ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-538-24.03.2023-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-538-24.03.2023-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

12.04.2023թ. 








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «թ.» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ:»:

2. Նախագծի 1-ին հոդվածում հղում է կատարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 928.1-ին հոդվածի 8-րդ մասում կիրառված «կամ պայմանագրով» բառերին: Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 928.1-ին հոդվածի 8-րդ մասում եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ նախադասությունում կիրառված են «կամ պայմանագրով» բառերը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում հստակեցնել հղումը:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքսգրքի 928.1-ին հոդվածի 8-րդ մասից հանել «կամ պայմանագրով» բառերը:

Օրենսգրքի 928.1-ին հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը տոկոսները վճարում է հաճախորդին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Սույն կետով նախատեսված տոկոսների գումարը մուտքագրվում է հատուկ բանկային հաշվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է հետեւյալ կերպ՝ «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջնային շուկայից հիպոթեքով բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ անհրաժեշտ է սահմանափակել հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորությունը, քանի որ ներկայիս կարգավորումները բերել են նրան, որ գործնականում  կառուցապատողները մինչեւ շինարարության ավարտը ստանում են հատուկ հաշվի / Էսքրոու հաշիվի/ միջոցներին հասանելիություն:

(…)

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճարել են տվյալ շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, սակայն տարբեր պատճառներով նշյալ կառուցապատողը դադարեցրել է կառուցապատումը, հասանելիություն ունենալով պայմանագրի հիման վրա բացված հատուկ հաշվի միջոցներին, ապա առաջանում են ռիսկեր կապված նրա հետ, թե ինչ միջոցներով պետք է շարունակվի շենքի հետագա կառուցապատումը: Այդ տնտեսական ռիսկերից խուսափելու համար առաջարկվում է  օրենսգրքում կատարել վերոնշյալ փոփոխությունը՝ զերծ պահելով թե գնորդին, թե կառուցապատող կազմակերպությանը, թե բանկին անհարկի տնտեսական ռիսկեր կրելուց:»:

Նշված փոփոխության վերաբերյալ նշենք հետեւյալը.

Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 928.1-ին հոդվածում սահմանված են հատուկ բանկային հաշիվների առանձնահատկությունները, որի 8-րդ մասում սահմանված կանոնը վերաբերում է ոչ միայն էսքրոու հաշվին եւ կառուցապատողի հատուկ հաշվին, այլ նաեւ մյուս հատուկ բանկային հաշիվներին՝  սոցիալական փաթեթի հաշվին, անվանատիրոջ հաշվին, նոտարի դեպոզիտ հաշվին, պետական աջակցության հաշվին, միանվագ դրամական վճարների հաշվին, սոցիալական ապահովության հաշվին, ինչպես նաեւ օրենքով կամ Կառավարության կամ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որպես հատուկ բանկային հաշիվ նախատեսված այլ բանկային հաշիվներին: 

Բացի այդ, Նախագծին կից ներկայացված հիմնավորումը, կարծում ենք՝ չի համապատասխանում Նախագծով սահմանված կարգավորմանը: Այսպես՝ Օրենսգրքի 928.1-ին հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը նախատեսում է կարգավորում հատուկ բանկային հաշիվներում եղած դրամական միջոցների օգտագործման համար տոկոսների վճարման սուբյեկտի եւ հատուկ բանկային հաշվում տոկոսների մուտքագրման վերաբերյալ, մինչդեռ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորվում է հատուկ բանկային հաշվի միջոցների տնօրինման սահմանափակման անհրաժեշտությամբ: Սահմանադրական դատարանը՝ իր մի շարք որոշումներում կարեւորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածության կարեւորությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը (ՍԴՈ-1176):

Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 570.1-ին հոդվածի 4-րդ մասում սահմանված է հետեւյալ իրավադրույթը՝ «Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնորդի կանխավճարային վճարումները պետք է կատարվեն բացառապես կառուցապատողի հատուկ հաշվին, որը բացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում, գանձապետարանում կամ նոտարի դեպոզիտ հաշվում՝ որպես ենթահաշիվ: Կառուցապատման հատուկ հաշվի մնացորդի դիմաց վճարման ենթակա տոկոսները փոխանցվում են կառուցապատողի սովորական բանկային հաշիվներին եւ կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից:

(…)»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծին կից ներկայացված հիմնավորումը՝ համապատասխանեցնելով Նախագծով կատարվող փոփոխությանը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

12.04.2023թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

12.04.2023թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է կանոնակարգել բանկի կողմից հատուկ բանկային հաշվում եղած գումարների օգտագործման համար հաճախորդին տոկոսների  վճարման դեպքերը:  Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման, դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջնային շուկայից հիպոթեքով բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպման գործընթացի բարելավմամբ, մասնավորապես. «անհրաժեշտ է սահմանափակել հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորությունը, քանի որ ներկայիս կարգավորումները բերել են նրան, որ գործնականում  կառուցապատողները մինչեւ շինարարության ավարտը ստանում են հատուկ հաշվի (Էսքրոու հաշիվի) միջոցներին հասանելիություն:»: Նախագծով հետապնդվող նպատակի կարեւորությունն ակնհայտ է, քանի որ այն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը եւ նրանց ֆինանսական ռիսկերի նվազեցմանը:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

1. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 928.1-ին հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ. «8. Հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը տոկոսները վճարում է հաճախորդին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Սույն կետով նախատեսված տոկոսների գումարը մուտքագրվում է հատուկ բանկային հաշվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:»:  Նախագծով առաջարկվում է տվյալ մասից հանել «կամ պայմանագրով» բառերը, ինչի արդյունքում կստացվի, որ հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը տոկոսները վճարում է հաճախորդին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իսկ նախատեսված տոկոսների գումարը մուտքագրվում է հատուկ բանկային հաշվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:  Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ հետեւյալ հանգամանքները:

ա) Օրենսգրքի 928.1-ին հոդվածի 8-րդ մասը վերաբերում է հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկի կողմից տոկոսների վճարմանը, այն դեպքում, երբ Նախագծի հիմնավորման մեջ շատ հստակ նշվում է, որ Նախագծի ընդունումը պայմանավորված է. «..առաջնային շուկայից հիպոթեքով բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ անհրաժեշտ է սահմանափակել հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորությունը, քանի որ ներկայիս կարգավորումները բերել են նրան, որ գործնականում  կառուցապատողները մինչեւ շինարարության ավարտը ստանում են հատուկ հաշվի (Էսքրոու հաշիվի) միջոցներին հասանելիություն: Ընդ որում, նույն Օրենսգրքի 928.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն հատուկ բանկային հաշիվներ են էսքրոու հաշիվը, սոցիալական փաթեթի հաշիվը, անվանատիրոջ հաշիվը, նոտարի դեպոզիտ հաշիվը, կառուցապատողի հատուկ հաշիվը, պետական աջակցության հաշիվը, միանվագ դրամական վճարների հաշիվը, սոցիալական ապահովության հաշիվը, ինչպես նաեւ օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որպես հատուկ բանկային հաշիվ նախատեսված այլ բանկային հաշիվները: Հետեւաբար, Նախագծի ընդունման դեպքում առաջարկվող կարգավորումը կտարածվի ոչ միայն էսքրոու հաշիվների, այլեւ բոլոր հատուկ հաշիվների վրա, ինչը ոչ միայն չի բխի Նախագծով հետապնդվող նպատակից, այլեւ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել բանկային այլ հատուկ հաշիվներում եղած դրամական միջոցների տնօրինման հարցում:

բ) Ներկայացված տեսքով Նախագծի ընդունման դեպքում կվերացվի նաեւ բոլոր հատուկ բանկային հաշիվների պայմանագրերում սահմանվող մնացած բոլոր պայմանների ամրագրման հնարավորությունը, իսկ միայն օրենքով էլ անհնարին կլինի բոլոր դեպքերի համար սահմանել հատուկ բանկային հաշիվների տնօրինման եւ օգտագործման միասնական (ունիվերսալ) պայմաններ: 

գ) Նախագծի ընդունման պարագայում դրանով հետապնդվող խնդիրը չի ստանա իր լուծումը, քանի որ առաջարկվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 928.1-ին հոդվածի 8-րդ մասում, որը վերաբերում է հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկի կողմից տոկոսների վճարմանը. Այսինքն, մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը կառուցապատողը կունենա հատուկ հաշվի միջոցների օգտագործման հնարավորություն, քանի որ այն նախատեսված է Օրենսգրքի 928.6-րդ հոդվածի 4-րդ մասում, որին որեւէ անդրադարձ չի կատարվում, եւ որը վերաբերում է կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնորդի կողմից կատարվող կանխավճարային վճարումներին: Ինչ վերաբերում է Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված մտահոգության բուն առարկային՝ էսքրոու հաշվի միջոցներին պայմանագրով հսանելիություն ստանալու արգելքին, ապա դրա ձեւակերպման նպատակով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Օրենսգրքի 928.2-րդ՝ «Էսքրոու հաշվի պայմանագիրը» վերտառությամբ հոդվածում: Ընդ որում, խոսքը պետք է գնա ոչ թե «կամ պայմանագրով» բառերը հանելու մասին, այլ անհրաժեշտ կլինի առանձին նորմի տեսքով հատուկ արգելք սահմանել մինչեւ շինարարության ավարտը էսքրոու հաշվի միջոցների օգտագործման մասով:

2. Նախագծով հետապնդվող նպատակի գործնական իրացումը, ինչպես արդեն նշեցինք, կարեւորվում է սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից. Սակայն մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կառուցապատողներին հատուկ հաշվի միջոցների օգտագործման հնարավորության վերացումն, իր հերթին, կարող է բացասաբար անդրադառնալ նույն սպառողների վրա՝ թեկուզեւ կառուցապատվող բնակարանների վաճառքի համար առաջարկվող պայմանների վատթարացման առումով (մասնավորապես՝ դրանց գնի հետ կապված):

Խնդիրը կայանում է նրանում, որ Օրենսգրքի 570.1.-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «5. Գնորդի եւ կառուցապատողի միջեւ կարող են համաձայնեցվել բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները լրիվ կամ մասնակի՝ հօգուտ գնորդի կամ հօգուտ գնորդի վարկատուի գրավադրման պայմանները՝ որպես շենքի, շինության կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության եւ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման կառուցապատողի պարտավորության կատարման ապահովման միջոց: Կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին եւ կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից, իսկ գնորդը կրում է կառուցապատողի սնանկության դեպքում չապահովված պարտատեր հանդես գալու ռիսկերը:»:  Այսինքն, Օրենսգիրքը հստակ ամրագրում է մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը կառուցապատողի կողմից հատուկ հաշվի միջոցների օգտագործման հնարավորությունը, եթե այն նախատեսված է դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով:  Ընդ որում, այդ դեպքում գնորդն է կրում կառուցապատողի սնանկության դեպքում չապահովված պարտատեր հանդես գալու ռիսկերը:  Ըստ էության, նույն հնարավորությունն ամրագրված է նաեւ Օրենսգրքի 928.6-րդ հոդվածի 4-րդ մասում, համաձայն որի. «4. Կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչեւ կառուցվող շենքի շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի շահագործման թույլտվության ստացումը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին, եւ կարող է տնօրինել կառուցապատողը:»:  Օրենսգրքի նման կարգավորումը, կարծում ենք, նպատակ ունի ապահովել առավել մեծ ճկունություն կառուցապատողի եւ գնորդի միջեւ վաճառքի առարկայի (բնակարանի) գնի շուրջ բանակցություններում:  Այսինքն, կառուցապատողին շինարարության ավարտից շուտ հատուկ հաշվին եղած միջոցներից օգտվելու հնարավորության ընձեռումը նպաստում եւ, միաժամանակ, շահագրգռում է վերջինիս առավել հարմար պայմաններ (օրինակ՝ համեմատաբար ցածր գին) առաջարկելու հարցում:  Անշուշտ, այս դեպքում վերջինիս համար կարող են ծագել որոշակի ռիսկեր, որոնց մասին հիշատակում է Օրենսգիրքը եւ որոնք, ըստ էության, այդ հարմար պայմանների համար հնարավոր վճարվելիք «գինն» են, իսկ նման հնարավորության վերացումն էլ կարող է նպաստել կառուցվող բնակարանների գների աճին: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
 
