ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-713-17.11.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-713-17.11.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Որոշակի տեսակի հանցագործության քրեական օրենքով նկարագրված հատկանիշների համակցությունը ձեւավորում է կոնկրետ հանցակազմ: Հանցակազմը արարքի քրեական օրենքով սահմանված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հատկանիշների համակցությունն է: Այդ հատկանիշները քրեական իրավունքի տեսության մեջ անվանվում են հանցակազմի տարրեր: Հանցակազմի տարրերն են՝ սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ, օբյեկտ, օբյեկտիվ կողմ:

Հանցակազմի տարրերի միաժամանակյա առկայությունը պարտադիր է կատարված արարքում հանցագործության առկայության փաստը հաստատելու համար: Համապատասխանաբար, թվարկված տարրից որեւէ մեկի բացակայությունը կվկայի, որ արաքը հանցագործություն չէ, ուստի կբացակայի նաեւ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը:

Մեր կողմից քննարկվող հարցում հետաքրքրություն է ներկայացնում հանցագործության սուբյեկտի բացահայտումը: Հանցագործության սուբյեկտն այն հատկանիշների ամբողջությունն է, առանց որի չկա եւ չի էլ կարող լինել որեւէ հանցակազմ կամ որոշակի հանցակազմ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Քրեական պատասխանատվության ենթակա է մեղսունակ ֆիզիկական անձը, որի 16 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, ինչպես նաեւ իրավաբանական անձը:»: Սակայն քրեական իրավունքում առկա է նաեւ հանցագործության հատուկ սուբյեկտի ինստիտուտը, որը բացի սուբյեկտին ներկայացվող երեք պարտադիր հատկանիշներից, բնութագրվում է ֆակուլտատիվ (ոչ պարտադիր) հատկանիշներով: Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հանցագործության հատուկ սուբյեկտը հանցանք կատարած այն անձն է, որը, բացի ընդհանուր սուբյեկտի հատկանիշներից, օժտված է սույն օրենսգրքի Հատուկ մասով սահմանված լրացուցիչ հատկանիշներով, որոնք հիմք են տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկելու սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված համապատասխան հանցագործության համար:»: Այսինքն Օրենսգրքով նախատեսված որոշակի հանցագործությունների որակման համար հատուկ սուբյեկտի հատկանիշների հավաստումը պարտադիր է այնքանով, որքանով ընդհանուր սուբյեկտի հատկանիշների հավաստումը: Արարքը կարող է որակվել հանցագործություն միայն այն պարագայում, երբ պարունակում է հանցակազմի բոլոր տարրերը: 

Օրենսգրքի 516-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է՝ «Սույն բաժնով նախատեսված զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտը, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով, զինծառայող համարվող անձն է (այսուհետ` զինծառայող)»: Սույն հոդվածում հատուկ սուբյեկտի համար պարտադիր համարվող հատկանիշները նախատեսված են բլանկետային դիսպոզիցիայի միջոցով: Ուստի հատուկ սուբյեկտի առկայությունը կարող է հավաստվել այն օրենքների ուսումնասիրման միջոցով, որոնց Օրենսգրքի 516-րդ հոդվածի 4-րդ մասով կատարվում է հղում:

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 516-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվում է զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ ճանաչել նաեւ «Պաշտպանության մասին» օրենքի իմաստով՝ աշխարհազորային համարվող անձին՝ ով ընդգրկված է (ընդգրկված է եղել) «Պաշտպանության մասին» օրենքի 29.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված գործառույթների կատարմանը:»:

Ցանկանում ենք նշել, որ հատուկ սուբյեկտի սահմանումը նախատեսվող ձեւակերպմամբ կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից՝ ստորեւ ներկայացվող պատճառաբանությամբ:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող:»: Այսինքն օրենքը, որին հղում է կատարում Օրենսգրքի 516-րդ հոդվածի 4-րդ մասը հստակ նախատեսում է, թե ով է հանդիսանում զինծառայող, ուստի հանցագործության հատուկ սուբյեկտի առկայության որոշումը յուրաքանչյուր առանձին դեպքում չի առաջացնում խնդիրներ:

Սակայն իրավիճակը սկզբունքորեն կտարբերվի «աշխարհազորային համարվող անձի» նախատեսման դեպքում, քանզի «Պաշտպանության մասին» օրենքը բացահայտում է միայն «աշխարհազոր» հասկացության բովանդակությունը «Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9.1-ին կետով, այն է՝ «աշխարհազոր` քաղաքացիների կամավորության եւ տարածքային սկզբունքով զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը.»: Նման պայմաններում  Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 516-րդ հոդվածի 4-րդ մասը կարող է առաջացնել իրավական վեճեր, թե աշխարհազորում ընդգրկված քաղաքացին, որ ժամանակահատվածում է եղել «աշխարհազորային» կարգավիճակի կրող եւ որ ժամանակահատվածում է հատուկ սուբյեկտով հանցագործությունների կատարման համար ենթակա եղել քրեական պատասխանատվության: Իրավական նորմերում նման անհստակությունները առաջացնում են տարաբնույթ կարծիքներ՝ հանգեցնելով իրավական որոշակիության սկզբունքի խախտման, ըստ որի՝ «(…) իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության:» (տե՛ս 2021 թվականի դեկտեմբերի 23-ի ՍԴՈ-1621 որոշումը):

