ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-796-15.03.2024-ԱռՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-796.1-15.03.2024-ԱռՀ-011/0), «Գովազգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-796.2-15.03.2024-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Մարիամ Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-796-15.03.2024-ԱռՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-796.1-15.03.2024-ԱռՀ-011/0), «Գովազգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-796.2-15.03.2024-ԱռՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն)  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում առաջարկում ենք « Օրենքում» Հայաստանի Հանրապետության » բառերը փոխարինել փակվող չակերտով, իսկ «Գովազգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ վերջիններս համապատասխանեցնելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին առ այն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր պարբերությամբ նախատեսվում է սահմանել «էներգետիկ ըմպելիք» հասկացությունը ըստ որի՝ «էներգետիկ ըմպելիքներ՝ կոֆեին եւ (կամ) տաուրին պարունակող գազավորված կամ չգազավորված, ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային ըմպելիքներ:»: Գտնում ենք, որ սույն կարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից, քանզի Նախագծով տրված սահմանմամբ էներգետիկ ըմպելիք է համարվում նաեւ կոֆեին պարունակող չգազավորված եւ ոչ ալկոհոլային ըմպելիքը: Սույն բնորոշումը կարելի է վերաբերելի դարձնել նաեւ հասարակ սուրճի նկատմամբ, ինչը, սակայն, Նախագծի նպատակը չէ՝ ըստ Նախագծի հիմնավորմամբ արտահայտված դիրքորոշման: Էներգետիկ ըմպելիքների հետ կապված իրավահարաբերություններում Նախագծերի փաթեթով նախատեսվում են մի շարք սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են դարձնում այդպիսի սահամնափակումներ նախատեսող իրավական նորմերի իրավական որոշակիության ապահովումը: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաեւ ՄԻԵԴ) իր վճիռներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը գտել է, որ «օրենքով նախատեսված» արտահայտության պահանջներից մեկն այն է, որ համապատասխան միջոցը պետք է լինի կանխատեսելի: Նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ ձեւակերպված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին հնարավորություն ընձեռի կարգավորելու իր վարքագիծը. անձը պետք է կարողանա տվյալ հանգամանքներում ողջամիտ կերպով կանխատեսել իր համապատասխան գործողության հետեւանքները: (Case of The Sunday Times v. the United Kingdom, գանգատ թիվ 6538/74, 26.04.1979 թ. վճիռ, կետ 49, Case of Busuioc v. Moldova, գանգատ թիվ 61513/00, 21.03.2005 թ. վճիռ, կետ 52):

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սահմանադրական պահանջների բովանդակությանը՝ արձանագրելով, մասնավորապես, ներքոնշյալը. «ա) «(…) իրավական պետության կարեւորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270). (…)

գ) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (ՍԴՈ-753).

(…) հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը եւ մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին. որքան ավելի ինտենսիվ է այդ սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի եւ մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձեւակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության եւ բովանդակության հարցում, (…):»

Միջազգային եւ ներպետական դատարանների իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ դիրքորոշումների ներկայացումը  նպատակ է հետապնդում ընդգծել, որ իրավունքի սուբյեկտների համար պետք է բավարար չափով հստակ եւ մատչելի լինի, թե որ ըմպելիքներն են հանդիսանում էներգետիկ ըմպելիքներ, որպեսզի կարողանան իրենց վարքագիծը համապատասխանեցնել այդ ըմպելիքների վերաբերյալ օրենքով նախատեսվող սահմանափակումներին: 

Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի  2-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող պարբերությամբ նախատեսվող «էներգետիկ ըմպելիքներ» հասկացությունը լրամշակել՝ այն հստակեցնելով եւ դարձնելով միանշանակ ընկալելի:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում առաջարկում ենք «պարբերության» բառերը փոխարինել «մասեր» բառերով՝ ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից առ այն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:»:

4. Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետում նախատեսվող փոփոխության արդյունքում զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչեւ 22:30-ը կարգելվի ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր) եւ էներգետիկ ըմպելիքների գովազդը, սակայն ոչ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի ցուցադրությունը կշարունակի թույլատրվել, ինչը Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների եւ հիմնավորման համատեքստում փոքր-ինչ հասկանալի չէ, քանի որ Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումները իրավական ռեժիմի այլ տարբերակումներ չեն առանձնացում ալկոհոլային խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների միջեւ՝ վերջիններս դիտարկելով համարժեք վնասակարության օբյեկտներ: Ուստի գտնում ենք, որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետում նախատեսվող փոփոխությունը էներգետիկ ըմպելիքների համար գովազդային ժամի սահմանափակումներ նախատեսելու մասով՝ ի տարբերություն ոչ թունդ ալկոհոլային խմիչքների, կարիք ունի հավելյալ հիմնավորման:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել  Սահմանադրության 79-րդ հոդվածի տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված դիտարկման հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

