ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-705-13.11.2023-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7051 -13.11.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7052 -13.11.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-705-13.11.2023-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7051 -13.11.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7052 -13.11.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգի հասկացությունը, միաժամանակ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հասյաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն է նախատեսվում ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար: Մինչդեռ նշենք, որ միայն հասկացության սահմանումը, առանց համապատասխան արարքի համար արգելքի մասին նշման իրավաչափ չէ: Մասնավորապես Նախագծերի փաթեթով տրվում է միայն համապատասխան հասկացության սահմանումը, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով՝ պատասխանատվությունը. մինչդեռ ջրային օրենսգրքում պետք է հստակ սահմանվեր համապատասխան պատասխանատվության նյութական հիմքը՝ այսինքն արգելքը ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար:

Միաժամանակ անհրաժեշտ է Նախագծերի փաթեթում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն եզրույթները. մասնավորապես մի շարք դրույթներում կիրառված է «ձնաբուծարաններ», այլ հոդվածներում՝ «ձկնաբուծական տնտըեսություններ»:

Առաջարկում ենք նաեւ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող հասկացության սահմանման մեջ նշված «%» նշանը փոխարինել «տոկոս» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Միաժամանակ նշենք, որ  «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ուժով հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգը սահմանվելու է Կառավարության կողմից, մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հասյաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծով նշված արարքի համար ամբողջությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն, հետեւաբար հասկանալի չէ՝ ինչ կարգ պետք է սահմանի Կառավարչությունը, եթե նշված գործողության համար սահմանված է վարչական պատասխանատվություն:

2. Հասկանալի չէ ՝ ինչու է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումը կատարվում փոփոխություն նախատեսող ակտում, այլ ոչ հիմնական իրավական ակտում, այն է՝ Ջրային օրենսգրքում: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում» եւ այն հանգամանքը, որ տվյալ նախագծով նախատեսված լրացումը վերաբերելի չէ փոփոխություն նախատեսող ակտին առաջարկում են համապատասխան լրացումները կատարել Ջրային օրենսգրքում:

3. Առաջարկում ենք նաեւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:  Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծերի փաթեթը հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով ժամանակի սղության գործոնները՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

20.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

20.11.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի Փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է սահմանել նոր՝ «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգ» հասկացությունը, որը  ջրախնայող համակարգ է եւ պետք է ապահովի ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40%-ի մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ հորատանցքից իրականացնելով ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60%-ի չափով ջրառ եւ ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40% ջրախնայողություն»: Փաթեթով սահմանվում են նաեւ իրավական հիմքր՝ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգի սահմանման համար:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

17.11.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների կարգավորման եւ «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգ» հասկացության հստակեցման անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է ստորերկրյա ջրերի մակարդակների եւ ճնշումների իջեցումներ, ինչն էլ իր հերթին վկայում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի: Բնակլիմայական պայմաններով պայմանավորված եւ մարդու կողմից անխնա օգտագործման արդյունքում Արարատյան արտեզյան ավազանում (այսուհետ՝ նաեւ Ավազան) տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական աղետի:

2. Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի ավազանը համարվում է քաղցրահամ ջրի երկրորդ կարեւորագույն պաշարը Սեւանա լճից հետո: Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն՝ հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում կատարվել է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ձեւավորման հասակի եւ ծագման վերլուծություն, որը վկայում է, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը ունեն խոցելիության բարձր մակարդակ մարդածին ազդեցությունների եւ կլիմայական փոփոխությունների նկատմամբ: 

Մի շարք հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ Ավազանի ստորերկրյա ջրերի ծավալն արագորեն նվազում է, որի հիմնական պատճառը ձկնարդյունաբերության նպատակով հորված արտեզյան ջրերի չարաշահումն է: Ձկնաբուծարանների  կողմից ջրի անխնա օգտագործման արդյունքում վտանգված է Ավազանի ստորերկրյա ջրերի պաշարները: Հարկ է նշել, որ Արարատյան դաշտավայրի ջուրը օգտագործվում է ոչ միայն ձկնարդյունաբերության համար, այլ նաեւ խմելու եւ ոռոգման համար:

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«1. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների պահանջարկը գնահատվում է` ըստ ստորեւ բերված ջրօգտագործման ուղղությունների՝

1) խմելու - կենցաղային եւ տնտեսական սպառման համար.

2) գյուղատնտեսական` հողերի ոռոգման, աղակալած հողերի լվացման, ամառային արոտների ջրարբիացման համար.

3) արդյունաբերական՝ արտադրական եւ արդյունաբերական գործընթացների կազմակերպման համար.

4) ձկնաբուծական....»:

Համաձայն ՄԱԶԾ-ի կողմից իրականացված կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, կլիմայի փոփոխությունը բացասաբար կազդի Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների պաշարների վրա: Ըստ կանխատեսումների, մոտակա հարյուր տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում մակերեւութային ջրերի հոսքը կարող է նվազել մոտ 24%-ով, ինչը իր հերթին կազդի ստորերկրյա ջրային պաշարների վրա: Հետեւաբար, ջրառաջարկը կնվազի, իսկ պահանջարկը կավելանա, ինչը կառաջացնի սոցիալական հիմնախնդիրներ, մասնավորապես` խմելու ջրի մատակարարման եւ սննդապահովվածության (բուսական եւ կենդանական ծագման մթերքի արտադրություն) տեսանկյունից:

Արարատյան հարթավայրը (ք.Երեւան, Արմավիրի եւ Արարատի մարզ), որին բաժին է ընկնում Հայաստանի ջրառի 68%-ը, այս տեսանկյունից ամենախոցելի տարածաշրջաններից է:  Արարատյան հարթավայրում սպառվող ջրի 71%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսության եւ ձկնաբուծության ոլորտներին: Հայաստանի Հանրապետությունում գործող ձկնաբուծարանների 76%-ը տեղակայված է Արարատյան հարթավայրում: Ջրի սակավությունը Արարատյան հարթավայրում արդեն իսկ ակնհայտ է, վերջին 1-2 տարում Արարատյան դաշտում ոռոգման ջուրը սկսել է չբավարարել:[1]

Ելնելով վերոգրյալից, կարծում ենք, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողների մի զգալի մաս կզրկվի հողակտորները ոռոգելու հնարավորությունից, ինչն էլ իր հերթին կառաջացնի սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, եւ բացի այդ, Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների գերսպառումը կարող է հանգեցնել  բնապահպանական աղետի: Ուստի, հաշվի առնելով սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական խնդիրները, Նախագծերի փաթեթի ընդունումը, մեր կարծիքով, կարող է ունենալ դրական նշանակություն:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                                Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

20.11.2023թ. 

--------------------------------------------------------------------------------

[1] http://freda.am/wp-content/uploads/2015/06/8.pdf