Ուստի առաջարկում ենք իրավական որոշակիության սկզբունքի արգելքը հաղթահարելու եւ առաջարկվող կարգավորման հստակությունն ապահովելու նպատակով նախ «Պաշտպանության մասին» օրենքում նախատեսել «աշխարհազորային» հասկացության սահմանումը, ապա Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 516-րդ հոդվածի 4-րդ մասում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ ճանաչել «Պաշտպանության մասին» օրենքի իմաստով՝ աշխարհազորային համարվող անձին՝ առանց լրացուցիչ մեկնաբանությունների:

2. Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ զինծառայողները եւ աշխարհազորայինները ունեն տարբեր կարգավիճակներ՝ համապատասխանաբար իրավունքների եւ պարտականությունների տարբեր ծավալներով: Հետեւաբար Օրենսգրքի 15-րդ բաժնով նախատեսված են նաեւ այնպիսի զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ, որոնք սկզբունքորեն կարող են կատարվել միայն զինծառայողի կողմից: 

Հետեւաբար առաջարկում ենք Նախագծով նախատեսվող փոփոխությունը ռեալիզացնել յուրաքանչյուր հոդվածում լրացում կատարելու միջոցով, որով նախատեսվող հանցագործությունը փաստացիորեն կարող է կատարվել նաեւ աշխարհազորայինի կողմից:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 516-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Սույն բաժնով նախատեսված զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտը՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով, զինծառայող համարվող անձն է (այսուհետ՝ զինծառայող), ինչպես նաեւ «Պաշտպանության մասին» օրենքի իմաստով՝ աշխարհազորային համարվող անձն է՝ ով ընդգրկված է (ընդգրկված է եղել) «Պաշտպանության մասին» օրենքի 29.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված գործառույթների կատարմանը:»:

Գտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 516-րդ հոդվածի 4-րդ մասը կարող է խախտել  Սահմանդրության 72-րդ հոդվածով նախատեսվող հանցագործություններ սահմանելիս եւ պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը, ըստ որի՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել:»: Խնդիրը կայանում է նրանում, որ Նախագիծը, «(ընդգրկված է եղել)» ձեւակերպմամբ, աշխարհազորային համարվող անձանց համարում է քրեական պատասխանատվության ենթակա նախկինում կատարված այն արարքների կատարման համար, որոնք կատարելու պահին նրանք ընդգրկված են եղել «Պաշտպանության մասին» օրենքի 29.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված գործառույթների կատարմանը: 

Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Արարքի հանցավորությունը, պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետեւանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:»: Այսինքն Նախագծով նախատեսվող կարգավորումները ուժի մեջ մտնելուց հետո կարող են քրեաիրավական հետեւանքներ առաջացնել միայն «Պաշտպանության մասին» օրենքի իմաստով՝ աշխարհազորային համարվող այն անձանց համար, ովքեր արարքը կատարելու պահին ընդգրկված կլինեն «Պաշտպանության մասին» օրենքի 29.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված գործառույթների կատարմանը եւ կկատարեն  Օրենսգրքի 15-րդ բաժնով նախատեսված զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների դիսպողիցիայով նկարագրված արարք:

Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:»: Անձի վիճակը վատթարացնող քրեական օրենքին հետադարձ ուժ տալու անթույլատրելիությունը հավաստվել է ինչպես Վճռաբեկ դատարանի, այնպես էլ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում: Այսպես Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵՇԴ/0090/01/10 որոշման համաձայն. «(…) անձին հանցագործություն կատարելու մեջ մեղավոր ճանաչելու միակ հիմքը կատարման պահին նրա արարքի` օրենքով սահմանված կարգով հանցագործություն համարվելն է: Այսինքն` արարքը կարող է որպես հանցագործություն նախատեսվել միայն քրեական օրենքով, եւ ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության եւ պատժի այլ կերպ, քան քրեական օրենքով ուղղակիորեն նախատեսված հանցանք կատարելու համար: Այսպիսով` չկա հանցագործություն, չկա պատիժ, եթե արարքն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով (nսllսm crimen, nսlla pօena sine lege):

