ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-794-12.03.2024-ՊԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7941 -12.03.2024-ՊԻ-011/0), «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ- Կ-7942 -12.03.2024-ՊԻ-011/0), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7943 -12.03.2024-ՊԻ-011/0) եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7944 -12.03.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-794-12.03.2024-ՊԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7941 -12.03.2024-ՊԻ-011/0), «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ- Կ-7942 -12.03.2024-ՊԻ-011/0), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7943 -12.03.2024-ՊԻ-011/0) եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7944 -12.03.2024-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 17-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 7-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ. «Գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներ իրականացնող Կառավարության լիազորած օպերատորների ցանկը, օպերատորներին պատվիրակվող գործառույթների ցանկը, օպերատորների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ օպերատորների սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է Կառավարությունը»: Նշված դրույթի եւ նույն հոդվածի 6-րդ մասի բովանդակությունից բխում է, որ Կառավարության լիազորած օպերատորներն իրականացնում են միայն գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներ, իսկ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 18-րդ հոդվածով հստակ սահմանված են սպասարկման կենտրոնի գործառույթների ցանկը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 18-րդ հոդվածում լրացնել, թե նշված ցանկի որ գործառույթները կարող են վերաբերել օպերատորներին կամ նախատեսել կարգավորում առ այն, որ Կառավարությունը օպերատորներին կարող է պատվիրակել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 18-րդ հոդվածով հստակ սահմանված գործառույթների ցանկից. հակառակ պարագայում միանշանակ չի ընկալվում, թե Կառավարությունը գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներ իրականացնող օպերատորներին ինչ այլ նոր գործառույթներ կարող է պատվիրակել, որոնք նախատեսված չեն օրենսդրական ակտերով: 

2. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (…)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում առկա բոլոր նախագծերի վերջին հոդվածների վերնագրերին:

3. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 12-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր պարբերության մեջ նշված «Կառավարության» բառն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոնշյալ օրենքում կիրառվում է հենց «Հայաստանի Հանրապետության կառավարություն» տարբերակը՝ համապատասխան հոլովաձեւերով: Նշենք, որ այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի  1-ին հոդվածով «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքի  2-րդ հոդվածում լրացվող նոր պարբերությամբ նշված «Կառավարության» բառին:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր պարբերությամբ սահմանվում է. «Գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, օպերատորներին պատվիրակվող գործառույթների ցանկը, օպերատորների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ օպերատորների սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է Կառավարությունը»: Հարկ է նկատել, որ Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությամբ սահմանվում է. «Գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթները կարող են իրականացվել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայությունների միասնական գրասենյակների, նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների, ինչպես նաեւ քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների կողմից, որոնց գործառույթները, դրանց իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթով սահմանվում է, թե ովքեր են հանդիսանում գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականցնելու իրավասություն ունեցող սուբյեկտներ, ընդ որում՝ օպերատորներն այդ սուբյեկտների շարքում ընդգրկված չեն: Նախագծի եւ Օրենքի միջեւ հակասություններից խուսափելու համար առաջարկում ենք Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունում նշված սուբյեկտների շարքում լրացնել նաեւ օպերատորներին: Եթե Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության իմաստով օպերատորներն արդեն իսկ ընդգրկվում են «այլ սուբյեկտների» շարքում, ապա վերջիններիս գործառույթները Կառավարության կողմից սահմանվելուն վերաբերող դրույթ արդեն իսկ նախատեսված է Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությամբ:

