ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-762-15.01.2024-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ` Կ-762-15.01.2024-ԱռՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող փոփոխության արդյունքում «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը կունենա հետեւյալ տեսքը՝ «Կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների եւ (կամ) հյուսվածքների ցանկը սահմանում է լիազոր մարմինը»:

Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կենդանի դոնորից փոխպատվաստման նպատակով կարող է վերցվել միայն զույգ օրգաններից մեկը, կենտ օրգանի մասը կամ հյուսվածքը, որոնց բացակայությունը չի կարող առաջացնել դոնորի կյանքի համար վտանգ ներկայացնող փոփոխություններ»: (Ընդ որում նշված դրույթը փոփոխության չի ենթարկվել):

Արդյունքում ստացվում է՝ Օրենքով հստակ տարանջատված են, թե կենդանի դոնորից որ օրգանները կամ հյուսվածքներն են ենթակա փոխպատվաստման, հետեւաբար, կարծում ենք, կենդանի դոնորից փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների եւ (կամ) հյուսվածքների ցանկը լիազոր մարմնի կողմից սահմանելու անհրաժեշտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: 

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, որը վերաբերում է փոխպատվաստման համար ռեցիպիենտ հանդիսացող մինչեւ 18 տարեկան անձանց համաձայնությանը, ուժը կորցրած ճանաչել, այն հիմնավորմամբ, որ կատարվում է Օրենքով նախատեսված դրույթների համապատասխանեցում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի հետ:

Այսպես, Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի գործող կարգավորումներից բխում է՝ եթե ռեցիպիենտի 18 տարին չի լրացել, (…) ապա փոխպատվաստումն իրականացվում է նրա ծնողների կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առանց ռեցիպիենտի, նրա ծնողների կամ նրա շահերի օրինական ներկայացուցչի համաձայնության ռեցիպիենտին փոխպատվաստումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, երբ փոխպատվաստման հետաձգումը սպառնում է ռեցիպիենտի կյանքին, իսկ սույն օրենքով սահմանված կարգով համաձայնության ստացումն անհնար է (ընդ որում Նախագծով նշված դրույթը որեւէ փոփոխության չի ենթարկվում): Արդյունքում ստացվում է, որ, անգամ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխության պարագայում, Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով, փոխպատվաստման համար, պահանջվում է ռեցիպիենտի ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը (բացառություն նախատեսված է միայն բացառիկ դեպքերի համար):

 Մինչդեռ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքը հստակ տարանջատում  եւ կարգավորում է անչափահասների ծնողների կամ օրինական ներկայացուցիչների՝ բժշկական միջամտության համար գրավոր համաձայնություն տալու ոչ բացառիկ դեպքերը. մասնավորապես վերը նշված օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, եթե բացակայում են նույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանները: Սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում հաշվի է առնվում 16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի կարծիքը»: 

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 16 տարին լրացած երեխաները իրավունք ունեն տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Այսինքն, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքով, որին նախատեսվում է համապատասխանեցնել Օրենքի կարգավորումները, հստակ սահմանված են մինչեւ 16 տարին չլրացած եւ 16 տարին լրացած անձանց բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությանը եւ վերջիններիս կարծիքը հաշվի առնելու հետ կապված հարաբերությունները, հատկապես 16 տարին լրացած երեխաների պարագայում, բժշկական միջամտության համար գրավոր իրազեկված համաձայնություն տրվում է վերջիններիս կողմից (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի):

Հետեւաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքով առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության փոխպատվաստում իրականացնելը նախատեսվում է բացառիկ դեպքերում, իսկ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքը հստակ տարանջատում է ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությանը վերաբերող կարգավորումներ, որոնք չեն կարող դիտարկվել, որպես բացառիկ դեպքեր, առաջարկում ենք փոխպատվաստման համար օրինական ներկայացուցչի կամ ծնողի համաձայնությանն անդրադառնալիս հղում կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքին:

3. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

4. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

22.01.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

22.01.2024թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է սահմանել «կենսաբանական մահ» հասկացությունը, օրենսդրական հիմք ստեղծել Լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար, նախատեսել դրույթներ Լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին՝ որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

29.01.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) եւ այլ ոլորտային օրենքների միջեւ համապատասխանությունն ապահովելու եւ փոխպատվաստման ոլորտում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը: 

Նախագծով   առաջարկվում է սահմանել «կենսաբանական մահ» հասկացությունը, իրավական հիմք ստեղծել Լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար, սահմանել դրույթներ Լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին՝ որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ: 

Միաժամանակ Օրենքի 11-րդ հոդվածից կենդանի դոնորների ընտրության սահմանափակումների շրջանակից հանվել է հաշմանդամություն ունեցող անձը, քանի որ Օրենքով սսահմանված սահմանափակումը հակասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիային (այսուհետ՝ Կոնվենցիա): Օրենքի 11-րդ հոդվածում առաջարկվող մեկ այլ փոփոխության համաձայն էլ՝ անձի 65 տարին լրանալը այլեւս արգելք չէ կենդանի դոնոր հանդես գալու համար: 

Նախագծի ընդունման ադյունքում կապահովվի Օրենքի դրույթների համապատասխանեցումը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի, Կոնվենցիայի եւ այլ իրավական ակտերի դրույթներին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                  ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

02.02.2024թ.