ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-681-16.10.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-681-16.10.2023-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 39-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ կետի համաձայն. «9. երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու, ինչպես նաեւ երկու տարի անընդմեջ հատուկ ուսուցման եւ (կամ) քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված վերապատրաստման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում»:

Վերոնշյալ փոփոխության վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Երկու տարի անընդմեջ հատուկ ուսուցման եւ (կամ) քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված վերապատրաստման (այսուհետ նաեւ` վերապատրաստում)  դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում Օրենքը քրեակատարողական ծառայողի նկատմամբ որեւէ բացասական իրավական հետեւանք չի նախատեսում: Նախագծի 1-ին հոդվածով սահմանված փոփոխությամբ Օրենքում ամրագրվում է քրեակատարողական ծառայությունից քրեակատարողական ծառայողին ազատելու նոր հիմք, մասնավորապես՝ քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունից ազատվում է երկու տարի անընդմեջ հատուկ ուսուցման եւ (կամ) քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված վերապատրաստման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում: Հարկ է նկատել, որ Նախագծում բացակայում են անցումային դրույթներ քրեակատարողական այն ծառայողների վերաբերյալ, ովքեր Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո նախորդող մեկ կամ երկու տարիների ընթացքում քննարկող վերապատրաստման դասընթացներին մասնակցության արդյունքում ունեն բացասական՝ «չստուգված» գնահատական: Հետեւաբար հասկանալի չէ՝ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության գործողության շրջանակը սուբյեկտների, ինչպես նաեւ տվյալ դեպքերում գործող իրավահաբերությունների բացահայտման տեսանկյունից: Այսպիսով՝ Նախագծում համապատասխան անցումային դրույթների բացակայությունը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման: Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությունը գործող օրենսդրական կարգավորումների համեմատությամբ անձի համար առաջացնում է ավելի անբարենպաստ վիճակ՝ նախատեսելով բացասական իրավական հետեւանք վերապատրաստաման դասընթացներին մասնակցության արդյունքում բացասական գնահատական ունեցող քրեակատարողական ծառայողների համար: Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում կատարվող փոփոխությունը կարող է հանգեցնել Օրենքի քննարկվող դրույթի գործողության տարածման վերաբերյալ տարաբնույթ ընկալումների:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:»: 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը, որի համաձայն. «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:»: 

Հարկ ենք համարում նշել, որ Սահմանադրական դատարանը իր մի շարք որոշումներում արձանագրում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի մերժման սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարեւոր երաշխիք:

Այսպիսով՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում ամրագրել քննարկվող իրավադրույթի գործողության տարածումը Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի անընդմեջ վերպատրաստման դասընթացների արդյունքում բացասական գնահատական ստանալու դեպքերի նկատմամբ՝ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի մերժման եւ իրավական որոշակիության սկզբունքների ապահովման, ինչպես նաեւ նախատեսվող իրավակարգավորման գործողության շրջանակի հստակեցման եւ իրավադրույթի գործողության տարածման վերաբերյալ տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով:

2. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հոդվածի մասի կետը նոր խմբագրությամբ շարադրելը նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կատարելու միջոցներից է: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված իրավադրույթից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

(…)

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.»:

3. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ` Օրենք)» ձեւակերպումը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում Օրենքին այլեւս հղում չի կատարվում:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ կետում հոդվածի կետի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել փակագծով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի եւ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

30.10.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

30.10.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծն ուղղված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Այդ նպատակով առաջարկվում է որպես քրեակատարողական ծառայողի Քրեակատարողական ծառայությունից ազատման հիմք սահմանել երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալը, ինչպես նաեւ երկու տարի անընդմեջ հատուկ ուսուցման եւ (կամ) քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված վերապատրաստման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

26.10.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաեւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու նպատակով: 

Նախագծով նախատեսվում է բարձրացնել քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության մակարդակը, ինչպես նաեւ ակնկալվում է ապահովել քրեակատարողական ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացումը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

02.11.2023թ.