ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-642-24.07.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-642-24.07.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

28.07.2023թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ «Սննդամթերքի նմուշառումը եւ լաբորատոր փորձարկումներն իրականացվում են ապրանքը տնօրինողի կողմից ընտրված  Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ՝ Գնահատման մարմին) կողմից:»: Սակայն Նախագիծը լռում է գնահատման մարմնի նշանակումն իրականացնող սուբյեկտի եւ այլ ընթացակարգային նորմերի մասով:

Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությաամբ շարադրվող 16-րդ հոդվածի 2-րդ մասը լրամշակել՝ նախատեսելով գնահատման մարմնի նշանակման կարգի վերաբերյալ կարգավորումներ:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածում ներմուծվող սննդամթերքի լաբորատոր փարձարկումների իրականացման կարգում նախատեսվում է նաեւ ընդլայնել Լիազոր մարմնի դերը: Մասնավորեցնելով նշենք, որ Լիազոր մարմնին է ի պահ տրվելու նմուշառման արդյունքում խմբաքանակից առանձնացված պահեստային նմուշը, այն ներկայացվելու է փորձարկման Լիազոր մարմնի ուղեկցող նամակով, ինչպես նաեւ վերջինս իրավասու է դառնալու Կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում պետական միջոցների հաշվին պահեստային նմուշը ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»: 

Քանզի Օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում են Լիազոր մարմնի լիազորությունները առաջարկում ենք լրացում կատարել նաեւ Օրենքի 5.2-րդ հոդվածում՝ նրանում լրացնելով Նախագծով առաջարկվող Լիազոր մարմնի նոր լիազորությունները:

3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ « (…) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի վերնագիրը, շարադրված լինելով հետեւյալ կերպ՝ «Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի լաբորատոր փորձարկումների իրականացման կարգը», չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը, քանի որ նշված հոդվածը պարունակում է նորմեր ոչ միայն փորձարկումների իրականացման կարգի, այլ նաեւ նրան նախորդող նմուշառման գործընթացի վերաբերյալ: 

Ուստի առաջարկում ենք, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջի պահպանման նկատառումից ելնելով, լրամշակել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի վերնագիրը:

4. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

28.07.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

28.07.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագիծն ուղղված է սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացների կանոնակարգմանը: Մասնավորապես, առաջարկվում է լաբորատոր փորձարկումներն իրականացնել ներմուծող կազմակերպությունների կողմից ընտրված լաբորատորիաների կողմից: Ընդ որում, փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը, իր միջոցների հաշվին, պահեստային նմուշն ուղարկում է այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշմամբ հաստատված ցանկի համաձայն, որի պատասխանը համարվում է վերջնական: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

26.07.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ  լրացում  կատարել: 

Նախագծի ընդունումը պայմանավորված է սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային պետական վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է լաբորատոր փորձարկումները իրականացնել ներմուծող կազմակերպությունների կողմից ընտրված լաբորատորիաներում, իսկ փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը, իր միջոցների հաշվին, պահեստային նմուշը՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն, կարող է ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ՝           Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

28.07.2023թ.