ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-692-30.10.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի`  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշեմ հետեւյալը՝

1. Նախագծով նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին կատարողականի գնահատման հիման վրա տալ հավելավճար՝ ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու անհրաժեշտությունից ելնելով: Սույն կարգավորման կապակցությամբ նշենք հետեւյալը.

Նախ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ Օրենքի գործողությունը տարածվում է, ի թիվս այլոց,  պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վրա: «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ տարանջատում է պետական ծառայության տեսակները, որոնց շարքում «պետական եկամուտների կոմիտեի ծառայող» կամ նման ծառայության առանձին տեսակ սահմանված չէ: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել օրենսդրությամբ սահմանված եւ հանրածանոթ եզրույթներ:

Ինչ վերաբերում է կատարողականի գնահատման հիման վրա Պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին (այսուհետ՝ Ծառայող) հավելավճար տրամադրելուն, ապա նշենք, որ Օրենքը հստակ տարանջատում է հիմնական աշխատավարձը, պարգեւատրումը եւ լրացուցիչ աշխատավարձը, որի մեջ ներառված է հավելավճար: Այսպես՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է սույն օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից եւ պարգեւատրումներից»: Ընդ որում նույն Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն կատարողականի գնահատման հիման վրա տրվում է պարգեւատրում, այլ ոչ թե լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող հավելավճար: Շարունակելով նույն տրամաբանությունը՝ Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասը հստակեցնում է պետական ծառայողների համար կատարողականի գնահատման հիման վրա պարգեւատրումը, այն է՝ «Պետական ծառայողը պարգեւատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է (…)»: Նշված դրույթների համադրության արդյունքում ստացվում է, որ Օրենքով կատարողականի գնահատման հիմքը նախատեսված է վարձատրության տեսակներից հենց պարգեւատրում ստանալու համար, հակառակ պարագայում նույն հիմքով եւ՛ պարգեւատրում, եւ՛ հավելավճարի նախատեսումը նույնացնում է աշխատավարձի նշված երկու տեսակները եւ չի բխում Օրենքի տրամաբանությունից: 

Բացի այդ կատարողականի գնահատման հիման վրա պարգեւատրում նախատեսված է բոլոր պետական ծառայողների համար (բացառությունները սահմանված են Օրենքով), մինչդեռ Նախագծով նույն հիմքով, հավելավճարի տրամադրման նախատեսումը միայն Ծառայողների համար, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի՝ շեշտադրելով այն օբյեկտիվ եւ ողջամիտ հիմքը, որն ընկած է նման տարբերակման հիմքում. սույն առաջարկությունը բխում է խտրականության բացառման սկզբունքի  կարեւորությունից եւ վարձատրության հիմնական սկզբունքներին վերաբերող  Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջից, որի ուժով պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի (որի մեջ ներառվում է եւ՛ պարգեւատրումը, եւ՛ հավելավճարը) տարբերակումը պետք է լինի հիմնավորված:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով լրացվող նոր 6.3-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված է (մեջբերում)՝ «Կատարողականի գնահատման չափանիշները եւ դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Նշված դրույթի ձեւակերպումից բխում է, որ կատարողականի գնահատման հիման վրա հավելավճար տրվում է յուրաքանչյուր պաշտոնի համար, մինչդեռ Օրենքի 7-րդ հոդվածի եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 48-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ վարձատրություն, տվյալ պարագայում հավելավճար, Օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, ստանում են ծառայողները, հետեւաբար, կախված պաշտոնից, յուրաքնաչյուր պաշտոնի համար հավելավճարի չափի սահմանումը հստակ եւ որոշակի չէ:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին». այսինքն՝ Կառավարությանը համապատասխան կարգի սահմանումը լիազորող նորմը պետք է լինի բավականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունն ու սահմանները հասկանալու համար։ Իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (ՍԴՈ-1213): Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք հստակեցնել, թե ինչ կարգ պետք է սահմանվի Կառավարության կողմից:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով լրացվող նոր 6.3-րդ մասի 3-րդ  պարբերությամբ սահմանված է՝ «Սույն մասով սահմանված հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը սահմանում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը»:

«Հանրային ծառայության մասին» օրենքի  48-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է՝ «1. Յուրաքանչյուր հանրային պաշտոն զբաղեցնող անձ եւ հանրային ծառայող առանց որեւէ խտրականության ունի օրենքով սահմանված չափով վարձատրության իրավունք»: Նույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(…) կատարողականի (աշխատանքի) գնահատման, շարժունության, կադրերի ռեզերվում գրանցվելու, խրախուսման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, պաշտոնից ազատելու եւ ծառայությունը դադարեցնելու եւ այս հարաբերություններից բխող այլ հարաբերությունները սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով»: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները կարգավորող օրենքներով: 

