ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-806-22.03.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-806-22.03.2024-ՊԱ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

04.04.2024թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

04.04.2024թ. 






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի հունիսի 27-ին եւ 2024 թվականի փետրվարի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր), որի նպատակն է կարգավորել ՀՀ իրավապահ մարմինների եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրապոլ) միջեւ տեղեկությունների փոխանակման համար անվտանգ կապուղու ստեղծումը, իրականացումը, շահագործումը, փոխարինումը եւ ապամոնտաժումը:

Հուշագիրը պարունակում է ՀՀ համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, այդ թվում՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ` նկատի ունենալով Հուշագրի 5-րդ հոդվածի 7-րդ կետը (կապված սեփական սարքավորումների տեղադրման, պահպանման, փոխարինման եւ շահագործումից հանելու հետ), 6-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերը, 5-րդ կետի 2-րդ նախադասությունը եւ 6-րդ կետը (կապված ինտերնետ կապի ապահովման, անվտանգ կապուղու տեղափոխման, սեփական սարքավորումների ապամոնտաժման եւ առաքման, մաքսային գործառնությունների հետ կապված բոլոր ծախսերի կատարման հետ):

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.՝ 011 513-668) 

27.03.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի հունիսի 27-ին եւ 2024 թվականի փետրվարի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր), որի նպատակն է կարգավորել տեղեկությունների փոխանակման համար անվտանգ կապուղու ստեղծումը, իրականացումը, շահագործումը, փոխարինումը եւ ապամոնտաժումը:

Հուշագիրը երկու կողմերին հնարավորություն կտա փոխանակել ընդհանուր ռազմավարական հետախուզության, ինչպես նաեւ ռազմավարական եւ տեխնիկական, օպերատիվ տեղեկություններ, բացառությամբ անձնական տվյալների: 

Հուշագրով սահմանվում է տեղեկությունների փոխանակման համար անվտանգ կապուղու ստեղծումը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ համագործակցային հարաբերությունների ստեղծմանն ուղղված՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ի եւ 28-ի աշխատանքային համաձայնագիրը:

Հուշագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.

  • նշանակել համակարգող, Հուշագրի տեխնիկական մասով իրականացմանն առնչվող ցանկացած հարցի համար,
  • իրականացնել «Եվրապոլի տեղեկատվական համակարգերի հետ կապակցման կանոնագրքով» (այսուհետ՝ ԿԿ) սահմանված անվտանգության նկատմամբ նվազագույն հսկողությունը,
  • ցանկացած այլ ցանցի հետ փոխկապակցումը ենթարկել համաձայնության՝ ձեռքբերման այն սկզբունքները եւ պահանջները հարգելու մասով, որոնք համարժեք են ԿԿ-ով սահմանվածներին, եւ այլն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

04.04.2024թ.