ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-804-22.03.2024-ՊԻ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ  եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-804.1-22.03.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-804-22.03.2024-ՊԻ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ  եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-804.1-22.03.2024-ՊԻ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն)  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 4-րդ մասով սահմանված է՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը վարվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ կարգավորում է նախատեսվում միայն քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործի վարման եղանակի եւ այն փոխվարչապետի սահմանած կարգով վարվելու վերաբերյալ: Առաջարկում ենք «Հանրային ծառայության մասին» օրենքում սահմանել նաեւ, թե ինչ է արտացոլվելու քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործում, ինչպես նաեւ հնարավորություն նախատեսել վերջիններիս եւս ծանոթանալ իրենց անձնական գործի հետ՝ նպատակ հետապնդելով հստակեցնել կարգավորումները եւ հասցեատերերի իրավունքներն ու պարտականությունները՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների անձնական գործի հետ նույնական իրավական կարգավորումներ նախատեսելով: 

2. Առաջարկում ենք «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով  «Հանրային ծառայության մասին» օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում լրացվող նոր 1.1-ին կետում Օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

3. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքում լրացնել նոր 27.1-ին հոդված, որի 1-ին մասով սահմանված է՝ «1. Պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգեւատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը պետական մարմիններից պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վճարված վարձատրության վերաբերյալ ստանում է տեղեկատվություն եւ վերլուծում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Նախ նշենք որ Նախագծով նախատեսված կարգավորումներից հասկանալ չէ, թե ինչ նպատակով պետք է իրականացվի աշխատավարձի եւ պարգեւատրման ֆոնդի վերլուծություն. ինչ հետեւանք կամ ազդեցություն այդ վերլուծությունը կարող է ունենալ, ինչ հաճախականությամբ պետք է իրականացվեն տվյալ վերլուծությունները:

Բացի այդ նշենք, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այսինքն՝ օրենքի գերակայության սահմանադրական սկզբունքի բովանդակությունից բխում է, որ պետական մարմիններն իրավասու են կատարել այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ եւ օրենքով, ընդ որում իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացմամբ կարգավորում է նախատեսվում միայն պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի (նաեւ՝ Լիազոր մարմին) կողմից պետական մարմիններից վարձատրության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ, մինչդեռ հստակ սահմանված լիազորող նորմ նշված պետական մարմինների համար այդ տեղեկատվությունը տալու, տալու ժամկետի եւ ընթացակարգի վերաբերյալ նախատեսված չէ. արդյունքում ստացվում է Նախագծով Լիազոր մարմնին լիազորվում է ստանալու համապատասխան տեղեկատվությունը, բայց պետական մարմիններին նշված տեղեկատվությունը տալու ընթացակարգի վերաբերյալ հստակ եւ իրավաչափ կարգավորումներ չեն նախատեսվում:

4. Նախագծի 3-րդ հոդվածի, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի վերնագրերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 

Առաջարկում ենք նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված «ենթաօրենսդրական իրավական ակտն» բառերը փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն» բառերով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 6-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված դիտարկումների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

(հեռ.` 011-513-248)

29.03.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

(հեռ.` 011-513-248)

29.03.2024թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ ըստ մասնագիտությունների եւ տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման ժամկետը սահմանել ամենամյա պարբերականությամբ (սահմանված եռամյա ժամկետի փոխարեն): Միաժամանակ, առաջարկվում է նաեւ աշխատավարձի ֆոնդի վերլուծության համար օգտագործել մանրամասն տեղեկատվական բազա պետական հատվածի բոլոր աշխատողների վերաբերյալ, ստեղծել համակարգեր՝ աշխատավարձի ֆոնդի մասին տեղեկատվությունը կանոնավոր կերպով հավաքագրելու եւ վերլուծելու եւ վարձատրության ու զբաղվածության քաղաքականությունը բյուջետային գործընթացում ավելի լավ ինտեգրելու համար (նախատեսվող տեղեկատվության մեջ պետք է ներառվեն աշխատավարձի ֆոնդի ընդհանուր ծախսերը, միջին փոխհատուցումը` բաժանված ըստ վարձատրության տեսակի եւ զբաղվածությունը՝ ըստ տարբեր կատեգորիաների եւ բյուջետային ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունների, վերլուծությունը պետք է ուղղված լինի աշխատավարձի ծախսումները որոշող հիմնական գործոնների բացահայտմանը): Այս կապակցությամբ առաջարկվում է նախատեսել համապատասխան իրավական հիմքեր՝ աշխատավարձի ֆոնդի մասին տեղեկատվությունը կանոնավոր կերպով հավաքագրելու եւ վերլուծելու, վարձատրության եւ զբաղվածության քաղաքականությունը բյուջետային գործընթացում ավելի լավ ինտեգրելու համար: Առաջարկվում է սահմանել նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց մասով անձնական գործ ունենալու կամ անձնական գործը էլեկտրոնային եղանակով վարելու իրավական ընթացակարգ:

Նախագծերի փաթեթը, ընդհանուր առմամբ, ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի նոր խմբագրության 1-ին մասի վրա, ըստ որի. «Պետական մարմինները առանձին խնդիրների իրականացման համար կարող են ներգրավել փորձագետ:»: Խնդիրը կայանում է նրանում, որ որեւէ կերպ չի հստակեցվում, թե ի՞նչ է հասկացվում «առանձին խնդիր» հասկացության տակ, որն էլ սահմանման անհրաժեշտություն է զգում: Մեր կարծիքով, անհրաժեշտ է նույն տեղում հստակ սահմանել, որ նշված առանձին խնդիրները չպետք է համընկնեն օրենքով կամ պետական մարմինների կանոնադրություններով սահմանված խնդիրների, իրավասությունների կամ լիազորությունների հետ, դրանք պետք է լինեն մեկանգամյան լուծում պահանջող եւ (կամ) նեղ մասնագիտական խնդիրներ, այլապես առաջարկվող նորմերն ուղղակի սողանցք կարող են բացել հաստիքների թվաքանակի սահմանափակումները շրջանցելու համար, ինչն էլ կհանգեցնի բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման եւ կծառայի հանրային ծառայողների գործառույթների կրկնությունը ֆինանսավորելու համար: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն որոշ հստակեցման անհրաժեշտություն է զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

05.04.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում՝ 

- պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը կվարվի էլեկտրոնային եղանակով, որը հնարավորություն կտա ապահովել Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 1716-Լ որոշման թիվ 1 հավելվածով հաստատված Պետական ֆինանսների կառավարման համակարգի           2019-2023 թվականների բարեփոխումների  (ՊՖԿՀԲ) ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) 10-րդ բաղադրիչով սահմանված նպատակների ձեռքբերումը (աշխատավարձի վճարման, կառավարման, փոփոխությունների կատարման, անձնակազմի կառավարման հետ կապված տվյալների հաշվառման եւ դրանց փոխկապակցվածության համապատասխանություն, աշխատավարձի եւ դրան հավասարեցվող վճարումների հաշվարկման հաշվետվողականություն).

- ըստ մասնագիտությունների եւ տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության համար անհրաժեշտ պետական ծառայողների վերաբերյալ տեղեկատվությունը կստացվի համապատասխան հաշվապահական ծրագրերից, որը կնվազեցնի սխալ տեղեկատվություն ներկայացնելու հավանականությունը, ինչպես նաեւ կբացառի ծառայողների կողմից կրկնակի աշխատանքի կատարումը.

- աշխատավարձի ֆոնդերի վերլուծության նպատակով պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված փորձագետների վարձատրության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար հավաքագրման, վերլուծության համար անհրաժեշտ մեխանիզմների ապահովման միջոցով, աշխատանքի վարձատրության ոլորտի քաղաքականության մշակման ժամանակ առաջարկները կձեւավորվեն դինամիկ տվյալների, փաստերի վրա.

- աշխատանքի վարձատրության եւ զբաղվածության քաղաքականությունն ավելի արդյունավետ կինտեգրվի բյուջետային գործընթացում.

- աշխատաշուկայի վերլուծության իրականացման ժամկետը կսահմանվի ամենամյա պարբերականությամբ: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառում/ներ/ը. 

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր լրացվելիք 27.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգեւատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը պետական մարմիններից պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վճարված վարձատրության վերաբերյալ ստանում է տեղեկատվություն եւ վերլուծում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 

Հարկ ենք համարում նշել, սակայն, որ վերոնշյալ գործող Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, հետեւաբար եւ, համապատասխան տվյալների վերլուծության  արդյունքում չի կարող այլ մարմնի կողմից ազդեցության/միջամտության ենթարկվել քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերի սահմանման վերաբերյալ որոշումը: Ինչ վերաբերում է քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի վերլուծությանը, նշենք, որ համաձայն Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Ազգային ժողովի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի եւ այդ աշխատողների թվի արտադրյալով: (Ի դեպ, Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը (ինչպես նաեւ քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց թվի վերաբերյալ տվյալ/ներ/ը) ներկայացված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում):

Վերոնշյալից բխում է, որ քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության վերաբերյալ եւ այլ տվյալների   տրամադրումը կհանգեցնի ընդամենը Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների համար  ավելորդ ծանրաբեռնվածության: 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                           ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

09.04.2024թ.