ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-707-13.11.2023-ԱՍ-011/0)  եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7071 -13.11.2023-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-707-13.11.2023-ԱՍ-011/0)  եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7071 -13.11.2023-ԱՍ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում կատարվող փոփոխությունը առաջարկում ենք ներառել համարակալված հոդվածում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:»: 

Նշվածով պայմանավորված առաջարկում ենք վերանայել նաեւ մյուս հոդվածների համարակալումը: 

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 5-րդ կետով, համաձայն որի՝ կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են՝ սույն մասի 1-4-րդ կետերում նշված՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային եւ այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ Կառավարության սահմանած կարգով:

Գտնում ենք՝ նախատեսված լրացման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «:» նշանը փոխարինել «.» նշանով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախգծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:

Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախգծերի փաթեթը հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնները՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ           ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

20.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

20.11.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված. 

1. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

- սահմանել փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակի իրավունքը, այն է՝ փախստականի կարգավիճակ ունենալու ամբողջ ժամանակահատվածում օրենքով սահմանված պայմանները բավարարելը,

- ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ձեռք բերված աշխատանքային եւ այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ Կառավարության սահմանած կարգով,

- Կառավարությանը վերապահել Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները սահմանելու լիազորությունը, ինչպես նաեւ փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը,

- սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձը, քրեակատարողական ծառայողը եւ դատական ակտերի հարկադիր կատարողը ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք,

- ստեղծել իրավական հիմք Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեւավորված տեղեկատվական բազաներից (կենսաթոշակի, հարկային մարմնի եւ այլն) կենսաթոշակի իրավունքն իրացնելու համար անհրաժեշտ տվյալները Միգրացիայի ծառայությունից (այդ տեղեկատվական բազաների տնօրինողից) ստանալու եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար:

2. «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

- Կառավարությանը վերապահել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ձեռք բերած՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար դիմելու ժամկետ սահմանելու լիազորություն,

- Կառավարությունը վերապահել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ձեռք բերած՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու փաստաթղթերի ցանկը սահմանելու իրավասություն: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

17.11.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան լրացումներ կատարելով հարակից՝ «Պետական նպաստների մասին» օրենքում, որի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ դրանց առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:

Գործող իրավակարգավորումներով սահմանվում են ՀՀ քաղաքացու, երկքաղաքացու, օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակի իրավունքները: Ըստ այդմ, փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակի իրավունքն իրացվում է որպես օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ինչից ելնելով, անհրաժեշտ է առանձնացնել  փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, որպես կենսաթոշակի իրավունք ունեցող առանձին խումբ, հստակեցնելու համար նրա կենսաթոշակի իրավունքը:

Հաշվի առնելով, որ ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված աշխատանքային ստաժները փոխադարձաբար ճանաչվել են, նոր իրողություններից ելնելով, անհրաժեշտություն է առաջացել սահմանել Լեռնային Ղարաբաղում ձեռք բերած աշխատանքային ստաժը ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս հաշվի առնելու օրենքի պահանջը:

Ըստ էության, անհրաժեշտ է հստակեցնել՝

- Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ կենսաթոշակ ստացող անձանց ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, վճարելու ընթացակարգերը, որի համար, բնականաբար, անհրաժեշտ է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի հարկային մարմնի կենսաթոշակի բազայում առկա տվյալները,

- Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձանց, քրեակատարողական ծառայողի եւ դատական ակտերի հարկադիր կատարողի կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները,

- «Պետական նպաստների մասին» օրենքի 23.1-ին հոդվածով նախատեսված, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օր) 2023թ. սեպտեմբերի 19-ից սկսված ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանված մայրերի համար ժամկետի պահպանումը, 

- մայրության նպաստի դեպքում ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա նպաստ նշանակելը: 

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումն, ըստ հեղինակի, կհստակեցնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն եւ կբերի Նախագծերի փաթեթով հետապնդվող խնդիրների լուծմանը:: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

16.11.2023թ.