ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-675-09.10.2023-ՊԱ-011/0),  «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-6751 -09.10.2023-ՊԱ-011/0), «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-6752 -09.10.2023-ՊԱ-011/0), «Ինկասացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-6753 -09.10.2023-ՊԱ-011/0), «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-6754 -09.10.2023-ՊԱ-011/0), «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-6755 -09.10.2023-ՊԱ-011/0), «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-6756 -09.10.2023-ՊԱ-011/0), «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-6757 -09.10.2023-ՊԱ-011/0), «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-6758 -09.10.2023-ՊԱ-011/0), «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-6759 -09.10.2023-ՊԱ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-67510 -09.10.2023-ՊԱ-011/0), «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-67511 -09.10.2023-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-67512 -09.10.2023-ՊԱ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-67513 -09.10.2023-ՊԱ-011/0), «Ոստիկանության  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-67514 -09.10.2023-ՊԱ-011/0), «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-67515 -09.10.2023-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-67516 -09.10.2023-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-67517 -09.10.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-675-09.10.2023-ՊԱ-011/0), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-6751 -09.10.2023-ՊԱ-011/0), «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-6752 -09.10.2023-ՊԱ-011/0), «Ինկասացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-6753 -09.10.2023-ՊԱ-011/0), «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-6754 -09.10.2023-ՊԱ-011/0), «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-6755 -09.10.2023-ՊԱ-011/0), «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-6756 -09.10.2023-ՊԱ-011/0), «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-6757 -09.10.2023-ՊԱ-011/0), «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-6758 -09.10.2023-ՊԱ-011/0), «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-6759 -09.10.2023-ՊԱ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-67510 -09.10.2023-ՊԱ-011/0), «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-67511 -09.10.2023-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-67512 -09.10.2023-ՊԱ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-67513 -09.10.2023-ՊԱ-011/0), «Ոստիկանության  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-67514 -09.10.2023-ՊԱ-011/0), «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-67515 -09.10.2023-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-67516 -09.10.2023-ՊԱ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-67517 -09.10.2023-ՊԱ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:









Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխությունների կատարմամբ նախատեսվում է ընդհանրապես հանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից «ծառայողական զենք» հասկացությունը: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝ որում «ծառայողական զենք» հասկացությունը շարունակվում է կիրառվել: 

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն ռազմական նշանակության արտադրանքի հասկացությունը ունի հետեւյալ տեսքը. «ռազմական նշանակության արտադրանք՝ զենք, ռազմամթերք, ռազմական տեխնիկա, ռազմական նշանակության գույք, ռազմական աշխատանքներ եւ ծառայություններ, ռազմական, կրթական, ռազմատեխնիկական կամ ռազմակիրառական գիտական կամ ռազմական նշանակության համար կիրառվող տեղեկատվություն, մտավոր գործունեության արդյունքներ, ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն).»: Ցանկանում ենք նշել, որ հիշյալ նորմում կրթական նշանակության համար կիրառվող տեղեկատվությունը կամ ցանկացած մտավոր գործունեության արդյունք եւս պետք է դիտարկվի ռազմական նշանակության արտադրանք: Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կատարել շտկում առաջացած շփոթը վերացնելու նպատակով. մասնավորապես հստակեցնել, որ ցանկացած կրթական նշանակության համար կիրառվող տեղեկատվություն կամ մտավոր գործունեության արդյունք չէ, որ կարող է հանդիսանալ ռազմական նշանակության արտադրանք: 

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 11-րդ կետերով սահմանված են համապատասխանաբար «զենք» եւ «ռազմամթերք» հասկացությունները.

«զենք` սարք կամ առարկա, որը նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ խոցելու, վնասազերծելու կամ ազդանշան արձակելու համար: Զենք չեն համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող առարկաները, սարքերը կամ գործիքները, որոնք ունեն արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային եւ դեկորատիվ նշանակություն.

(…)

ռազմամթերք` նշանակետը խոցելու համար նախատեսված առարկաներ, սարքեր եւ նետվող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր, կամ դրանց համակցություն.»:

Այսպես՝ «զենք» եզրույթի համար սահմանվում է բավականին լայն հասկացություն, ըստ որի, զենք համարվելու համար բավարար է ցանկացած առարկայի կամ սարքի՝ կենդանի կամ այլ նշանակետ խոցելու, վնասազերծելու կամ ազդանշան արձակելու համար նախատեսված լինելը: Հետեւաբար «ռազմամթերք» հասկացության մեջ ընդգրկվող սարքերը կամ առարկաները, որոնք նախատեսված են նշանակետ խոցելու համար, Նախագծի համաձայն, նույնպես կլանվում են զենքի հասկացության մեջ: Մինչդեռ Նախագծով եւ Օրենքով սահմանված դրույթների վերլուծությունից ակնհայտ է, որ ռազմամթերքը զենք չի համարվում: Հատկանշական է, որ Օրենքի գործող 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված «ռազմամթերք» եզրույթի հասկացությամբ հստակ նշված է, որ զենքը եւ ռազմամթերքը նույնական չեն եւ ռազմամթերքը կիրառվում է զենքի հետ միասին:

4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում առաջարկում ենք հանել «մարդուն կամ այլ» արտահայտությունը, քանի որ հիշյալ կետում գործածվող «կենդանի կամ այլ նշանակետ» արտահայտությունը Օրենքի իմաստով արդեն իսկ ընդգրկում է մարդուն։

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ եւ 10-րդ կետերով սահմանվում են համապատասխանաբար «օդաճնշիչ զենք» եւ «օդաճնշիչ սարք» հասկացությունները: Ընդ որում՝ այս երկու հասկացությունների տարբերությունը կայանում է 7.5 ջոուլ կամ դրանից ցածր փողային էներգիա ունենալու մեջ: Այսինքն՝ «օդաճնշիչ զենք» եւ «օդաճնշիչ սարք» հասկացությունները կիրառելիս արդեն իսկ պարզ է, թե որքան փողային էներգիա այն ունի: Հետեւաբար կարիք չկա Օրենքի տարբեր դրույթներում հստակեցնել, թե որքան փողային էներգիա ունի օդաճնշիչ զենքը կամ օդաճնշիչ սարքը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 17-րդ հոդվածի 8-րդ մասով, 21-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 22-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումներին:

6. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսվող խմբագրությունը զենքի պարագաների կազմից դուրս է թողնում զենքը պահելու համար նախատեսված կամ հարմարեցված լրասարքերը՝ ի տարբերություն Օրենքի, ինչը, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի։

7. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով սահմանված է. «զենք կրել՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս, առանց տեղափոխելու կանոնների կիրառմամբ, զենքի տեղաշարժն անձի վրա ամրացված, կախված, պայուսակում կամ գրպանում դրված կամ ձեռքում բռնած վիճակում, իսկ նետողական զենքի դեպքում՝ նետման համար նախատեսված եւ դրա վրա տեղադրված նետվող հարմարանքով»: Հարկ է նկատել, որ վերը մեջբերված դրույթում «առանց տեղափոխելու կանոնների կիրառմամբ» արտահայտությունը կիրառելու արդյունքում ստացվում է, թե զենք կրելը կատարվում է զենք տեղափոխելու կանոնների խախտմամբ: Առաջարկում ենք խմբագրել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետն այնպես, որ հստակ լինի՝ զենք կրել է համարվում զենք տեղափոխել չհամարվող արարքը:

8. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված է. «ուսումնական զենք՝ ուսումնական նպատակների համար օգտագործվող սարք կամ առարկա, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել կրակելու համար պիտանի, ուսումնական զենքի նմանակ կարող է հանդիսանալ նաեւ մալած զենքը»: Այս հասկացությունը խնդրահարույց է մի քանի տեսանկյունից: Նախ՝ առաջարկում ենք «ուսումնական զենքի նմանակ կարող է հանդիսանալ նաեւ մալած զենքը» արտահայտությունը խմբագրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսումնական զենքը չի կարող ունենալ նմանակ, քանի որ այն զենքի առանձին տեսակ չի համարվում: Հետեւաբար առաջարկում ենք նշել, որ վերը մեջբերված դրույթում խոսքը գնում է ուսումնական նպատակներով կիրառվող զենքի նմանակի մասին: Բացի այդ՝ առաջարկում ենք ուսումնական զենքի հասկացությունը սահմանելիս նշել ոչ թե վերջինիս կիրակելու համար պիտանելիությունը, այլ կենդանի կամ այլ նշանակետ խոցելու կամ վնասազերծելու կամ ազդանշան արձակելու հատկությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց այդ հատկություններով է որոշվում, թե որ առարկան կամ սարքն է համարվում զենք:

9. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով նշված է «զենքի դետալները եւ մարտավարատեխնիկական բնութագրերը»: Նշենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածով սահմանված չէ «զենքի դետալ» հասկացությունը, հետեւաբար հստակ չէ, թե վերոնշյալ կետում այն կիրառելիս արդյոք «դետալ» բառը կլանվում է «զենքի հիմնական մաս» կամ «զենքի պարագաներ» հասկացությունների մեջ: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել նաեւ «դետալ» հասկացությունը:

Հարկ է նկատել, որ Նախագծի այլ դրույթներում եւս առկա են մի շարք հասկացություններ, որոնց իմաստը հասկանալի չէ, ինչպես օրինակ՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետում նշված «զենքի հետքեր ունեցող փամփուշտներ» արտահայտությունը, Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 4-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 2-րդ կետում նշված «համակցված զենք» հասկացությունը եւ այլն:

10. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով սահմանված է. «զենքի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարան՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի կողմից վարվող՝ շրջանառվող քաղաքացիական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ»: Այսպես՝ վերը մեջբերվածի համաձայն զենքի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում հաշվառման է ենթակա ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական զենքը, այլեւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը եւ փամփուշտները: Հետեւաբար, կարծում ենք, որ «զենքի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարան» հասկացությունը լիարժեք չի արտացոլում այդ հասկացության էությունը: Դրույթի որոշակիությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք «զենքի հաշվառման» բառերը հանել:

Բացի այդ՝ հարկ է նշել, որ «զենքի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարան» հասկացության բովանդակությունը նույնությամբ կրկնում է Օրենքի գործող 2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետում նշված «զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստր» հասկացության բովանդակությունը: Ինչից բխում է, որ այդ հասկացությունները նույն իմաստն ունեն: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ այն փաստին, որ Նախագծով որեւէ փոփոխություն չի կատարվում Օրենքի 9-րդ հոդվածում, որտեղ կիրառվում է «զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստր» եզրույթը: Սա խնդրահարույց է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի տեսանկյունից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

Նշենք նաեւ, որ Նախագծի 26-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների արդյունքում վերջինս պարունակում է կարգավորումներ «քաղաքացիական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարան» հասկացության վերաբերյալ, որն իր անվանմամբ եւ բովանդակությամբ նման է «զենքի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարան» հասկացությանը: Եթե վերոնշյալ երկու եզրույթները նույն իմաստն են արտահայտում, ապա առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով եւ կիրառել միեւնույն հասկացությունը երկու տարբեր հասկացությունների փոխարեն: Եթե դրանք տարբեր իմաստ են արտահայտում, ապա առաջարկում ենք փոխել դրանցից մեկի անվանումը՝ չափազանց նման անվանումներ ունենալու արդյուքում իրավական շփոթից խուսափելու նպատակով:

11. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետում կատարվող փոփոխության արդյունքում պետական ռազմականացված կազմակերպությունների թվից դուրս է մնում Հայաստանի Հանարապետության արտաքին հետախուզական ծառայությունը։ Սակայն վերջինս «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզական ծառայության մասին» օրենքի համաձայն հանդիսանում է պետական ռազմականացված կազմակերպություն եւ որի ծառայողներին նույն օրենքի 13-րդ հոդվածով զենք կրելու իրավունք է վերապահվում։

Ուստի առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետում կատարել համապատասխան լրացումը։

12. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 4-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 1-ին կետով նշված է. «ողորկափող հրազեն, այդ թվում՝ 140 մմ-ից ոչ ավելի երկարության ակոսավոր մասով»: Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է. «ողորկափող հրազեն՝ հրազեն, որն ունի միայն ողորկ անցուղով փող կամ փողեր»: Կարծում ենք՝ անհրաժեշտ է բացառել վերը մեջբերված երկու դրույթների միջեւ առկա հակասությունը:

13. Նախագծով սահմանվում են մի շարք կարգավորումներ, որոնց Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ անդրադարձ չի կատարվում, չի նշվում, թե տվյալ փոփոխության կամ լրացման պատճառը որն է, եւ ինչ նպատակ է այն հետապնդում: Հետեւաբար Նախագծի որոշ դրույթներ ունեն լրացուցիչ հիմնավորման կարիք: Մասնավորապես՝ 

13.1. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում այդ հոդվածից դուրս է մնում այն դրույթը, որի համաձայն, պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողական զենքի (Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում արդեն՝ քաղաքացիական կարճ ակոսափող հրազենի) շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը: Այս պարագայում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածով  կամ Օրենքի որեւէ այլ դրույթով այլ կերպ կարգավորված չէ քաղաքացիական կարճ ակոսափող հրազենի շրջանառության կարգը պետական ռազմականացված կազմակերպություններում, ինչպես նաեւ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պետական ռազմականացված կազմակերպություններից դուրս շրջանառվող քաղաքացիական զենքերի համար սահմանված կարգավորումները նույնությամբ չեն կարող կիրառվել պետական ռազմականացված կազմակերպություններում շրջանառվող զենքերի նկատմամբ, հասկանալի չէ քննարկվող դրույթը Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածից հանելու նպատակը:

13.2. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ կետով ուժը կորցրած են ճանաչվում Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-10-րդ կետերը, որոնցում նշված կարգավորումները սահմանվում են Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 12-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասով: Նշենք, սակայն, որ Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 12-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասից դուրս է մնացել օրենքով նախատեսված պարգեւատրման պայմանների խախտումով զենքով պարգեւատրման դեպքում տրված թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու հիմքը:

13.3. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում «Քննությունից ազատվում է այն քաղաքացին, որը ծառայում է Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունի զենք պահելու եւ կրելու իրավունք» նախադասությունը փոխարինել «Գործնական քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են կամ ծառայել են Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները, որոնք ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք» նախադասությամբ: Ինչի արդյունքում զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության գործնական քննություն չհանձնող անձանց շրջանակում լրացվում են նաեւ այն անձինք, ովքեր երբեւէ ծառայել են Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները, որոնք ունեցել են զենք կրելու իրավունք: Դրանից բխում է, որ վերոնշյալ քննությունը չեն տալիս նաեւ այն անձինք, ովքեր ներկայումս այլեւս չունեն զենք կրելու իրավունք, բայց անցյալում ինչ-որ անորոշ ժամանակահատվածում, օրինակ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելիս ունեցել են: Ընդ որում՝ սահմանված չէ որեւէ ժամկետային սահմանափակում, առ այն, թե զենք ձեռք բերելու թույլտվության համար դիմում ներկայացնելուն նախորդող ինչ ժամանակահատվածում զենք կրելու իրավունք ունենալու կամ պետական ռազմականացված կազմակերպություններում աշխատելու կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու փաստը կարող է հիմք հանդիսանալ զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության գործնական քննություն չհանձնելու համար: Այս համատեքստում անրաժեշտ է վերոնշյալ կարգավորումները համեմատել Օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգավորման հետ, այն է. «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաստություն (բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայած եւ զենք պահելու եւ կրելու իրավունք ունեցած անձանց, որոնց ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, եւ ծառայությունից ազատվելուց հետո չի անցել երեք տարի) եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացել զենք կրելու թույլտվություն»: Նշենք, որ հիմնավորված չէ, թե ինչով է պայմանավորված մի դեպքում պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայած եւ զենք պահելու եւ կրելու իրավունք ունենալու փաստի՝ ծառայությունից ազատվելուն հաջորդող ընդամենը 3 տարվա ընթացքում որոշիչ լինելը, եթե մյուս դեպքում որեւէ ժամկետային սահմանափակում առկա չէ:

13.4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի գործող 5-րդ կետի համաձայն՝ զենքի առեւտրով զբաղվող անձինք պարտավոր են գնորդին տրամադրել վաճառվող զենքի տվյալները Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալու նպատակով: Նախագծի 19-րդ հոդվածի 6-րդ կետով վերոնշյալ դրույթում կատարվող լրացման արդյունքում զենքի տվյալները ներկայացվում են միայն զենք պահելու եւ կրելու կամ պահելու եւ օգտագործելու թույլտվություն ստանալու համար: Նշենք, որ հասկանալի չէ, թե օրինակ հավաքածու կազմելու թույլտվության դեպքում ինչու հարկավոր չէ ձեռք բերվող զենքի տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

13.5. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով եւ 9-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսվող թույլտվությունների տրամադրման համար գանձվող տուրքերի դրույքաչափերի էական նվազեցումը եւս ունի լրացուցիչ հիմնավորման կարիք։

Հարկ է նշել, որ վերոնշյալ բոլոր կարգավորումների հիմնավորվածության բացակայության հետ կապված դիտարկումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 2-ին արտահայտած հետեւյալ դիրքորոշմամբ. «(…) Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրությունն ստատիկ երեւույթ չէ, այն կարող է եւ պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ: Միեւնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարեւորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսեւորում եւ հայեցողության ընդլայնում (…)»:

14. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 1-ին մասը քաղաքացիական կարճ ակոսափող հրազենը նախատեսում է պետական մարմինների եւ կազմակերպությունների պաշտոնատար անձանց, պետական ռազմականացված կամ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց այն աշխատողների համար, որոնց օրենդրությամբ թույլատրվում է պահել եւ կրել, պահել եւ օգտագործել այդ զենքը օրենքով իրենց վրա դրված ինքնապաշտպանության եւ այլ պարտականնությունների կատարումն ապահովելու համար։ Ցանկանում ենք նշել, որ գործող Օրենքը հիշյալ անձանց համար զենք կրելու եւ պահելու, պահելու եւ օգտագործելու թույլտվությունը պայմանավորում է ինքնապաշտպանության եւ միայն հետո օրենքով իրենց վրա դրված այլ պարտականնությունների կատարումն ապահովելու համար։ Փաստում ենք, որ Օրենքի գործող խմբագրությունն առավել համահունչ է «իրավունք եւ պարտականություն» հասկացությունների ժամանակակից ընկալումներին, քանզի իրավունքի տեսությունը «պարտականություն» երեւույթը դիտարկում է որպես որոշակի ակտիվ կամ պասիվ վարքագծի դրսեւորման պահանջ, որի չկատարումը ապահովվում է որոշակի բացասական հետեւանքների առաջացմամբ։ «Ինքնապաշտպանություն» երեւույթը, հանդիսանալով առավելապես մարդու իրավունք, իր էությամբ չի համապատասխանում պարտականության հիշյալ բնորոշմանը եւ չի կարող հանդիսանալ օրենքով նախատեսված պարտականություն։

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 1-ին մասում «օգտագործել այդ զենքը» արտահայտությունից հետո օգտագործել «ինքնապաշտպանության եւ օրենքով նրանց վրա դրված՝ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, շրջակա միջավայրի, բնական պաշարների, արժեքավոր եւ վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար:» ձեւակերպումը։

15. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Անձնական օգտագործման համար ընդամենը մեկ միավոր կարճ ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի պետական ռազմականացված կազմակերպություններում առնվազն 20 տարի զինվորական ծառայության ստաժ ունեցող եւ առնվազն «փոխգնդապետ» զինվորական կոչում ունեցող գործող կամ պահեստազորի սպան»։ Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ հետեւյալ կարգավորումը կարող է խնդրահարույց լինել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից, քանզի «անձնական օգտագործման համար» արտահայտությունը ունի պարզաբանման կարիք եւ Օրենքը չի բացահայտում այդպիսի նպատակի բովանդակությունը. մասնավորապես Օրենքի գործող 5-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությամբ հստակ նշված է համապատասխան զենքի կիրառման հնարավորությունը միայն որոշակի պայմանների առկայության դեպքում՝ հրաձգարանում, մինչդեռ Նախագծով, նշված պայմանները հանելու արդյունքում, հասկանալի չէ, թե հրաձգարաններից դուրս անձնական օգտագործման համար, որտեղ կարող են հատուկ սուբյեկտները համապատասխան զենքն օգտագործվել։ Ուստի կարող ենք արձանագրել, որ Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 2-րդ մասը թերանում է հիպոթեզի որոշակիության հարցում՝ անհասկանալի թողնելով դիսպոզիցիայի գործողության համար անհրաժեշտ պայմաններից մեկի այն է՝ «անձնական օգտագործման համար» բովանդակությունը: 

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ խնդրահարույց կարող են լինել հիշյալ նորմով սուբյեկտին ներկայացվող պահանջների կարգավորումները եւ գտնում ենք, որ Օրենքի գործող խմբագրությունը իրավական որոշակիության տեսանկյունից առավել համապարփակ կարգավորումներ է պարունակում թվարկված հարցերի վերաբերյալ: 

16. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է. «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց Կարճ ակոսափող հրազենը տրվում է պահելու եւ օգտագործելու, իսկ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պահելու եւ կրելու իրավունքով»: Հարկ է նկատել, որ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված է, որ իրավաբանական անձանց տրվող թույլտվություններից է «հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների` զենք կրելու թույլտվություն` հինգ տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ հինգ տարով երկարաձգելու իրավունքով»: Այսպես՝ արդյունքում ստացվում է, որ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողները, Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ունեն զենք պահելու եւ կրելու, իսկ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ միայն զենք կրելու իրավունք: Առաջարկում ենք վերացնել Նախագծի եւ Օրենքի կարգավորումների միջեւ առկա վերոնշյալ հակասությունը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասում «պահելու եւ» բառերի լրացմանը:

17. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կատարվող փոփոխության արդյունքում վերջինս ունենում է հետեւյալ բովանդակությունը. «Արգելվում է, որպես քաղաքացիական զենք, շրջանառության մեջ մտցնել (…) 300 մմ-ից պակաս երկարություն ունեցող ակոսափող (…) փողով կամ փողային տուփով եւ փողով, եւ 800 մմ-ից պակաս ընդհանուր երկարություն ունեցող հրազեն, ինչպես նաեւ այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 800 մմ-ից` առանց կրակ արձակելու ունակության կորստի, բացառությամբ կարճ ակոսափող հրազենի»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթում ակոսափող հրազենին վերաբերելի հատվածի համաձայն՝ արգելվում է շրջանառության մեջ մտցնել 300 մմ-ից պակաս երկարություն ունեցող ակոսափող եւ 800 մմ-ից պակաս ընդհանուր երկարություն ունեցող ակոսափող հրազեն, բացառությամբ կարճ ակոսափող հրազենի: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 6-րդ կետերով սահմանվող համապատասխանաբար «կարճ ակոսափող հրազեն» եւ «ակոսափող հրազեն» հասկացություններին. 

«4) կարճ ակոսափող հրազեն՝ 300 մմ-ից պակաս երկարություն ունեցող ակոսափող եւ 800 մմ-ից պակաս ընդհանուր երկարություն ունեցող հրազեն.

(…)

6) ակոսափող հրազեն՝ հրազեն, որն ունի միայն ակոսավոր անցուղով փող կամ փողեր.»: Այսպես՝ վերը մեջբերված հասկացություններից բխում է, որ քաղաքացիական զենք համարվող կարճ ակոսափող հրազեն  է համարվում այն ակոսափող հրազենը, որն ունի 300 մմ-ից պակաս երկարություն ունեցող ակոսափող եւ 800 մմ-ից պակաս ընդհանուր երկարություն: Հետեւաբար հասկանալի չէ, թե Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված արգելքը ուրիշ ինչ 300 մմ-ից պակաս երկարություն ակոսափող եւ 800 մմ-ից պակաս ընդհանուր երկարություն ունեցող հրազենի է վերաբերելու, եթե Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ կետով կատարվող փոփոխությամբ կարճ ակոսափող հրազեն տարբերակը բացառվում է:

18. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ քաղաքացիական զենքի վրա անաղմուկ հրաձգության նպատակով կառուցված կամ արտադրված հարմարանքներ տեղադրելու արգելքի համար սահմանված է բացառություն որսորդության համար: Նախագծի 7-րդ հոդվածի 8-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում այդ բացառությունը վերանում է, հետեւաբար որսորդության դեպքում քաղաքացիական զենքի վրա անաղմուկ հրաձգության նպատակով կառուցված կամ արտադրված հարմարանքներ տեղադրելը նույնպես արգելված է: Հատկանշական է, որ Նախագծերի փաթեթով ներկայացված «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով որեւէ անդրադարձ չի կատարվում «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 21.1-ին հոդվածին, որով սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող որսի վերաբերյալ արգելքները: Օրենքների միմյանց համապատասախանությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք որսի վերաբերյալ համապատասխան սահմանափակումը նախատեսել նաեւ «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում:

19. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «Քաղաքացիական եւ ծառայողական» բառերը փոխարինվում են «Ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը, Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրումը եւ առեւտրի միջնորդական գործունեությունը» բառերով, ինչի արդյունքում Օրենքում լրացվում են նոր լիցենզիաների տեսակներ: 

Նախ՝ նշենք, որ Նախագծի վերը մեջբերված ձեւակերպումից չի բխում, որ ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման եւ առեւտրի միջնորդական գործունեության համար տրվող լիցենզիաները երկու տարբեր եւ իրարից անկախ լիցենզիաներ են, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված երկրորդ «Ռազմական նշանակության արտադրանքի» բառերը հանել կամ նշված բառերը սահմանել նաեւ «առեւտրի» բառից առաջ: 

Երկրորդ՝ «Պետական տուրքի» մասին օրենքի 19.3-րդ հոդվածով, որով սահմանված են ռազմական նշանակության արտադրանքի հետ կապված հարաբերությունները, սահմանված է պետական տուրք Օրենքով եւ Նախագծով չսահմանված՝ ռազմական նշանակության արտադրանք ներմուծելու եւ արտահանելու լիցենզիայի համար: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի ու «Պետական տուրքի» մասին օրենքի կարգավորումները համապատասխանեցնել միմյանց: 

Երրորդ՝ չնայած Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում են լիցենզիայի նոր տեսակներ, այնուամենայնիվ չի սահմանվում որեւէ կարգավորում առ այն, թե ում կողմից է տրամադրվում այդ լիցենզիան: 

Բացի այդ՝ նշենք, որ Օրենքի 5-րդ գլուխն ամբողջապես վերաբերում է Օրենքում առկա լիցենզիաների տեսակներին՝ բոլոր լիցենզիաների տեսակների համար առանձին հոդվածներով սահմանելով համապատասխան կարգավորումներ: Մինչդեռ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, տարանցիկ փոխադրման եւ առեւտրի միջնորդական գործունեության լիցենզիաների համար սահմանված չէ ընդհանրապես որեւէ կարգավորում: 

20. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող փոփոխության արդյունքում իրավաբանական անձանց տրամադրվող թույլտվությունների թվից հանվում են փամփուշտներ ձեռք բերելու, ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու թույլտվությունները, միաժամանակ Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող կարգավորումներով փամփուշտներ ներկրելու, արտահանելու թույլտվություն տրամադրող մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, մինչդեռ Օրենքը չի նախատեսում նման թույլտվություն տրամադրելու հնարավորություն: Բացի այդ անհամաձայնություն կա նաեւ Նախագծով առաջարկվող կարգավորումների եւ «Պետական տուրքի մասին» օրենքի 7.1-ին հոդվածի միջեւ, քանզի առաջանում է մի իրավիճակ, երբ «Պետական տուրքի մասին» օրենքը սահմանում է փամփուշտներ ձեռք բերելու, ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու թույլտվություն տրամադրելու համար գանձվող տուրքի չափը, սակայն Օրենքը չի նախատեսում նման թույլտվություն, որպես թույլտվության առանձին տեսակ, տրամադրելու հնարավորություն։ Ուստի առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանեցնել Օրենքի եւ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսվող կարգավորումներին:

21. Նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսվող Օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասում կատարվող լրացումը ունի հստակեցման կարիք, քանզի Օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասում «օրվա ընթացքում» արտահայտությունը կրկնվում է երկու անգամ եւ անհրաժեշտ է առավել հստակ նշել, թե որ արտահայտությունից հետո պետք է կատարվի նախատեսվող լրացումը:

22. Նախագծի 10-րդ հոդվածի 8-րդ կետով Օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետում կատարվում է լրացում, որի արդյունքում վերջինս ունենում է հետեւյալ բովանդակությունը. «զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացությունը եթե տվյալ պահին իր անունով հաշվառված զենք չունի»: Վերոգրյալից բխում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերից զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվում է բացառություն: Այսինքն՝ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար դիմելու պահին անձի անունով հաշվառված զենքի առկայության դեպքում զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունն այլեւս անհրաժեշտ չէ: 

Այս համատեքստում հարկ է նշել, որ Օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով նշված է, որ զենք ձեռք բերելու թույլտվության դիմումը մերժվում է, եթե առկա են Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկը: Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի համաձայն. «Զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում (…) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ եւ վիճակներ ունեցող անձանց (հիվանդությունների եւ վիճակների ցանկը սահմանում է Կառավարությունը)»: Դրանից բխում է, որ իրենց անունով արդեն իսկ հաշվառված զենք ունեցող անձինք զենք ձեռք բերելու նոր թույլտվության համար դիմելու պահին միեւնույն է պարտավոր են հաստատել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ եւ վիճակներ չունենալու փաստը՝ բժշկական եզրակացություն ներկայացնելով: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ Նախագծի 10-րդ հոդվածի 8-րդ կետով Օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետում կատարվող լրացման արդյունքում նշված բացառությունն իրագործելի չէ:

23. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետում նախատեսվող լրացման արդյունքում զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում զենքի գործադրմամբ դիտավորյալ կամ անզգուշությամբ կատարված հանցագործություն կատարելու համար (մինչեւ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը կամ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը): Օրենքի այսպիսի կարգավորումը չի համապատասխանում Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող Օրենքի 12-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 1.1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգավորմանը, ըստ որի արդեն իսկ ձեռք բերված թույլտվությունները ուժը կորցրած են ճանաչվում, եթե ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, եւ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով: Անհամապատասխանությունը կայանում է նրանում, որ բացակայում է հիմնավորումը մի դեպքում հենց զենքի գործադրմամբ հանցագործություն կատարելու փաստին իրավական նշանակություն տալը, մեկ այլ դեպքում այդպիսին դիտել ցանկացած դիտավորյալ հանցագործություն: Ուստի առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետում նախատեսվող լրացումը համապատասխանեցնել Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող Օրենքի 12-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 1.1-ին մասի 5-րդ կետին:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետում նախատեսվող փոփոխությունը ավելորդ է դարձնում դիտավորյալ եւ անզգույշ հանցագործությունների տարբերակումը եւ միտքը կարող է ձեւակերպվել հետեւյալ կերպ. «զենքի գործադրմամբ հանցագործություն կատարելու համար»:

24. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին կետով կատարվող փոփոխության արդյունքում փոխվում է վարչապետի կողմից զենքով պարգեւատրվող անձանց նվազագույն տարիքը՝ 21-ից դարձնելով 18: Այս առումով նշենք, որ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո քաղաքացիական համակցված կամ ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ 18 տարին լրացած անձանց վերապահված չէ ակոսափող կամ համակցված հրազեն ունենալու իրավունք: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություն կատարելիս հաշվի առնել Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը:

25. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է. «16-րդ մասի 2-րդ կետը, 21-րդ մասը «եւ ծառայողական» շաղկապը եւ բառը հանել»: Այս ձեւակերպումից ստացվում է, որ Օրենքի 28-րդ հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետն ու 21-րդ մասն ամբողջությամբ պետք է ուժը կորցրած ճանաչվեն, այլ ոչ թե պետք է 16-րդ մասի 2-րդ կետում եւ 21-րդ մասում առկա «եւ ծառայողական» բառերը հանվեն: Առաջարկում ենք շտկել քննարկվող նորմի ձեւակերպումը՝ դրույթի ճիշտ ինկորպորացումն ապահովելու նպատակով:

26. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`(…)

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:»:

Ցանկանում ենք արձանագրել, որ Նախագծով անհրաժեշտ է նման անցումային դրույթի նախատեսումը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 33-րդ կետերով նախատեսվող փոփոխությունները զենքի տեսակ են համարում նաեւ ազդանշանային զենքերը՝ նրանց վրա տարածելով զենքի իրավական ռեժիմին բնորոշ պահանջները: Ուստի անհրաժեշտ է Նախագծի անցումային դրույթներով նախատեսել կարգավորումներ արդեն իսկ Նախագծի ուժի մեջ մտնելու պահին ազդանշանային զենք ունեցող անձանց վերաբերյալ, որպեսզի վերջիններս կարողանան իրենց վարքագիծը համապատասխանեցնել Օրենքի պահանջներին:

27. «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 50-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից հանել դրանցում առկա բոլոր «մարտական եւ ծառայողական» բառերը, ինչի արդյունքում ստացվում է, որ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 50-րդ հոդվածով կարգավորվում են քրեակատարողական հիմնարկներում ցանկացած տեսակի զենք գործադրելու հետ կապված հարաբերությունները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորված է քրեակատարողական հիմնարկներում քաղաքացիական զենք կամ հատուկ միջոցներ գործադրելու հետ կապված հարաբերությունները՝ հասկանալի չէ, թե «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 50-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից «մարտական» բառը հանելու դեպքում ուրիշ ինչ զենքի վերաբերյալ կարգավորումներ են սահմանվում:

28. «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «ռազմական ակոսավոր» բառերը փոխարինել «մարտական» բառով: Մինչդեռ նշենք, որ  «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում, մարտական զենքի կիրառմամբ որս իրականացնելու արգելիք մասին արդեն իսկ նշված է, ուստի նշված նախագծի 1-ին հոդվածով «ռազմական ակոսավոր» բառերը «մարտական» բառով փոխարինեկու արդյունքում ստացվում է երկու անգամ կիրառված «մարտական զենք» եզրույթը: Ուստի առաջարկում ենք անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «, «ռազմական ակոսավոր» բառերը փոխարինել «մարտական» բառով» բառերը: 

29. Ցանկանում ենք նաեւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Օրենքը եւ Նախագիծը չեն տալիս «հաշվեցուցակային զենք» հասկացության սահմանումը եւ այն, մնալով չբացահայտված, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով հանվել գործածությունից՝ շարունակելով օգտագործվել մի շարք օրենքներում, որոնցից են «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքը, «Նոտարիատի մասին օրենքը եւ այլն: Ուստի առաջարկում ենք օրենսդրական կարգավորումները համապատասխանեցնել միմյանց:

30. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 5-ին մասով նախատեսված «Պետական տուրքի մասին» օրենքի 19.1-ին հոդվածի 15-րդ մասում կատարվող լրացման արդյունքում նախատեսվում է պետական տուրք սահմանել ոչ միայն գազային, այլ նաեւ ազդանշանային եւ նետողական զենք պահելու եւ կրելու անժամկետ թույլտվություններ ստանալու համար, սակայն ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ֆիզիկական անձանց տրվող թույլտվությունների շարքում նախատեսվում է միայն գազային զենք կրելու եւ պահելու համար անժամկետ թույլտվություն, իսկ 3-րդ կետով նախատեսվող զենք պահելու եւ կրելու թույլտվությունը տրվում է միայն 10 տարի գործողության ժամկետով։ Ուստի գտնում ենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում նախատեսվող լրացումը չի կարող կատարվել «Պետական տուրքի մասին» օրենքի 19.1-ին հոդվածի 15-րդ մասում, քանզի կառաջանա ժամկետների անհապատասխանության խնդիր:

31. Գտնում ենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվող «Պետական տուրքի մասին» օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ մասից «քաղաքացիական» բառը հանելը նպատակահարմար չէ, քանի որ Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է քաղաքացիական զենքի հարդարման լիցենզավորումը եւ համապատասխանաբար «Պետական տուրքի մասին օրենքով» պետք է սահմանվի այդ լիցենզիայի տրամադրման համար գանձվող տուրքի չափը։ Ուստի առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը լրամշակել եւ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ մասից «քաղաքացիական» բառը չհանել։

32. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «հրազենի» բառը փոխարինել «զենքի» բառով: Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի գործող կարգավորումներով սահմանվում են ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգության վերաբերյալ կարգավորումներ: Հիմք ընդունելով Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «ռազմական նշանակության արտադրանք» հասկացությունը՝ կարող ենք փաստել, որ եւ՛ զենքը, եւ՛ հրազենը, եւ՛ հրազենի բաղկացուցիչ մասերն արդեն իսկ կլանվում են «ռազմական նշանակության արտադրանք» հասկացության մեջ, հետեւաբար կարիք չկա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածում «ռազմական նշանակության արտադրանք» հասկացության հետ միաժամանակ առանձին նշել զենքի կամ հրազենի բաղկացուցիչ մասի մաքսանենգության վերաբերյալ որեւէ կարգավորում:

33. Նախագծերի փաթեթում առկա են նաեւ իրավական տեխնիկայի տեսանկյունից մի շարք խնդրահարարույց ձեւակերպումներ. այսպես՝

  •  Նախագծի 1-ին հոդվածում «ծառայողական» բառը հանելու փոխարեն անհրաժեշտ է հանել «ծառայողական եւ» բառը եւ շաղկապը:
  •  Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենք նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը գրել նոր պարբերությունից:
  •  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 27-րդ, 31-րդ, 32-րդ եւ 34-րդ մասերով, որպես համապատասխան օրենքում կիրառված հասկացություններ, նախատեսված են «զենքի հարդարում», «գազային փամփուշտ», «պայթուցիկ նյութ» եւ «պայթեցման սարք» հասկացությունների  սահմանումները, մինչդեռ Նախագծի որեւէ դրույթում տվյալ հասկացությունները չեն գործածվում: Հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը,այն է՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը», առաջարկում ենք Օրենքի 2-րդ հոդվածում նախատեսել այն հասկացությունների սահմանումները, որոնք կիրառվում են տվյալ Օրենքում: 
  •  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է՝ «կարճ ակոսափող հրազեն» հասկացությունը: Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող «Քաղաքացիական կարճ ակոսափող հրազենը» վերտառությամբ 5-րդ հոդվածի 1-ին մասում «Քաղաքացիական կարճ ակոսափող հրազեն» կիրառումից հետո, իբրեւ կրճատ տարբերակ, սահմանված է հետեւյալը՝ «(այսուհետ՝ Կարճ ակոսափող հրազեն)»: Տվյալ դեպքում, Նախագծի 5-րդ հոդվածում կիրառվում է եւ՛ «Կարճ ակոսափող հրազեն», եւ՛ «կարճ ակոսափող հրազեն» եզրույթը: 

Նման պայմաններում, Նախագծի 5-րդ հոդվածում կիրառվող «կարճ ակոսափող հրազեն» եզրույթը մի դեպքում մեծատառ, մի դեպքում փոքրատառ գրելաձեւը իրավական շփոթի տեղիք է տալիս «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի տրամաբանության համատեքստում, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: Ինչպես նաեւ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերախմբագրել քննարկվող հատվածը՝ բացառելով իրավական շփոթը:

  •  Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է «Պետական ռազմականացված կազմակերպություններում» բառերը հանել: Նշված փոփոխության արդյունքում հարկ է նկատել, որ Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը սկսվելու է փոքրատառով, ուստի առաջարկում ենք «Պետական ռազմականացված կազմակերպություններում» բառերը հանելու փոխարեն կատարել փոփոխություն, այն է՝ «Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական» բառերը փոխարինել «Մարտական» բառով՝ դրույթի ճիշտ ինկորպորացումն ապահովելու նպատակով:
  •  Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ « 90 մմ-ից ավել երկարության շեղբով կամ սայրով սառը զենք, դանակ կամ դաշույն, (…)»:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանաված է՝ «սառը զենք» հասկացությունը, որի համաձայն՝ «սառը զենք՝ կտրող, ծակող, ջարդող սարք, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու եւ վնասազերծելու համար.»:

Հարկ է նշել, որ սառը զենքի հասկացության վելուծության արդյունքում պարզ է դառնում, որ դանակը կամ դաշույնը ինքնին համարվում են սառը զենք: 

Նշվածով պայմանավորված Նախագծի 7-րդ հոդվածի 6-րդ մասով Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում նշված « 90 մմ-ից ավել երկարության շեղբով կամ սայրով սառը զենք, դանակ կամ դաշույն (…)» ձեւակերպումն առաջարկում ենք խմբագրել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջիններս արդեն իսկ ունեն կտրող, ծակող հատկություն:

  •  Նախագծի 7-րդ  հոդվածի կետերը շարադրելիս առաջարկում ենք կետերի համարակալումը ճիշտ հերթականությամբ կատարել: Մասնավորապես՝ նշված հոդվածում առկա են մի քանի «9)» համարակալմամբ կետեր: 

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ կետին, 18-րդ հոդվածի 2-րդ կետին եւ  24-րդ հոդվածի 1-ին կետին:

  •  Առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ կետում «1-ին մասի 5-10-րդ կետերը հանել» բառերը փոխարինել «1-ին մասի 5-10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունները կատարվում են՝ բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:», իսկ նույն օրենքով նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է՝  նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած, անվավեր եւ չեղյալ ճանաչվելու դեպքերում:
  •  Առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող «կասեցման» բառից առաջ դնել ստորակետ՝ դրույթի ճիշտ կետադրությունն ապահովելու նպատակով:
  •  Առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «զենք» բառից հետո լրացվող «եւ փամփուշտներ» շաղկապի եւ բառի փոխարեն լրացնել «եւ ուսումնական փամփուշտներ» շաղկապը եւ բառերը, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ  Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանութունից երեւում է, որ  Կառավարությունը սահմանում է ուսումնական հաստատությունների նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք եւ ուսումնական փամփուշտներ հատկացնելու կարգը: Բացի այդ, Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով սահմանված է՝ «ուսումնական փամփուշտ» հասկացությունը: 
  •  Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 19-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում նախատեսվում է «քաղաքացիական եւ ծառայողական» բառերը հանել: Այսպես, Օրենքի 19-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Քաղաքացիական եւ ծառայողական» բառերը նշվում են  մեծատառ, մի դեպքում որպես վերնագիր, մյուս դեպքում որպես նոր սկսվող նախադասություն, ուստի նման ձեւով կատարվող փոփոխությունը չի հանգեցնի անհրաժեշտ տեղում այն է՝ Օրենքի 19-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում կատարվող փոփոխության: Նույն խնդիրը առկա է Նախագծի այլ հոդվածներում եւս:
  •  Նախագծի 29-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: (...)»:

34. Նախագծի 29-րդ հոդվածի 2-րդ  մասում նշված է. «Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից»: 

Տվյալ դեպքում առաջարկում ենք սահմանել Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետը, այլ ոչ թե ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետ, նշված առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջից, այն է՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` (...) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Միաժամանակ, Նախագծի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք նաեւ լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: 

  •  «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նույն օրենքի նախագծում «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Ինկասացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, «Ոստիկանության  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

  •  «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է «Դատախազության մասին» օրենքի 70-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասի «ծառայողական հաշվեցուցակային» բառերը հանել: Հարկ է նկատել, որ նույն օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասում «ծառայողական հաշվեցուցակային» բառերը որպես նոր սկսվող նախադասություն գրված է մեծատառով: Նշվածով պայմանավորված առաջարկում ենք «Դատախազության մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն, այն է՝ «Ծառայողական հաշվեցուցակային» բառերը փոխարինել «Դատախազների» բառով:
  •  «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում անհրաժեշտ է «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով՝ նկատի ունենալով, որ նշված նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություններ:

Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»:

  •  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ նախագծով կատարվում են միայն փոփոխություններ:

Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը Օրենքի, «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի, «Պետական տուրքի մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248),

Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

27.10.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ նաեւ այլ օրենքներում: Ստորեւ ներկայացվում են որոշ օրինակներ.

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասում նշված է « Զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, հավաքածուներ կազմելու թույլտվություններ ունեցող քաղաքացիներ (…)», մինչդեռ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի կարգավորումների համաձայն, զենք պահելու եւ օգտագործելու թույլտվություն տրվում է միայն իրավաբանական անձանց:

2. Նախագծերի փաթեթով նախատեսվում է «ծառայողական զենք» հասկացությունն ընդհանրապես հանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, մինչդեռ այն դեռ պահպանվում է օրենսդրության մի շարք այլ դրույթներում: Ինչպես օրինակ՝ «Հիդրոօդերեվութաբանական գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածում, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժգ» ենթակետում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 193.3-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում, «Պետական տուրքի մասին» օրենքի 19.1-ին հոդվածի 10-րդ եւ 12-րդ մասերում, ինչպես նաեւ՝ 12-րդ մասի «դ» կետում եւ այլն:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են մի շարք հասկացություններ, ինչի արդյունքում առաջանում է անհրաժեշտություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության մի շարք կարգավորումներում կիրառված հասկացությունները համապատասխանեցնել Նախագծի վերոնշյալ դրույթով սահմանված հասկացություններին: Այսպես օրինակ՝ Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված «փողային տուփ» բառն անհրաժեշտ է փոխարինել «փողատուփ» բառով, «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում առկա «պայթեցման սարքավորումներ» բառերը փոխարինել «պայթեցման սարք» բառերով, «Փոստային կապի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ա» կետում նշված «էլեկտրաշոկային» բառը փոխարինել «էլեկտրահարող» բառով, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 25.1-ին հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում «զինամթերք» բառը «ռազմամթերք» փոխարինել բառով եւ այլն:

4. «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով որս կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի շարքում նշված է քաղաքացիական զենք կրելու վկայականը: Նշենք, որ այդպիսի վկայականի մասին առկա չէ որեւէ կարգավորում Օրենքով, հետեւաբար առաջարկում ենք համապատասխանեցնել «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը Օրենքով սահմանված կարգավորումներին:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248),

Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

27.10.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել Հայաuտանի Հանրապետությունում զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանները: Առաջարկվում է նաեւ նորովի կանոնակարգել նոր ստեղծվող իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, ինչպես նաեւ շտկել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունումից հետո ի հայտ եկած թերությունները:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում անդրադառնալ միայն Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին (այսուհետ՝ Նախագիծ): Մասնավորապես, Նախագծի  1-ին հոդվածում՝

ա) երկրորդ «1)»-ին կետով (ինչն իրականում պետք է լինել «4)»-րդ կետ) առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.1.-ին հոդվածի 8-րդ մասում «Զենքի հավաքածու կազմելու թույլտվության համար» նախատեսված՝ «անժամկետ գործողության» պետական տուրքի դրույքաչափը սահմանել որպես «10 տարի գործողության ժամկետով» պետական տուրք, իսկ «անժամկետ երկարաձգելու համար» պետական տուրքի դրույքաչափը՝ որպես «10 տարով երկարաձգելու համար» պետական տուրքի դրույքաչափ: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ նախ՝ «անժամկետ երկարաձգելու համար» պետական տուրք ի սկզբանե չպետք է նախատեսվեր, քանի որ «Զենքի հավաքածու կազմելու թույլտվության համար» նախատեսված պետական տուրքը սահմանված է անժամկետ գործողության համար (հետեւաբար՝ ճիշտ կլիներ ընդհանրապես ուժը կորցրած ճանաչել «կյանքի իրավունք չունեցող» այդ տուրքի տեսակը), երկրորդ՝ այս քայլով արհեստականորեն բարձրացվում է զենքի հավաքածուներ կազմողների ֆինանսական պարտավորության բեռը՝ մեկանգամյա վճարի փոխարեն նույն գումարը 10 տարին մեկ վճարելու տեսքով, եւ երրորդ՝ նախատեսված դրույքաչափով պետական տուրքը, ըստ էության, վեր է ածվում հարկատեսակի, ինչն էլ, կարծում ենք, սկզբունքորեն ընդունելի լինել չի կարող,

բ) առաջարկվում է ավելացնել պետական տուրքի նոր տեսակ՝ «Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների մասին բժշկական հետազոտություններ եւ դրանց բացակայության մասին տրվող եզրակացություն» շարադրանքով, որից հստակ չի երեւում թե այս տուրքը ո՞վ պետք է վճարի՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների մասին բժշկական հետազոտություններ իրականացնո՞ղը, թե՞ այդպիսի հետազոտություն պատվիրողը (հասկանալի է, որ խոսքը վերաբերում է պատվիրատուին, ուստի անհրաժեշտ է հստակեցնել եւ վերախմբագրել տվյալ նախադասությունը): 

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

17.10.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում (այսուհետ՝ նաեւ Օրենք), ինչպես նաեւ մի շարք այլ հարակից օրենքներում:

Նախագծերի փաթեթի հիմնական նպատակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորումը: 

Մասնավորապես, Նախագծերի փաթեթով նախատեսվում է՝

-  Կարգավորել որոշ հիմնական հասկացությունների բացատրությունները եւ լրացնել նորերը.

-  Զենքը բաժանել 2 տեսակի՝ քաղաքացիական եւ մարտական.

-  Հնարավորություն ընձեռել նաեւ «փոխգնդապետ» զինվորական կոչում ունեցողներին ձեռք բերելու քաղաքացիական կարճ ակոսափող հրազեն՝ հաշվի առնելով վերջիններիս երկարամյա ծառայության փորձը եւ զենքի հետ վարվելու ունակությունները եւ պատասխանատվությունը.

-  Հստակ սահմանել, որ պետական ռազմականացված կազմակերպություններում օգտագործվող այն զենքերը, որոնք համապատասխանում են օրենքով սահմանված քաղաքացիական զենքի չափանիշներին, դրանք քաղաքացիական զենքեր են.

-  Գործող օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում ակոսափող հրազենի համար նախատեսված 5000 մետր հեռավորությունը փոխարինել 3000 մետրով.

-  Վերոնշյալ 11-րդ կետում ավելացնել ծայրահեղ անհրաժեշտության դեպքերը.

-  Զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննության բաժնից ազատել նաեւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածներին եւ այլն:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը: 

««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկություններն ու նկատառումները.

1. Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվելիք 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում զենքի շրջանառության հասկացության ներքո ներառվել են նաեւ «տարանցիկ փոխադրում» եւ «առեւտրի միջնորդական գործունեություն» հասկացությունները: Բացի վերոնշյալից, հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 10-րդ հոդվածում կատարվելիք փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է նաեւ «ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման» եւ «առեւտրի միջնորդական գործունեության» համար լիցենզավորման պահանջ:

 Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք տալ «տարանցիկ փոխադրում» եւ «առեւտրի միջնորդական գործունեություն» հասկացությունների մեկնաբանությունը.

2. Առաջարկում ենք վերաձեւակերպել Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվելիք 2-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետում նշված «հրաձգարանի» սահմանումը հետեւյալ կերպ.

«41) հրաձգարան՝ հրաձգության համար հարմարեցված շինություն, տարածք կամ հողատարածք (այսուհետ՝ տարածք), որը գործարկվում է իրավաբանական անձանց կողմից: Հրաձգարանները կարող են լինել բաց, կիսափակ եւ փակ»:

3. Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Բացառությամբ սառը եւ նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի սահմանած կարգով հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություն»: Նույն մասում կատարվելիք փոփոխության համաձայն՝ 

«Գործնական քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են կամ ծառայել են Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները, որոնք ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք:

Հաշվի առնելով հնարավոր հետեւանքների վտանգավորությունը՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայություն անցած քաղաքացիների, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածների համար, սահմանել, որ վերոնշյալ անձինք համապատասխան ծառայությունն անցնելուց/ծառայությունից ազատվելուց հետո միայն որոշակի ժամանակահատվածում կարող են քննություն չհանձնել, օրինակ համապատասխան ծառայությունն անցնելուց 3 կամ 5 տարվա ընթացքում:

Նշված առաջարկությունն ընդունվելու դեպքում փոփոխվելիք դրույթը համահունչ կլինի Օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասի տրամաբանությանը, որի համաձայն՝ «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաստություն (բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայած եւ զենք պահելու եւ կրելու իրավունք ունեցած անձանց, որոնց ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, եւ ծառայությունից ազատվելուց հետո չի անցել հինգ տարի (համաձայն Նախագծով առաջարկվող փոփոխության)) ……»:

Վերոնշյալի համատեքստում առաջարկում ենք վերանայել նաեւ Օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետը, ինչպես նաեւ դրանում առաջարկվող լրացումը: 

4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխվելիք 11-րդ կետի համաձայն՝ արգելվում է ողորկափող հրազեն, ինչպես նաեւ ակոսափող հրազեն օգտագործելը բնակավայրերում, բնակավայրերից, մայրուղիներից, միջպետական եւ համայնքային նշանակության ճանապարհներից համապատասխան հեռավորություններից մոտ տարածքում, բացառությամբ հրաձգարանների եւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի: 

Առաջարկում ենք նշված լրացումը չկատարել, քանի որ  եթե ապացուցվի, որ անձը համապատասխան զենքը գործադրել է՝ ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից, պատասխանատվության չի ենթարկվի կամ վերջինիս պատիժը կմեղմացվի, մինչդեռ «Ծայրահեղ անհրաժեշտության» դեպքերն ավելացնելու հանգամանքը կարող է հարմար գործիք դառնալ չարաշահողների ձեռքում՝ հաշվի առնելով նշված ինստիտուտի առանձնահատկությունները:

5. Հանրության համար անվտանգության տեսանկյունից՝ առաջարկում ենք նույնը թողնել Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված 5000 մետր հեռավորությունը: 

6. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 11-րդ կետում նշվում է՝ «սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր չունեցող անձանց», մինչդեռ 17-րդ հոդվածի 6-րդ մասում հավաստագրի մասին չի խոսվում: 

7. Օրենքի նոր խմբագությամբ շարադրվելիք 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում՝ «ուսումնական զենք»-ի սահմանման մեջ ներառված է նաեւ հետեւյալ ձեւակերպումը՝

«ուսումնական զենքի նմանակ կարող է հանդիսանալ նաեւ մալած զենքը»:

Առաջարկում ենք հստակեցնել վերոնշյալ ձեւակերպումը: Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ  «ուսումնական զենք» սահմանման մեջ վերոնշյալ ձեւակերպումն ավելացնելու պատճառ/ներ/ի (նպատակահարմարության) վերաբերյալ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ որեւիցե նշում առկա չէ: 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունները եւ նկատառումները՝ կարծում ենք, որ ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի:

Նախագծերի փաթեթում ներառված այլ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

30.10.2023թ.