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

12.04.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 928.1-րդ հոդվածի 8-րդ մասում, այն է՝ նշված մասից հանել «կամ պայմանագրով» բառերը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարանի ձեռքբերման գործընթացում բացված հատուկ հաշվի միջոցների տնօրինման հնարավորության սահմանափակման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս գործող կարգավորումները գործնականում հնարավորություն են տալիս կառուցապատողներին մինչեւ շինարարության ավարտը ստանալ հատուկ հաշվի միջոցներին հասանելիություն:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ համաձայն Օրենսգրքի 570.1 հոդվածի 4-րդ մասի՝ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնորդի կանխավճարային վճարումները պետք է կատարվեն բացառապես կառուցապատողի հատուկ հաշվին, որը բացվում է ՀՀ տարածքում գործող բանկում, գանձապետարանում կամ նոտարի դեպոզիտ հաշվում՝ որպես ենթահաշիվ:

Բնակարանի համար հաստատված վարկը փոխանցվում է կառուցապատողի հատուկ հաշվին, որտեղ գումարը սառեցվում է, քանի դեռ կառուցապատողը չի ավարտել շինարարությունը, եւ միայն ավարտական ակտն ստանալուց հետո կառուցապատողը կարող է տնօրինել այդ գումարը: Սակայն կառուցապատողը, բանկը, ինչպես նաեւ գնորդը կարող են միասին գալ համաձայնության, թե ինչ եղանակով է կառուցապատողը տնօրինելու գնորդի հաստատված վարկային  միջոցները: 

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ  առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճար  ել են շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, սակայն տարբեր պատճառներով նշված կառուցապատողը դադարեցրել է կառուցապատումը՝ հասանելիություն ունենալով պայմանագրի հիման վրա բացված հատուկ հաշվի միջոցներին, առաջանում են ռիսկեր կապված այն բանի հետ, թե ինչ միջոցներով պետք է շարունակվի շենքի հետագա կառուցապատումը:

Նախագծի կապակցությամբ ներկայացնում ենք հետեւյալ դիտարկումը. 

Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 928.1-րդ հոդվածի 8-րդ մասը վերաբերում է հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկի կողմից հաշվարկվող տոկոսների վճարմանը, հետեւաբար եւ վերոնշյալ հոդվածի 8-րդ մասից «կամ պայմանագրով» բառերը հանելով՝ համապատասխան սահմանափակումը կնախատեսվի միայն հատուկ միջոցների նկատմամբ հաշվարկվող տոկոսների/տոկոսագումարների մասով, մինչդեռ հիմնավորման ողջ տեքստում խոսքը գնում է կառուցապատողի կողմից հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած միջոցների  (այլ ոչ թե միայն դրանց նկատմամբ հաշվարկվող տոկոսների) օգտագործումը սահմանափակելու անհրաժեշտության մասին: 


Եզրահանգում

Նախագիծը վերոնշյալ դիտարկման տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

(հեռ.՝ 011-51 36 18, ներք. 16-18)

11.04.2023թ.