ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-811-01.04.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-811-01.04.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր 169.33-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝ «Հոդված 169.33. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել եւ չեն կարող առաջացնել հարկի նվազեցում

Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել եւ չեն կարող առաջացնել հարկի նվազեցում՝ (…) »: Այսինքն սույն նորմով նախատեսվող վարչական իրավախախտումը կարող է առկա լինել եւ համապատասխան վարչական պատասխանատվությունը կարող է վրա հասնել հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

1) սուբյեկտը կրում է հարկային մարմին հարկային հաշվարկ ներկայացնելու պարտականություն, 

2) այդ հաշվարկում ներկայացրել է սխալ կամ ոչ հավաստի տվյալներ, 

3) այդ արարքը չի առաջացրել եւ չի էլ կարող առաջացնել հարկի նվազեցում:

Նախագծի հիմնավորմամբ բացահայտվում է, որ հարկի նվազեցում չառաջացնող սխալ տվյալները հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող տեղեկատվական աղյուսակներում արտացոլվող տվյալներն են:

Միեւնույն ժամանակ Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող 244.2-րդ հոդվածով Օրենսգրքի 169.2-րդ հոդվածի վերաբերյալ իրավախախտման վերաբերող գործերը հանվել են հարկային մարմնի քննության ենթակա գործերի շրջանակից Նախագծի հիմնավորմամբ նշվող այն պատճառաբանությամբ, որ (մեջբերվում է բառացի) «Ինչ վերաբերում է հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով ՎԻՎ օրենսգրքի 169.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերին, ապա հաշվի առնելով, որ նշված տեղեկատվությունը հանդիսանում է վիճակագրական տվյալ, որի չներկայացում չի կարող առաջացնել հարկի կամ վճարի նվազեցում, ուստի հարկային մարմնի կողմից նշված հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման գործերով քննություն իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է:»: 

Գտնում ենք, որ սույն համատեքստում, երբ Նախագծի հիմնավորմամբ արտահայտվում է սխալ կամ ոչ հավաստի վիճակագրական տվյալների ներկայացման գործերով հարկային մարմնի կողմից քննություն իրականացնելու անհրաժեշտության բացակայության մոտեցումը՝ վերջիններիս հարկի կամ վճարի նվազեցում չառաջացնելու հիմքով, հակասական է Նախագծով նոր լրացվող 169.33-րդ հոդվածով նախատեսվող իրավախախտումների վերաբերյալ գործերով քննությունը հարկային մարմնին վերապահելու կարգավորումը, քանզի վերջինս կրկին վերաբերում է հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող եւ հարկի նվազեցում առաջացնելու հնարավորություն չունեցող տեղեկատվական աղյուսակներում սխալ կամ ոչ հավաստի տվյալներ լրացնելուն: Այսինքն Նախագծի հիմնավորման եւ Նախագծով նախատեսվող կարգավորումների միջեւ առկա է հակասություն եւ փաստացի համանման հանգամանքների նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում: Ուստի առաջարկում ենք Նախագծի հիմնավորման եւ Նախագծով նախատեսվող կարգավորումների միջեւ ապահովել անհրաժեշտ պատճառահետեւանքային կապը:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքում լրացնել նոր 169.33-րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ՝ «Հոդված 169.33. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել եւ չեն կարող առաջացնել հարկի նվազեցում

1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել եւ չեն կարող առաջացնել հարկի նվազեցում՝ առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: 

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

4. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը չի կիրառվում հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներն ինքնուրույն հայտնաբերելու եւ ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում:»:

Միանշանակությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք լրամշակել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 169.33-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ եւ 4-րդ կետերը՝ հստակեցնելով նրանցում կատարվող հղումը եւ վկայակոչել ոչ միայն անհրաժեշտ հոդվածը այլ նաեւ հոդվածի համապատասխան մասը, որին կատարվում է հղում, քանզի «Նորմատիվ իրավկան ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»

3. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենսգրքի 234-րդ հոդվածում «170.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային իրավահարաբերությունների մասով,» բառերը հանել, սակայն ցանկանում ենք նշել, որ հիշատակված հոդվածում նման բառեր առկա չեն, ուստի առաջարկում ենք վերանայել Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող կարգավորումը:

4. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 244.2-րդ հոդվածում նախատեսվում է հարկային մարմինների քննությանը վերապահել Օրենսգրքի 158-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսվող իրավախախտման վերաբերյալ գործերը՝ նախկին 158-րդ հոդվածի 11-րդ մասի փոխարեն: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Օրենսգրքի 158-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսվող իրավախախտման վերաբերյալ գործերով քննությունը արդեն իսկ Օրենսգրքի 219.1-ին հոդվածով վերապահված է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Ուստի Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող փոփոխության պարագայում Օրենսգրքի 158-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսվող իրավախախտման վերաբերյալ նույն գործերով քննությունը կվերապահվի եւ՛ հարկային մարմնի, եւ՛ տարաքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմնին, մինչդեռ Օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսվող իրավախախտման վերաբերյալ գործերով քննություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմին չի սահմանվի: Առաջարկում ենք սույն դիտարկման հիման վրա լրամշակել Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 244.2-րդ հոդվածը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Նախագծի հիմնավորմանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:  
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

19.04.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

19.04.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում դրանց լրացման կարգով սահմանված՝ հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում:

Միաժամանակ, հաշվի առնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մի շարք հոդվածներ ուժը կորցրած լինելու հանգամանքը, ինչպես նաեւ մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտման գործերով քննություն իրականացնելու անհրաժեշտության բացակայությունը՝ Նախագծով նախատեսվում է հստակեցնել նաեւ մաքսային եւ հարկային մարմինների քննությանը ենթակա գործերի շրջանակը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

04.04.2024թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում եւ փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), ինչը պայմանավորված է հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում դրանց լրացման կարգով սահմանված՝ հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցի կանոնակարգման անհրաժեշտությամբ:

Խնդիրը կայանում է նրանում, որ հարկային մարմին ներկայացվող որոշ հաշվարկներ պարունակում են հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող տեղեկատվական աղյուսակներ, մինչդեռ հարկ վճարողի կողմից դրանցում լրացվում են ոչ հավաստի, սխալ տվյալներ, արդյունքում՝ հարկ վճարողն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնում է համապատասխան հաշվարկը, ինչն, ըստ էության, համարվում է ոչ հավաստի: 

Առաջարկվում է կատարել նաեւ որոշ այլ հստակեցումներ՝ կապված ուժը կորցրած հոդվածներին հղումների վերացման, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային մարմինների կողմից քննվող գործերի շրջանակի կոնկրետացման հետ:

Նախագծով առաջարկվող փոփոխություններով եւ լրացմամբ, հեղինակն ակնկալում է, որ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցը, կապահովվի հարկ վճարողների կողմից համապատասխան տեղեկատվության ամբողջական եւ ճշգրիտ ներկայացումը, կհստակեցվի մաքսային եւ հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացման ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

09.04.2024թ.