ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-544-30.03.2023-ԳԿ-011/0), «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5441 -30.03.2023-ԳԿ-011/0) եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5442 -30.03.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-544-30.03.2023-ԳԿ-011/0), «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5441 -30.03.2023-ԳԿ-011/0) եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-5442 -30.03.2023-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

20.04.2023թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին կետում նշված «կետից» եւ «կետեր» բառերն առաջարկում ենք փոխարինել համապատասխանաբար «պարբերությունից» եւ «պարբերություններ» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված դրույթով հղում է կատարվում «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի չհամարակալված պարբերությանը, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի »:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետին:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 1-ին հոդվածում լրացվում է նոր հասկացություն, այն է. «ճարտարագիտատեխնիկական աշխատող՝ գիտական կազմակերպությունում կամ բուհում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության իրականացմանը նպաստող եւ գիտական արդյունքի ստեղծման գործընթացում ներգրավված անձ»: Նշենք, որ վերը մեջբերված դրույթում կիրառված «գիտական կազմակերպություն» բառերի կապակցությամբ հարկ է անդրադառնալ Օրենքի 1-ին հոդվածի վերջին պարբերությանը, որտեղ նշված է «գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություն (այսուհետ` գիտական կազմակերպություն)»: Այսպես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 1-ին հոդվածում «ճարտարագիտատեխնիկական աշխատող» հասկացությունը լրացվում է «գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություն» հասկացությունը սահմանող պարբերությունից առաջ, ինչի արդյունքում «ճարտարագիտատեխնիկական աշխատող» հասկացությունից դուրս են մնում գիտատեխնիկական կազմակերպություններում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության իրականացմանը նպաստող եւ գիտական արդյունքի ստեղծման գործընթացում ներգրավված անձինք: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի վերոնշյալ դրույթը խմբագրել՝ առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, որով սահմանված է. «Գիտական կազմակերպություններն ստորաբաժանվում են գիտահետազոտական կազմակերպությունների, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումների, փորձակոնստրուկտորական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական կամ գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն ծավալող այլ կազմակերպությունների»: Այս կապակցությամբ նախ նշենք, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ անդրադարձ չի կատարվում վերոնշյալ փոփոխությանը, հետեւաբար հասկանալի չէ, թե ինչով է այն պայմանավորված եւ ինչ նպատակ է հետապնդում: Բացի այդ՝ հարկ է նկատել, որ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը փոխկապակցված է Օրենքի 1-ին հոդվածում սահմանված «գիտական աշխատող» հասկացության հետ, այն է. «գիտական աշխատող` գիտական կազմակերպություններում, հիմնարկներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական աշխատանքներ կատարող անձ»: Այսպես՝ ակնհայտ է, որ «գիտական աշխատող» եզրույթում ընդգրկված են Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված բոլոր տեսակի գիտական կազմակերպություններում աշխատող անձինք:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2-4-րդ մասերով: Այդ կապակցությամբ նշենք հետեւյալը.

4.1. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2-րդ մասով սահմանված է. «Ակադեմիայի կանոնադրությունը՝ ներառյալ կառավարման եւ գործունեության առանձնահատկությունները, համակարգում ներառված կազմակերպությունների ցանկը եւ դրանց կանոնադրությունների օրինակելի ձեւը հաստատում է կառավարությունը»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այսուհետ նաեւ՝ Ակադեմիա) գործունեության առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը: Մինչդեռ նշենք, որ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ` ՀՀ ԳԱԱ) ոչ առեւտրային իրավաբանական անձ է, որի կազմակերպական-իրավական ձեւի, կարգավիճակի եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»: 

