ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-552-06.04.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանի,  Գառնիկ Դանիելյանի, Արման Ղազարյանի եւ Արթուր Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-552-06.04.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

27.04.2023թ. 







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

Նախագծով նախատեսվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) «Անցումային դրույթներ» վերտառությամբ 102-րդ հոդվածի 6-րդ մասում փոփոխություն կատարել, ինչի արդյունքում նախատեսվում է օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստը ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չգումարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ դրույթը հանել: 

Ներկայացված նախագծով միաժամանակ նախատեսվում է լրացնել նոր դրույթ, առ այն, որ համամասնական ընտրակարգով ձեւավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չգումարվելու դեպքում, տվյալ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության գրավոր առաջարկով Հայաստանի Հանրապետության վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակում  այդ խմբակցության կողմից առաջարկված խմբակցության անդամին: 

Նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորմամբ օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստը ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չգումարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ անցումային դրույթն իր բնույթով կատարված եւ կատարմամբ սպառված է:

Այսպես՝ անցումային դրույթներն ինքնուրույն նշանակություն չունեն եւ կոչված են ապահովելու անցումը նախորդ իրավակարգավորումներից գործող իրավակարգավորումներին, վերջիններս ունեն ժամանակավոր բնույթ եւ իրացումից հետո կորցնում են կարգավորիչ նշանակությունը (ՍԴՈ-1590):

Օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասի ընդունումը կոչված է եղել ապահովելու տվյալ ժամանակահատվածի անցումային բնականոն հաղթահարումը, որը որպես ժամանակավոր կարգավորող նորմ, կատարվել է, կենսագործվել է եւ իրեն «սպառել», հետեւաբար կատարմամբ սպառված դրույթներում հետագա փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը կարծում ենք բացակայում է: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի անցումային դրույթներում լրացվող նոր 7-րդ մասը սահմանել ոչ թե որպես տվյալ օրենքի անցումային դրույթ, այլ սահմանել Օրենքում, որպես հիմնական կանոն՝ համամասնական ընտրակարգով ձեւավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չգումարվելու դեպքի համար, միաժամանակ Օրենքով նախատեսելով նոր անցումային դրույթ՝ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատարի ընտրությունը Նախագծով նախատեսված կարգավորմանը համապատասխանեցնելու վերաբերյալ:

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված է համապատասխան նախագծի անցումային դրույթ հետեւյալ բովանդակությամբ՝ «Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում բոլոր համայնքների ղեկավարների պաշտոնակատարների նշանակումը ենթակա է համապատասխանեցման սույն օրենքի 102-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգին»: Նախ նշենք, որ Օրենքի 102-րդ հոդվածի 7-րդ մասը, որին կատարված է վերը նշված հղումը, վերաբերում է ոչ թե բոլոր համայնքների ղեկավարների պաշտոնակատարներին (օրինակ՝ Օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով նշանակաված համայնքների ղեկավարների պաշտոնակատարներին) այլ միայն այն համայնքների ղեկավարների պաշտոնակատարներին, ովքեր նշանակվել են համամասնական ընտրակարգով ձեւավորված համայնքի ավագանու առաջին նիստը ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չգումարվելու արդյունքում նշանակված համայնքների ղեկավարների պաշտոնակատարներին: Միաժամանակ առաջարկում ենք ապահովել համապատասխան դրույթի որոշակիությունը՝ հստակ նշելով ժամկետ՝ նշանակված համայնքների ղեկավարների պաշտոնակատարների լիազորությունները դադարած համարելու եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նոր կարգավորումներին համապատասխան համայնքների ղեկավարների պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

27.04.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

27.04.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվող փոփոխության եւ լրացման համաձայն, համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: Եթե համամասնական ընտրակարգով ձեւավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, ապա տվյալ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության գրավոր առաջարկով Հայաստանի Հանրապետության վարչապետը այդ խմբակցության կողմից առաջարկված խմբակցության անդամին նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

18.04.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Պատգամավորների կողմից ներկայացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): 

 Գործող իրավակարգավորումներով, եթե օրենքով միավորված համայնքի ավագանու, այդ թվում՝ նաեւ համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Նախագծով առաջարկվում է, որպեսզի ՀՀ վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակի տվյալ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության գրավոր առաջարկով՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը, եթե համամասնական ընտրակարգով ձեւավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

25.04.2023թ.