ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-691-30.10.2023-ՊԻ-011/0), «Գիտական եւ Գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6911 -30.10.2023-ՊԻ-011/0),  «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6912 -30.10.2023-ՊԻ-011/0), «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6913 -30.10.2023-ՊԻ-011/0) եւ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6914 -30.10.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-691-30.10.2023-ՊԻ-011/0), «Գիտական եւ Գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6911 -30.10.2023-ՊԻ-011/0),  «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6912 -30.10.2023-ՊԻ-011/0), «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6913 -30.10.2023-ՊԻ-011/0) եւ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-6914 -30.10.2023-ՊԻ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել երրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

Վերը նշված դրույթը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ներառված «Գիտական եւ Գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրերում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել:

2. Նախագծի 1-ին հոդվածով՝ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. 

«Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները

1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:»:

Նախ նշենք, որ նոր խմբագրությամբ շարադրված 4-րդ հոդվածը վերնագրված է պատվավոր կոչումներ վերտառությամբ, մինչդեռ նույն հոդվածի բովանդակությունը վերաբերում է միայն մեկ պատվավոր կոչմանը: 

Բացի այդ նշենք, որ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորող Սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով,  շնորհում է պատվավոր կոչումներ»: Օրենքով հստակ սահմանված են՝ որ դեպքերում եւ ինչի համար են տրվում պատվավոր կոչումներ եւ շքանշաններ: Մասնավորապես օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության պետական պարգեւները կոնկրետ ոլորտներում նշանակալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության եւ այլնի համար է տրվում: Նույն Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ պատվավոր կոչումները շնորհվում են կոնկրետ ոլորտների կամ բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների եւ բացառիկ վաստակի համար: 

Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում հանվում է այն դրույթը, թե ինչի համար կամ որ արժանիքները հաշվի առնելով կարող է պատվավոր կոչում շնորհվել: Նման դրույթի բացակայության պարագայում, անորոշ է նաեւ, թե ինչու պատվավոր կոչում շնորհելու սահմանադրորեն ամրագրված իրավասությունը վերաբերելի է միայն կոլեկտիվներին:  Միաժամանակ նշենք, եթե միայն Օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքերում կարող է շնորհվել պատվավոր կոչում, առաջարկում ենք նշված դրույթը սահմանել Օրենքի 4-րդ հոդվածում՝ պահպանելով նաեւ մեկ հոդվածից բաղկացած գլուխ ունենալու արգելքին վերաբերող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

3. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել  Օրենքի 5.1-ին հոդվածի 8-10-րդ մասերը, ինչի արդյունքում բաց են մնում Հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացություն տալու ժամկետը, նշված եզրակացությունը ստանալուց հետո Հանրապետության Նախագահին դիմելու հստակ ժամկետը, միջնորդությամբ չդիմելու հետեւանքները: Մինչդեռ նշենք, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 5.1-ին հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 7-րդ մասի բովանդակությունից բխում է, որ Վարչապետը կարող է նաեւ դիմել խորհրդատվական հանձնաժողովին, մինչդեռ Օրենքի 5.1-ին հոդվածի 8-10-րդ մասերը ուժը կորցրած ճանաչելու եւ այլ համանման կարգավորումներ չսահմանելու արդյունքում բաց են մնում մի շարք կարգավորումներ եւ ժամկետներ, օրինակ՝ Վարչապետի կողմից նշված հանձնաժողովին դիմելիս ինչ ժամկետում վերջինս պետք է եզրակացություն տա կամ Վարչապետի կողմից միջնորդությամբ չդիմելը ինչ հետեւանքներ կարող է ունենալ:

4. Օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը կարգավորումներ են նախատեսում պետական պարգեւներով պարգեւատրվելու եւ պատվավոր կոչումներ  շնորհելու վերաբերյալ միջնորդությունների բովանդակությանը եւ կից փաստաթղթերին. հաջորդիվ նույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը վերաբերում են հենց «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչման միջնորդության բովանդակությանը եւ կից փաստաթղթին: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է պատվավոր կոչման միայն մեկ տեսակ, այն է՝ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ», առաջարկում ենք Օրենքի 1-ին եւ 2-րդ մասերում պատվավոր կոչում շնորհելու վերաբերող կարգավորումները վերանայել Նախագծի լույսի ներքո:

