ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-558-10.04.2023-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5581 -10.04.2023-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5582 -10.04.2023-ԱՍ-011/0), «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5583 -10.04.2023-ԱՍ-011/0), «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5584 -10.04.2023-ԱՍ-011/0), «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5585 -10.04.2023-ԱՍ-011/0), «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5586 -10.04.2023-ԱՍ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5587 -10.04.2023-ԱՍ-011/0), «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5588-10.04.2023-ԱՍ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5589 -10.04.2023-ԱՍ-011/0), «Փրկարար ուժերի եւ փրկարար կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-55810 -10.04.2023-ԱՍ-011/0), «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-55811 -10.04.2023-ԱՍ-011/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-55812 -10.04.2023-ԱՍ-011/0), «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-55813 -10.04.2023-ԱՍ-011/0) եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-55814 -10.04.2023-ԱՍ-011/0) վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-558-10.04.2023-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5581 -10.04.2023-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5582 -10.04.2023-ԱՍ-011/0), «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5583 -10.04.2023-ԱՍ-011/0), «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5584 -10.04.2023-ԱՍ-011/0), «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5585 -10.04.2023-ԱՍ-011/0), «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5586 -10.04.2023-ԱՍ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5587 -10.04.2023-ԱՍ-011/0), «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5588 -10.04.2023-ԱՍ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5589 -10.04.2023-ԱՍ-011/0), «Փրկարար ուժերի եւ փրկարար կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-55810 -10.04.2023-ԱՍ-011/0), «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-55811 -10.04.2023-ԱՍ-011/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-55812 -10.04.2023-ԱՍ-011/0), «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-55813 -10.04.2023-ԱՍ-011/0) եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-55814 -10.04.2023-ԱՍ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

02.05.2023թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 17-րդ հոդվածում սահմանված են կամավոր աշխատանքի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի՝ օրենքով սահմանված լիազոր մարմնի լիազորությունները: Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ հոդվածում կիրառված «օրենքով սահմանված» հղումն առաջարկում ենք հստակեցնել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պահանջը, որի համաձայն՝ «4. Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:

2. Նախագծի 5-րդ գլուխը բաղկացած է մեկ հոդվածից, մինչդեռ օրենսդրական ակտի գլխում միավորվում են բովանդակությամբ համասեռ հոդվածները: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ գլուխը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավադրույթին, այն է՝ «4. Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում:»:

3. Նախագծի 6-րդ հոդվածում սահմանված են կամավոր աշխատանքի հետ կապված սահմանափակումներն ու առանձնահատկությունները, որի 7-րդ մասում նախատեսված է՝ «7. Եթե բժշկական եզրակացությամբ հաստատվում է, որ կամավոր աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել կամավորի առողջությունը, ապա Կազմակերպությունը նրան պարտավոր է տեղափոխել միայն իր առողջական վիճակին համապատասխան այլ կամավոր աշխատանքների՝ առկայության դեպքում, եւ չներգրավել կամավոր աշխատանքի, եթե այլ կամավոր աշխատանք առկա չէ:»: 

Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից, մասնավորապես՝ եթե կամավորի առողջությունն արդեն վտանգված լինելու հանգամանքի հաստատումը բժշկական եզրակացությամբ հասկանալի է առողջական որեւէ խնդրի առաջացման դեպքում, ապա  հասկանալի չէ՝ որ դեպքերում է պահանջվում եւ տրվում բժշկական եզրակացություն, որը հաստատում է կամավոր աշխատանքի կամավորի առողջությունը վտանգելու հնարավորությունը: Սույն դրույթի իրավական որոշակիության ապահովման անհրաժեշտությունը կարեւորվում է կամավորին իր առողջական վիճակին համապատասխան այլ կամավոր աշխատանքների տեղափոխելու կամ կամավոր աշխատանքներում չներգրավելու կազմակերպության պարտականության սահմանման տեսակյունից: 

4. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «1. Կազմակերպությունը պարտավոր է՝

3) կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելուց առաջ պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա կամ կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին փաստաթուղթ, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ (նեղ մասնագիտական) գիտելիքներ պահանջող բնագավառում,»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Հատուկ՝ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող բնագավառում կամավոր աշխատանք կարող է կատարվել միայն՝ այդ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա կամ կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին փաստաթուղթ ունենալու դեպքում:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են ոչ թե հատուկ՝ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող բնագավառները, այլ հատուկ՝ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող բնագավառում կամավոր աշխատանք կատարելու պահանջները: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կատարված հղումը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավադրույթից: 

5. Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված միջոցները տրամադրվում կամ ծախսերը փոխահատուցվում կամ հատուցվում են Կազմակերպության կամ ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության միջոցների հաշվին:»:

Վերոնշյալ իրավադրույթը կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից, մասնավորապես՝ կազմակերպության կողմից կամավորի օտարերկրյա պետություն գործուղվելու դեպքում Նախագծի 12-րդ հոդվածով սահմանված միջոցների տրամադրման եւ ծախսերի փոխատուցման համար Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանվում են երեք սուբյեկտ: Մինչդեռ հասկանալի չէ՝ որ դեպքերում հստակ ում կողմից են համապատասխան միջոցները տրմադրվելու կամ ծախսերը փոխատուցվելու: Եթե կազմակերպության նախաձեռնությամբ օտաերկրյա պետություն գործուղվելու դեպքում որպես միջոցների տրամադրման եւ ծախսերի փոխատուցման սուբյեկտ հանդիսանալու է կազմակերպությունը, օտարերկրյա պետության հրավերի դեպքում՝ օտարերկրյա պետությունը, իսկ միջազգային կազմակերպության հրավերի դեպքում՝ միջազգային կազմակերպությունը, ապա առաջարկում ենք քննարկվող հոդվածում հստակ սահմանել որ դեպքում ում կողմից են համապատասխան միջոցները տրամադրվելու եւ ծախսերը փոխատուցվելու: Իսկ եթե Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասում թվարկված սուբյեկտներից յուրաքանչյուրը կարող է հանդիսանալ ցանկացած դեպքում միջոցներ տրամադրող եւ ծախսեր փոխատուցող մարմին, ապա սույն հարցի կարգավորումն, իրավական որոշակիության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, առաջարկում ենք վերապահել կամավոր աշխատանքի մասին պայմանագրի իրավասությանը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավադրույթն առաջարկում ենք վերանայել իրավական որոշակիության տեսանկյունից:

6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծում հոդվածների համարներից առաջ գրված «ՀՈԴՎԱԾ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հոդված» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «2. Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի, «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի, «Հիմնադրամների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի, «Փրկարար ուժերի եւ փրկարար կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի, «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդվածների համարներից առաջ գրված «ՀՈԴՎԱԾ» բառերին:

7. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «իր աշխատողի» բառերից հետո լրացնել  «կամ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքների ներգրավված կամավորի» բառերով:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածում սահմանված է իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխանատվությունն իր աշխատողի պատճառած վնասի համար, որի 1-ին մասի համաձայն՝ «1. Իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս պատճառված վնասը:»:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում սահմանված լրացման արդյունքում քաղաքացին, ինչպես կազմակերպությունը հատուցում է իր աշխատողի կամ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքների ներգրավված կամավորի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս պատճառված վնասը:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված է կամավորին կամավոր աշխատանքներում ներգրավող կազմակերպության հասկացությունը, որի համաձայն՝ «3) կամավորին կամավոր աշխատանքներում ներգրավող կազմակերպություն (սույն օրենքի իմաստով այսուհետեւ՝ Կազմակերպություն)՝ հանրային իշխանության մարմին, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձ կամ հիմնարկ, ինչպես նաեւ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ.»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում սահմանված է՝ «Քաղաքացիական օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների մասնակիցները` ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիներ) ու իրավաբանական անձինք են, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքներն են (հոդված 128):»: Հիմք ընդունելով մեջբերված իրավադրույթները՝ նշենք, որ քաղաքացին կամավորին կամավոր աշխատանքներում ներգրավող կազմակերպության հասկացության մեջ ներառված չէ: Հետեւաբար առաջարկում ենք վերնայել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում սահմանված լրացումը քննարկվող հատվածով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից, ինչպես նաեւ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:

Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը եւ ռեսուրսների բացակայության գործոնը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթը ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

02.05.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

02.05.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով ընդունման նպատակը կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորումն է, այդ թվում՝ միասնական իրավական կարգավորումների սահմանումն ու առկա իրավական հիմքերի ներդաշնակեցումը, որը նաեւ համապատասխան իրավական հիմքեր կստեղծի կազմակերպությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի զարգացման համար, օրինակ՝ կազմակերպությունների կամավորական կամ բարեգործական ծրագրերի միջոցով տարբեր սոցիալական խմբերին` հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, սոցիալական աջակցության կարիք ունեցող այլ անձանց սոցիալական պաշտպանությանը մասնակցելու միջոցով:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից, Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում.