Վերոնշյալ սկզբունքն իր արտացոլումն է գտել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում, որի համաձայն` բացառապես օրենքի հիման վրա կարող է որոշվել հանցագործության առկայությունը եւ դրա համար պատիժ սահմանվել (nսllսm crimen, nսlla pօena sine lege): Մասնավորապես, արգելելով նախատեսված հանցագործությունների սահմանների ընդլայնումն ի հաշիվ այն գործողությունների, որոնք նախկինում հանցագործություն չեն համարվել` «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածը նաեւ սահմանում է, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս մեղադրյալի տարածական մեկնաբանվի, օրինակ` մեկնաբանվի անալոգիայի կիրառմամբ (տե՛ս Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի գործով (KAFKARIS v. CYPRUS) 2008 թվականի փետրվարի 12-ի վճիռը, գանգատ թիվ 21906/04, կետ 138):

Ղեկավարվելով վերոգրյալով՝ գտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 516-րդ հոդվածի 4-րդ մասը կարող է խնդրահարույց լինել Սահմանադրության 72-րդ հոդվածի տեսանկյունից: Հետեւաբար առաջարկում ենք սույն եզրակացության 1-ին կետի հաշվառմամբ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 516-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «ով ընդգրկված է (ընդգրկված է եղել) «Պաշտպանության մասին» օրենքի 29.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված գործառույթների կատարմանը» արտահայտությունը:

4. Նախագծով նախատեսվող փոփոխությունների կատարման պարագայում աշխարհազորային համարվող անձինք եւս պետք է ենթակա լինեն Օրենսգրքի 15-րդ բաժնով նախատեսված զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության: Հետեւաբար նրանց նկատմամբ կարող են նշանակվել Հատուկ մասի համապատասխան հոդվածների սանկցիայով նախատեսված պատժատեսակները:

 Օրենսգրքի 15-րդ բաժնով նախատեսված զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար նախատեսվում է նաեւ կարգապահական գումարտակում պահելու պատժատեսակը: Օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն. «Կարգապահական գումարտակում պահելը հանցանք կատարած զինծառայողին (բացառությամբ սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի) մեկուսացման պայմաններում անազատության մեջ պահելն է։»: Այս նորմերի համադրման արդյունքում առաջանում է իրավական խնդիր, այն հարցի վերաբերյալ, թե արդյոք կարգապահական գումարտակում պահելու պատժատեսակը կարող է նշանակվել աշխարհազորային համարվող անձի նկատմամբ, քանզի կարգապահական գումարտակում պահելու պատժատեսակին վերաբերյալ օրենսդրական կարգավորումները վերաբերում են միայն զինծառայողներին: 

Իրավիճակը նույնն է նաեւ զինվորական ծառայության մեջ սահմանափակում պատժատեսակի նշանակման հարցում:

Սպասվելիք իրավիճակի օրինակ կարող է հանդիսանալ աշխարհազորայինի կողմից Օրենսգրքի 525-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարումը, որը՝ «պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»: Նախատեսվող երեք պատժատեսակներից աշխարհազորայինի նկատմամբ կարող է նշանակվել միայն ազատազրկումը՝ հնարավոր ամենախիստը: Նման պրակտիկան սկզբունքորեն կհակասի պատժի անհատականացման քրեաիրավական սկզբունքի երաշխավորմանը:

Առաջարկում ենք Նախագծով կատարված դիտարկամ վերաբերյալ նախատեսել կոմպրոմիսային կարգավորումներ՝ հնարավոր իրավական բախումներից խուսափելու նպատակով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել  Սահմանադրության 72-րդ հոդվածի եւ իրավական որոշակիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կարգավորումներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

08.12.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

08.12.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ ամրագրելով, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանում նաեւ «Պաշտպանության մասին» օրենքի իմաստով՝ աշխարհազորային համարվող անձը: Խնդիրն, ըստ Նախագծի հեղինակի, կայանում է նրանում, որ աշխարհազորայինները ներգրավվում են մարտական հերթապահության, մարտական առաջադրանքների կատարմանը, ինչի ընթացքում հաճախ հրաժարվում են իրենց պարտականությունների կատարումից, որի արդյունքում առաջ է գալիս վեջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Այնինչ՝ քրեական օրենսգրքի համապատասխան նորմը հստակ ամրագրում է, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է համարվում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով զինծառայող համարվող անձը: Հետեւաբար, այս ձեւակերպման պայմաններում աշխարհազորայինները չեն հանդիսանում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ, որի պարագայում հնարավոր չի լինում քրեական պատասխանատվության ենթարկել զինվորական ծառայության կարգը խախտած աշխարհազորայիններին:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

22.11.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Պատգամավորի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում՝ հստակ ամրագրելով, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանում նաեւ «Պաշտպանության մասին» օրենքի իմաստով՝ աշխարհազորային համարվող անձը:

Նախագծի ընդունման արդյունքում՝ օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը, ինչը հնարավորություն կընձեռի պատշաճ իրավական գնահատական տալ վերջիններիս կողմից թույլ տրված խախտումներին եւ լուծելու գործնականում առաջացող խնդիրները:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

04.12.2023թ.