ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-714-20.11.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-714-20.11.2023-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է հետադարձ ուժ տալ Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 28-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներին: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 28-րդ հոդվածի 4-րդ մասով, օրինակ, նախատեսվում է առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողների ատեստավորման ժամկետ սահմանել պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք եւ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքը, նախկին՝ պաշտոնի նշանակվելու օրվանից վեց ամիս հետո ատեստավորման ժամկետի փոխարեն: Արդյունքում ստացվում է ծառայողը, ում ատեստավորումը Օրենքի գործող կարգավորումներով նախատեսվում էր անցկացնել պաշտոնի նշանակվելուց վեց ամիս հետո, Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ատեստավորում պետք է անցնի պաշտոնի նշանակվելուց հետո վեց ամսվա ընթացքում, ինչը կարող է Նախագիծն ընդունելուց հետո արդեն հոսած լինի կամ չպահպանվի ատեստավորման անցկացման ժամկետի համար սահմանված ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացնելու պահանջը:

2. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 28-րդ հոդվածի 18-րդ մասում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

3. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (...)»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծի՝ հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնը՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

04.12.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

04.12.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, որոնց համաձայն.

- վերացվում է ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը՝ ապահովելով ՀՀ սահմանադրական դատարանի 2023 թվականի ապրիլի 11-ի ՍԴՈ-1683 որոշման պահանջը,

- վերանայվում են ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ, 

- վերանայվում են ծառայողների կողմից ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցելու հիմքերը,

- ուսումնական ծախսերի փոխհատուցման կարգը եւ չափերը սահմանելու լիազորությունը վերապահվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին,

- հստակեցվում է նաեւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորությունը խախտելու դեպքում առաջացող հետեւանքի հետ կապված դրույթը՝ հաշվի առնելով, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն նշված պարտավորությունը խախտելու դեպքում նախատեսված է ոչ թե ուսումնական ծախսերի փոխհատուցման, այլ տուժանք վճարելու պարտականություն եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

22.11.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Հաշվի առնելով, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը զինվորական ծառայություն է, պետք է ապահովել զինվորական ծառայության անցնելու հիմնական սկզբունքների միատեսակ կիրառությունը: Մասնավորապես, համանման կարգավորումներ են նախատեսված նաեւ Զինված ուժերում եւ Ոստիկանությունում ծառայության անցնելու համար: Այդուհանդերձ, ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար հաշվի են առնվում օրենքով սահմանված մի շարք այլ պահանջներ եւս, որոնց բավարարելու դեպքում միայն անձը կարող է ընդունվել ծառայության: 

Նախագծով առաջարկվում է վերանայել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումները եւ վերացնել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված` ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը` ապահովելով ՀՀ սահմանադրական դատարանի 2023 թվականի ապրիլի 11-ի ՍԴՈ-1683 որոշման պահանջը: Վերանայվում են նաեւ ծառայողների կողմից ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցելու հիմքերը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

30.11.2023թ.