ա) 3-րդ կետով տրվող սահմանման մեջ «այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին» բառերն առաջարկում ենք փոխարինել «այդ թվում՝ պետական, ենթակա պետական, տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին» բառերով՝ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի հետ համապատասխանության ապահովման, ինչպես նաեւ կամավորների աշխատանք ներգրավելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկն ամբողջական դարձնելու նպատակով (ընդ որում՝ այս մասով անհրաժեշտ կլինի նաեւ համապատասխան լրացում կատարել, այն է՝ լիազորող նորմ ամրագրել նաեւ «Տածքային կառավարման մասին» օրենքում):

բ) 3-րդ կետով տրվող՝ «կամավորին կամավոր աշխատանքներում ներգրավող կազմակերպություն (սույն օրենքի իմաստով այսուհետեւ՝ Կազմակերպություն)» հասկացությունը սահմանվում է հետեւյալ կերպ. «հանրային իշխանության մարմին, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձ կամ հիմնարկ, ինչպես նաեւ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ.»: Խնդիրը կայանում է նրանում, որ որոշումների ընդունման համար (տվյալ դեպքում՝ կամավորների ներգրավման առումով) կարեւորը ոչ այնքան շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի՝ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանելու, այլ որոշումների ընդունման համար անհրաժեշտ վերահսկիչ փաթեթ (բաժնեմաս) ունենալու հանգամանքն է: Հետեւաբար, որեւէ տարբերություն չկա թե որոշումներ ընդունելու համար բավարարող պետական բաժնեմասը 100 տոկոս է, 60 տոկոս, թե 20 տոկոս: Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ սահմանման «հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ.» նախադասությունը փոխարինել «պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր (բաժնեմասեր) ունեցող առեւտրային կազմակերպություն.» նախադասությամբ, որը մի կողմից համահունչ կլինի ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված իրավակարգավորումներին, իսկ մյուս կողմից՝ կբացառի այնպիսի իրավիճակների ի հայտ գալը, երբ 100 տոկոս բաժնեմաս ունեցող պետական ընկերությունը կարող է ներգրավել կամավորների աշխատանքը, իսկ, օրինակ, 95 տոկոս բաժնեմաս ունեցողը՝ չի կարող: Բացի այդ, առաջարկվող ձեւակերպումը թույլ կտա պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությանը ներգրավել կամավորների աշխատանք՝ եթե նրա կապիտալում պետական մասնակցության չափը թույլ է տալիս ընդունել համապատասխան որոշում՝ անկախ այդ մասնակցության կոնկրետ չափից: 

գ) 4-րդ եւ 5-րդ կետերով տրվում են հետեւյալ հասկացությունների սահմանումները՝

«4) կամավոր աշխատանքի սուբյեկտ՝ Կազմակերպություն կամ կամավոր.

5) կամավոր աշխատանքի մասին պայմանագիր՝ կամավորի եւ Կազմակերպության միջեւ սույն օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարելու մասին գրավոր համաձայնություն.»:

Բերված սահմանումներից ակնհայտ է, որ Կազմակերպությունը եւ կամավորը կամավոր աշխատանքի տարբեր (ինքնուրույն) սուբյեկտներ են, սակայն ինչպես 5-րդ կետով տրված սահմանումից, այնպես էլ Նախագծի ողջ տեքստից պարզ է դառնում, որ կամավորները չեն կարող ինքնուրույն (առանց Կազմակերպության հետ կնքված պայմանագրի) կամավոր աշխատանք կատարել՝ Նախագծով սահմանված դեպքերում: Կապված այն հանգամանքի հետ, որ կամավորության ինստիտուտը ՀՀ-ում նոր է արմատավորվում, իսկ մյուս կողմից՝ գոյություն չունի անհատ կամավորների գրացման եւ գործունեության վերահսկման տեղեկատվական միասնական համակարգ, միգուցե, սկզբնական փուլում արդարացված կարելի է համարել նման սահմանափակումների կիրառումը: Սակայն, տարընթերցումներից խուսափելու նպատակով, կարծում ենք, նպատակահարմար կլինի հատուկ նորմով ամրագել կամավորի կողմից ինքնուրույն (առանց Կազմակերպության հետ կնքված պայմանագրի) գործունեություն իրականացնելու արգելքը:

