ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-591-23.05.2023-ԱռՀ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5911 -23.05.2023-ԱռՀ-011/0), «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5912 -23.05.2023-ԱռՀ-011/0), « Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5913 -23.05.2023-ԱռՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5914 -23.05.2023-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ- 591-23.05.2023-ԱռՀ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5911 -23.05.2023-ԱռՀ-011/0), «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5912 -23.05.2023-ԱռՀ-011/0), « Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5913 -23.05.2023-ԱռՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5914 -23.05.2023-ԱռՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

14.06.2023թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է՝ «սանիտարահամաճարակային անվտանգության կանոն՝ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված հանրային իշխանության մարմինների, տնտեսական գործունեության առանձին տեսակների եւ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից սահմանված սահմանափակումներ եւ պահանջներ». նշված դրույթի բովնդակությունից բխում է, որ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնը հանդիսանում է որոշակի ոլորտներում Լիազոր մարմնի կողմից սահմանված սահմանափակում: 

Սահմանադրության 39-րդ հոդվածով սահմանված է «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»:

Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված է «հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ պարտականությունները, որպես իրավունքի սահմանափակում, պետք է սահմանվեն բացառապես օրենքներում, իսկ մարդու համար պարտականություն սահմանող օրենքը պետք է բավարարի հստակության, կանխատեսելիության, մատչելիության որակական հատկանիշներին, որպեսզի անձը կարողանա ճիշտ կողմնորոշվել օրենքով իրենից ակնկալվող կամ պահանջվող վարքագծի հարցում:  Նշված պարագայում Նախագծով նախատեսվում է Լիազոր մարմնի կողմից սահմանված ակտով նախատեսել սահմանափակումներ, ինչը չի բխում Սահմանադրության 39-րդ եւ 79-րդ հոդվածների պահանջներից: Այն պարագայում, երբ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնը հստակ նախատեսվում է որպես մի շարք հիմնական իրավունքների սահմանափակում, այլ ոչ թե որոշակի գործողություններ կատարելու կամ չկատարելու պահանջ կամ պարտադիր պահպանության ենթակա պահանջ, ապա նշված կանոնները (սահմանափակումները) պետք է  նախատեսվեն օրենսդրական ակտերում՝ օրենսդրին վերապահելով օրենքով հստակ սահմանելու այդ սահմանափակումների հիմքը եւ ծավալը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի մի շարք հոդվածներով Լիազոր մարմնի կողմից սահմանափակումներ նախատեսող ակտեր ընդունելու իրավասությանը:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ եւ 10-րդ կետերում սահմանված են հետպատվաստումային անբարեհաջող դեպքի եւ գործողությունների ստանդարտ ընթացակարգի կրճատ տարբերակների հաջորդիվ կիրառման վերաբերյալ կարգավորումներ, մինչդեռ Նախագծի որեւէ հոդվածում չի կիրառվում նշված հասկացությունների կրճատ տարբերակները, այն է՝ ՀԱԴ,ԳՍԸ:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով կարանտինը սահմանված է որպես հիվանդության օջախները մեկուսացնող ռեժիմ, մինչդեռ Նախագծով ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորումներ են սահմանված միայն հիվանդության օջախ մուտք գործելու, օջախի համաճարակաբանական հետազոտության կամ հետախուզության եւ կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ: Արդյունքում հասկանալի չէ հիվանդության օջախի մեկուսացման հասկացությունը, ինչպես նաեւ պարզ չէ՝ գործողությունների ինչ շրջանակ է իր մեջ կլանում նշված մեկուսացումը:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով պատվաստումների ազգային օրացույցը սահմանված է որպես նորմատիվ իրավական ակտ, մինչդեռ Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով վերջինս սահմանված է ոչ թե որպես առանձին նորմատիվ բնույթի ակտ, այլ իմունականխարգելման ազգային ծրագրի բաղկացուցիչ մաս: Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով, որպես նորմատիվ իրավական ակտ սահմանվում է Կառավարության կողմից հաստատված իմունականխարգելման ազգային ծրագիրը:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով տրված է «օբսերվացիա» հասկացության սահմանումը. այն է՝ «օբսերվացիա՝ կոնտակտավորների, կարանտինային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, Լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդության  տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ախտանշաններ չունեցող անձանց առանձնացում եւ բժշկական հսկողության սահմանում՝ տվյալ վարակիչ հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի տեւողությամբ.»: Նշված դրույթով որպես օբսերվացիա սահմանված է անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ախտանշաններ չունեցող անձանց առանձնացում, մինդեռ սահմանված չէ առանձնացման վայրը. հարկ է նկատել, որ մեկուսացման համար մեկուսացման վայրի մասին Նախագծով սահմանված է, մասնավորապես՝  հնարավոր վարակակիր անձանց առանձնացումը Լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայրում կամ Լիազոր մարմնի համաձայնությամբ անձի մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում: Օրենքի որոշակիության եւ կանխատեսելիության պահանջների հաշվառմամբ՝ առաջարկում ենք նշված դրույթներում վայրի վերաբերյալ պահանջը նշել, հատկապես, որ օբսերվացման վայրի վերաբերյալ կարգավորումներ Նախագծի 21-րդ հոդվածում նախատեսվում են: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.3-րդ հոդվածի  նոր խմբագրությամբ շարադրված 11-րդ մասի 2-րդ պարբերությանը:

6. Նախագծի մի շարք հոդվածներում կիրառված են այնպիսի հասկացություններ, ձեւակերպումներ կամ դրույթներ, որոնք միանշանակ չեն ընկալվում, չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին եւ հստակեցման կարիք ունեն. օրինակ՝ 

1) Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով Կառավարությանը լիազորվում է հաստատել՝ «կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների  եւ ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը». նշված դրույթի բովանդակությունից հասկանալի չէ զբոսաշրջային օպերատորների  եւ ավիաուղիների հետ ինչ կապի մեխանիզմ պետք է սահմանվի, որը վերաբերի ցանկացած կոնտակտավորի՝ վարակի աղբյուրի հետ շփված անձի հսկողության հետ.

2) Նախագծի 7-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված է, որ Լիազոր մարմինն իրականացնում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա արտադրանքի պետական գրանցում, մինչդեռ Նախագծով սահմանված չեն նվազագույն կարգավորումներ համապատասխան արտադրանքի պետական գրանցման վերաբերյալ.

3) Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են ստեղծվել փորձագիտական խմբեր. նշված ձեւակերպումից հասկանալի չէ արդյոք նշված փորձագիտական խմբերը Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված փորձագիտական խմբերի հետ նույնական են թե ոչ: 

4) Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված է 
«բժշկական օգնության եւ սպասարկման՝ ոչ բուժական բնույթի գործունեության իրականացման լիցենզիա ունեցող ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր» ձեւակերպումը. նշենք, որ նշված ձեւակերպումից հասկանալի չէ՝ որոնք են ոչ բուժական բնույթի գործունեության իրականացման լիցենզիան, որը վերաբերում է բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտին: Հարկ է նկատել, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի բովանդակությունից բխում է, որ լիցենզա կարող է տրվել բացառապես   «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակներով զբաղվելու համար, եւ նշված աղյուսակում տարանջատված չէ բուժական կամ ոչ բուժական բնույթի գործունեություն իրականացնելու լիցենզիա:

5) Նախագծի 37-րդ հոդվածում կիրառված է «բնակչության համար նախատեսված կազմակերպություն», «սնուցման ֆիզիոլոգիական նորմ» եզրույթները, որոնք հասկանալի չեն եւ միանշանակ չեն ընկալվում: 

6) Նախագծի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Հանրային առողջապահական փորձաքննությունն իրականացվում է պետական վերահսկողություն իրականացնելու, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից շենքերի, շինությունների, կառույցների, կառուցվածքների, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, գործունեության տեսակների, շրջակա ու բնակության  միջավայրի գործոնների հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանությունն հավաստելու վերաբերյալ դիմելու դեպքում՝ (…)»: Նշված ձեւակերպումից հասկանալի չէ, թե ով է դիմող սուբյեկտը, մասնավորապես՝ ում դիմումը կարող է հիմք հանդիսանալ հանրային առողջապահական փորձաքննություն իրականացնելու համար:

7) Նախագծի 40-րդ հոդվածով սահմանված է, որ բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի շինարարության, վերակառուցման եւ կառուցապատման նախագծային եւ նորմատիվային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով ենթակա են համաձայնեցման Լիազոր մարմնի հետ: Մինչդեռ Նախագծով եւ օրենսդրությամբ որեւէ կարգավորում սահմանված չէ, թե ինչ եղանակով է իրականացվելու նշված համաձայնեցումը, ինչ ժամկետում, ինչ փաստաթուղթ ընդունելու միջոցով եւ այլն:

Նույնանման ոչ հստակ կարգավորում նախատեսված է նաեւ Նախագծի 47-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն՝ Ոստիկանությունը, սույն օրենքի շրջանակներում, իր հսկողական լիազորություններն իրականացնելիս  պարտավոր է մինչեւ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելը կամ վարչական ակտ ընդունելն անձին իրազեկել սահմանափակող միջոցառման վերաբերյալ: Մասնավորապես՝ ինչ եղանակով պետք է իրազեկի Ոստիկանությունը՝ գրավոր թե բանավոր կամ ինչով է հավաստվելու Ոստիկանության կողմից իրազեկելու փաստը:

8) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.3-րդ հոդվածի  նոր խմբագրությամբ շարադրված 11-րդ մասի 1-ին պարբերությամբ սահմանված «մեկուսացում է համարվում  վարակիչ հիվանդությամբ հիվանդ կամ կասկածով անձանց» ձեւակերպումը միանշանակ չի ընկալվում եւ իրավական շփոթ է առաջացնում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել եւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: 

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա անձին դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

7. Նախագծի 9-րդ հոդվածը վերնագրված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներ եւ պարտականություններ (…) մինչդեռ հոդվածը իրավունք վերապահում է միայն ֆիզիկական անձանց համար, իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար սահմանված են բացառապես պարտականություններ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նշված հոդվածի վերնագիրը եւ բովանդակությունը համապատասխանեցնել միմյանց: Սույն պահանջը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից:

8. Նախագծի մի շարք դրույթներում կիրառված եւ (կամ) գրելաձեւը, որը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  16-րդ հոդվածով սահմանված շաղկապների կիրառման պահանջին:

9. Առաջարկում ենք Նախագծի 29-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «կարգով» բառը հանել՝ դրույթի ճիշտ շարադասությունն ապահովելու նպատակով:

10. Նախագծի 30-րդ հոդվածով Տեսչական մարմիններին վերապահվում է ստուգայց իրականացնելու իրավասություն, մինչդեռ նշենք, որ տեսչական մարմինների հետ կապված հարաբերությունները կարգավորող «Տեսչական մարմինների մասին» օրենքով, որով վերջիններիս ստուգայց իրականացնելու իրավասություն վերապահված չէ:

11. Նախագծի 46-րդ հոդվածի 2-րդ մասը վերաձեւակերպման կարիք ունի, քանզի դրույթի նշված շարադասությունն իմաստ չի արտահայտում: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 50-րդ հոդվածին, որի վերնագիրը եւ բովանդակությունը չեն տարբերակվում:

12. Նախագծում առկա են մի շարք գլուխներ, որոնք բաղկացած են միայն մեկ հոդվածից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում». հետեւաբար առաջարկում ենք նշված գլուխները համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:

13. Նախագծի 52-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է «Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված փորձաքննության եզրակացությունը (...)»: Նշենք, որ Նախագծի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, որին հղում է կատարված, փորձաքննության արդյունքում որեւէ եզրակացության վերաբերյալ  դրույթ չի պարունակում: Առաջարկում ենք Նախագծով սահմանված հղումները համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:

14. Առաջարկում ենք Նախագծի 52-րդ հոդվածի 7-րդ մասում նշված «կետի» եւ «ենթակետով» բառերը համապատասխանաբար փոխարինել «մասի» եւ «կետով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

