ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-648-10.08.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-648-10.08.2023-ՏՀ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

28.08.2023թ. 







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի առաջին հոդվածում «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը» արտահայտությունը առաջարկում ենք համապատասխանեցնել Նախագծի վերնագրին՝ ձեւակերպելով այն հետեւյալ կերպ՝ «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը:»:

2. Նախագծի 1-ին հոդվածում «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը» արտահայտությունից առաջ առաջարկում ենք լրացնել նշված համաձայնագրի ստորագրման թվականը, ամիսը եւ ամսաթիվը՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, եւ այդպիսով ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:

3. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը պայմանագիրն ստորագրած կողմի (կողմերի)՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, ներկայացված չէ: 

Արտաքին գործերի նախարարության կողմից Նախագծին կից ներկայացված Փոստային միության կանոնադրության, համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգի, Համաշխարհային փոստային կոնվենցիայի եւ «Փոստային վճարման ծառայությունների մասին» համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին նպատակահարմարության եզրակացությունը եւ ուժի մեջ մտնելու կարգի վերաբերյալ տեղեկանքը, պարունակելով համաձայնագրի ստորագրման եւ ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկատվություն, այնուամենայնիվ, լռում են «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով պահանջվող պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին տեղեկատվության մասով:

4. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տրամադրած այդ պայմանագրի կողմերի ցանկը, Նախագծին կից ներկայացված չէ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաեւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը եւ նույն մասի 9-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

14.08.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

14.08.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր), որով կարգավորվում են փոստային դրամական միջոցների փոխադրության հետ կապված բոլոր ծառայությունները, այդ թվում՝ թղթային փոխադրումները եւ էլեկտրոնային փոխանցումները, ինչպես նաեւ սահմանվում են նշանակված օպերատորների պարտականությունները եւ պատասխանատվության հետ կապված հարցերը:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ չի պարունակում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

22.08.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել Համաշխարհային փոստային միության (այսուհետ՝ ՀՓՄ) 27-րդ համագումարի շրջանակներում ընդունված «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր), որը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը: 

Հայաստանի Հանրապետությունը ՀՓՄ-ին անդամակցում է 1992թ.-ից: ՀՓՄ-ը հանդիսանում է Միջկառավարական միջազգային կազմակերպություն եւ ունի Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության կարգավիճակ:

ՀՓՄ-ի յուրաքանչյուր համագումարի ժամանակ ընդունվում է ՀՓՄ-ի Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրի փոփոխված տարբերակը՝ պահպանելով իրավական ակտի սկզբնական անվանումը, այն է՝ «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիր»:

Համաձայնագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որով կարգավորվում են փոստային դրամական միջոցների փոխադրության հետ կապված բոլոր ծառայությունները, այդ թվում՝ թղթային փոխադրումները եւ էլեկտրոնային փոխանցումները, սահմանվում են նշանակված օպերատորների պարտականությունները եւ պատասխանատվության հետ կապված հարցերը:

Ըստ Համաձայնագրի՝ օպերատորների միջեւ կնքված պայմանագրով սահմանվում են դրամական փոխանցումների արժույթը, մեկ գործարքի առավելագույն գումարը, փոխանցումների վճարման առավելագույն ժամկետը, փոխհաշվարկի պարբերականությունը, իրականացման տեխնոլոգիան, կողմերի պատասխանատվությունը, պարտավորությունները եւ այլ դրույթներ:

Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության նշանակած օպերատորին ներգրավել ֆինանսական վճարումների ծառայությունների բոլոր տեսակի ցանցերում, որը հնարավորություն կընձեռի ՀՓՄ ցանկացած անդամ պետության հետ հնարավորինս սեղմ ժամկետներում փոստային դրամական փոխադրությունների փոխանակում իրականացնել եւ՛ թղթային, եւ՛ էլեկտրոնային եղանակով:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

22.08.2023թ.