Այս առումով, կարծում ենք, շատ կարեւոր է նաեւ մեր կողմից նշված՝ կամավորների գրանցման եւ գործունեության վերահսկման տեղեկատվական միասնական համակարգի ստեղծումը, որի ձեւավորման եւ գործունեության իրավական հիմքերը, որպես առանձին գլուխ, առաջարկում ենք լրացնել տվյալ Նախագծում:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում, որով ձեւակերպված են կամավոր աշխատանքի սուբյեկտների հիմնական նպատակները, որոշ կետեր հստակեցման եւ ճշգրտման կարիք ունեն, մասնավորապես՝

ա) 10-րդ կետով, որպես նպատակ, սահմանվում է. «հանրությանը մարդասիրական գաղափարների եւ սկզբունքների ոգով դաստիարակելը, կրթելը կամ հասարակական գործունեությանը ներգրավվելու հնարավորություն ընձեռելը կամ կամավորության սոցիալական ճանաչմանը նպաստելը.»: Եթե կամավորության սոցիալական ճանաչմանը նպաստելու առումով որեւէ խնդիր չի առաջանում, ապա հանրությանը մարդասիրական գաղափարների եւ սկզբունքների ոգով դաստիարակելու, կրթելու մասով որոշակի մտահոգություն կարող է առաջանալ, հատկապես՝ կամավոր աշխատանք ներգրավող կազմակերպությունների եւ կամավորների մասով (քանի որ որեւէ երաշխիք չի կարող լինել, որ այդ կազմակերպություններն իրենք արդեն իսկ մարդասւրական գաղափարների եւ սկզբունքների ոգով դաստիարակված եւ կրթված են), իսկ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասով էլ անհայտ է մնում, թե այս բնագավառում կրթական ի՞նչ ծրագրեր պետք է իրականացնեն կամավոր աշխատանքի սուբյեկտ հանդիսացող պետական կառավարման եւ տեղական ինքնկառավարման մարմինները, որո՞նք են կրթական չափորոշիչները, դրանց համապատասխանության ստուգման մեխանիզմները եւ այլն:

Հետեւաբար, առաջարկում ենք կամ հստակեցնել նշված հարցերը (ինչը, կարծում ենք, բավականին խնդրահարույց է), կամ էլ, ավելորդ տարընթերցումներից ու մեկնաբանության հնարավորություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք տվյալ կետից հանել  «հանրությանը մարդասիրական գաղափարների եւ սկզբունքների ոգով դաստիարակելը, կրթելը կամ» բառերը:

բ) 11-րդ կետում անհրաժեշտ է տալ «մարդկային կամ սոցիալական կապիտալ» հասկացության  սահմանումը, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ:

գ) Առաջարկում ենք հանել տվյալ մասի 14-րդ կետը, որով, որպես կամավոր աշխատանքի սուբյեկտների հիմնական նպատակ, սահմանվում է. «մասնակցային կառավարման, այդ թվում՝ ընտրական գործընթացներին մասնակցության մշակույթի զարգացմանը նպաստելը:»:  Խնդիրը կայանում է նրանում, որ կամավոր աշխատանքը, իր էությամբ, բովանդակությամբ եւ նպատակային նշանակությամբ, ըստ էության, չի տարբերվում բարեգործական գործունեությունից, որն էլ ՀՀ Ընտրական օրենսգրքով արգելված է իրականացնել նախընտրական եւ ընտրական գործընթացների ժամանակ: Հետեւաբար, այս գործընթացների ժամանակ կամավոր աշխատանքի թույլատրումը չարաշահումների եւ ընտրական գործընթացի արգելքները շրջանցելու հնարավորություններ կարող են ստեղծել, առավել եւս, որ ընտրական գործընթացները ոչ թե սոցիալական, այլ քաղաքական նշանակություն ունեն:

3. Անհրաժեշտ է հստակեցնել Նախագծի 6-րդ հոդվածի 9-րդ մասը, ըստ որի. «Սույն օրենքով սահմանված կարգով կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածը կամավորի համար համարվում է աշխատանքային փորձառություն:»: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չէ, թե ի՞նչ է նշանակում «աշխատանքային փորձառություն» հասկացությունը եւ ի՞նչ է տալու կամավորին այդ փորձառության փաստումը, թեեւ Նախագծում բացակայում է նաեւ տվյալ փորձառության փաստաթղթավորման կամ որեւէ այլ կերպ նյութականացման նորմերն ու մեխանիզմները: 

4. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթը տարընթերցման տեղիք է տալիս եւ հստակեցման անհրաժեշտություն է զգում: Մասնավորապես, դրանով սահմանվում է, որ կամավորը պարտավոր է. «հատուցել սույն հոդվածով սահմանված պարտականությունները կատարելիս՝ իր գործողության կամ անգործության հետեւանքով Կազմակերպությանը պատճառած նյութական վնասը,»: Բնականաբար, կամավորների կողմից աշխատանքների կատարման կամ անգործության հետեւանքով կարող են առաջանալ նյութական վնասներ, սակայն, կարծում ենք, ոչ բոլոր դեպքերում է, որ կամավորները պետք է հատուցեն այդ վնասները: Օրինակ, տարերային կամ տեխնածի որեւէ աղետի հետեւանքների վերացման աշխատանքներ կատարելիս, կամ մարդկանց կյանքը փրկելու նպատակով հնարավոր է անհրաժեշտ լինի ջարդել կամ վնասել որեւէ սուբյեկտի սեփականությունը հանդիսացող գույքը: Բնական է, որ նման դեպքերում վնասի հատուցման մասին խոսք լինել չի կարող, հետաբար՝ առաջարկում ենք նշված մասի «Կազմակերպությանը» բառից հետո ավելացնել «դիտավորությամբ» բառը, այսինքն՝ հատուցելի համարել միայն այն վնասները, որոնք կամավորի կողմից պատճառվել է դիտավորության արդյունքում: 

5. Նախագծերի սույն փաթեթով առաջին անգամ է փորձ արվում համալիր ձեւով կարգավորել կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, ուստի դրա հետ կապված մի շարք փոփոխություններ եւ լրացումներ են կատարվում հարակից մի շարք օրենքներում, որոնց վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Սակայն, մեր կարծիքով, առկա են մի շարք հարցեր եւ խնդիրներ, որոնք իրենց լուծումը չեն գտել տվյալ Նախագծում եւ հարակից օրենքների փոփոխություններում, եւ որոնք առաջարկում ենք լրացնել համապատասխան նախագծերում: Մասնավորապես.

ա) Կարգավորված չեն աշխատանքային պայմանագիր կնքած վարձու աշխատողների եւ հանրային ծառայողների կողմից կամավոր աշխատանք կատարելու դեպքում իրենց հիմնական աշխատանքի վայրից բացակայելու հետ կապված հարաբերությունները: Այս մասով միակ կարգավորումը նախատեսված է միայն «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծով, այն էլ՝ միայն փրկարարական աշխատանքներ կատարելու մասով: Տվյալ նախագծով, մասնավորապես, սահմանվում է, որ.

«3.1. Այն անձինք, ովքեր աշխատանքային հարաբերությունների շրջանակներում աշխատավարձ են ստանում Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջեներից, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով փրկարարական աշխատանքների իրականացմանը` որպես կամավոր, կարող են ներգրավվել նաեւ աշխատանքային ժամերին` գործատուի գրավոր համաձայնությամբ:

3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում աշխատանքային ժամերին կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձի աշխատատեղը (պաշտոնը) եւ աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում են:»:

Տվյալ կարգավորումները, որոշ անհրաժեշտ փոփոխություններով (օրինակ՝ հիմնական աշխատավայրից բացակայելու առավելագույն ժամկետ նախատեսելով), առաջարկում ենք նախատեսել նաեւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում:

բ) Կամավոր աշխատանքի օգտագործման հիմնական ուղղություններից մեկն էլ  կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, առողջապահական, բնապահպանական եւ այլ հանրային նշանակության խնդիրների լուծմանն աջակցելն է, որի ընթացքում հնարավոր է առաջանան հեղինակային իրավունքների հետ կապված հարցեր, իսկ քանի որ կամավոր աշխատանքը վարձատրություն չի նախատեսում, ապա բաց է մնում (կարգավորված չէ) այն հարցը, թե ու՞մ պետք է պատկանեն կամավոր աշխատանքի ընթացքում ծագած հեղինակային իրավունքները եւ ի՞նչ կարգով պետք է դրանք համապատասխան գրանցում ստանան:

