ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-656-28.08.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6561 -28.08.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-656-28.08.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6561 -28.08.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

12.09.2023թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նախատեսվում են մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման վերաբերյալ իրավակարգավորումներ, մասնավորապես՝ մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման հասկացությունը, մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի մշակումը եւ հաստատումը: Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նախատեսվում է «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, եւ լրացնել նոր՝ 12-րդ կետ, որի համաձայն. «12) հատուցել սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2.1  կետով սահմանված կարգով գնահատված վնասը:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածում կատարվող լրացմամբ մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութեր եւ ջերմոցային գազեր արտանետող անշարժ աղբյուրներ ունեցող իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց պարտավորությունների շարքում նախատեսվում է հատուցել մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգով գնահատված վնասը: Մինչդեռ Նախագծում բացակայում են Օրենքում մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման գործընթացի վերաբերյալ համապարփակ իրավադրույթներ, անհրաժեշտ կառուցակարգեր եւ ընթացակարգեր, որոնք կապահովեն համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վրա Օրենքով դրված պարտականության իրականացումը: Մասնավորապես՝ Օրենքում կարգավորված չեն այն դեպքերի շրջանակը, որոնց դեպքում իրականացվում է մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատումը, կամ այդպիսի գնահատման պարտադիրությունը ցանկացած տնտեսական գործունեության իրականացման նկատմամբ, ինչպես նաեւ նախաձեռնող սուբյեկտի եւ մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատում իրականացնող մարմնի մասին նշումները: Կարծում ենք՝ մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման վերաբերյալ նվազագույն կարգավորումներն անհրաժեշտ է նախատեսել Օրենքում, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: 

2. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 17-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասի համաձայն. «3. Հատուկ սահմանված երթուղով եւ հատուկ հատկացված վայրեր  շինարարական աղբի տեղափոխման (այդ թվում՝ տեղադրման) նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը։»:

Իրավական շփոթից խուսափելու նպատակով առաջարկում ենք հատուկ սահմանված երթուղով եւ հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունը տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելիս Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում նշում կատարել բացառության մասին: 

3. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման մեջ ներառվող տվյալնների ճիշտ հաջորդականությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված պահանջը, որի համաձայն. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

11.09.2023թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

11.09.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է Կառավարությանը վերապահել մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնին՝ այն մշակելու լիազորություններ, հստակեցնել այդ կարգով գնահատված վնասի հատուցման հետ կապված տնտեսավարողների պարտականությունները, տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահել հատուկ սահմանված երթուղով եւ հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը:

Փաթեթում ընդգրկված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

1? Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետից հետո լրացնել նոր՝ 37-րդ կետ, որով մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատումը սահմանվում է որպես իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետեւանքով մարդկանց առողջությանը, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի այլ օբյեկտներին պատճառված բացասական ներգործության արժեքային գնահատում: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ հասկացության անվանումը եւ դրան տրված սահմանումը որոշ առումով իրար չեն համապատասխանում: Մասնավորապես, առաջին դեպքում խոսքը գնում է մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման, իսկ երկրորդ դեպքում՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետեւանքով պատճառված վնասի մասին: Այսինքն, հասկացության սահմանումն առավել լայն է, քան դրա անվանումը: Այս առումով, կարծում ենք, որ անհրաժեշտ է համապատասխանություն ապահովել հասկացության անվանման եւ դրա սահմանման միջեւ, մասնավորապես՝ առաջարկում ենք տվյալ հասկացությունը շարադրել այնպես, որ ինչպես սահմանման բովանդակության, այնպես էլ անվանման մեջ նույն իմաստով կիրառվեն նույն հասկացությունները:


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունը հաշվի առնելու տեսանկյունից:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

11.09.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Ներկայումս մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին): Մասնավորապես, Տեսչական մարմինը իրեն վերապահված գործառույթների շրջանակում իրականացնում է մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատումը, եւ համապատասխանաբար՝ մթնոլորտային օդին պատճառված եւ հատուցման ենթակա վնասի չափի հաշվարկը: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

  • «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացնել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից այն մշակելու լիազորող նորմերը,
  • հստակեցնել տնտեսվարողների պարտականությունները համապատասխան կարգով գնահատված վնասի հատուցումը կատարելու մասով,
  • միմյանց համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առկա կարգավորումները՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով հատուկ սահմանված երթուղով եւ հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը,
  • շինարարական աղբի ոչ սահմանված վայրերում տեղադրման եւ սահմանված երթուղով տեղափոխման հարցերի հետ կապված բացառել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առկա կրկնորդումները:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կապահովվի Տեսչական մարմնի կողմից «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողություն, ինչպես նաեւ շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման գործընթացի տեսանկյունից հնարավորինս կնվազեցվի համապատասխան որոշումների բեկանման հնարավորությունը:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում 

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                             ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

12.09.2023թ.