ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-583-05.05.2023-ՊԱ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-583-05.05.2023-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

26.05.2023թ. 







Իրավական փորձաքննության արդյունքները

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծով  կարգավորումներ են նախատեսվում տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների վերաբերյալ. մասնավորապես՝ Կառավարությանը վերապահվում է սահմանել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, իսկ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահվում է սահմանել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները,  ինչպես նաեւ նշված համարանիշների հատկացման աճուրդների կազմակերպման եւ անցկացման գործընթացի կազմակերպումը:

Նշենք, որ աճուրդների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները հստակ սահմանված են օրենսդրական ակտերով՝ Քաղաքացիական օրենսգրքով եւ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով. ավելին ՝ առանձին հարաբերություններում աճուրդներին վերաբերող կարգավորումները կարող են սահմանվել բացառապես օրենսդրական ակտերով (օրինակ՝ սակարկություններն անցկացնելու մասին ծանուցման հետ կապված հարաբերությունները): Հրապարակային սակարկությունների միատեսակ կիրառելիությունն ապահովելու նպատակով եւ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների կազմակերպման եւ անցկացման հիմքում պետք է դրվի վերը նշված օրենսդրական ակտերը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող «թ» կետում սահմանել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդների կազմակերպման եւ անցկացման առանձնահատկությունների սահմանման լիազորություն:

Միաժամանակ նշենք, որ Նախագծով սահմանվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից միայն մեկնարկային գնի սահմանման իրավասություն, մինչդեռ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդին մասնակցելու համար մուծվող նախավճարի չափի վերաբերյալ որեւէ կարգավորում սահմանված չէ, ինչի արդյունքում նախավճարի չափը որոշվելու է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ սահմանված ընդհանուր կանոնով: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տվյալ պարագայում մեծ պահանջարկ եւ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդների նախավճարի չափի հետ կապված տարբեր կարգավորումներ են նախատեսվելու՝ առաջարկում ենք առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդի նախավճարի չափի սահմանման իրավասության վերաբերյալ լրացում կատարել «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածում կամ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների եւ դիտարկումների հիման վրա, առաջարկում ենք ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ               ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.` 011-513-248)

25.05.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ             ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.` 011-513-248)

25.05.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է նախատեսել նոր տեսակի՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ: Վերջիններս, պահպանելով օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված՝ տառեր եւ թվեր պարունակելու պահանջը, մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ (օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ եւ դրա տարբեր կոմբինացիաները): Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման առաջնահերթության իրավունքը ստանալու համար նախատեսվում է իրականացնել աճուրդ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

15.05.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների եւ  ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առավել գեղեցիկ եւ բարձր արժեք ունեցող համարանիշերը:

Նախագծով առաջարկվում է նախատեսել նոր տեսակի՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր, որոնք, պահպանելով օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված տառեր եւ թվեր պարունակելու պահանջը, մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ:

Նախագծի ընդունմամբ կնախատեսվի իրավական հնարավորություն՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր սահմանելու եւ դրանք աճուրդային կարգով օտարելու նպատակով: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/

24.05.2023թ.