5. Նախագծով Օրենքի մի շարք հոդվածներում «կոչումներ» բառը փոխարինվում է «կոչում» բառով, մի շարք հոդվածներում շարունակվում է կիրառվել «կոչումներ» ձեւակերպումը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասը եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասը առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ, եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը

6. Նախագծի 9-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի  հավելված 2-ը, առաջարկում ենք Օրենքի հավելված 2-ի վերնագիրը  համապատասխանեցնել հավելվածի բովանդակությանը, մասնավորապես՝ հավելված 2-ը վերնագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՇՆՈՐՀԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ», մինչդեռ հավելված 2-ով  եւ Նախագծով նախատեսված է պատվավոր կոչման միայն մեկ տեսակի, այն է՝  «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչման հնարավորություն: Միաժամանակ առաջարկում ենք նույն հավելվածում նշված «ՀՀ» հապավումները  նշել ամբողջական տաբերակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ Նախագծի 10-րդ հոդվածում կիրառված հապավումներին

7. Նախագծի 10-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

8. Առաջարկում ենք «Գիտական եւ Գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում՝ օրենքի հերթական համարից առաջ գրված «թիվ» բառը հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ  «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եւ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

9. Առաջարկում ենք «Գիտական եւ Գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետից հանվող «պատվավոր կոչումների» բառերից բացի հանել նաեւ վերջիններիս նախորդող ստորակետը՝ դրույթի ճիշտ կետադրությունն ապահովելու նպատակով:

10. Առաջարկում ենք «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի հերթական համարից հետո նշված «-Ն» տառը հանել, քանի որ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում վերջինիս նորմատիվ բնույթի մասին նշումը բացակայում է:

11. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում նշված օրենքի 18.7-րդ հոդվածի 3-րդ պարբերության «բ» կետից հանվում է` ««Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ» կոչման շնորհման, «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող», «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» կոչումների շնորհման» բառերը:

Մինչդեռ գործող օրենքի 18.7-րդ հոդվածի 3-րդ պարբերության «բ» կետում բացակայում է «կոչման շնորհման» բառերը: Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք վերանայել կատարվող փոփոխությունը՝ վերը նշված դիտարկման հաշվառմամբ՝ դրույթի ինկորպորացումն ապահովելու նպատակով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

20.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

20.11.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքից եւ հարակից այլ օրենքներից հանել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչումները:

Առաջարկվում է նաեւ վերանայել Հայաստանի Հանրապետությունում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթ ի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

07.11.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչպես նաեւ մի շարք հարակից այլ օրենքներում:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ Օրենքով նախատեսված պատվավոր կոչումների՝ ներկայումս սահմանված շրջանակով եւ չափանիշներով շնորհումն առանձին անձանց ներկայումս բացասական ազդեցություն է ունենում ինչպես առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության ձեւավորման, արժանիքահեն առաջընթացի, այնպես էլ մասնագիտական տիրույթներում ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի վրա՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ գործող կարգավորումների պայմաններում առանձին անձանց պատվավոր կոչումների շնորհման առնչությամբ մասնագիտական հանրույթներում կոնսենսուսի ապահովման գործիքակազմ առկա չէ: Պատվավոր կոչումների մեծամասնությունը ՀՀ օրենսդրությամբ դրանց նախատեսման համար սահմանված նպատակներին չի ծառայում եւ օբյեկտիվորեն չի կարող ծառայել, քանի որ հնարավոր չէ նախատեսել «ժողովրդական» եւ «վաստակավոր» պատվավոր կոչման՝ օբյեկտիվ իրականության մեջ չափելիության, ինչպես նաեւ մի շարք այլ կոչումների շնորհման օբյեկտիվ չափանիշներ եւ ընթացակարգեր:

Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրինակելի փորձ ունեցող երկրներում, որպես կանոն, չեն գործում առանձին մասնագիտությունների տեր անձանց արժեւորման նման ձեւաչափեր՝ նախապատվությունը տալով առանձին մասնագիտական հանրույթի ներսում խրախուսման մեխանիզմների կամ մրցանակաբաշխությունների իրականացման պրակտիկային, որոնց հիմքում, սովորաբար, մրցութային հիմունքներով մասնակցությունն է եւ բաց մրցակցությունը կամ մասնագիտական հանրույթի կոնսենսուսը:

Նախագծերի փաթեթի շրջանակում առաջարկվում է վերանայել Հայաստանի Հանրապետությունում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական կոչում՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսեւորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրույթների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձեւավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների եւ մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                   ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

15.11.2023թ.