ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-793-07.03.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Նարեկ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-793-07.03.2024-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 251-րդ հոդվածի 2-րդ մասում «գույքահարկի գծով» բառերից հետո նախատեսվում է լրացնել «ընթացիկ հարկային տարվան նախորդող տարիների» բառերը:

Վերոնշյալ լրացման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է. «Կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները (այդ թվում` Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում եւ կարգով հաշվարկված գույքահարկի պարտավորության գումարները) իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: (…)»: 

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման արդյունքում Օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասը ձեւակերպվում է հետեւյալ կերպ. «Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով ընթացիկ հարկային տարվան նախորդող տարիների հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:»:

Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթի համաձայն՝ ընթացիկ հարկային տարվան նախորդող տարիների գույքահարկի գծով հարկային պարտավորությունները պետք է արդեն իսկ կատարված լինեն մինչեւ համապատասխան հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:»:

Բացի այդ Օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Փոխադրամիջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հաշվառող մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաեւ տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ փոխադրամիջոցի մասով կատարված են փոխադրամիջոցների գույքահարկի վճարումներ:»: 

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման արդյունքում Օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասում ձեւակերպվող իրավակարգավորման համատեքստում Օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքում բացակայում է անհրաժեշտությունը նշել այն տեղեկատվությունը, որը վերաբերում է տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածին, որի համար տվյալ փոխադրամիջոցի մասով կատարված են փոխադրամիջոցների գույքահարկի վճարումներ: Հետեւաբար առաջարկում ենք Օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավակարգավորումը հանել կամ համապատասխանաբար խմբագրել: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկության հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

22.03.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

22.03.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասում «գույքահարկի գծով» բառերից հետո լրացնել «ընթացիկ հարկային տարվան նախորդող տարիների» բառերով:

Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Միեւնույն ժամանակ՝ Օրենսգրքի նույն հոդվածի 2-րդ մասը ֆիզիկական անձանց պարտավորեցնում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչեւ փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: Հաշվի առնելով նշված կարգավորումները եւ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցների մեծ մասը տեխնիկական զննության են ենթակա ամենամյա պարբերականությամբ՝ գործնականում ֆիզիկական անձանց բացարձակ մեծամասնությունը, Նախագծի հեղինակների կարծիքով, զրկված են օրենքով սահմանված՝ մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունները կատարելու հնարավորությունից եւ ստիպված են վճարել դեռեւս չավարտված հարկային տարվա համար հաշվարկվող գույքահարկը ամբողջությամբ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

18.03.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», որի նպատակը ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման եւ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման գործընթացների փոխկապակցվածության իրավական կարգավորումն է:

Մասնավորապես, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկական զննություն են անցնում ամենամյա պարբերականությամբ, եւ, որ տրանսպորտային միջոց շահագործողները զրկված են օրենքով սահմանված՝ մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ գույքահարկի պարտավորությունները կատարելու հնարավորությունից, ստիպված են վճարել դեռեւս չավարտված հարկային տարվա համար, փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների մոտ մասսայական դժգոհություն է առաջացնում:

Նախագծով ներկայացվող լրացմամբ հեղինակներն առաջարկում են փոխադրամիջոցների գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց, առանց բացառության, հնարավորություն ընձեռել այն վճարելու մինչեւ ընթացիկ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, դրանով իսկ բացառելով գույքահարկի վճարման գործընթացում երկիմաստ կարգավորումները:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծով առաջարկվող լրացման ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն՝ հատկապես ֆիզիկական անձանց համար հարկային պարտավորության կատարման մասով, ըստ էության, կանխավճարի գանձման պրակտիկայի վերացման առումով: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

18.03.2024թ.