գ) Ըստ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, կամավորի իրավունքներից մեկն էլ կամավոր աշխատանքի ընթացքում կրած վնասների դիմաց հատուցում ստանալն է, սակայն ինչպես Նախագծով, այնպես էլ գործող օրենքներով հատուցման ենթակա վնասների տեսակները, դրանց հաշվարկման չափանիշները, մեթոդաբանությունը  եւ հատուցման կարգը սահմանված չեն, ինչն էլ առաջարկում ենք լրացնել տվյալ Նախագծում: Բացի այդ, կարծում ենք, շատ ավելի նպատակահարմար կլինի այս մասով լրացնել նաեւ կամավորների կյանքի եւ առողջության ապահովագրության հետ կապված դրույթներ, ինչն էլ սկզբունքորեն կնպաստի վնասների հատուցման ծավալների հնարավորինս նվազեցմանը:

դ)  Նախագծերի փաթեթում լրացման ենթակա կարգավորումների մյուս խումբը, մեր կարծիքով, կապված է ընդունվող օրենքների խախտման համար պատասխանատվության տեսակների եւ չափերի սահմանման հետ, որոնք նույնպես բացակայում են: Ընդ որում, ընդունվող նոր կարգավորումների մի մասը շատ սերտորեն առընչվում է կոռուպցիոն երեւույթների հետ՝ ինչպես աշխատանքի կամավորության սկզբունքի շրջանցման հնարավորությունների, այնպես էլ կամավոր աշխատանքի դիմաց հետագայում այլ օգուտի (որեւէ առավելության, պաշտոնի եւ այլնի) ստացման հետ: 

ե) Մեր կարծիքով, ստվերային տնտեսության դեմ պայքարի շրջանակներում, անհրաժեշտ է հատուկ կարգավորում ավելացնել նաեւ ՀՀ Հարկային օրենսգրքում՝ կապված կամավոր աշխատանք կատարողների մասով առանձին հաշվառում վարելու պահանջի սահմանման հետ: 

զ) Վերջապես, կարծում ենք, անհրաժեշտ է տվյալ Նախագծում սահմանել այն վայրերը, որտեղ ցանկացած պարագայում չեն կարող օգտագործվել կամավորների աշխատանքը (օրինակ՝ ատոմակայանում, պետական սահմանի սահմանային գոտում, ռազմավարական նշանակության օբյեկտներում եւ այլն): 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ ինչպես վերը նշված հարցերի հստակեցման, այնպես էլ ներկայացված նախագծերում նոր կարգավորումների ավելացման եւ նոր նախագծերի մշակման տեսանկյունից:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

25.04.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել կամավոր աշխատանքի ոլորտը՝ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից օրենքներում, մասնավորապես՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մաuին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին», «Հիմնադրամների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մաuին», «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մաuին», «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքներում:

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորմամբ, այդ թվում՝ միասնական իրավական կարգավորումների սահմանմամբ ու առկա իրավական հիմքերի ներդաշնակեցմամբ, ինչը համապատասխան իրավական հիմքեր կստեղծի կազմակերպությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի զարգացման համար, օրինակ՝ կազմակերպությունների կամավորական կամ բարեգործական ծրագրերի միջոցով տարբեր սոցիալական խմբերին` հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, սոցիալական աջակցության կարիք ունեցող այլ անձանց սոցիալական պաշտպանությանը մասնակցելու միջոցով:

Մասնավորապես, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) կամրագրվեն. 

