ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-603-29.05.2023-ԱՍ-011/0) եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6031 -29.05.2023-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-603-29.05.2023-ԱՍ-011/0) եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6031 -29.05.2023-ԱՍ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

19.06.2023թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նշված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիրը եւ դրա վերաբերյալ բոլոր կարգավորումները վերացնելուն՝ պահպանելով միայն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիրը: Հարկ է նկատել, որ գործող Օրենքով համալիր եւ տարեկան ծրագրերի վերաբերյալ սահմանված դրույթներով հստակ կարգավորված է դրանց ներկայացման ժամկետների հարցը: Մասնավորապես՝ սահմանված է, որ տարեկան ծրագիրը ներկայացվում է ամեն տարի, իսկ համալիր ծրագիրը մշակվում է առնվազն 5 տարվա ժամանակահատվածով: Նախագծով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիր հասկացությունը եւ դրա վերաբերյալ բոլոր կարգավորումները հանելու, ինչպես նաեւ Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը հանելու արդյունքում հասկանալի չէ, թե հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագիրն ինչ ժամանակահատվածի համար է մշակվում եւ ինչ պարբերականությամբ է ներկայացվում Կառավարության հաստատմանը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր հասկացություն, այն է. «անկախ կյանքի ծառայություն՝  ծառայություններ, ծրագրեր, միջոցառումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի ապահովմանը»: Միաժամանակ՝ Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.2-րդ մասում նշված է. «Անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայությունները, բացի անկախ կյանքի կենտրոնից, կարող են մատուցվել նաեւ (…)»: Նշենք, որ հասկանալի չէ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նոր հասկացություն լրացնելու նպատակը, եթե այն չի կիրառվում Նախագծի համապատասխան դրույթներում, ինչպես նաեւ Օրենքում առկա կարգավորումների ձեւակերպումները չեն համապատասխանեցվում այդ հասկացության կիրառումն ապահովելու նպատակով: 

3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետում կատարվող փոփոխության արդյունքում վերջինս ունենում է հետեւյալ բովանդակությունը. «փոխհատուցման գումար՝ աջակցող միջոցի տրամադրման կամ վերանորոգման համար պետության կողմից կազմակերպությանը հատկացվող ֆինանսական փոխհատուցման չափը»: Այսպես՝ վերը մեջբերվածից բխում է, որ այսուհետ կազմակերպությունները իրականացնելու են ոչ միայն աջակցող միջոցի տրամադրում, այլեւ՝ դրանց վերանորոգում: Այդ դեպքում անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել նաեւ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում, որով սահմանված է, որ «կազմակերպություն» հասկացությունն իրենից ներկայացնում է Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված «լիազոր մարմնի հետ սահմանված կարգով աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագիր կնքած կազմակերպություն»:

Վերոգրյալ դիտարկումը հիմք ընդունելով՝ անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել նաեւ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետում նշված պայմանագրերի հետ կապված:

4. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր նախադասության մեջ նշված «կառավարությունը» բառն առաջարկում ենք շարադրել մեծատառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջները.

«1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

5. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասում կատարվող փոփոխության արդյունքում Օրենքից հանվում է  լիազոր մարմնին վերապահված՝ անկախ կյանքի կենտրոնների ստեղծման կարգը հաստատելու վերաբերյալ իրավասությունը: Հարկ է նշել, որ ո՛չ Նախագծով, ո՛չ էլ Օրենքի այլ դրույթներով սահմանված չէ որեւէ այլ կարգավորում անկախ կյանքի կենտրոնների ստեղծման կարգի վերաբերյալ: Կարծում ենք, որ այս դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորում, քանի որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ այս կարգավորման պատճառին կամ նպատակին անդրադարձ չի կատարվել:

6. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.2-րդ մասում նշված «Սոցիալական աջակցության մասին» Օրենքի» ձեւակերպման մեջ առաջարկում ենք «Օրենք» բառը շարադրել փոքրատառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով սահմանված է, որ «Օրենք» բառը կիրառվում է որպես այլ օրենքի կրճատ տարբերակ:

7. Նախագծի 13-րդ հոդվածում առաջարկում ենք «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ նույն հոդվածի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածին:

8. Նախագծի 13-րդ հոդվածով սահմանվում է միայն դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետ, մինչդեռ «Նորմատիվ իրավակն ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ (…) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Հաշվի առնելով ռեսուրսների սղության գործոնը, նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթին ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

19.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

19.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լիազորող նորմերը: Մասնավորապես, առաջարկվում է որոշ լիազորող նորմեր խմբագրել, իսկ Օրենքից՝ հանել տարեկան ծրագրին առնչվող լիազորող նորմը (ըստ այդմ՝ կատարել նաեւ համապատասխան այլ փոփոխություններ): Օրենքից առաջարկվում է հանել նաեւ «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու նորմը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից՝ «հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը» հաստատելու նորմը, քանի որ նախատեսվել է դրանք չհաստատել որպես առանձին ծրագրեր, այլ դրանց իրականացմանն առնչվող գործողություններն արտացոլել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրում:

Բացի այդ, անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում, առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ՝ միջպետական համաձայնագրի դրույթներն իրագործելու համար, իսկ կառավարությանն էլ առաջարկվում է լիազորել սահմանելու այդ գործընթացի առանձնահատկությունները:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

09.06.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով հարակից՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում:

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակը Օրենքի լիազորող նորմերը հստակեցնել է: Խնդիրը կայանում է նրանում, որ որոշ լիազորող նորմեր խմբագրվել են, իսկ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքից հանվել է տարեկան ծրագրին առնչվող լիազորող նորմը: Ըստ այդմ, հիշյալ Օրենքից առաջարկվում է հանել նաեւ «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու նորմը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից՝ «հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը» հաստատելու նորմը, քանի որ նախատեսվել է դրանք չհաստատել որպես առանձին ծրագրեր, այլ դրանց իրականացմանն առնչվող գործողությունները արտացոլել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրում:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նպատակ ունեն ՀՀ օրենսդրությունը համահունչ դարձնել 2019 թվականի ապրիլի 29-ի «ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» թիվ 18 համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման հետ: Մասնավորապես, Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսվում է՝ 

«- Հաշմանդամություն սահմանելու նպատակով աշխատողի (ընտանիքի անդամի) բժշկական զննումն իրականացվում է նրա բնակության պետության օրենսդրությանը համապատասխան՝ ըստ նրա բնակության վայրի:

- Հաշմանդամության խմբի, ժամկետի եւ պատճառական կապի (աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանի) վերաբերյալ որոշումներն ընդունում է, այդ թվում՝ հեռակա կարգով, այն անդամ պետության բժշկասոցիալական փորձաքննությունն (համալիր զննումն) իրականացնող մարմինը (հաստատությունը), որի օրենսդրությանը համաձայն իրականացվում են համապատասխան կենսաթոշակի նշանակումն ու վճարումը:

Անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում մյուս անդամ պետությունների համապատասխան հաստատությունների կողմից տրված տեղեկանքները եւ բժշկական եզրակացությունները:»:

Հաշվի առնելով, որ Հայաստանը 2024 թվականից ամբողջությամբ անցնելու է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին, նախատեսվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շրջանակներում հաշմանդամության գնահատման  առանձնահատկությունները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

07.06.2023թ.