4.2. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ակադեմիան իր կանոնադրությամբ սահմանված կարգով ձեւավորում է կառավարման խորհուրդ՝ ներառելով Ակադեմիայից, կրթության, գիտության եւ էկոնոմիկայի ոլորտների լիազոր մարմիններից առաջադրված ներկայացուցիչներ, որի միջոցով իրականացնում է համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, այդ թվում՝ կազմակերպությունների կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է կառավարման մարմինների ձեւավորումը եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը»: Նախ՝ նշենք, որ քննարկվող նորմով սահմանվում են կարգավորումներ Ակադեմիայի կառավարման մարմնի ձեւավորման մասին: Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին, որով սահմանված է. «Ակադեմիայի կառավարման կարգը սահմանվում է սույն օրենքով, Ակադեմիայի կանոնադրությամբ»: Դրանից բխում է, որ Օրենքով չի կարող սահմանվել Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը: Բացի այդ՝ նշենք, որ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սպառիչ թվարկված են Ակադեմիայի կառավարման մարմինները, եւ այդ ցանկում առկա չէ քննարկվող նորմում նշված կառավարման խորհուրդը:

4.3. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասով սահմանված է. «Ակադեմիան ունի ղեկավար կազմ, որն իրականացնում է ակադեմիայի գիտական, գիտատեխնիկական եւ գիտաօժանդակ գործունեության ընթացիկ ղեկավարումը: Ղեկավար կազմի մեջ մտնում են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, նախագահի տեղակալները եւ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները: Ակադեմիայի ղեկավար կազմում ընդգրկված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն կամ մահվան դեպքում կամ լրացել է նրա 75 տարին կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող»: Նախ՝ նշենք, որ քննարկվող նորմում որպես՝ Ակադեմիայի ղեկավար կազմի մաս նշված են նաեւ Ակադեմիայի նախագահի տեղակալները, մինչդեռ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Ակադեմիայի նախագահությունը կազմված է ի պաշտոնե եւ ընտրովի անդամներից: Ի պաշտոնե Ակադեմիայի նախագահության անդամ են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, Ակադեմիայի բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները` Ակադեմիայի ընդհանուր ժողովում այդ պաշտոնում հաստատվելուց հետո:

Ակադեմիայի նախագահության մյուս բոլոր անդամներն ընտրվում են Ակադեմիայի ընդհանուր ժողովում Ակադեմիայի ակադեմիկոսներից եւ թղթակից անդամներից` 5 տարի ժամկետով, փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ` Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթից բխում է, որ ի պաշտոնե Ակադեմիայի ղեկավար կազմի մեջ մտնող անդամների ցանկից բացակայում են Ակադեմիայի նախագահի տեղակալները, հետեւաբար հասկանալի չէ, թե վերջիններս Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասում ինչ հիմքով են նշված: 

Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասի վերջին նախադասությունը խմբագրել՝ ապահովելով դրա կապակցված միտքը:

Քննարկվող նորմի կապակցությամբ անհրաժեշտ է անդրադառնալ այն փաստին, որ եզրակացության սույն կետի շրջանակներում նշված դիտարկումներից բացի Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2-4-րդ մասերում առկա են նաեւ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի այլ կարգավորումներին չհամապատասխանող դրույթներ, հետեւաբար առաջարկում ենք ապահովել Նախագծի եւ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի համապատասխանությունը միմյանց:

5. Նախագծի 5-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել, որ լրացումը կատարվում է Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

6. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 15.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված «Կառավարության» բառի կապակցությամբ հարկ է անդրադառնալ Օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասին, որտեղ նշված է «Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն)»: Այսպես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի քննարկվող դրույթում «Կառավարության» բառը շարադրել փոքրատառով՝ առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով:

7. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 15.1-ին հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետից առաջարկում ենք հանել «Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ բառերն արդեն կիրառված են նույն հոդվածի 2-րդ մասում, ինչի արդյունքում Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 15.1-ին հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը կապակցված միտք չի արտահայտում:

8. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «9.1» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «9.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ կետում նշված «2.1» ձեւակերպմանը:

9. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական եւ ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները եւ դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատում է կառավարությունը»: Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 1-ին հոդվածում լրացվում է նոր հասկացություն՝ «ճարտարագիտատեխնիկական աշխատող»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված է.

