծման տեսակարար կշիռը մեր տնտեսության սպառման մեջ կազմել է համապատասխանաբար 2008թ.` 3.2%, 2009թ.` 2.82%, 2010թ.` 2.7%, այսինքն, ըստ էության, սպառման մեջ տեղի է ունեցել անցում նշված ներմուծված ապրանքներից դեպի տեղական արտադրության ապրանքներ:

Ավելին` 2009-2010 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների ծավալների ուսումնասիրությունը փաստում է, որ ներկայացված նախագծով առաջարկվող ցանկում ընդգրկված մի շարք ապրանքների ներմուծման ծավալները վերջին չորս տարիների ընթացքում կրճատվել են հետեւյալ չափերով`

1) ԱՏԳ ԱԱ 0401 10 10, 0401 20 99, 0401 30 11, 0401 30, 0407 00 11, 0409 00 00 ծածկագրերին դասվող ապրանքների (կաթնամթերք, թռչունների ձու, բնական մեղր, կենդանական ծագման ենթամթերքներ այլ տեղում չհիշատակված) ներմուծման ծավալները 2010 թվականի ընթացքում 2009 թվականի համեմատ կրճատվել են համապատասխանաբար 39%, 58%, 29%, 74%, 10% եւ 91%:

2) ԱՏԳ ԱԱ 0603 12 00 ծածկագրին դասվող ապրանքներ (մեխակներ) Հայաստանի Հանրապետություն չեն ներմուծվել:

3) ԱՏԳ ԱԱ 0901 21 00 եւ 0901 22 00 ծածկագրերին դասվող ապրանքների (բովված սուրճ) ներմուծումը կրճատվել է համապատասխանաբար 5%  եւ 67%:

4) ԱՏԳ ԱԱ 1602 20 19,  1602 20 90, 1602 32 19, 1602 39 29, 1602 41 10, 1602 41 90 ծածկագրերին դասվող ապրանքների (պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից կամ այլ ջրային անողնաշարավորներից) ներմուծումը կրճատվել է համապատասխանաբար 9%, 93%, 4%, 32%, 74%, 89%:

Ընդհանուր առմամբ, ներկայացված նախագծով առաջարկվող ցանկի մյուս ապրանքների ներմուծման պատկերը գրեթե նույնն է: Այսինքն, ակնհայտ է, որ նշված ապրանքների մասով, տվյալ դեպքում տեղական արտադրողի պաշտպանության միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը բացակայում է (առավել եւս բացակայում է հիմնավորման մեջ նշված դեմպինգային քաղաքականությունից պաշտպանելու անհրաժեշտությունը, որի հիմնավորումը թվային տեսքով չի ներկայացվել, իսկ մեր կողմից կատարված ուսումնասիրությամբ չի հայտնաբերվել):

5. Համաձայն ներկայացված նախագծին կից հիմնավորման` Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումն իրականացվում է հիմնականում ԱՊՀ անդամ պետություններից, որոնց ներմուծման ժամանակ ծագման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում մաքսատուրք չի գանձվում: Հարկ է նշել, որ ներկայացված հիմնավորումն արդեն իսկ հակասում է օրենքի ընդունման անհրաժեշտության այն հիմնավորմանը, համաձայն որի նախագծի ընդունումը պայմանավորված է տեղական արտադրողին պաշտպանելու անհրաժեշտությամբ: Եթե Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների հիմնական մասը ներկայացված հիմնավորմամբ ներմուծվում է ԱՊՀ անդամ պետություններից, որոնք ծագման երկրի հավաստագրի ներկայացման դեպքում Հայաստանի Հանրապետություն ապրանքները ներմուծելու են առանց մաքսատուրքի, ապա նշված նախագծի ընդունումը չի կարող հանդիսանալ տեղական արտադրողի պաշտպանության միջոց:

Տեղեկացնենք նաեւ, մեր ուսումնասիրությունների համաձայն Հայաստանի Հանրապետություն վերջին երեք տարվա ընթացքում ԱՊՀ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մաքսային արժեքի տեսակարար կշիռն այդ ապրանքների ընդհանուր արժեքի մեջ կազմել է համապատասխանաբար 2008թ.` 33%, 2009թ.` 34% եւ 2010թ.` 30%: Ստացվում է, որ նշված ապրանքների մեծ մասը ներմուծվում է ոչ թե ԱՊՀ անդամ պետություններից, այլ մյուս պետություններից (Թուրքիա, Չինաստան, Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ, ԱՄԷ եւ այլն), ինչը եւս մեկ անգամ հիմնավորում է գնաճի առաջացման վերը ներկայացված փաստարկները:

Ելնելով նշվածից` հաշվի առնելով, որ ներկայացված նախագիծը բացասական ազդեցություն կունենա տեղական արտադրողների վրա, ինչպես նաեւ գնաճով պայմանավորված կբերի սոցիալական լարվածության, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

            

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` Նախագիծ/` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ


Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի <<Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին>> N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի չեզոք ազդեցություն:
 
 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 23-ի N 1104-Ն որոշման պահանջներով




ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Արա Նռանյանի, Վարդան Բոստանջյանի, Գոհար Ենոքյանի, Հակոբ Հակոբյանի եւ Արծվիկ Մինասյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդուման դեպքում

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ` Հ.ՔՈՒՇԿՅԱՆ

                                                 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1237-Ն որոշման 11-րդ կետով սահմանված ուղղություններով կատարված գնահատման արդյունքում մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չի հայտնաբերվել , քանի որ սույն նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ համապատասխան ապրանքային շուկայում մատակարարների քանակի ուղղակի սահմանափակում կամ վերջինիս հնարավորություն, ինչպես նաեւ միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակում կամ սահմանափակման հնարավորություն, միմյանց հետ մրցելու մատակարարների շարժառիթների սահմանափակում եւ դրա հնարավորություն չի առաջանում:

Միաժամանակ, Նախագծի ընդունումը հանգեցնում է Նախագծում նշված ապրանքատեսակների ներմուծման ծախսերի մեծացման, ուստի եւ կարող է բերել տվյալ ապրանքային շուկայի մատակարարների (ներմուծողների) թվի կրճատման: Հետեւաբար, Նախագծի ընդունումը` այն ապրանքների գծով, որոնց տեղական արտադրողների թիվը սահմանափակ է, կարող է առաջացնել տվյալ ապրանքային շուկայում մատակարարների քանակի անուղղակի սահմանափակման կամ վերջինիս հնարավորության, հետեւաբար նաեւ գերիշխող դիրքի առաջացման որոշ ռիսկեր:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում, հաշվի առնելով այն, որ ներմուծման հարաբերությունների կարգավորումը տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա ազդեցություն կարող է ունենալ այնքանով, որքանով դրա հետեւանքով կարող են փոփոխվել տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացնող տեղական տնտեսավարողների վարքագիծը: Այսինքն, տնտեսության վրա ազդեցությունը կարելի է որոշվել այն պարագայում, երբ մրցակցության սրման կամ մեղմացման արդյունքում կփոխվի տվյալ ապրանքային շուկայում ներքին արտադրողների առաջարկը: Այս պարագայում առկա է մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման բացասական եզրակացություն:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին ուղղակի չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը իրականացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1021-Ն որոշմամբ սահմանված կարգով, եւ հայտնում է հետեւյալը:

1.     «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կարգավորման առարկան եւ արդյունքները

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մի շարք ապրանքների ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանել 15 տոկոս ներկայումս գործող 10-ի փոխարեն: Նշված նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն նախագծի ընդունումը պայմանավորված է տեղական արտադրողի շահերի պաշտպանության  անհրաժեշտությամբ:

2. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի չընդունման դեպքում դրա հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցությունը

Ներկայացված նախագծի չընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում էական աճ կամ նվազում տեղի չի ունենա:

3. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները եւ բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցության գնահատականը

Ներկայացված նախագծի ընդունման դեպքում դրանից ծագող բացասական հետեւանքները անխուսափելիորեն կդրսեւորվեն եւ կվնասեն թե ներքին արտադրողներին` այդ թվում արտահանողներին, եւ թե հասարակությանը (մանրամասները ներկայացված են գրության մեջ):

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը չի վերաբերում վարչարարությանը եւ դրա ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների եւ (կամ) ծախսերի վերաբաշխման անհրաժշտությունը բացակայում է:

Հաշվի առնելով վերոգրյալը, ներկայացված նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատվում է բացասական: