ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-610-05.06.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-610-05.06.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

27.06.2023թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 23-րդ կետում կիրառված «առանձին մարմիններ» հասկացությունը, կարծում ենք՝ խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես, հասկանալի չէ՝ «առանձին մարմիններ» հասկացությունը մարմինների ինչ շրջանակ է ենթադրում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 23-րդ կետում սահմանված իրավադրույթը վերանայել իրավական որոշակիության տեսանկյունից եւ Նախագծում կիրառել նորմատիվ իրավական ակտերով սահմանված հասկացություններ, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 28-րդ կետում կիրառված «առանձին մարմիններ» հասկացությանը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետով Օրենքի 12-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի համաձայն. «1. Պետական էլեկտրոնային հաշվառման ենթակա օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) եւ անշարժ գույքը (բացառությամբ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների), այդ թվում՝ հողամասերը (բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հողամասերի), միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, պետական մարմինների, մարզպետի աշխատակազմի, պետական մարմինների եւ մարզպետի աշխատակազմի ենթակայության պետական մասնակցությամբ առեւտրային եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ) ու հիմնադրամներին (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաեւ լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երեւանի քաղաքապետին) անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ հիմնադրամների սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքը՝ այդ թվում՝ տրանսպորտային միջոցները, պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, իրավաբանական անձանց (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաեւ լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երեւանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Օրենքի 12-րդ հոդվածում սահմանված են պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառման ենթակա օբյեկտները: Նշենք, որ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը թղթային եւ (կամ) էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվական համակարգ է, որը ներառում է հաշվառման ենթակա օբյեկտների մասին միասնական մեթոդաբանական եւ ծրագրային-տեխնիկական սկզբունքներով կազմված տեղեկություններ։»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պետական գույքի հաշվառման գրանցամատյանը նաեւ թղթային կրիչների վրա պարունակվող տեղեկատվական համակարգ է՝ Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետով Օրենքի 12-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում միայն պետական էլեկտրոնային հաշվառման ենթակա օբյեկտների սահմանումը, կարծում ենք՝ չի բխում Օրենքով սահմանված պետական գույքի հաշվառման բովանդակությունից: Ուստի՝ առաջարկում ենք Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելիս սահմանել պետական գույքի հաշվառման ենթակա օբյեկտները՝ չառանձնացնելով պետական էլեկտրոնային հաշվառման ենթակա օբյեկտները:

3. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական իրավական» բառերը փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում սահմանված հասկացությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթից, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

5. Նախագծի անցումային դրութներով առաջարկում ենք սահմանել նաեւ օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված իրավակարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Պետական գույքի կառավարման մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

26.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

26.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով նախատեսվում է իրավական հիմքեր ստեղծել ծառայողական մեքենաների միասնական չափորոշիչների սահմանման համար, որի նպատակով առաջարկվում է ՀՀ կառավարության համար համապատասխան լիազորող նորմ սահմանել «Պետական գույքի մասին» օրենքում՝ հաշվի առնելով, որ նախատեսվող իրավական ակտով սահմանվելու են պետական տարբեր մարմիններին սպասարկող ծառայողական եւ գործառութային անհրաժեշտությամբ պայմանավորված շահագործվող շարժական գույքի՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական, քանակական եւ դրանց պահպանման համար նախատեսված չափորոշիչները, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեին լիազորություն է վերապահվում պետական շարժական գույքը հաշվառելու եւ էլեկտրոնային գրանցամատյան վարելու համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:  
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

14.06.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծի ընունումը պայմանավորված է պետական ծառայողական ավտոմեքենաների շահագործման ոլորտում գործող իրավական ակտերի վերանայման, դրանց միավորման եւ արդյունքում մեթոդական կարգավորման միասնական մոտեցման կիրառման անհրաժեշտությամբ: Միեւնույն ժամանակ, ծառայողական ավտոմեքենաների հատկացման, չափաքանակների, սպասարկման չափորոշիչները եւ շահագործման նորմատիվները սահմանող լիազորող նորմը բացակայում է:

Նախագծով առաջարկվում է լիազորող նորմ սահմանել Օրենքում՝ հաշվի առնելով, որ նախատեսվող իրավական ակտով սահմանվելու են պետական տարբեր մարմիններին սպասարկող ծառայողական եւ գործառութային անհրաժեշտությամբ պայմանավորված շահագործվող շարժական գույքի՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական, քանակական եւ դրանց պահպանման համար նախատեսված չափորոշիչները:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում 

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

23.06.2023թ.