15. Նախագծի անցումային դրույթներում անհրաժեշտ է սահմանել հստակ ժամկետ այն ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար, որոնք սահմանված են Նախագծով: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավակա ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից, այն է՝ « Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

16. Միաժամանակ նշենք, որ Նախագծերի փաթեթում առկա են մի շարք վրիպակներ, ոչ հստակ ձեւակերպումներ եւ ոչ նույնական կամ նույն տեսքով կարգավորումներ: 

17. Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը, փորձաքննության ենթարկելու համար նախատեսված ժամկետը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթի վերաբերյալ առկա դիտողությունների եւ առաջարկությունների ամբողջական ներկայացման, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են  խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկունից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը միմյանց, «Լիցենզավորման մասին» օրենքի, «Տեսչական մարմինների մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

13.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

13.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը հանրության (մարդու) առողջության ապահովման, առողջության պաշտպանության եւ խթանման, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների կանխարգելման, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի  սոցիալ-տնտեսական, վարքագծային եւ հնարավոր այլ վնասակար եւ վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման, ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ստեղծման, շրջակա միջավայրի գործոնները վատթարացնելու կամ վնասելու միջոցով հանրության (մարդու) առողջությանը վնաս հասցնելու բացառման, հանրության (մարդու) առողջության ապահովման մատչելի ու հավաստի տեղեկատվության ապահովման համար իրավական հիմքերի ձեւավորումն ու կատարելագործումն է:

Նախագծերի փաթեթով սահմանվում են հանրային առողջապահության ապահովման ինչպես նոր պահանջները, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով արդեն իսկ սահմանված, ներկայումս գործող եւ կիրառելի մի շարք դրույթներ (ներառյալ՝ կարանտինին վերաբերող կարգավորումները): Հստակեցվում են ՀՀ կառավարության, առողջապահության ոլորտում լիազոր մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, իրավասություններն ու պարտականությունները, վերջիններիս համագործակցության հիմունքները, սահմանվում են օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնք գործող օրենքներում ամրագրված չեն եւ այլն:

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում թվարկված. «աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, արդարադատության նախարարության, արտաքին գործերի նախարարության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ներքին գործերի նախարարության, շրջակա միջավայրի նախարարության, պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, էկոնոմիկայի նախարարության» անվանումներն առաջարկում ենք փոխարինել «պետական կառավարման մարմինների» բառերով, քանի որ այդ մարմինների անվանումները ժամանակի ընթացքում կարող են փոխվել եւ չհամապատասխանել տվյալ օրենքին:

2. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է սահմանել հանրային առողջապահության ոլորտում ֆիզիկական անձանց իրավունքները, սակայն այդ մասում տեղ է գտել ընդամենը մեկ, շատ ընդհանրական՝ իրենց եւ իրենց սերունդների կենսունակության ու առողջության համար բարենպաստ պայմաններ ունենալու իրավունքի շարադրանքը, ուստի այս ցանկը, կարծում ենք, ընդլայնման եւ կոնկրետացման կարիք է զգում: 

3. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ. «Իմունականխարգելման գործընթացի կազմակերպման եւ իրականացման, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների արդյունավետ կառավարման, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի եւ բժշկական հակացուցումների ցանկը ու դրանց վարման պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ հանրային առողջապահական նորմատիվներով:»: Տվյալ դրույթի շրջանակներում հստակեցման կարիք է զգում «պատրաստուկների արդյունավետ կառավարում» բառակապակցությունը, քանի որ նախ՝ պատվաստուկներն անմիջականորեն (կամ ինքնին) չեն կարող կառավարվել (միգուցե նկատի է առնվում այդ պատվաստուկների ստեղծման գործընթացի կամ որեւէ այլ գործողության կառավարումը), եւ երկրորդ՝ անհրաժեշտ է հստակեցնել թե ի՞նչ իմաստ է դրվում տվյալ գործընթացի արդյունավետ կառավարման տակ, քանի որ «արդյունավետությունը» շատ բարդ տնտեսագիտական հասկացություն է, որի չափման համար մասնագիտական գրականության մեջ օգտագործվում է բազմաթիվ (150-ից ավելի) չափանիշներ: Հետեւաբար, եթե սույն Նախագծով պատվաստուկների ստեղծման կամ որեւէ այլ գործընթացի կառավարման արդյունավետության քանակական չափման խնդիր չի դրվում, ապա առաջարկում ենք հրաժարվել տվյալ հասկացության օգտագործումից եւ նշած տեքստից հանել «արդյունավետ» բառը: 

Նախագծի եւ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված օրենքների մյուս նախագծերի վերաբերյալ այլ դիտղություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն դրա կազմում ներկայացված «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագծի որոշ դրույթներ լրամշակման եւ հստակեցման կարիք են զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

31.05.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել հանրային առողջապահության ոլորտը՝  համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից օրենքներում, մասնավորապես՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերում:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը ներկայում լիաժեք չի կանոնակարգում հանրային առողջապահության ոլորտը: Մասնավորապես, ամրագրված չէ պարտադիր պատվաստումների իրականացումը կամ դրանցից հրաժարվելու դեպքում սահմանափակումների կիրառումը, ամբողջական կարգավորված չեն հանրային առողջապահական (սանիտարահիգիենիկ) փորձաքննության հետ կապված իրավահարաբերությունները եւ այլն: 

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է միջազգային նոր պահանջներին եւ ոլորտի նոր զարգացումներին համապատասխան  կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման եւ իրականացման, հիվանդությունների իմունականխարգելման, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառման կազմակերպման եւ իրականացման (շրջակա միջավայրի հիգիենա), աշխատանքի հիգիենայի ծառայությունների եւ հանրային առողջապահական փորձաքննության հետ կապված հարաբերությունները կարգավորելու, հանրային առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

  • սահմանել հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները (հանրային առողջապահություն, համաճարակ, համավարակ, բռնկում, վարակի օջախ, համաճարակաբանական հետազոտություն, կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ, աշխատանքի հիգիենայի ծառայություններ, արտադրական հսկողություն եւ այլն),
  • հստակեցնել հանրային առողջապահության ոլորտում Կառավարության, առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները,
  • ամրագրել պարտադիր պատվաստումների իրականացումն ըստ համաճարակաբանական ցուցումների՝ բացառությամբ փաստագրված բացարձակ  հակացուցումներ ունեցող անձանց,
  • սահմանել բժշկական օգնության եւ սպասարկման ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցման լիցենզիայի պահանջ՝ արտադրական հսկողություն, ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում, հանրային առողջապահական փորձաքննություն եւ աշխատանքի հիգիենայի ծառայություն գործունեության տեսակների համար եւ այլն:

2.   Առողջապահական իրավունքի կարեւորագույն եւ ընդգրկուն ոլորտներից է հանրային առողջապահությունը, որը սահմանվում է որպես «սոցիալական ջանքերով հիվանդությունների կանխարգելման, կյանքի երկարացման եւ առողջության խթանման արվեստ եւ գիտություն»:

Հասարակական առողջության կարողությունների եւ ծառայությունների ամրապնդմանն ուղղված գործունեությունը նպատակ ունի ապահովել այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ մարդիկ կարող են պահպանել իրենց առողջությունը, բարելավել առողջությունն ու բարեկեցությունը կամ կանխել առողջության վատթարացումը:[1] 

Հանրային առողջության սպառնալիքներին եւ մարտահրավերներին դիմակայելու նպատակով 2005 թվականին ընդունվել եւ 2007 թվականից ուժի մեջ են մտել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնները: Դրանք իրենցից ներկայացնում են պահանջներ՝ «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող» դեպքերի (իրադարձությունների) վաղ հայտնաբերման եւ արագ արձագանքման համար:

3.   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթով առաջարկվում  է կարգավորել հանրային առողջության ապահովման հետ կապված հասարակական հարաբերությունները, ներդնել հանրային առողջությանը սպառնացող վտանգը կանխելու մեխանիզմներ, սահմանել իմունականխարգելման գործընթացում քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, Նախագծերի փաթեթի ընդունումը, մեր կարծիքով, կարող է ունենալ դրական նշանակություն: Սակայն, սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից Նախագծերի փաթեթում ներառված «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1. Նախագծի 3-րդ հոդվածի «համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն)» հասկացության մեջ առաջարկում ենք ներառել նաեւ «բռնկում» եւ «համաճարակ» բառերը՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացի հիվանդության դեպքի, համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն), կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ իրականացվում են հիվանդությունների բռնկումների, համաճարակների արձանագրման ժամանակ:

3.2. Նախագծի 3-րդ հոդվածի 34-րդ կետով տրվում է «իմունականխարգելման ենթակա անձ» հասկացության սահմանումը, այն է՝ «34) իմունականխարգելման ենթակա անձ՝ կոնկրետ պատվաստանյութի նկատմամբ բացարձակ հակացուցում չունեցող յուրաքանչյուր անձ.»:

Նախագծի 3-րդ հոդվածի 35-րդ կետով տրվում է «բացարձակ հակացուցում» հասկացության սահմանումը, այն է՝ «35)  բացարձակ հակացուցում՝ իմունականխարգելման ենթակա անձի մոտ հազվադեպ հանդիպող ախտաբանական վիճակ, որը կարող է մեծացնել ծանր հետպատվաստումային անբարեհաջող դեպքի առաջացման ռիսկը.»

Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է. «5. Օտարերկրյա պետությունից ժամանող օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ բացարձակ հակացուցումը հավաստող փաստաթուղթ ունեցողների, ներկայացվում է պարտադիր պատվաստման պահանջ, եթե այն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել եւ սահմանված կարգով հրապարակվել է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի պաշտոնական կայքում օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Հայաստանի Հանրապետության տարածք ժամանելու օրվանից առնվազն 10 օր առաջ: Մինչեւ պաշտոնական հրապարակման 10-րդ օրը օտարերկրյա պետությունից ժամանող կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող  օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց պարտադիր պատվաստումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:»:

Վերոգրյալի հետ կապված անհրաժեշտ ենք համարում նշել, որ պատվաստումների բժշկական հակացուցումները լինում են բացարձակ (փաստագրված) եւ ժամանակավոր: Պատվաստումների բացարձակ (փաստագրված) հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա եւ շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որեւէ բաղադրիչի նկատմամբ: Պատվաստումների ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին եւ ծանր ընթացքով, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդությունների  սրացումը:

Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասը, մեր կարծիքով, վերանայման կարիք ունի, քանի որ չենք կարող բացառել այնպիսի դեպքերը, երբ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու ժամանակաընթացքում պատվաստանյութի նկատմամբ ունենա ժամանակավոր հակացուցում, մինչդեռ, ըստ Նախագծի վերը նշված հոդվածի 5-րդ մասի՝ այս դեպքում նույնպես վերջիններիս պետք է ներկայացվի պարտադիր պատվաստման պահանջ, ինչը, կարծում ենք, առողջապահական տեսանկյունից անընդունելի է: Նշենք, որ ժամանակավոր հակացուցում (սուր հիվանդությունների դեպքում) ունեցող անձանց պատվաստումը կատարվում է առողջացումից հետո, իսկ քրոնիկ հիվանդությունների սրացումների դեպքում՝ կլինիկական երեւույթների կայունացման շրջանում: Այսինքն, ժամանակավոր հակացուցում ունեցող անձինք պետք է անցնեն նախապատվաստումային զննում, քանի որ պատվաստումը չի կարող իրականացվել առանց բժշկի թույլտվության: Այս տեսանկյունից, կարծում ենք, որ Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասում որպես բացառություն անհրաժեշտ է նախատեսել նաեւ ժամանակավոր հակացուցում ունեցող անձանց եւ սահմանել, թե ինչպե՞ս եւ ի՞նչ ընթացակարգով է իրականացվելու վերջիններիս նախապատվաստումային զննումը եւ պարտադիր պատվաստվման պահանջը:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք քննարկել Նախագծում «ժամանակավոր հակացուցում» հասկացության սահմանումը ամրագրելու եւ Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասը վարանայելու հարցը: Առաջարկությունը ընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի նաեւ վերանայել «իմունականխարգելման ենթակա անձ» հասկացության սահմանումը, Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը,12-րդ եւ 13-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաեւ Նախագծում սահմանել ժամանակավոր հակացուցում ունեցող անձանց նախապատվաստումային զննումը եւ պարտադիր պատվաստումը կազմակերպելու գործընթացը:

3.3.  Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում տրվում է «պատվաստումների ազգային օրացույց» հասկացության սահմանումը, որն առաջարկում ենք վերանայել, քանի որ  «պատվաստումների ազգային օրացույց»-ը չի կարող ինքնին, առանձին վերցրած հանդիսանալ որպես նորմատիվ իրավական ակտ: Այն որպես առանձին փաստաթուղթ՝ կարող է հաստատվել նորմատիվ իրավական ակտով: 

3.4. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «դեպքի» բառն առաջարկում ենք փոխարինել «հիվանդության դեպքի, իրադարձության» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի 3-րդ հոդվածի 11-րդ եւ 15-րդ կետերը:

 3.5. Նախագծի «Հիվանդությունների իմունականխարգելման պետական քաղաքականությունը,  կազմակերպումը եւ իրականացումը» վերտառությամբ 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Իմունականխարգելումն իրականացվում է իմունականխարգելման ենթակա անձանց՝ ըստ պատվաստումների ազգային օրացույցի՝ պլանային, ըստ հանրային առողջապահական նորմատիվների՝ համաճարակաբանական ցուցումով, ինչպես նաեւ կամավոր եւ վճարովի հիմունքներով պատվաստումների ազգային օրացույցում չընդգրկված պատվաստումներ:»:

Նշենք, որ Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված «ազգային օրացույցում չընդգրկված պատվաստումներ» եզրույթը որեւէ տեղ չի հստակեցվում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում: Առաջարկում ենք հստակեցնել սույն օրենքի իմաստով ի՞նչ է հասկացվում  «ազգային օրացույցում չընդգրկված պատվաստումներ» ասելով: 

3.6. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «համաճարակների» բառից հետո «համավարակների եւ իրադարձությունների» բառերը լրացնելու հարցը:

3.7. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում «դեպքի» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «հիվանդության» բառը:

3.8. Նախագծի 14-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է. «...Անձի պահանջով հոսպիտալացում իրականացնողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին:»: Առաջարկում ենք «նրա ընտրած անձին» բառերը փոխարինել  «նրա կողմից նշված անձին» բառերով: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասին:

3.9. Նախագծի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «1. Բնակչության համար նախատեսված կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձեւից), սնուցման ֆիզիոլոգիական նորմերը, սնուցման բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, բավարար պարունակությամբ առողջ, համակշիռ եւ լիարժեք սնուցումը պետք է համապատասխանեն հանրային առողջապահական նորմատիվներին:»: Առաջարկում ենք հստակեցնել, թե որո՞նք են համարվում «բնակչության համար նախատեսված կազմակերպություններ»-ը՝ տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալու նպատակով:

3.10. Նախագծի 46-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք վերախմբագրել, քանի որ իմաստային առումով ճիշտ ձեւակերպված չէ: 

4. Նախագծերի փաթեթում ներառված մյուս օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կսահմանվեն օրենսդրական պահանջներ հանրային առողջության ապահովման, հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ, կիրականացվի հանրային առողջապահական փորձաքննութուն օրենքով սահմանված դեպքերում՝ մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար եւ վտանգավոր գործոնների ազդեցությունը բացառելու, հիվանդությունները կանխարգելելու նպատակով:

Նախագծերի փաթեթում ներառված «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագիծը, մեր կարծիքով, լրամշակման կարիք ունի՝ վերը նշված նկատառումներից ելնելով:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝         Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

07.06.2023թ. 

--------------------------------------------------------------------------------

[1] Տե՛ս հետեւյալ հղմամբ https://www.euro.who.int/en/health-topics/Health-systems/publichealth-

services