ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-600-29.05.2023-ՏՀ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6001 -29.05.2023-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6002 -29.05.2023-ՏՀ-011/0)  եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6003 -29.05.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-600-29.05.2023-ՏՀ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6001 -29.05.2023-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6002 -29.05.2023-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6003 -29.05.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

15.06.2023թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասում նշված է. «(...) պետք է ապահովեն Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի Խարտիայով նախատեսված գործարար համբավի, ֆինանսական վիճակի եւ փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջները»: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 16-րդ մասում նշված է. «Որակի Խարտիայով սահմանված փոխադրումների մենեջերի, այդ թվում՝ նրա փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը (...)»: Հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթի ողջ տեքստում առկա է «Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի Խարտիա» եւ «Որակի Խարտիա» արտահայտությունների միաժամանակյա կիրառություն, հետեւաբար հասկանալի չէ՝ արդյոք դրանք նույն միտքն են արտահայտում, թե՝ ոչ: Առաջարկում ենք Նախագծերի փաթեթում նույն միտքն արտահայտելիս կիրառել նույն արտահայտությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: 

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ մասով սահմանված է. «Փոխադրումների մենեջերը պետք է ունենա մասնագիտական որակավորումը հաստատող վկայական, բացառությամբ բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություններում անընդմեջ 10 տարվա կառավարման ստաժ ունեցող անձանց (...)»: Այսպես՝ վերը մեջբերվածից բխում է, որ բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություններում 10 տարվա անընդմեջ կառավարման ստաժ ունենալը բավարար է փոխադրումների մենեջեր լինելու համար, միաժամանակ՝ էական չէ, թե արդյոք այդ անձը ներկայումս զբաղվում է բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության կառավարմամբ, թե ոչ, էական չէ նաեւ, թե նրա 10 տարվա ստաժը երբ է լրացել: Այսինքն՝ փոխադրման մենեջերի ընտրության հարցում որոշիչ գործոն է համարվում միայն նրա ստաժի անընդմեջությունը: Այս կապակցությամբ նշենք, որ հասկանալի չէ անընդմեջ ստաժի գործոնի առավելությունը այլ գործոնների, ինչպես օրինակ՝ անձի՝ բեռնափոխադրումներ իրականացման համար անհրաժեշտ արդի հմտություններ ունենալու կամ վերջին տարիների ընթացքում կոնկրետ ժամանակահատվածում բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության կառավարում իրականացնելու գործոնների նկատմամբ:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 12-րդ մասով սահմանված է. «(...) ՏՆԵԿ անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Առաջարկում ենք նշված դրույթում հստակեցնել, որ Կառավարությունը սահմանում է բեռնափոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջներ:

4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 13-րդ մասով սահմանված է. «(...) Կազմակերպության գործարար համբավը վերականգնվում է, եթե խախտումների համար սահմանված վարչական տույժերի կատարումն ավարտված է, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դատվածությունը մարված կամ հանված է»:  Առաջարկում ենք մեջբերված մասում «հանված» բառը փոխարինել «վերացված» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրեսնգրքի համաձայն, դատվածությունը մարվում կամ վերացվում է:

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 15-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործարար համբավի կորստի, ֆինանսական վիճակի եւ փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջների խախտման դեպքում միջպետական փոխադրումներ իրականացնելու թույլտվություններ ստանալու կազմակերպության դիմումները մերժվում են, իսկ կազմակերպությանը տրամադրված ՏՆԵԿ թույլտվությունները կասեցվում են լիազոր մարմնի կողմից, մինչեւ կազմակերպության կողմից գործարար համբավի կորստին հանգեցնող խախտումների վերացումը»: Նախ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, առաջարկում ենք վերը մեջբերված նորմում շտկել հղումը, քանի որ Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չէ որեւէ կարգավորում գործարար համբավի կորստի, ֆինանսական վիճակի եւ փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջների վերաբերյալ: Բացի այդ՝ նշենք, որ քննարկվող նորմով սահմանվում է, որ գործարար համբավի կորստի, ֆինանսական վիճակի եւ փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջների խախտման դեպքում միջպետական փոխադրումներ իրականացնելու թույլտվություններ ստանալու կազմակերպության դիմումները մերժվում են, իսկ կազմակերպությանը տրամադրված ՏՆԵԿ թույլտվությունները կասեցվում են: Միաժամանակ՝ քննարկվող նորմով նշվում է, որ այդ դիմումներին ընթացք է տրվում միայն գործարար համբավի կորստին հանգեցնող խախտման վերացման դեպքում: Նշենք, որ հասկանալի չէ, թե ինչպես է կարգավորվում ֆինանսական վիճակի եւ փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջների խախտման հիմքով կասեցված կամ մերժված դիմումների հարցը, ինչպես նաեւ հասկանալի չէ, թե ինչու այս խախտումների վերացումը չի հանգեցնում դիմումին ընթացք տալուն, եթե գործարար համբավի կորստին հանգեցնող խախտման վերացման դեպքում նման հնարավորություն նախատեսված է: 

6. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 18-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 9-րդ մասում սահմանված մասնագիտական որակավորման քննությունների ընդունման եւ մասնագիտական որակավորման վկայականներ տալու գործընթացը կազմակերպում է լիազոր մարմինը»: Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ մասով սահմանված չէ որեւէ կարգավորում մասնագիտական որակավորման քննության վերաբերյալ:

7. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում «Սույն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սույն հոդվածի 4-րդ» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ լրացումը կատարվում է Օրենքի հենց 28-րդ հոդվածում:

8. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (...)»:

9. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ (...) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից»: Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջի կատարումը:

10. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

11. Նախագծով սահմանվում են մի շարք կարգավորումներ, որոնք նոր պարտականություններ են սահմանում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց համար: Ինչպես օրինակ՝ միջպետական բեռնափոխադրում իրականացնելու համար կազմակերպությունների համար Նախագծով սահմանված պայմաններին համապատասխան փոխադրումների մենեջեր ունենալու պարտադիր պահանջը, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E» եւ «D1E» կարգ ունեցող վարորդների համար մասնագիտական որակավորման վկայական ունենալու պարտադիր պայմանը եւ այլն: Հատկանշական է, որ Նախագծով սահմանված չէ որեւէ կարգավորում, որով հնարավոր կլինի միջպետական բեռնափոխադրում իրականացնողների համար պատշաճ ձեւով ապահովել համապատասխան անցում: Առաջարկում ենք սահմանել հստակ ժամկետներ, որոնց ընթացքում ներկայումս միջպետական փոխադրումներ իրականացնողները պետք է իրականացնեն Նախագծով իրենց վրա դրված նոր պարտականությունները՝ առանց բացասական հետեւանքներ վրա հասնելու:

12. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ օրենքի նախագիծ) 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: Մասնավորապես՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» բառերը շարադրել առանց չակերտների, իսկ «1985 թվականի դեկտեմբերի 6-ի» բառերը շարադրել «Վարչական» բառից առաջ:

13. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 137.8-րդ հոդվածը լրացնել նոր՝ 8-րդ մասով, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության կողմից Որակի Խարտիայով սահմանված փոխադրումների մենեջերի, այդ թվում՝ նրա փոփոխության եւ կազմակերպության ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնին չներկայացնելու համար: Այս դրույթի նյութական հիմք է հանդիսանում Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 16-րդ մասը, որով սահմանված է. «Որակի Խարտիայով սահմանված փոխադրումների մենեջերի, այդ թվում՝ նրա փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնին միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը ներկայացնում է նրա հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, վերոնշյալ դրույթի նյութական հիմք հանդիսացող նորմում նշված է հստակ ժամկետ, որի ընթացքում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում է լիազոր մարմնին, առաջարկում ենք օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 137.8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասով սահմանել, որ միայն վերոնշյալ ժամկետի ընթացքում համապատասխան տեղեկատվությունը լիազոր մարմնին չտրամադրելն է հանգեցնում է վարչական պատասխանատվության:

14. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 137.8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ մասից առաջարկում ենք հանել «(ՏՆԵԿ)» կրճատ տարբերակը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ այն Օրենսգրքում այլեւս չի կիրառվում:

15. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 137.8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 10-րդ մասով սահմանված է. «Փոխադրումների գործունեությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության նկատմամբ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ փոխադրումների մենեջերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»: Նշենք, որ հասկանալի չէ, թե ինչու է Օրենսգրքով փոխադրումների գործունեությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու համար սահմանվում պատասխանատվություն միայն կազմակերպության եւ փոխադրումների մենեջերի նկատմամբ, եթե այդ արարքը կարող է կատրվել նաեւ այլ սուբյեկտների կողմից:

16. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում կատարվող լրացման արդյունքում ստացվում է, որ փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցումը եւ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցումը հանդիսանում են ծանուցման ենթակա գործունեության տեսակներ: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է այդ երկու ծառայությունների մատուցման համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանել «Պետական տուրքի մասին» օրենքի «Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը» վերտառությամբ 20-րդ հոդվածում, երբ օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են նույն օրենքի 20.1-ին հոդվածով: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «(...) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը (...)»՝ առաջարկում ենք փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման եւ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը սահմանել «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածով:


Եզրահանգում

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի փորձաքննության ենթարկելու ռեսուրսների բացակայության գործոնը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթի վերաբերյալ առկա դիտողությունների եւ առաջարկությունների ամբողջական ներկայացման, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

13.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

13.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդաշնակեցնել ՀՀ համապատասխան օրենսդրությունը ԵՄ օրենսդրության պահանջներին եւ կատարել միջազգային բազմակողմ համաձայնագրով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ առաջարկվում է՝ 

- Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջները սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ գործարար բարի համբավի, ֆինանսական կայունության եւ փոխադրումների մենեջերների վերաբերյալ,

- սահմանել պահանջներ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստում անցնելու եւ մասնագիտական որակավորման վկայական ստանալու վերաբերյալ,

- սահմանել պահանջներ ուսումնական կենտրոնների համար, որոնք կապահովեն համապատասխան մասնագիտական վերապատրաստումները եւ որակավորման քննությունների կազմակերպումը, ինչը որոշակի ռեսուրսներ եւ ժամանակ է պահանջում, ուստի օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո,

- սահմանել գործընթացի վարչական պատասխանատվության միջոցներ, պետական տուրքի դրույքաչափերը եւ մասնագիտական վերապատրաստման գործունեության ծանուցման կարգավորումները:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

07.06.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կանոնակարգված չեն Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները: ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարորդական վկայական ստանալու համար որակավորման պահանջները, սակայն ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների պարբերական վերապատրաստման եւ որակավորման պահանջներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխանեցել ՀՀ համապատասխան օրենսդրությունը ԵՄ օրենսդրության պահանջներին եւ կատարել միջազգային բազմակողմ համաձայնագրով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, 

-   Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջները սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ գործարար բարի համբավի, ֆինանսական կայունության եւ փոխադրումների մենեջերների վերաբերյալ,

-   սահմանել պահանջներ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստում անցնելու եւ մասնագիտական որակավորման վկայական ստանալու վերաբերյալ,

-   սահմանել պահանջներ ուսումնական կենտրոնների համար, որոնք կապահովեն համապատասխան մասնագիտական վերապատրաստումները եւ որակավորման քննությունների կազմակերպումը, ինչը որոշակի ռեսուրսներ եւ ժամանակ է պահանջում, ուստի օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո,

-   սահմանել գործընթացի վարչական պատասխանատվության միջոցներ, պետական տուրքի դրույքաչափերը եւ մասնագիտական վերապատրաստման գործունեության ծանուցման կարգավորումները:

Նախագծերի փաթեը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում 

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                               ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

14.06.2023թ.