ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-730-28.11.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-730-28.11.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք, որ Նախագիծը չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ օրենքների պահանջներին հակասող դրույթներ:

Միաժամանակ առաջարկում ենք վերացնել Նախագծում առկա վրիպակը, մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում լրացվող բառերի մեջ նշված «2.1-րդ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «2.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու համար: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

15.12.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

15.12.2023թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ 2027 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր եւ Կոտայք մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի: Միաժամանակ, նախատեսվում է, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիպոտեկային վարկի վարկառուին եւ առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը դրամը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

06.12.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», որի նպատակն է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: 

Համաձայն առաջարկվող լրացման, եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027 թվականի հունվարի 1-ից չի կիրառվի Երեւան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր եւ Կոտայք մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ այլ մարզերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի համար:

Միեւնույն ժամանակ, Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիպոտեկային վարկի՝ վարկառուին եւ առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը դրամը:

Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից, Նախագծի վերաբերյալ, կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: 

Չնայած այն հանգամանքին, որ Նախագծով առաջարկվող լրացումներն ուղղված են տվյալ ոլորտում սոցիալական հավասարության ապահովմանը, միեւնույն ժամանակ, Նախագծի ընդունման դեպքում կարող են ծագել որոշակի սոցիալական խնդիրներ: Մասնավորապես, տվյալ հարկային արտոնության վերացումը, կարծում ենք, կարող է որոշակիորեն ազդել շինարարության ոլորտի վրա՝ հանգեցնելով դրա ծավալների կրճատմանը: Դա, իր հերթին, կանդրադառնա ոլորտում զբաղվածության մակարդակի եւ աշխատատեղերի կրճատման վրա՝ հանգեցնելով մի շարք սոցիալական խնդիրների առաջացման: 


Եզրահանգում

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ հատկապես դրա սոցիալական հետեւանքների գնահատման ու բացասական ազդեցության չեզոքացման տեսանկյունից, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

11.12.2023թ.