01.04.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

01.04.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենքով ամրագրել «էներգետիկ ըմպելիք» հասկացության սահմանումը, ՀՀ-ում արգելել մինչեւ 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը, սահմանափակել էներգետիկ ըպելիքների գովազդի հնարավորությունները եւ ոչ պատշաճ (ապրանքի իրական բովանդակությունը չբացահայտող) գովազդի հեռարձակումը եւ էներգետիկ ընպելիքների գովազդի հեռարձակման ժամանակային տիրույթը, ինչպես նաեւ սահմանել վարչական պատասխանատվություն՝ նշված սահմանափակումները եւ արգելքները խախտելու համար: Բացի այդ, Նախագծի 3-րդ հոդվածի 16.1.-րդ մասով առաջարկվում է սահմանել, որ 18 տարին չլրացած անձանց, բացի էներգետիկ ըմպելիքներից, արգելվում է նաեւ ալկոհոլային խմիչքների վաճառքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 17-րդ մասով նախատեսված է 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ վաճառելու համար վարչական պատասխանատվություն, այն դեպքում՝ երբ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ վաճառելու արգելք չի սահմանել: 

Նախագծի՝ ֆինանսատնտեսագիտական հնարավոր ազդեցության առումով հարկ է նկատի ունենալ, որ առեւտրային գործունեության նկատմամբ սահմանվող ինչպես ցանկացած սահմանափակում, Նախագծով առաջարկվող արգելքներն ու սահմանափակումները եւս կարող են ունենալ բացասական ազդեցություն՝ կապված էներգետիկ ըմպելիքների վաճառքի ծավալների հնարավոր կրճատման հետ: Սակայն, հաշվի առնելով մինչեւ 18 տարեկան անձանց առողջությանը պատճառվող վնասների չափերը եւ ընդհանուր առմամբ՝ առողջապահության ոլորտում որոշ հիվանդությունների կանխարգելման եւ ռիսկերի նվազեցման հետեւանքով առաջացող հանրային առողջապահության տնտեսումների հնարավոր չափերը, հասարակական հարաբերությունների մակարդակում, մեր կարծիքով, Նախագծի ֆինանսական հնարավոր ազդեցությունը կարելի է գնահատել որպես դրական: 

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

19.03.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Պատգամավորների կողմից ներկայացվել են ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Գովազգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Նախագծերի փաթեթում ընդգրկված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով տրվում է «էներգետիկ ըմպելիքներ»-ի սահմանումը, համաձայն որի՝ էներգետիկ ըմպելիքներ են համարվում   կոֆեին եւ (կամ) տաուրին պարունակող գազավորված կամ չգազավորված, ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային ըմպելիքները: Այսինքն՝ վերոնշյալ սահմանումից բխում է, որ կոֆեին պարունակող ցանկացած ըմպելիք՝ անկախ որեւիցե հանգամանքից (կոֆեինի մակարդակ, չափաբաժին, թնդություն եւ այլն), հետեւաբար եւ, ցանկացած տեսակի սուրճ (քանի որ ինչ-որ մակարդակի (թեկուզ չնչին) կոֆեին է պարունակում)  համարվում է էներգետիկ ըմպելիք:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է արգելել ալկոհոլային խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների (հետեւաբար, ցանկացած տեսակի սուրճի) վաճառքը ավտոմատներով, առեւտրատեխնոլոգիական սարքավորումներով եւ տեխնիկական այլ միջոցներով, առաջարկվում է արգելել ուսումնական հաստատություններում, մանկական եւ բուժկանխարգելիչ կազմակերպություննրում գործող հանրային սննդի օբյեկտներում դրանց իրացումը, արգելվում է նաեւ էներգետիկ ըմպելիքների (հետեւաբար, ցանկացած տեսակի սուրճի)  գովազդը տեղադրել լրագրերի կամ ամսագրերի առաջին էջի կամ կազմի վրա եւ այլն, մինչդեռ Նախագծերի փաթեթին կից հիմնավորման մեջ նշվում է, որ՝ թեեւ սուրճի որոշ տեսակներ կարող են ունենալ կոֆեինի բարձր մակարդակ, որը համեմատելի է էներգետիկ ըմպելիքների հետ, սակայն սուրճը, սովորաբար, օգտագործվում է տաք վիճակում եւ, հետեւաբար, ավելի դանդաղ է տեղի ունենում կոֆեինի յուրացումը օրգանիզմի կողմից, ինչից կարելի է ենթադրել, որ հեղինակների կարծիքով կոֆեինի համապատասխան բարձր մակարդակ չունեցող, համապատասխան տեսակի սուրճը կարող է չորակվել որպես էներգետիկ ըմպելիք:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթը վերանայման եւ հստակեցման կարիք ունի:  
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

02.04.2024թ.