«1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել «ճարտարագիտատեխնիկական աշխատող» եւ «ճարտարագիտատեխնիկական կադր» եզրույթներից միայն մեկը:

Բացի այդ՝ նշենք, որ Օրենքի 1-ին հոդվածում սահմանված է «գիտական աշխատող» հասկացությունը, եւ Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 17-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ մասում «գիտական կադրեր» բառերի կիրառության արդյունքում ստացվում է, թե կարգավորված չէ գիտական աշխատողների ատեստավորման կարգը եւ նրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու հարցը:

10. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասով սահմանվում է. «Կառավարությունը հաստատում է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային եւ գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձեւերով պետական ֆինանսավորման կարգերը, որոնք նկարագրում են ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության տեսակները եւ կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության տեսակները նկարագրվում են Կառավարության կողմից հաստատված պետական ֆինանսավորման կարգերով: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության տեսակները եւ դրանց նկարագրությունն արդեն իսկ սահմանված են «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով:

11. Նախագծի 15-րդ հոդվածում առաջարկում ենք «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:

Միաժամանակ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ (…) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից»: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել նաեւ, թե Նախագծի որ դրույթներն են գործելու դրանցից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից:

12. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը, որով սահմանված է. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է (...) ասպիրանտուրայի ընդունելության եւ ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտների եւ հայցորդների ձեւակերպման կարգի հաստատումը»: Այս կապակցությամբ նշենք, որ նախ՝ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ այս հարցին անդրադարձ չի կատարվում, հետեւաբար հասկանալի չէ, վերոնշյալ դրույթը ուժը կորցրած ճանաչելու պատճառը եւ նպատակը: Բացի այդ՝ նշենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ոչ մի ակտով սահմանված չէ որեւէ այլ լիազորող նորմ ասպիրանտուրայի ընդունելության եւ ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտների եւ հայցորդների ձեւակերպման կարգի հաստատման վերաբերյալ, հետեւաբար հասկանալի չէ՝ ում է վերապահված այդ կարգը հաստատելու իրավասությունը:

13. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Օրենք» բառն այլեւս չի կիրառվում:

14. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

15. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք հստակեցնել, թե երբ է սկսվում Գիտության կոմիտեի եւ Բարձրագույն որակավորման կոմիտեի միաձուլման գործընթացը: 

Միաժամանակ նշենք, որ կարծում ենք՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագծի 2-րդ հոդվածով անհրաժեշտ է նաեւ նշել, թե Գիտության կոմիտեի եւ Բարձրագույն որակավորման կոմիտեի միաձուլման դեպքում ինչպես է կարգավորվում այդ կոմիտեների աշխատակիցների հարցը: Շարունակում են արդյոք նրանք աշխատել մինչեւ կանոնադրության հաստատումը կամ դրանից հետո, ինչ ժամկետում է նախատեսվում համալրել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հաստիքները եւ ինչ կարգով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Օրենքի, «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

20.04.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաեւ այլ օրենքներում: Մասնավորապես՝ Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետում «պայմանագրային (թեմատիկ)» բառերը փոխարինել «գիտական դրամաշնորհային» բառերով: Նշենք, որ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասում, որով սահմանված է. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ձեւավորման ժամանակ Ակադեմիայի եւ իր համակարգի բազային ֆինանսավորման չափը նշվում է առանձին տողով, իսկ պետական բյուջեից Ակադեմիայի ֆինանսավորումը գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ), նպատակային-ծրագրային ձեւերով իրականացվում է կառավարության հաստատած կարգով»:

Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում Գիտության կոմիտեն եւ Բարձրագույն որակավորման կոմիտեն միաձուլվում են՝ դառնալով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատրել նաեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 1-ին հավելվածով սահմանված ցանկում:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

20.04.2023թ.










Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է պետական կառավարման համակարգում ստեղծել նոր մարմին` Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե՝ նրան վերապահելով բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի միասնական քաղաքականության իրականացումը, գիտական եւ գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակների եւ սկզբունքների իրագործման համար պահանջվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար լիազորել ՀՀ կառավարությանը ընդունելու համապատասխան նորմեր, սահմանել գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման պայմանները եւ գիտության բնագավառում ծագող հարաբերությունների մի շարք այլ իրավակարգավորումներ:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

06.04.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարել:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 

  • Օրենքում սահմանել նոր հասկացություններ (ճարտարագիտատեխնիկական աշխատող, գիտական դրամաշնորհ, գիտամանկավարժական աշխատող եւ այլն),
  • պետական կառավարման համակարգում ունենալ նոր մարմին՝ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե,
  • կանոնակարգել գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության եւ թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը եւ այլն:

2. Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում Նախագծերի փաթեթում ներառված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ  ներկայացնել հետեւյալ նկատառումները:

2.1. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 15.1-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. 

«Հոդված 15.1. Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն

1. Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն ղեկավարում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահը:

2. Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն՝

1) մասնակցում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում Կառավարության քաղաքականության մշակմանը, ինչպես նաեւ մշակում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.....:»:

Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 15.2-րդ հոդվածը:

Այսինքն, Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում նոր ձեւավորվող Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին է վերապահվելու Գիտության եւ Բարձրագույն որակավորման կոմիտեների գործառույթները (ըստ Հիմնավորման՝ նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները): 

Չնայած այն հանգամանքին, որ  Հիմնավորմամբ՝ «Փոփոխության էությունը բխում է նաեւ Ծրագրով պետական կառավարման համակարգում ինստիտուտների եւ գործառույթների արդիականացման մասով ստանձնած հանձնառություններից, մասնավորապես, ներքին ֆունկցիոնալ օպտիմալացումից:», մեր կարծիքով, Նախագծի ընդունումը սոցիալական առումով բացասական ազդեցություն կարող է ունենալ՝ հաշվի առնելով վերը նշված երկու կոմիտեների, ըստ էության, օպտիմալացումը, ինչպես նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթների փոխանցումը Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին, որի դեպքում չենք կարող բացառել հաստիքների կրճատումը: 

Որպեսզի խուսափենք սոցիալական առումով բացասական հետեւանքներից, կարծում ենք, օպտիմալացմանը զուգահեռ անհրաժեշտ է լուծել նաեւ հաստիքների կրճատման դեպքում աշխատակիցների զբաղվածության խնդիրը:

Բացի այդ, համադրելով Օրենքում ամրագրված Բարձրագույն որակավորման ու Գիտության  կոմիտեների գործառույթները եւ Նախագծով առաջարկվող նոր ձեւավորվող Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի գործառույթները, ակնհայտ է, որ Բարձրագույն որակավորման ու Գիտության կոմիտեների ոչ բոլոր գործառույթներն են վերապահվում վերջինիս: Նախագծից պարզ չէ նաեւ, թե ո՞ր մարնինն է իրականացնելու Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին չվերապահված գործառույթները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հիմնավորմամբ որեւէ պարզաբանում տրված չէ վերոգրյալի վերաբերյալ,  առաջարկում ենք լրացուցիչ հիմնավորել այն: 

2.2. Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն. «Գիտական աստիճանները շնորհում են գիտական կազմակերպություններին առընթեր մասնագիտական խորհուրդները` կառավարության սահմանած կարգով:»:

Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 15.1-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 9-րդ կետերում «մասնագիտական խորհուրդներ» եւ «մասնագիտական խորհրդի» բառերից առաջ լրացնել «գիտական կազմակերպություններին առընթեր» բառերը: 

2.3. Առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածում «իրավական» բառից առաջ լրացնել «նորմատիվ» բառը: 

3. Նախագծերի փաթեթում ներառված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը, մեր կարծիքով, լրամշակման կարիք ունի՝ վերը նշված  նկատառումներից ելնելով:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                  Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

10.04.2023թ.