- կամավոր աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու լիարժեք իրավական կարգավորումները, 

- կամավոր եւ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքները, 

- կամավոր աշխատանքի սուբյեկտները (Կազմակերպությունները, կամավորները), 

- կամավոր աշխատանքի հետ կապված սահմանափակումներն ու առանձնահատկությունները, 

- կամավորի եւ կազմակերպության միջեւ փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորումները, 

- կամավոր աշխատանքի կատարման հետ կապված ծախսերի հատուցման մեխանիզմները, գործուղման ծախսերի մասով հարկային արտոնությունների սահմանումը, 

- կամավոր աշխատանքի ընթացքում կամավորների եւ այլ անձանց առողջության եւ անվտանգության ապահովման երաշխիքները, 

- կամավոր աշխատանք կատարող անձի կրած վնասի հատուցման իրավական հիմքերը, 

- կամավոր աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերից (դժբախտ դեպքերից, մասնագիտական հիվանդություններից, երրորդ անձանց վնաս պատճառելու ռիսկի հետ կապված քաղաքացիական պատասխանատվությունից) ապահովագրության կարգավորումները, 

- կամավոր աշխատանքի սուբյեկտների հիմնական իրավունքները եւ պարտականությունները, պատասխանատվությունն ինչպես միմյանց, այնպես էլ՝ կամավոր աշխատանքի հետ կապված երրորդ անձանց նկատմամբ:

Ներկայացված Նախագծով նախատեսվել է նաեւ այն կազմակերպությունների շրջանակը, որոնք անհրաժեշտության դեպքում իրավունք են ունենալու ներգրավել կամավորների, մասնավորապես՝ այդ կազմակերպություններն են հանդիսանալու հանրային իշխանության մարմինները, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձինք կամ հիմնարկները, ինչպես նաեւ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձինք:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կամրագրվեն կամավոր աշխատանքի ամբողջական եւ միասնական օրենսդրական կարգավորումները, ինչպես նաեւ կամավորության ինստիտուտի կայացման եւ մշակույթի տարածման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները: 

Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

1. Նախագծի 5-րդ հոդվածով ներկայացվում են կամավոր աշխատանքի սուբյեկտների հիմնական նպատակները, ըստ որոնց՝ կամավոր աշխատանքը կաջակցի կրթական, գիտական, մշակութային, առողջապահական եւ այլ բնագավառներում հանրային նշանակության խնդիրների լուծմանը, անձի մասնագիտական կողմնորոշմանը կամ կարիերայի պլանավորմանը, սոցիալական պատասխանատվության ձեւավորմանը, կիրականացնի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների կամ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների վերացման աշխատանքներին կամ փրկարարական գործողություններին կամ տուժածներին օգնություն ցուցաբերելու կամ աղետների ռիսկերի կառավարման շրջանակներում իրականացվող աշխատանքներին աջակցության ցուցաբերումը եւ այլն, որոնք բոլորն էլ ընդգծված սոցիալական բնույթ ունեցող նպատակներ են: 

Սակայն, այս ցանկում տեղ է գտել նաեւ կամավոր աշխատանքի այնպիսի նպատակ (տես 1-ին մասի 14-րդ կետը), ինչպիսին է «մասնակցային կառավարման, այդ թվում՝ ընտրական գործընթացներին մասնակցության մշակույթի զարգացմանը նպաստելը», որը ոչ միայն դուրս է գալիս սոցիալական նպատակների շրջանակից, այլեւ կարող է հակասոցիալական երեւույթների պատճառ դառնալ՝ կապված ընտրական գործընթացների խիստ քաղաքականացված միջավայրում սոցիալական առանձին խմբերի համար առավելությունների ստեղծման եւ ընտրական գործընթացների տրամաբանությանն ու կարգավորման իրավական հիմքերին հակասության հետ: Բացի այդ, խիստ մեկնաբանելի եւ անորոշ բնույթ ունի «մասնակցային կառավարում» հասկացությունը, որի սահմանումը տրված չէ ինչպես սույն Նախագծով, այնպես էլ այլ օրենքներով, որի պարագայում «մասնակցային կառավարման» տակ կարող է հասկացվել կառավարչական ցանկացած գործընթաց, որոնց իրականացման ընթացքում կամավոր աշխատանքի ներգրավումը մի շարք սոցիալական հիմնախնդիրներ կարող է առաջացնել (աշխատավարձերի բնականոն աճի զսպում, զբաղվածության կայունության խաթարում եւ այլն): 

 Ուստի, նկատի ունենալով նաեւ, որ տվյալ Նախագիծը կամավոր աշխատանքի օրենսդրական կարգավորման առաջին փորձն է, առաջարկում ենք հանել Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը եւ ձեռնպահ մնալ դրանով ոչ սոցիալական նպատակների ամրագրումից: Բացի այդ, առաջարկում ենք նաեւ հստակեցնել եւ սույն Նախագծով սահմանել այս հոդվածում տեղ գտած՝ «առանցքային (փափուկ) հմտություններ», «ոչ ֆորմալ կամ ինֆորմալ կրթություն» եւ «մարդկային կամ սոցիալական կապիտալ» հասկացությունները:

2. Նախագծի 6-րդ հոդվածի 9-րդ մասում նշվում է, որ սահմանված կարգով կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածը կամավորի համար համարվում է աշխատանքային փորձառություն: Այս կապակցությամբ, կարծում ենք, անհրաժեշտ է տվյալ Նախագծում կամ ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախ հստակ սահմանել, թե ի՞նչ է նշանակում «աշխատանքային փորձառություն»-ը, ինչպես նաեւ հստակեցնել, թե կամավորի համար աշխատանքային փորձառություն համարվող ժամանակահատվածը որտե՞ղ է ամրագրվում (աշխատանքային գրքույկում, տեղեկատվական որեւէ համակարգում եւ այլն) եւ արդյո՞ք այն հետագայում կհամարվի աշխատանքային ստաժ, թե՞ ոչ:

3. Նախագծի 7-րդ եւ 8-րդ հոդվածներով սահմանվում են կամավորի իրավունքներն ու պարտականությունները: Մասնավորապես, Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կամավորն իրավունք ունի. «…Կազմակերպության հետ փոխադարձ համաձայնությամբ մասնակցելու Կազմակերպության՝ կամավորական կամ այլ ծրագրերի մշակմանը կամ իրականացմանը.», իսկ 8-րդ հոդվածի 2-րդ մասով անձը կամավոր դառնալու համար պարտավոր է Կազմակերպության հետ կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր: Փաստացի, ստացվում է, որ անձը կամավոր դառնալու կամ կամավորական աշխատանք կատարելու համար պարտադիր պետք է պայմանագիր կնքի որեւիցէ կազմակերպության հետ, հակառակ պարագայում՝ անձը կամ անձինք՝ որպես կամավորներ, ինքնուրույն կամ սեփական նախաձեռնությամբ, առանց որեւէ կազմակերպության մեջ ներգրավված լինելու, առանց կազմակերպության հետ պայմանագիր կնքելու, ինքնուրույն կամավորական աշխատանք կատարելու իրավունք չեն ունենա, ինչն էլ, մեր կարծիքով, էականորեն կսահմանափակի կամավորների գործունեության ազատությունը եւ այս բնագավառում նրանց իրավունքները:

Հաշվի առնելով տվյալ խնդրի կարեւորությունը, առաջարկում ենք Նախագծով օրենսդրական հիմքեր ստեղծել անհատ կամավորների կողմից գործունեության իրականացման համար, իսկ տվյալ գործընթացի նկատմամբ վերահսկողության ապահովման նպատակով, կարծում ենք, կարելի է պետական կառավարման լիազոր մարմնում ստեղծել հատուկ հարթակ (այդ թվում՝ էլեկտրոնային), որտեղ պաշտոնապես գրանցվելուց հետո միայն անհատ կամավորն իրավունք կստանա սեփական նախաձեռնությամբ, ինքնուրույն կամ այլ անհատ կամավորների հետ միասին իրականացնելու կամավորական աշխատանք:

4. Նախագծի 19-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է. «Մինչեւ տասնչորս տարեկան անձինք Կազմակերպության միջոցով օտարերկրյա պետությունում կամավոր աշխատանքի կարող են ներգրավվել ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի, իսկ տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անձինք՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ եւ պատասխանատվությամբ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված (էմանսիպացված) անձանց:»: 

Մեր կարծիքով, երեխաների իրավունքների պաշտպանության առումով, անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ի՞նչ տեսակի եւ ի՞նչ ծավալներով կարող են օգտագործվել մինչեւ 16 տարեկան երեխաների կամավոր աշխատանքը, ընդ որում՝ այս բնագավառում հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք խիստ սահմանափակել երեխաներին կամավոր աշխատանքի ներգրավման հնարավորությունները եւ, ըստ էության, թույլատրել միայն կամավոր աշխատանքի այն տեսակները, որոնց իրականացումը բխում է բացառապես երեխայի լավագույն շահերից: 

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ներկայացված առաջարկություններն ընդունելի լինելու դեպքում Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք կունենա:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

25.04.2023թ.