«Հարկային ծառայության մասին» օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասով եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, որպես պետական ծառայության համապատասխան տեսակները կարգավորող օրենքներ, սահմանում են, որ նշված ծառայողների կատարողականի գնահատումն իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն: Նշված օրենքով կատարողականի գնահատման կարգի սահմանումը վերապահված է Կառավարությանը: Արդյունքում հասկանալի չէ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը ինչ այլ ենթաօրենսդրական ակտեր պետք է ընդունի, եթե կատարողականի գնահատմանը վերաբերող հարաբերությունները կարգավորված են օրենսդրական ակտերով եւ Կառավարության կարգերով:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես անցումային դրույթ, սահմանված է՝ «Մինչեւ կատարողականի գնահատման հիման վրա հավելավճարի տրամադրման նոր համակարգին անցումը Պետական եկամուտների կոմիտեի ծառայողների վարձատրությունն իրականացվում է մինչեւ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասն ուժի մեջ մտնելը գործող կարգով»: Նախագծի անցումային դրույթներից եւ կից ներկայացված հիմնավորումից բխում է, որ Նախագծի ուժի մեջ մտնելու արդյունքում կատարողականի գնահատման հիման վրա հավելավճարի տրամադրման նոր համակարգին ամբողջական անցումը դեռ չի կատարվում, մինչդեռ նշենք, որ Նախագծի 4-րդ հոդվածով նշված ժամկետներում՝ Նախագծով նախատեսված կարգավորումների եւ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելու արդյունքում արդեն իսկ կատարվում է անցում կատարողականի գնահատման հիման վրա հավելավճարի տրամադրման նոր համակարգին: Բացի այդ հասկանալի չէ, թե ով եւ ինպես է որոշելու, թե որ Ծառայողներին է առաջնային վերաբերելու կատարողականի գնահատման հիման վրա հավելավճարի տրամադրման նոր համակարգը կամ ինչ փուլերով եւ հստակ ժամկետներում է իրականացվելու նոր համակարգին ամբողջական անցումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 6-րդ եւ 29-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը Օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ                                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

16.11.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

16.11.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդնել կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ՝ ծառայության գրավչության բարձրացման եւ կադրերի արտահոսքը կանխելու նպատակով:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

1. Նախագծով առաջարկվում է սահմանել Պետական եկամուտների կոմիտեի ծառայողների կատարողականի գնահատման հիման վրա հավելավճար տալու հնարավորություն, որն իրենից ներկայացնում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով պարգեւատրումը սահմանվում է որպես միանվագ վճար, որը պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման եւ (կամ) հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար: Այսինքն, Նախագծով առաջարկվող լրացումների ընդունման պարագայում կստացվի, որ կատարողականի գնահատումը հիմք կհանդիսանա Պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին ինչպես պարգեւատրում, այնպես էլ հավելավճարի տալու համար, ինչը, կարծում ենք, ոչ միայն տրամաբանական չէ, այլեւ չի բխում գործող իրավակարգավորումներից: Այսպես «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19.1 հոդվածի 1-ին մասով եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ համապատասխանաբար՝ հարկային եւ մաքսային ծառայողների  կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: Վերջինիս 18-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիական ծառայողի կատարողականն աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքի արդյունքները եւ այդ արդյունքներին հասնելու արդյունավետությունն է, որը գնահատում է անմիջական ղեկավարը: Կատարողականի գնահատումն իրականացվում է տարին մեկ անգամ: Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին իրականացվում է կատարողականի ընթացիկ գնահատում: Ի դեպ, դատելով Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բերված փաստարկներից, կարելի է ենթադրել, որ հավելավճարի տրամադրման համար առաջարկվող գործիքակազմի առումով Նախագծի հեղինակներն ավելի շատ նկատի են ունեցել որոշակի չափանիշներ կամ չափորոշիչներ (պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելու հանգամանքը, Կառավարության կողմից սահմանված որակավորումը, հարկային/մաքսային ոլորտի հավաստագիրը եւ այլն): Այս առումով, կարծում ենք, Նախագիծը հստակեցումների կարիք ունի՝  նույն կատարողականի գնահատման հիման վրա միաժամանակ պարգեւատրում եւ հավելավճար տրամադրելու հնարավորությունը բացառելու առումով: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունը հաշվի առնելու տեսանկյունից:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

10.11.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում:

Նախագծով առաջարկվում է ներդնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ծառայողներին հավելավճար տրամադրելու նոր գործիքակազմ, մասնավորապես՝ սահմանվում է, որ Կոմիտեի ծառայողներին տրվում է հավելավճար կատարողականի գնահատման հիման վրա: Նախատեսվում է, որ կատարողականի գնահատման չափանիշները եւ դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը սահմանում է Կոմիտեի նախագահը:

Նախագծի ընդունման արդյունքում Կոմիտեի ծառայողների համար կապահովվեն լրացուցիչ սոցիալական երաշխիքներ, կսահմանվի արժանապատիվ վարձատրության չափ, ինչը երաշխիք կհանդիսանա նաեւ ծառայողներին կոռուպցիոն դրսեւորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

17.11.2023թ.