ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-792-05.03.2024-ՊԻ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-792.1-05.03.2024-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-792.2-05.03.2024-ՊԻ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-792.3-05.03.2024-ՊԻ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-792.4-05.03.2024-ՊԻ-011/0), ««Դատախազության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-792.5-05.03.2024-ՊԻ-011/0)  վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Ագնեսա Խամոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-792-05.03.2024-ՊԻ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-792.1-05.03.2024-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-792.2-05.03.2024-ՊԻ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-792.3-05.03.2024-ՊԻ-011/0), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-792.4-05.03.2024-ՊԻ-011/0), «Դատախազության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-792.5-05.03.2024-ՊԻ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն)  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) 2-րդ հոդվածով նախատեսվող «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ Օրենք) 22-րդ հոդվածի 2-րդ մասում նոր լրացվող 8-րդ կետում օգտագործված «օրենսդրությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենքով» բառով, քանզի «օրենսդրություն» հասկացությունը իր մեջ ներառում է ինչպես նորմատիվ իրավական ակտերն, այնպես էլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի եւ կարող է առաջացնել իրավական շփոթ: Ֆիզիկական անձին բժշկական ստուգման, թեստավորման, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելու պահանջ կարող է սահմանվել միայն օրենքով, քանզի վերջիններս հանդիսանում են մարդու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակում, որը, համաձայն Սահմանադրության 25-րդ հոդվածի 2-րդ մասի, կարող է իրականացվել միայն օրենքով:

Սույն դիտարկումը վերաբերում է Նախագծերի փաթեթում ներառված նաեւ մյուս օրենքի նախագծերի համապատասխան կարգավորմանը:

2. Գտնում ենք, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասից «թմրանյութեր» բառը հանելը ունի լրացուցիչ հիմնավորման կարիք, քանի որ անհասկանալի է, թե ինչու է Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների եւ ընդհանուր տրամաբանության համատեքստում ոստիկանությունում ծառայություն անցնող քաղաքացիների, ոստիկանության ծառայողների համար ալկոհոլից, հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով իրականացվող թեստավորումը պարտադիր, սակայն թմրանյութերից կախվածությունը ստուգելու նպատակով իրականացվողը՝ ոչ:

3. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի համաձայն. «3. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված տույժը կիրառելու միայն կարգապահական կոպիտ խախտումների համար, ընդ որում՝ սույն մասի 5-րդ եւ 9-րդ կետերով սահմանված կոպիտ կարգապահական խախտումը կատարելու դեպքում ենթակա է կիրառման սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը: Սույն օրենքի իմաստով Կարգապահական կոպիտ խախտումներ են համարվում՝»: 

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասը նախատեսում է կոպիտ կարգապահական խախտման դեպքում «Ոստիկանությունում ծառայության մասին»  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսվող տույժը կիրառելու հայեցողական լիազորություն, մինչդեռ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածը նպատակ է հետապնդում նախատեսել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 9-րդ կետերով նախատեսվող կոպիտ կարգապահական խախտումների դեպքում  «Ոստիկանությունում ծառայության մասին»  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսվող տույժի պարտադիր կիրառում: Սակայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասը այդ տույժի ոչ պարտադիր կիրառման լինելու վերաբերյալ շփոթ առաջացնող խմբագրությամբ է ձեւակերպված: Ուստի առաջարկում ենք «կիրառման» բառից առաջ լրացնել «պարտադիր»  արտահայտությունը՝ նման շփոթը կանխելու նպատակով:

Բացի այդ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասում չի պահպանվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը առ այն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:», քանի որ միեւնույն իմաստ ունեցող արտահայտությունը օգտագործվել է եւ՛ «կոպիտ կարգապահական խախտում», եւ՛ «Կարգապահական կոպիտ խախտում» տեսքով: 

Առաջարկում ենք սույն դիտարկումների հիման վրա լրամշակել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասը:

4. Նախագծերի փաթեթով նախատեսվում է Կառավարությանը լիազորել սահմանել համապատասխան մարմիններում թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով իրականացվող թեստավորման կարգը: Նախագծերի փաթեթի հիմնավորմամբ նշվում է, որ Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումները իրենց նպատակային նշանակությանը կարող են ծառայել միայն այն պարագայում, երբ թեստավորում անցնող անձինք ընտրվում են պատահականության սկզբունքով:  Ցանկանում ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների շրջանակում Կառավարությունը սահմանափակված չի լինելու թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով իրականացվող թեստավորման կարգը սահմանելիս հիշատակված սկզբունքը որդեգրելու պարտականությամբ: Ուստի առաջարկում ենք Նախագծերի փաթեթով հիմնավորմամբ արտահայտված նպատակը ձեւակերպել Նախագծերի փաթեթում իրավական կարգավորումների տեսքով՝ դրանով իսկ հստակեցնելով Կառավարության լիազորությունը:

5. Նախագծի 2-րդ հոդվածից, «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածից, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածից,  «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածից, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածից, «Դատախազության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածից հետո «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:     Ցանկանում ենք նաեւ նշել, որ «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերն չեն կարող դիտարկվել նորմատիվ իրավական ակտի առանձին գլուխ, քանզի  նրանում միավորված չեն համասեռ բովանդակությամբ հոդվածներ, ինչպես պահանջվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով:

6. Նախագծերի փաթեթում ներառված բոլոր նախագծերում առաջարկում ենք պահպանել հոդվածների համարակալման հաջորդականությունը՝ հետեւելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին առ այն՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով:»

7. Նախագծերի փաթեթի ամբողջ տեքստում առաջարկում ենք «ենթաօրենսդրական ակտերը» արտահայտության փոխարեն օգտագործել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը» արտահայտությունը՝ ուղորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված սահմանմամբ:

8. Նախագծերի փաթեթի ամբողջ տեքստից առաջարկում ենք հանել «ՀՀ» հապավում՝ պահպանելով ոչ միայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջ առ այն՝ «Նորմատիվ իրավական ակտերի վերնագրերում արգելվում է կիրառել հապավումներ կամ բառերի կրճատումներ:», այլ նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված դիտարկման հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը եւ համապատասխանությունը միմյանց, Նախագծերի փաթեթի հիմնավորմանը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

22.03.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

22.03.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, Փրկարար ծառայության, ՀՀ ԱԱԾ եւ ՊՊԾ ծառայողների, ՀՀ Քննչական եւ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ դատախազների համար սահմանել թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով տարեկան երկու անգամ ստուգման պահանջ: Առաջարկվում է սահմանել նաեւ, որ թմրանյութեր կամ հոգեմետ նյութեր օգտագործելը կամ վկայակոչված պարտադիր ստուգումից հրաժարվելը հանդիսանում է վերջիններիս ծառայությունից ազատելու հիմք: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ է նկատի ունենալ, որ նախատեսվող ստուգումները բավականին մասշտաբային են եւ պետական բյուջեի ծախսային մասի ավելացման տեսանկյունից պահանջում են առանձին ծախսային ծրագրի մշակում եւ ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծերի տվյալ փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 1-ը՝ դրանով իսկ հնարավորություն տալով առաջարկվող գործընթացի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հաշվարկել եւ առաջիկա տարվա պետական բյուջեում նախատեսել օրենքով սահմանված կարգով:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

12.03.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Փրկարար ծառայության մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Դատախազության մասին» օրենքներում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է որպես թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մարտավարություն դիտարկել հենց թմրանյութերի ու հոգեմետ նյութերի շրջանառության դեմ պայքարում օրենսդրական պարտականությամբ օժտված սուբյեկտների օրինակով նման նյութեր օգտագործելու պարագայում կարգապահական տույժի ամենախիստ տեսակը՝ ազատման ինստիտուտը եւ նման դեպքերի բացահայտման նպատակով տարեկան երկու անգամ թեստավորումը: Վերոգրյալը հիմնավորվում է նախեւառաջ նրանով, որ ցանկացած պարագայում անթույլատրելի է նախաքննական եւ հանցագործությունների դեմ պայքարելու լիազորություններով օժտված մարմինների ծառայողների կողմից թմրանյութերի օգտագործումը:

Այսպիսով, Նախագծերի փաթեթով նախատեսվում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, Փրկարար ծառայության, ՀՀ ԱԱԾ եւ ՊՊԾ ծառայողների, ՀՀ Քննչական եւ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ դատախազների համար սահմանել թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով տարեկան 2 անգամ ստուգման պահանջ: Նախագծերի փաթեթով նաեւ սահմանվում է, որ թմրանյութեր կամ հոգեմետ նյութեր օգտագործելը կամ վկայակոչված պարտադիր ստուգումից հրաժարվելը հանդիսանում է վերջիններիս ծառայությունից ազատելու հիմք:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ նախատեսվում է բարձրացնել հասարակության վստահությունը իրավապահ եւ նախաքննական մարմինների նկատմամբ` բացառելով նման կարեւորագույն լիազորություններով օժտված պետական մարմիններում կամ դրա աշխատակիցների կողմից թմրանյութերի եւ/կամ հոգեմետ նյութերի օգտագործումը: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

20.03.2024թ.