ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-788-01.03.2024-ՏՏԳՇ-011/0), «Կերի մասին» օրենքում փոփոխություն  եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-788.1-01.03.2024-ՏՏԳՇ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-788.2-01.03.2024-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-788-01.03.2024-ՏՏԳՇ-011/0), «Կերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-788.1-01.03.2024-ՏՏԳՇ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-788.2-01.03.2024-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն)  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվող «Սննդամթերքի ավտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ կետով նախատեսվում է նորովի սահմանել անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի իմաստային նշանակությունը, ըստ որի՝ «20) անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ՝ անասնաբուժական սերտիֆիկատ, անասնաբուժական վկայական, անվտանգության սերտիֆիկատ, առողջության սերտիֆիկատ, որակի եւ անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ, բուսասանիտարական հավաստագիր, համապատասխանության հայտարարագիր, պետական գրանցման վկայական.»: Օրենքի գործող խմբագրությունը օգտագործում է հետեւյալ ձեւակերպումը՝ «անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ` անասնաբուժասանիտարական հաշվառված ձեւաթղթեր (վկայական, տեղեկանք, սերտիֆիկատ), բուսասանիտարական հավաստագիր, առողջության սերտիֆիկատ, որակի եւ անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ, համապատասխանության հայտարարագիր, փորձարկման լաբորատորիայի արձանագրություն.»: Ցանկանում ենք նշել, որ Նախագծով նախատեսվող խմբագրությամբ տեղեկանքը որպես անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ այլեւս գործածություն չի ունենալու, մինչդեռ  Նախագծով անդրադարձ չի կատարվում ներկայումս արդեն իսկ շրջանառության մեջ գտնվող տեղեկանքների իրավական կարգավիճակին, նրանց վերաբերյալ առանձնահատուկ կարգավորումների սահմանմանը: 

Առաջարկում ենք իրավական բացերից խուսափելու նպատակով լրամշակել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ կետը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 22-րդ կետում օգտագործվում է «պեստիցիդների եւ ագրոքիմիկատների եզրակացություն» միտքը: Ցանկանում ենք նշել, որ Օրենքի այլ հոդվածներում, ինչպիսինն է օրինակ 18-րդ հոդվածը, օգտագործվում է «պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն» միտքը: Եթե Նախագծով նախատեսվող «պեստիցիդների եւ ագրոքիմիկատների եզրակացություն» միտքը իմաստային առումով համապատասխանում է Օրենքում օգտագործվող «պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն» մտքին, ապա առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը առ այն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

 Նույն առաջարկը վերաբերում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող 23-րդ կետում սահմանվող «սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս լաբորատորիա» հասկացությանը, քանզի Օրենքի գործող խմբագրությունում արդեն իսկ օգտագործվում է «ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիա» հասկացությունը եւ այդ հասկացությունների միեւնույն միտքն արտահայտելու դեպքում եւս անհրաժեշտ է պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

3. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը նախատեսվում է շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝ «4) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաեւ նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում` պեստիցիդների եւ ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում.»: Ցանկանում ենք նշել, որ սույն կարգավորումը խնդրահարույց է, ի տարբերություն Օրենքի գործող խմբագրության, քանզի վերջինիս համաձայն դիտարկում իրականացնող մարմինը նախ լիազորվում է դիտարկման ընթացքում իրականացնել նմուշառում եւ լաբորատոր փորձաքննություն, ապա արդյունքների հիման վրա կասեցնել պեստիցիդների եւ ագրոքիմիկատների իրացումը: Նախագծով նախատեսվող կարգավորման համաձայն դիտարկում իրականացնող սուբյեկտը լիազորվում է կասեցնել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաեւ նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում` պեստիցիդների եւ ագրոքիմիկատների իրացումը (վաճառքը)՝ առանց լիազորություն ունենալու համապատասխան  նմուշառումն եւ լաբորատոր փորձաքննությունն իրականացնելու:

4. Նախագծի 8-րդ հոդվածի, «Կերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված դիտարկման հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

19.03.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

19.03.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Կերի մասին» օրենքում սահմանել կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման կարգի հաստատման լիազորող նորմը, որից հետո կմշակվի եւ Կառավարության հաստատմանը կներկայացվի կերային հավելումների պետական գրանցման կարգը, իսկ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարվող փոփոխությունները եւ լրացումները  միտված են ուժեղացնել այս ոլորտի նկատմամբ վերահսկողությունը: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաեւ նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում` կասեցնել պեստիցիդների եւ ագրոքիմիկատների իրացումը (վաճառքը), սահմանել վերահսկվող ապրանքների  ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման դեպքում լիազոր մարմնի կողմից իր իրավասության շրջանակներում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի ամբողջական ցանկը, սահմանել նաեւ ազգային ռեֆերենս լաբորատորիայի հասկացությունը եւ խմբագրել անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի ցանկը, սահմանել ռիսկի գնահատման գիտական կենտրոնի լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը՝ կարգավորելով առկա օրենսդրական բացը եւ այլն:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

07.03.2024թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից օրենքներում:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է կերի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունը առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին եւ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթի 3.13-րդ կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժության մեջ կիրառման համար դեղամիջոցների եւ կերային հավելումների ներմուծումը, փոխադրումն ու օգտագործումն իրականացվում են դրանց՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից գրանցման պայմանով, սակայն Հայաստանի Հանրապետությունում կերային հավելումների համար պետական գրանցում իրականացնող մարմնի բացակայության պարագայում տվյալ պահանջի կիրառումը հնարավոր չի իրագործել: 

Բացի այդ, ներկայումս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կերային հավելումներ ներմուծողներին ներմուծման թույլտվություն չի տրվում, քանի որ բացակայում է կերային հավելումների գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման կարգը: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է.

- լիազորել Կառավարությանը հաստատելու կերային հավելումների պետական գրանցման,  մերժման, կասեցման եւ դադարեցման կարգը,

- օրենքով սահմանել «վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման թույլատվական փաստաթղթեր» եւ «սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս լաբորատորիա» հասկացությունների սահմանումները,

- օրենքով սահմանված վտանգավոր համարվող, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր համարված սննդամթերքը շուկայից հետ  կանչել եւ ոչնչացնել կամ օգտահանել Կառավարության սահմանած կարգով,

- լիազորել համապատասխան նախարարությանը իրականացնելու կերային հավելումների գրանցումը, մերժումը, կասեցումը, դադարեցումը եւ ռեեստրի վարումը,

- սահմանել պետական տուրք՝ կերային հավելումների պետական գրանցման համար եւ այլն:

2. Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման, դադարեցման կարգի եւ ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները, կերի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտներում խստացնել վերահսկողությունը, բացառել վտանգավոր արտադրանքի շուկայահանումը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունումը՝ բնակչության առողջության վրա ազդեցության տեսանկյունից, կարծում ենք կարող է ունենալ դրական նշանակություն:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                           ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

07.03.2024թ.