ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-715-20.11.2023-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7151 -20.11.2023-ՊԻ-011/0) եւ  «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7152 -20.11.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-715-20.11.2023-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7151 -20.11.2023-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7152 -20.11.2023-ՊԻ-011/0)    (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով ամրագրված սկզբունքները կիրառելի չեն համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթում:

«Սկզբունք» հասկացությունը իրավունքի տեսությունը բնորոշում է որպես ելակետային դրույթ, հիմնարար գաղափար, որն արտահայտում  է իրավունքի էությունը, պայմանավորված է իրավունքով կարգավորվող հասարակական հարաբերությունների էությամբ եւ որոշիչ դեր է խաղում իրավական նորմերի ստեղծման, կիրառման եւ մեկնաբանման փուլերում: Այս ընդհանրական բնորոշումը հատուկ է նաեւ պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Օրենսդիրն ամրագրել է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի սահմաններում՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

Համաձայանությամբ տուգանք նշանակելու վարույթը իրենից ներկայացնում է քրեադատավարական պարզեցված ընթացակարգ, որն իրականացվում հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում՝

1)  հանրային մեղադրանքի կարգով հետապնդվող քրեական գործը ոչ մեծ ծանրության է,

2) մեղադրյալը պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի իմաստով առաջին անգամ կատարած լինի հանցանք,

3) անձը պետք է նախաքննության փուլում, պաշտպանի ներկայությամբ ընդունի առաջադրված մեղադրանքը եւ տա իր համաձայնությունը սույն վարույթի կարգով գործը քննելու վերաբերյալ,

4) վարույթի կիրառումը բացառվում է այն գործերով, որոնցով մեղադրյալին մեղսագրվող արարքով վնաս է պատճառվել մասնավոր անձի շահերին,

5) դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին որոշման մեջ դիրքորոշում է հայտնել քրեական գործը սույն վարույթի կարգով քննելու վերաբերյալ,

6) դատարանը ստանալով համապատասխան քրեական գործը եւ հավաստվելով, որ առկա են սույն վարույթի կիրառման հիմքերը ու պայմանները եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի քրեական գործի վարույթը ստանձնելու եւ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ հարուցելու մասին,

7) վարույթը հարուցելու որոշման մեջ պետք է նշում կատարվի այն գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին՝ սահմանելով դատավճռի կայացման օրը,

8) սույն վարույթի կիրառման արդյունքում գրավոր ընթացակարգով կայացվում է մեղադրական դատավճիռ, որով անձի նկատմամբ նշանակվում է հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը,

9) դատավճիռը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին: Կայացված դատավճռի բողոքարկման հիմքերը սահմանափակ են: Դատավճիռը ուժի մեջ է մտնում ընդհանուր կարգով եւ ուղարկվում է կատաման:

Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ համաձայանությամբ տուգանք նշանակելու վարույթը որոշակի առանձնահատկություններ ունեցող քրեադատավարական ընթացակարգ է, որի արդյունքում կայացվող դատավճիռը  եւ նշանակվող պատիժը պետք է համապատասխանեն օրենքով սահմանված պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 77-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Ոչ մեծ ծանրության ավարտված կամ չավարտված հանցագործություններով համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը՝ առանց լրացուցիչ պատիժ եւ անվտանգության միջոց նշանակելու:»: Այս կարգավորման շրջանակում նախատեսվող տուգանքը ոչ թե հանդիսանում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքից շեղում, այլ դիտարկվում է որոշակի պայմանների միաժամանակյա առկայությամբ այն արդարացի պատիժը, որը նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ եւ սահմանված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով:

Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող լրացումը հանել:

2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետում «լրացնել» բառն առաջարկում ենք գրել մեծատառով, որպես նոր սկսվող նախադասություն: 

Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ նույն «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված «լրացնել» բառերին:

3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 77-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է արագացված վարույթ կիրառելու դեպքում չավարտված հանցագործությունների համար պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո միայն կիրառել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասը: Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 77-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ռեցիդիվի պայմաններում արագացված վարույթ կիրառելու դեպքում սկզբում կիրառել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնները եւ միայն հետո արագացված վարույթի կիրառման դեպքում պատժի նշանակման կանոնները: Ստացվում է մի իրավիճակ, երբ չավարտված հանցագործությունների համար պատժի նշանակման կանոնները եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ռեցիդիվի դեպքում կիրառվող կանոնները նախատեսվում է կիրառել արագացված վարույթի կիրառման դեպքում պատժի նշանակման կանոններից առաջ, սակայն չկարգավորված է մնում այն հարցը, թե ինչ հերթականությամբ են կիրառվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասը եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածը: Առաջարկում ենք կատարված դիտարկման հիման վրա կատարել համապատասխան լրամշակումները օրենսդրական բացերից եւ պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով:

