ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությունը ընդունելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-658-01.09.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարությունը ընդունելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-658-01.09.2023-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

13.09.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Միջազգային պայմանագրին՝ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքը Նախագծին կից ներկայացված չեն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ` անհրաժեշտ է Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

08. 09.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ 

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ նշենք, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ կիրառված են մի շարք հասկացություններ եւ եզրույթներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կերպ են ձեւակերպված կամ սահմանված:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ                   ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

08.09.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն), ինչպես նաեւ ընդունել «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված եւ պատերազմական հանցագործությունների նկատմամբ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր հետադարձորեն ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության հայտարարությունը»:

«Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունով» Հայաստանի Հանրապետության համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ, մասնավորապես՝ 115-րդ հոդվածի համաձայն Դատարանի եւ սույն Կանոնադրության Կողմ հանդիսացող պետությունների Ասամբլեայի, ներառյալ՝ նրա Բյուրոյի եւ օժանդակ մարմինների, սույն Կանոնադրության Կողմ հանդիսացող պետությունների Ասամբլեայի կողմից ընդունված բյուջեով նախատեսված ծախսերը, բացի  Միավորված ազգերի կազմակերպության կողմից տրամադրվող միջոցներից, վճարվում են նաեւ Կանոնադրության Կողմ հանդիսացող պետությունների կողմից կատարվող վճարումներից:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

13.09.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է՝ 

-  վավերացնել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն).

-  ընդունել Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Կանոնադրության 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված եւ պատերազմական հանցագործությունների նկատմամբ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր հետադարձորեն ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության հայտարարությունը:

Կանոնադրության նպատակն է դրանում նշված առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու եւ դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը:

Կանոնադրությունը ստորագրել է 137 պետություն, անդամ է 123 պետություն: 

 Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

 
Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ.՝ 011-513-235, ներք. 16-18

08.09.2023թ.