ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-711-14.11.2023-ԱՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-711-14.11.2023-ԱՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)  10-րդ հոդվածում լրացնել նոր 11-րդ մաս հետեւյալ բովանդակությամ՝ «11. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված կցորդների եւ ներկայացուցիչների, ինչպես նաեւ պաշտպանության հարցերով, ռազմական կցորդների տեղակալների եւ օգնականների առաջադրման, նշանակման, ազատման, լիազորությունների շրջանակի, գործունեության, նրանց եւ նրանց ընտանիքի անդամների պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ»: Սույն լրացման կապակցությամբ նշենք,  որ Օրենքի կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է՝ «Սույն օրենքով սահմանվում են (…) դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց կարգավիճակը, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքները, ինչպես նաեւ կարգավորվում են դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ»: Նշված դրույթով բացահայտվում են այն անձանց եւ հարաբերությունների շրջանակը որոնք կարգավորվում են Օրենքով, ընդ որում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից»: Օրենքի 18-րդ հոդվածով հստակ սահմանված են դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց, դիվանագիտական ծառայության պաշտոնների շրջանակը, որոնց շարքում կցորդների տեղակալներ եւ օգնականներ սահմանված չեն: Այսինքն՝ Օրենքով կարող են կարգավորվել հենց դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց եւ նրանց ընտանիքի անդամների պահպանման ծախսերին վերաբերող կարգավորումները, այլ ոչ կցորդների օգնականների եւ տեղակալների, որոնց կարգավիճակի վերաբերյալ Նախագծով որեւէ կարգավորում սահմանված չէ: 

2. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ  մասով սահմանված է. «4. Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների եւ անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ՝ մեկ կամ երկու աստիճան ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ»:

Նշված կարգավորման բովանդակությունից հասկանալի չէ, թե որ դեպքում եւ ինչ չափանիշների հիման վրա է որոշվելու դիվանագետին արտահերթ մեկ թե երկու աստիճան ավելի բարձր դիվանագիտական աստիճան շնորհել. հատկապես, որ օրենսդրությամբ դիվանագիտակյան յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսվում է հավելավճար: Այսպես՝ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ պարբերությամբ եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 7-րդ հոդվածով հավելավճար է սահմանվում դիվանագիտական աստիճանի համար: Հինք ընդունելով վերոգրյալը եւ կամայական դրսեւորումներից խուսափելու նպատակով, կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել եւ որոշակիացնել՝ որ դեպքերում դիվանագետին կարող է շնորհվել մեկ, իսկ որ դեպքում երկու աստիճան ավելի բարձր դիվանագիտական աստիճան:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 10-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը առաջարկում ենք փոխարինել  «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Օրենքում կիրառված հասկացությունները, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ «2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

 Նույն դիտարկումը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 10-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ եւ 9-րդ մասերում կիրառված «Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերը փոխարինել «Վարչապետի» բառով:

4. Նախագծի 11-րդ հոդվածում առաջարկում ենք «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը: Բացի այդ Նախագծի 11-րդ հոդվածով նոր լրացվող 42.1-ին հոդվածը պետք է ունենա վերնագիր, նշվի «Հոդված» բառը եւ համապատասխան հոդվածի համար՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերով սահմանված պահանջները: 

Առաջարկում ենք նաեւ «42.1» գրելաձեւը փոխարինել «42.1-ին» գրելաձեւով՝ պահպանելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծի՝ հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնը՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

01.12.2023թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

01.12.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն, բացառիկ դեպքերում՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով նախարարության համակարգ գործուղել ոչ միայն պետական կառավարման համակարգի այլ մարմիններից, սահմանել, որ դիվանագիտական ծառայության ընթացքում ձեռքբերումներ ունեցած, նշանակալի արդյունքներ ցուցաբերած աշխատակցի աշխատանքի գնահատումն արձանագրելու եւ վերջինիս կարողություններն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաեւ խրախուսելու համար բացառիկ դեպքերում՝ արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան շնորհումից բացի՝ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման կարող է իրականացվել բացառություն, սահմանել համապատասխան լիազորող նորմեր, որոնց հիման վրա կառավարությունը եւ վարչապետը լիազորություն կունենան ընդունելու օտարերկրյա պետություններում կցորդների (ներկայացուցիչների) հաստիքների սահմանման, նշանակման որոշումներ եւ հստակեցնել որոշ դրույթներ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

17.11.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ԱԳՆ) գործունեության շարունակականության ապահովման, արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման նպատակով:

Նախագծով առաջարկվում է՝

  • դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն, 
  • ՀՀ քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով, բացառիկ դեպքերում նախարարության համակարգ միայն պետական կառավարման համակարգի մարմիններից չգործուղել,
  • սահմանել, որ դիվանագիտական ծառայության ընթացքում նշանակալի արդյունքներ ցուցաբերած, ձեռքբերումներ ունեցած աշխատակցի աշխատանքի գնահատումն արձանագրելու եւ վերջինիս կարողություններն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաեւ խրախուսելու համար բացառիկ դեպքերում՝ արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան շնորհումից բացի՝ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է իրականացվել բացառություն, 
  • Օրենքի 10-րդ հոդվածում սահմանել համապատասխան լիազորող նորմեր, որոնց հիման վրա վարչապետի եւ Կառավարության համապատասխան որոշումներով կկարգավորվեն կցորդների/ներկայացուցիչների հաստիքների ստեղծման, նշանակման եւ ազատման հետ կապված հարցերը, եւ այլն:

2. Նախագծի հետ կապված կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը.

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

2. «Դիվանագետները հավելավճար են ստանում դիվանագիտական աստիճանի եւ օտար լեզվի իմացության համար»:

Վերոնշյալից ենթադրվում է, որ Նախագծի ընդունմամբ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության պաշտոնից քաղաքացիական պաշտոն դարձնելու դեպքում  ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձին չի վճարվի դիվանագետի համար սահմանված հավելավճարից, հետեւաբար ենթադրվում է վարձատրության նվազեցում: Ուստի, կարծում ենք Նախագիծը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Նշենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ չկա անդրադարձ  վարձատրությանն առնչվող հարցերին:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

27.11.2023թ.