5. «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն, որով սահմանվում է. «Արտաքին գործերի նախարարության եւ օտարերկրյա պետությունում հյուպատոսական հիմնարկի կողմից մատուցվող որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու գործառույթներ  իրականացնող Կառավարության լիազորված օպերատորների, օպերատորներին պատվիրակվող գործառույթների ցանկը, օպերատորների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ օպերատորների սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է Կառավարությունը»: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում առկա չէ որեւէ կարգավորում սպասարկման գրասենյակների կամ օպերատորների վերաբերյալ, հետեւաբար հասկանալի չէ, թե վերը մեջբերված պարբերությամբ նշված արտաքին գործերի նախարարության եւ օտարերկրյա պետությունում հյուպատոսական հիմնարկի կողմից մատուցվող «որոշ հյուպատոսական ծառայություններ» արտահայտությունը ծառայությունների ինչ շրջանակ է ներառում, որ օրենսդրական ակտով է Կառավարությունը լիազորել օպերատորներին գործառույթներ իրականացնել նաեւ հյուպատոսական ծառայությունների մատուցման ոլորտում: Այսինքն՝ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարությանը լիազորվում է սահմանել  որոշ հյուպատոսական ծառայություններ իրականացնող օպերատորների գործառույթների ցանկը, պայմանագրի ձեւը եւ այլն, մինչդեռ որեւէ օրենսդրական կարգավորում նախատեսված չէ առ այն, որ որոշ հյուպատոսական ծառայություններ կարող են իրականացվել նաեւ Կառավարության լիազորած օպերատորների կողմից: 

6. Նշենք, որ նույնանման իրավական շփոթ առաջանում է նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով օպերատորների կողմից որոշակի գործառույթներ իրականացնելու վերաբերյալ լիազորող նորմի բացակայության պայմաններում: Մասնավորապես՝ վերը նշված նախագծով նշվում է, որ ներքին գործերի բնագավառում դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եւ հանձնման գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը պետք է սահմանվի Կառավարության կողմից, մինչդեռ որեւէ լիազորող նորմ սահմանված չէ, որ հենց վերը նշված ոլորտներում (ներքին գործերի բնագավառում դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եւ հանձնման) օպերատորները կարող են գործունեություն իրականացնել:

Նշված դիտսրկումների կարեւորությունը բխում է իրավական որոշակիության, այն է՝ լիազորող նորմի հստակության սահմանադրական պահանջից:

7. Միաժամանակ առաջարկում ենք շտկել Նախագծերի փաթեթում առկա վրիպակները: Մասնավորապես՝ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «ՀՕ-61-Ն» հերթական համարն առաջարկում ենք շտկել, նշելով «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքի ճշգրիտ հերթական համարը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «26.1-րդ» ձեւակերպումը փոխարինել «26.1-ին» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված որոշ կարգավորումներ կարող են խնդրահարուց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: 

Առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

22.05.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

22.05.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լիազորող նորմեր սահմանել ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման համար, որը նպատակ ունի հստակեցնելու Որոշմամբ սահմանված համայնքների անվանումները (հաշվի առնելով իրականացված վարչատարածքային բարեփոխումները), ինչպես նաեւ ավելացնելու պետական ծառայություններ մատուցող համայնքների թիվը՝ նկատի ունենալով մի շարք համայնքներում գրանցված արդյունքները եւ ընդհանուր դրական միտումները:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

19.03.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

 Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում, համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից օրենքներում:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարությանը լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությանբ: Մասնավորապես, Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կառավարությանը լիազորել սահմանելու.

- Կառավարության լիազորած օպերատորների ցանկը, օպերատորներին պատվիրակվող գործառույթների ցանկը, օպերատորների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ օպերատորների սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները,

- Արտաքին գործերի նախարարության եւ օտարերկրյա պետությունում հյուպատոսական հիմնարկի կողմից մատուցվող որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու գործառույթներ իրականացնող Կառավարության լիազորված օպերատորների, օպերատորներին պատվիրակվող գործառույթների ցանկը, օպերատորների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ օպերատորների սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները,

- ներքին գործերի բնագավառում դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եւ հանձնման գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, օպերատորներին պատվիրակվող գործառույթների ցանկը, օպերատորների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ օպերատորների սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները եւ այլն:

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                 ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

15.03.2024թ.