4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 77-րդ հոդվածի 6-րդ մասից առաջարկում ենք հանել «Ոչ մեծ ծանրությամբ» բառերը, քանզի «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) 29-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) նոր շարադրվող 464.6-րդ հոդվածի համաձայն համաձայնությամբ տուգանքը նշանակելու վարույթի առարկան են կազմում բացառապես հանրային մեղադրանքի կարգով հետապնդվող ոչ մեծ ծանրության քրեական գործերը: Այս համատեքստում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 77-րդ հոդվածի 6-րդ մասում «Ոչ մեծ ծանրությամբ» բառերի նախատեսումը համարում ենք ավելորդ:

5. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է՝ «Վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձեւը եւ տրամադրման կարգը սահմանում է առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք նախատեսել համապատասխան կարգավորումները Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող ենթաօրենսդրական ակտի ընդունման ժամկետի եւ նրա ընդունման հետ կապված նորմերի գործողության առանձնահատկությունների վերաբերյալ:

6. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 271-րդ հոդվածում լրացնել նոր 3.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Դատական վարույթին ներգրավված եւ պատշաճ ծանուցված անձանց բացակայությունը խոչընդոտ չէ առաջին ատյանի կարգով իրականացվող վարույթում խափանման միջոցի հարցի քննարկման դատական նիստն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում:»: 

Օրենսգրքի որդեգրած ընդհանուր կանոնն այն է, որ դատական վարույթի մասնակիցներն ունեն երկու հիմնական պարտականություն՝ ներկայանալ դատական նիստին եւ չներկայանալու դեպքում այդ մասին պատշաճ ձեւով տեղեկացնել դատարանին: Վերջինը նաեւ չափանիշ է՝ չներկայանալու հարգելի լինելը գնահատելու համար: Դատավարական կարգավիճակով պայմանավորված՝ վարույթի առանձին մասնակիցների համար սահմանվել են նաեւ որոշակի բացառություներ՝ նրանց ներկայությունը դատական նիստին պարտադիր չհամարելով այն դեպքերում, երբ դա չի վտանգի վարույթի մրցակցային բնույթը: Մեղադրյալի դատավարական կարգավիճակը եւ նրա «խոցելի» դիրքը պարտադիր է դարձնում վերջինիս մասնակցությունը դատական նիստին, բացառությամբ Օրենսգրքով նախատեսված դեպքերի: Եթե այլ դեպքերում մեղադրյալը դատական նիստին չի ներկայանում, ապա դատալսումները հետաձգվում են, իսկ մեղադրյալին դատական նիստին ներկայացնելու համար կարող են հարկադրանքի միջոցներ կիրառվել: Այս մոտեցումը ամրագրված է Օրենսգրքի 272-րդ հոդվածի 1-ին մասում, իսկ 2-րդ մասով նախատեսված են այն պայմանները, որոնց միաժամանակյա առկայությունը թույլ է տալիս շեղվել այս ելակետային կանոնից: 

Ելնելով վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 271-րդ հոդվածում 3.1-ին մասի նախատեսումը կարող է  խնդրահարույց լինել քրեադատավարական «զենքերի հավասարության» սկզբունքի պահպանման տեսանկյունից:

7. Նախագծի 19-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 311-րդ հոդվածում լրացնել նոր 2-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝ « Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հարցը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է քննարկվել առաջնահերթության կարգով:»:

Նման կարգավորման նախատեսումը հակասում է Օրենսգրքի 311-րդ հոդվածի ողջ տրամաբանությանը, քանզի նախնական դատալսումների քննարկան առարկա հանդիսացող Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի հերթականությունը ունի որոշակի համակարգային նշանակություն, որտեղ յուրաքանչյուր նախորդի քննարկումը հնարավոր է դարձնում հաջորդի քննարկումը: Այսպես միայն դատավորի ինքնաբացարկի, բացարկի հարցի քննարկման եւ գործը քննող դատարանի կազմը օրինական լինելու փաստի հաստատումից հետո կարող է անդրադարձ կատարվել ընդդատության խնդրին: Ընդդատության հարցի քննարկումը եւ դատարանի իրավասու լինելը հաստատելուց հետո դատարանը կարող է անդրադառնալ քրեական հետապնդման հիմքերին եւ այդպես շարունակ նախանական դատական նիստում քննարկել մյուս հարցերը: Հետեւաբար առաջարկում ենք լրամշակել Նախագիծը եւ այն համպատասխանեցնել Օրենսգրքի 311-րդ հոդվածի համակարգային տրամաբանությանը:

8. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում «4-րդ» թվից առաջ առաջարկում ենք լրացնել «2-րդ մասի» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված փոփոխությունը ըստ էության կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում:

Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ Նախագծի 24-րդ եւ 26-րդ հոդվածների 1-ին մասերին:

9. Նախագծի 29-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 464.6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն եթե մեղադրյալը չի վիճարկում իրեն ներկայացված մեղադրանքի փաստական հիմքն ու իրավական գնահատականը եւ պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո կամավոր ցանկություն է հայտնում, որպեսզի դատարանում գործի քննությունն իրականացվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի կարգով, ապա քննիչը մեղադրյալի բանավոր միջնորդության հիման վրա կազմում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում են նաեւ մեղադրյալը եւ նրա պաշտպանը: 

Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի համաձայն՝ «արձանագրություն է վարույթի հանրային մասնակցի կամ դատական նիստի քարտուղարի կազմած փաստաթուղթ, որը հավաստում է որոշակի գործողությունների կատարումը կամ այլ փաստեր.»: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Նախագծի 29-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր լրացվող 464.6-րդ հոդվածի 3-րդ մասում չի նկարագրվում այնպիսի վարույթային գործողություն, որի արդյունքում ստացված փաստերը ամրագրվում են արձանագրությամբ: Մեղադրական եզրակացության հետ դատարան ներկայացվող փաստաթուղթը փաստացիորեն մեղադրյալի խնդրանքն է ուղղված դատարանին իր նկատմամբ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելուն ուղղված: 

Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 46-րդ կետի համաձայն՝ «միջնորդություն է վարույթի մասնակցի կամ այլ անձի խնդրանքը` ուղղված վարույթն իրականացնող մարմնին.»:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ քրեադատավարական օրենքի իմաստով առավել նպատակահարմար է մեղադրական եզրակացության հետ դատարան ներկայացնել մեղադրյալի միջնորդությունը՝ իր նկատմամբ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու մասին եւ ոչ թե արձանագրություն, որը այլ տիպի փաստաթուղթ է:

10. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ « Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

Առաջարկում ենք Նախագծի անցումայի դրույթներով նախատեսել կարգավորումներ առ այն, թե կիրառելի են արդյոք Նախագծի 29-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները մեղադրական եզրակացութամբ արդեն իսկ դատարան հանձնված քրեական գործերի նկատմամբ:

11. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված 2-րդ» «օրենսգրքի» բառը եւ «հետեւյալ խմբագրությամբ» բառերը հանել:

12. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: (...)»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախգծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության սկզբունքների եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծերի փաթեթը հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնները՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

                      Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

01.12.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

                      Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

01.12.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում կատարել մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել, որ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններով համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակը կամ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում, գրավատուի կողմից գրավը չմուծելու դեպքերը դիտարկվելու են մեղադրյալի կողմից պարտականությունների չկատարում եւ հիմք են տալու մեղադրյալի նկատմամբ առավել պիտանի խափանման միջոց ընտրելու եւ այլն, որոնց արդյունքում կլավարկվեն Քրեական, քրեական դատավարության եւ քրեակատարողական օրենսգրքերով նախատեսված որոշ իրավակարգավորումներ, ինչն էլ հնարավորություն կընձեռի լուծելու գործնականում առաջացող խնդիրները:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

21.11.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում եւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում:

Համաձայն Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ քրեական, քրեական դատավարության եւ քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացվել է մոնիթորինգ, որը կրելու է շարունակական բնույթ:

Իրականացված մոնիթորինգի արդյունքներով վեր են հանվել քրեական, քրեական դատավարության եւ քրեակատարողական նոր օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում առավել հաճախ ծագող հիմնական խնդիրները, որոնց լուծման, իսկ որոշ դեպքերում արդեն իսկ առկա օրենսդրական կարգավորումների լավարկման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռնամուխ լինել համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացմանը:

Հեղինակն ակնկալում է, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլավարկվեն քրեական, քրեական դատավարության եւ քրեակատարողական օրենսգրքերով նախատեսված որոշ իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն լուծելու գործնականում առաջացող խնդիրները: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

01.12.2023թ.